«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Սերժ Սարգսյան. Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է

Սերժ Սարգսյան. Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է
21.09.2019 | 22:44

Մեզ համար կարևորագույն այս տոնին առաջին հերթին ուզում եմ խոսել պատասխանատվության և պարտականության մասին: Անկախությունը վերացական չէ, այլ շատ առարկայական է ու շոշափելի. այն մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության և ինքնության առհավատչյա, մեր հավատքն է, ավանդական ընտանիքը, մշակույթը, ինքնիշխան մեր պետության սահմաններում ամփոփված այն հողակտորը, որ մեր ազատատենչ եղբայրների ու քույրերի արյամբ և քրտինքով է ներծծված: Ուստի, բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր` այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել և պաշտպանել այդ արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում, անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել մեր ազգային արժեքները և փոխանցել հետագա սերունդներին: Անվարան կանգնել մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգությանն սպառնացող բոլոր վտանգների առջև` թույլ չտալով ոչ մի առաջխաղացում: Սա է անկախության մեր սերնդի պարտքը և պատասխանատվությունը Հայրենիքի ու ազգի առջև:


Քարոզչական և քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Մենք պարտավոր ենք շիտակ նայել իրականության աչքերին, զատել կործանարար կեղծիքը ճշմարտությունից, հասկանալ, որ անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը, սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն՝ կասկածելի նպատակներով քննարկումներն ու հաղթանակած զինվորի ոգին կոտրելը, շուրջ երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելը, սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է:
Ես լավատես եմ` հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը, վստահ եմ, որ դարավոր մեր պատմության այս հանգրվանում սրբորեն կվերաբերվենք բազում զոհողությունների ու զրկանքների գնով վերականգնված անկախությունը պաշտպանելու մեր պարտականությանը, վեր կկանգնենք բոլոր տեսակի անարժեք և անցողիկ շահերից, կլինենք միասնական և սթափ` գիտակցելով նաև բոլորիս միակ Հայրենիքին սպառնացող արտաքին վտանգները: Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ: Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին։

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ