Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչո՞ւ է Բորիս Ջոնսոնը խնդրում բրեկզիտը և հետաձել, և չհետաձգել

Ինչո՞ւ է Բորիս Ջոնսոնը խնդրում բրեկզիտը և հետաձել, և չհետաձգել
21.10.2019 | 11:00

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բրյուսել նամակ է ուղարկել՝ խնդրելով հետաձգել բրեկզիտը, բայց նամակը չի ստորագրել: Ուղերձը Բրյուսել է տարել դիվանագետը, ունենալով նաև երկրորդ նամակը, որտեղ Ջոնսոնը բրեկզիտի հետաձգումը համարում է սխալ: Երկրորդ նամակում նա նշում է, որ կառավարությունը չի դադարեցրել ԵՄ-ի հետ համաձայնեցված տարբերակը խորհրդարանում անցկացնելու փորձերը և ինքը վստահ է, որ մինչև հոկտեմբերի 31-ը կհաջողվի դա անել: Երկու նամակների հետ Բրյուսել է ուղարկվել սըր Թիմ Բերոուի՝ ԵՄ-ում Բրիտանիայի ներկայացուցչի երկտողը, որ բացատրում է՝ առաջին նամակը գրվել է բացառապես օրենքը կատարելու համար: Ջոնսոնը նամակն ուղարկելուց առաջ հեռախոսել է Եվրոպայի ղեկավարների հետ ու նախազգուշացրել, որ նամակը ոչ թե իրենից է, այլ՝ խորհրդարանից: Մեծ Բրիտանիայի խորհրդարանը շաբաթ օրը բրեկզիտի գործարքը չքննարկեց, և վարչապետը ստիպված է Բրյուսելից բրեկզիտի հետաձգում խնդրել, որովհետև օրենսդրորեն պարտավորված է: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հաստատեց, որ ստացել է հետաձգում խնդրող նամակը՝ Թվիթերում հաղորդելով, որ պետք է խորհրդակցի ԵՄ ղեկավարների հետ՝ երկարացնե՞լ, թե՞ ոչ բրեկզիտի ժամկետը:


Հատվածներ նամակից. «Թեպետ ես կգերադասեի արդյունքի հասնել արդեն այսօր, կառավարությունը հաջորդ շաբաթվա սկզբին կշարունակի պնդել համաձայնագրի հաստատումը և այդ ժամանակ կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը: Ես համոզված եմ, որ մինչև հոկտեմբերի 31-ը մենք կավարտենք այդ գործընթացը»: «Եվրախորհուրդը իրավունք ունի բավարարել խնդրանքը, որ պնդում է խորհրդարանը կամ առաջարկել հետաձգման այլընտրանքային տարբերակ: Բայց այն պահից, երբ ես դարձել եմ վարչապետ, ես հստակ պնդել եմ, որ հետաձգումը կվնասի Միացյալ թագավորության և իր եվրոպացի գործընկերների շահերին, նաև կողմերի փոխըմբռնումին»: «Մենք պետք է ավարտենք այս գործընթացը, որ վերջապես անենք հաջորդ քայլը և սկսենք նոր հարաբերությունների կառուցումը, որի հիմքում կլինի մեր բարեկամության և մայրցամաքում բարիդրացիության երկարատև պատմությունը»:
Համայնքների պալատում հերթական մարտը տանուլ տալով՝ Բորիս Ջոնսոնը մինչև հոկտեմբերի 31-ը ճակատամարտը շահելու հույսը չի կորցնում:


Երկրորդ նամակում Բրիտանիայի վարչապետը ԵՄ ղեկավարներին խնդրում է օգնել իրեն և դիմել բրիտանացի պատգամավորներին՝ խնդրելով վերանայել որոշումը և քվեարկել հօգուտ մինչև հոկտեմբերի 31-ը ԵՄ-ից դուրս գալու: Միանգամից մի քանի նամակներ ուղարկելը կարող է համարվել կասկածելի քայլ և չի բացառվում՝ կլինեն վեճեր, որ Ջոնսոնը փորձել է շրջանցել օրենքը: Չի բացառվում, որ հարցը կարող է հասնել նույնիսկ դատարան, այդ թվում՝ գերագույն: Բորիս Ջոնսոնը խոստանում է բրեկզիտին անհրաժեշտ օրինագծերի փաթեթը ներկայացնել արդեն երեքշաբթի: Նույնիսկ խորհրդարանում օրինագծերն ընդունելուց հրաժարվելու դեպքում հազիվ թե ԵՄ-ն Բրիտանիային դուռը ցույց տա, ավելի շուտ կտրվի նոր հետաձգում, բայց Բրյուսելում կցանկանան լսել, թե ինչ կոնկրետ միջոցներ են ձեռնարկվելու՝ կլինի նոր հանրաքվե, թե արտահերթ ընտրություններ: Եթե Համայնքների ու Լորդերի պալատները ընդունեն օրինագծերի փաթեթը, տեսականորեն բրեկզիտը մինչև հոկտեմբերի 31-ը հնարավոր է, բայց վարչապետը խորհրդարանում մեծամասնություն չունի:
BBC


Հ.Գ. Վաղը Բորիս Ջոնսոնի համար սուպերերեքշաբթի է՝ կամ Համայնքների պալատը կընդունի բրեկզիտի համար անհրաժեշտ օրինագծերի փաթեթը և քննարկման կդնի վարչապետի՝ Բրյուսելի հետ համաձայնեցրած տարբերակը, կամ լրացումների ու փոփոխությունների տարափ կտեղա: Իվերջո՝ Մեծ Բրիտանիայում վճռվում է ոչ միայն Եվրամիությունից դուրս գալ-չգալու, այլև՝ իշխանության հարցը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ