Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Դատախազությունը հայտնում է ռազմական գործողություններում թուրքական ԶՈւ-ի մասնակցության փաստերի հայտնաբերման մասին

Դատախազությունը հայտնում է ռազմական գործողություններում թուրքական ԶՈւ-ի մասնակցության փաստերի հայտնաբերման մասին
25.10.2020 | 17:32

Դեռևս օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված ուժերում, զանգվածաբար մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ: Դասընթացներն անցկացվել են հատկապես լեռնային պայմաններում մարտական գործողություններ իրականացնելու հմտությունների և պատրաստվածության ձեռքբերման նպատակով՝ հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը: Անցկացվող վարժանքների, դասընթացների ընթացքում Թուրքիայի զինված ուժերի ծառայողները փոխանցել են, որ առաջիկայում հարձակում պետք է իրականացվի Արցախի մարտական դիրքերի վրա:

«Սեպտեմբերի 3-ից՝ ընդհանուր զորահավաքով զորակոչվել է ադրբեջանական պահեստազորը՝ հանրությանն ապատեղեկացնելով, թե զորակոչն իրականացվում է մեկշաբաթյա զորավարժություններ անցկացնելու նպատակով, և պահեստազորն սկսել է մարտական պատրաստություն անցնել Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորամիավորումներում: Սեպտեմբերի 21-ից պահեստազորի և կանոնավոր բանակի զորամիավորումները տեղակայվել են Ադրբեջանի և Արցախի սահմանագծին մոտ գտնվող մարտական դիրքերում և սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը հրաման են ստացել բոլոր ուղղություններով հարձակում գործելու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հենակետերի վրա՝ օգտագործելով ադրբեջանական զինված ուժերում առկա բոլոր զինատեսակները», - ասված է հաղորդագրության մեջ:

Համաձայն դատախազության` սեպտեմբերի կեսից սկսած սահմանագծի մոտ գտնվող բնակավայրերում խիտ բնակեցված ադրբեջանական բնակչության շրջանում, բնակիչների այգիներում, ծառածածկ և հնարավորինս քիչ տեսանելի այլ վայրերում տեղակայվել են հրետանային համակարգեր՝ քաղաքացիներին ներկայացնելով, թե դրանք զորավարժությունների անցկացման համար են: Սակայն պատերազմի սկսման առաջին իսկ պահից այդ համակարգերն իրականացրել են մարտական խնդիրներ:


Դատախազությունում ստացված փաստական տվյալների համաձայն` թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները, ըստ պլանի, անմիջականորեն մասնակցություն են ունեցել նաև ռազմական գործողությունների իրականացմանը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր միջոցները կատարվածի հանգամանքների լիարժեք բացահայտման նպատակով:

Դիտվել է՝ 2337

Մեկնաբանություններ