Պատգամավորներն առաջարկում են զրոյացնել «պարտքուպահանջը»
07.02.2020 | 01:35
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արգիշտի Մեխակյանն ու Գևորգ Պապոյանը հերթական օրինագիծն են շրջանառել՝ կապված հարկային պարտավորությունները զրոյացնելու հետ: Պատգամավորներն այժմ աշխատում են «Հողի հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի վրա, ըստ որի, հողը վաճառող կամ նվիրատվություն անող անձը, նախքան գործարքը, պետք է պարտավորվի զրոյացնել տվյալ հողի մասով հարկային պարտավորությունները: Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Մեխակյանն ու Պապոյանը նմանատիպ փաթեթ էին մշակել անշարժ գույքի մասով, ինչին առաջին ընթերցմամբ Աժ-ն դրական գնահատական էր տվել:
«Հաճախ է պատահում, որ գործարք անելուց հետո մարդիկ տեղեկանում են, որ հողի կամ գույքի մասով չմարված հարկ կա և հող կամ գույք գնողը ստիպված է լինում նաև կուտակված հարկերը մարել, քանի որ, ըստ գործող օրենսդրության, եթե վաճառողը չի զրոյացնում գույքահարկի կամ հողի հարկի մասով իր պարտավորությունները, ապա այն անցնում է նոր սեփականատիրոջը: Մեր կողմից առաջարկվող օրենսդրական փաթեթը թույլ կտա կանխակալել նմանատիպ միջադեպերն ու կողմերին ազատել ավելորդ գլխացավանքից և վեճերից: Մարդիկ կան, որ, օրինակ, 2016-ին տուն են գնել, այնուհետ իմացել, որ տան վրա տարիների չմարված հարկ կա: Այդ մարդիկ 2016-ից հետո մինչ օրս պարտաճանաչորեն վճարում են բոլոր հարկերը, բայց «ժառանգած» հարկերը չեն վճարում՝ համարելով դա անարդար: Այս նախագիծը նմանօրինակ դեպքերը բացառելուն ու ոլորտում առկա քաղիրավական հարաբերությունները հստակեցնելուն է միտված»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց պատգամավոր Արգիշտի Մեխակյանը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ