Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լեռնային Ղարաբաղը կարող է Սիրիա՞ դառնալ

Լեռնային Ղարաբաղը կարող է Սիրիա՞ դառնալ
25.10.2020 | 10:28

Բարդ է ասել՝ ի՞նչ ակնկալիքներով էին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, մեկնում Վաշինգտոն՝ ԱՄՆ պետքարտոըղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նախաձեռնելով բանակցությունները Մոսկվայում՝ գործում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում պայմանավորվածությունների սցենարով: ԱՄՆ-ը լիովին աջակցում էր Մոսկվայի գործողություններին: Եվ մեր մեղքը չէ, որ մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները ձախողվեցին: Կոնֆլիկտի կողմերի հարաբերություններն այնքան են սրվել հուզական ու քաղաքական մակարդակներում, որ Լավրովին չհաջողվեց հանդիպում կազմակերպել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարիների միջև: Չհաջողվեց նաև Պոմպեոյին Վաշինգտոնում: Ուստի հարց է ծագում՝ ինչու՞ էին Բայրամովն ու Մնացականյանը մեկնել Վաշինգտոն: Ջորջթաունի համալսարանի Եվրասիայի, Ռուսաստանի ու Արևելյան Եվրոպայի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Անժելա Ստենտը գտնում է.

«Ամենաշատը, որ ԱՄՆ-ը կարող է անել, երկու կողմերին փորձել համոզել համաձայնել հրադադարին: Բայց, իհարկե, դա եղել է Մոսկվայում, երկու շաբաթ առաջ: Նրանք պայմանավորվեցին կրակը դադարեցնել: Հետո հրադադարը խախտվեց: ԱՄՆ-ը ազդեցության սահմանափակ լծակներ ունի»: Ստենտի կանխատեսումը հիմնականում ճիշտ էր,՝ թեպետ կան կարևոր նրբերանգներ: Ընտրությունների նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է չկորցնել ազդեցիկ հայկական սփյուռքին և ստանալ նրա աջակցությունը: Այդ պատճառով՝ ղարաբաղյան պատերազմը սկսվելու պահին Վաշինգտոնը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ համակրանք է դրսևորում: Պոմպեոն հայտարարեց, «Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն ամենից, ինչ անում են ադրբեջանցիները»: Հետո քննադատեց թուրքական օգնությունը Ադրբեջանին: ԱՄՆ-ի The National Interest-ը Սպիտակ տանը խորհուրդ տվեց «ճանաչել Արցախն իբրև անկախ պետություն, որ կարող է հիանալի դիվանագիտական ազդանշան դառնալ Թուրքիային՝ նրա քաղաքականությունը տարածաշրջանում կարող է տհաճ հետևանքներ ունենալ»: Այս տեսանկյունից հայկական դիվանագիտության մուտքը Անկարա՝ Վաշինգտոնի միջոցով ողջախոհությունից դուրս չէր: Բայց Պոմպեոյի հանդիպումներն ու բանակցությունները Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հետ կոնկրետ արդյունքներ չունեցան: Պետքարտուղարը, իհարկե, միացավ Լեռնային Ղարաբաղի համար ռազմական գործողություններին վերջ դնելու՝ Հայաստանին ու Ադրբեջանին ուղղված կոչերին, բայց արձանագրեց «բարդ դիվանագիտական իրավիճակի» գոյությունը: Նրան չհաջողվեց եռակողմ հանդիպում կազմակերպել:


ԱՄՆ-ի The Hill-ը գրում է, որ մեծ հաշվով՝ «անցել են ժամանակները, երբ անվտանգությունը Կովկասում կապում էին եվրոպական անվտանգությանը, դրանից էլ աճել է Ադրբեջանի պատերազմ սկսելու վճռականությունը՝ Թուրքիայի աջակցությամբ»: Կավարտվի ղարաբաղյան ներկա պատերազմը, հերթական հրադադարով ու հրադադարի ռեժիմով, լարվածությունը Կովկասում, Սև ծովում, Մերձավոր Արևելքում և Միջերկրականում մեծանալու է՝ ուրվագծելով նոր կապը Եվրոպայի ու Կովկասի անվտանգության միջև:


Հետո ի՞նչ:
Ստեղծվել է անհրաժեշտություն ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպման ու բանակցութունների Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով: Որպեսզի այդ բանակցությունները գործող լինեն ռազմական գործողությունների դադարեցման տեսակետից, անհրաժեշտ է կոնֆլիկտի կողմերին կոնկրետ ուլտիմատում առաջադրել՝ մշակելով համապատասխան ճանապարհային քարտեզ՝ սա առաջին:
Երկրորդ՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որ հայտարարում են բանակցային ձևաչափի պահպանման մասին, պետք է հստակ ասեն, որ տեսնում են կոնֆլիկտի լուծման բացառապես դիվանագիտական ճանապարհը:


Երրրոդ՝ Թուրքիան չի կարող լինել կոնֆլիկտի կարգավորման մասնակից: Բոլոր խաղացողները, ներառյալ արտաքին, պետք է հրաժարվեն ցանկացած գործողությունից, որ կարող է հանգեցնել ռազմական գործողությունների շարունակմանը և նոր զոհերի:
Չորրորդ՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը մաքսիմալիստական դիրքորոշումներ ունեն, անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում սահմանել միջազգային վերահսկողություն ու փրկել հայերի կյանքը այնտեղ: Հետագա քննարկումները Ղարաբաղի կարգավիճակի ու սահմանների մասին երկրորդական են: Այդ գործընթացին պետք է հետևեն խաղաղարար ուժերը, որ պարտավոր են բաժանել ադրբեջանցիներին հայերից, ապահովել երկուսի էլ անվտանգությունը, ի զորու լինել երաշխավորել փոխզիջումային որոշումների կատարումը: Հակառակ դեպքում՝ ինչպես գրել է Թուրքիայի Sabah-ը, «Ղարաբաղին սպասում է Սիրիայի ճակատագիրը»: Պատահական չէ Թեհրանից ստացվել եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկ՝ Իրան-Ռուսաստան, Թուրքիա, Ղարաբաղի խնդրի լուծման համար Սիրայում Աստանայի գործընթացի նմանությամբ:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Փաստացի՝ ստացվում է, եթե Պուտինը գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում պայմանավորվածությունների շրջանակում, ուրեմն Փարիզն ու Վաշինգտոնը պետք է այլևս ոչինչ չանեն, նույնիսկ այն դեպքում, երբ Մոսկվան ոչնչի չի հասնում: Երկաթյա տրամաբանություն է: Տրամաբանություն, որով միշտ Կրեմլը փորձել է իրենով փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ հայտարարելով, որ կոնֆլիկտը իր ազդեղության գոտում է: Նույնքան հակատրամաբանական է, որ ճանապարհային քարտեզով Հայաստանին ու Ադրբեջանը համարվում են մաքսիմալիստական դիրքորոշումներ ունեցող: Ո՞րն է մեր մաքսիմալիզմը՝ ազգերի ինքնորոշման իրավու՞նքը, որ մարդն ուզում է իր տանն ապրեճլ: Հազիվ թե որևէ միջազգային վերահսկողություն փրկի հայերի կյանքը: Ցանկացած վերահսկողություն ու ցանկացած խաղաղապահ առաքելություն ինչ-որ ժամկետ է ունենում, որից հետո խաղաղապահները հեռանում են: Ուստի բնավ երկրորդական չէ Արցախի կարգավիճակի ու սահմանների հարցը: Իսկ որ Արցախին սպասում է Սիրիայի ճակատագիրը, աբսուրդ է, Արցախում չկա քաղաքացիական պատերազմ: Եվ ոչ մի Աստանայի գործընթաց լինել չի կարող՝ Թուրքիայի ներգրավումով: Ապացույց է նաև այն, որ Աստանայի գործընթացը մինչև հիմա չի կարողացել լուծել Սիրայի հարցը՝ առանց Եվրոպայի ու ԱՄՆ-ի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ