Օրեր առաջ գլխավոր մարզչի պաշտոնից արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյին հեռացրած անգլիական «Տոտենհեմը» երկար ժամանակ չմնաց առանց գլխավորի։ Թիմն այսուհետ կղեկավարի «Մանչեստր Յունայթեդից» մոտ մեկ տարի առաջ հեռացված Ժոզե Մոուրինիոն։ Անգլիական ակումբի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` պորտուգալացու հետ կնքվել է պայմանագիր, համաձայն որի նա թիմը կգլխավորի մինչև 2022-23 թթ. մրցաշրջանի վերջը։ Նշվում է, որ Բացառիկը համաձայնել է աշխատելու տարեկան 17 միլիոնով, այն դեպքում, երբ «Մանչեստրում» աշխատում էր 20 միլիոն եվրոյով։
Նորանշանակ մարզիչն արդեն հասցրել է գովասանքով արտահայտվել իր նոր սաների մասին, ինչպես նաև չի մոռացել թիմի երկրպագուներին. «Ուրախ եմ հարուստ ավանդույթներով ու կրքոտ երկրպագուներով թիմ ղեկավարելու համար։ Թիմի վարպետությունն ու ակադեմիական մակարդակը ինձ ոգեշնչում են։ Նման խաղացողների հետ աշխատելու հնարավորությունը՝ ահա թե ինչն է ինձ գրավել»։
Այստեղ թերևս ավելորդ չհամարենք հիշել ու հիշեցնել, որ երբ նրան ժամանակին հարց է տրվել «Տոտենհեմում» աշխատելու հնարավորության մասին, Մոուրինիոն կատեգորիկ բացառել է նման տարբերակը՝ մոռանալով, որ երբեք չի կարելի ասել երբեք։ Ինչևէ, եկեք սրան՝ ժամանակին նրա ասած երբեքին, առանձնակի լրջությամբ չվերաբերվենք, մանավանդ որ կյանքը, ինչպես տեսնում ենք, միանգամայն այլ բան է հուշում։
Անդրադառնալով եղած փոփոխություններին՝ «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին Ժոզե Մոուրինիոյին անվանել է ֆուտբոլի ամենահաջողակ մարզիչներից մեկը. «Ժոզեն հարուստ փորձ ունի, նա գիտի թիմերին ոգեշնչել, դրանց հավելած՝ գերազանց տակտիկ է։ Նա իր մարզած յուրաքանչյուր թիմի հետ պարգև է նվաճել։ Մենք հավատում ենք, որ նա էներգիա ու հավատ կբերի մեր հանդերձարան»։
Նախագահը հայտարարել է, որ ակումբը մեծ չկամութամբ է հանգել այս վճռի ընդունմանը, սակայն դա տնօրենների խորհրդի կողմից չի եղել թեթև կամ փութկոտ որոշում, և որ ամեն ինչում մեղավորը անցած մրցաշրջանի վերջի ու նորի սկզբի արդյունքներն են։
Թիմի նախկին գլխավորի աղմկոտ հեռացումը եղել է նախօրեին։ Այն, ինչին մինչև վերջին պահը չէին հավատում թիմի ֆանատները, ի վերջո եղավ. 2014-ի մայիսից անգլիական ակումբը գլխավորած արգենտինացու հետ պայմանագիրը խզվեց ու դա չնայած նրան, որ դեռևս հունիսի մեկին թիմը Չեմպիոնների լիգայի եզրափակչում գլուխ էր տալիս «Լիվերպուլի» հետ (հիշեցնենք, որ այդ եզրափակչում մերսիսայդցիները հաղթել են 2։0 հաշվով)։
Անգլիական մամուլի տվյալներով` Մուորինիոյին հրավիրելը ժամանակի խնդիր էր, սակայն անձամբ Լևին էր պնդում, որ հետաձգվի Պոչետինոյի հեռացումը։ Այստեղ պակաս դեր չէր պատկանում 12,5 միլիոն եվրոյի չափով արգենտինացուն վճարելիքին, սակայն ի գոհություն կառավարողի, «Տոտենհեմից» հեռանալու վճիռն ընդունեց Պոչետինոն, ու կողմերը բաժանվեցին փոխհամաձայնության եկած։
Վերադառնալով Մոուրինիոյին՝ հիշեցնենք, որ վերջին մեկ տարում պորտուգալացին մնացել էր առանց աշխատանքի։ «Մանչեստր Յունայթեդից» հեռացվելուց հետո Անգլիայի («Չելսի»), Իտալիայի («Ինտեր»), Իսպանիայի («Ռեալ») չեմպիոնական թիմերի, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի կրկնակի ու Եվրոպայի լիգայի հաղթող մարզիչը հարկերի հետ կապված ներքաշվել էր աղմկոտ պատմության մեջ ու կալանավորումից պրծավ շնորհիվ Իսպանիայի հարկային մարմինների հետ համագործակցության։
Հետաքրքիր է, որ գրանդ ակումբների հետ աշխատելուն վարժված պորտուգալացին մերժել է «Պարի Սեն Ժերմենի» ու «Բավարիայի» հետ աշխատելու առաջարկները՝ նախընտրելով անհաջողությունների մատնված «Տոտենհեմը»։
Թերևս այս ընտրության մեջ շատ լուրջ մարտահրավեր կա թաքնված։
Իրեն ու աշխարհին Ժոզե Մոուրինիոն ուրիշ էլ որտե՞ղ, եթե ոչ Լոնդոնում էր ապացուցելու, որ դեռ շատ վաղ է իրեն հաշվարկներից դուրս գցելը։
Հավելենք միայն, որ 12 տուրից հետո «Տոտենհեմը» գտնվում է պրեմիեր լիգայի 14-րդ հորիզոնականում։ Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայում մրցելույթներին, չորս խաղից հետո այն խմբային երկրորդ հորիզոնականում է. հաջորդում է «Բավարիային»։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ