Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Քաղաքական դաշտում սերնդափոխությունը պետք է փոքր-ինչ դանդաղ ընթանար՝ 50-50 տարբերակով»

«Քաղաքական դաշտում սերնդափոխությունը պետք է փոքր-ինչ դանդաղ ընթանար՝ 50-50 տարբերակով»
19.07.2019 | 01:30

Քանի դեռ ո՛չ աղբահանության, ո՛չ տրանսպորտի ու մնացյալ խնդիրները լուծված չեն քաղաքապետարանի աշխատանքը չենք կարող բավարար գնահատել, այդուհանդերձ, հասկանում եմ՝ ինչով է պայմանավորված այդ խնդիրների ձգձգվող լուծումը: Այս կարծիքին է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որի տեղեկություների համաձայն` աղբահանության խնդիրը մինչև օգոստոսի կեսերը պետք է կարգավորվի:

-Աղբահանության կազմակերպման համար օպերատոր ներգրավելն անհնարին է, քանի դեռ առաջին օպերատորի՝ «ՍանիՏեկի» հետ պայմանագիրը չեղարկված չէ,- ասաց տիկին Սարգսյանը։- Քաղաքապետարանն իր միջոցներով պետք է ձեռք բերեր մեքենաներն ու, կարծես թե, ձեռք է բերել, ուղղակի դրանք դեռևս տեղ չեն հասել: Մեկ ընդհանուր պարկ է ստեղծվելու, ու մեքենաները բաշխվելու են ըստ համայնքների, որոնց պատասխանատուներն էլ վերահսկելու են աղբի տեղափոխման ամբողջ գործընթացը: Հուսով եմ` այս խնդիրն իրոք կկարգավորվի, որովհետև այն, ինչ տիրում է այսօր մայրաքաղաքում, խայտառակություն է՝ այն էլ զբոսաշրջային այս թեժ շրջանում: Պատիվ չէ մեր քաղաքին:
-Մայրաքաղաքի բնակչին, մեծ հաշվով, չի հետաքրքրում՝ ինչ կազմակերպություն է զբաղվում աղբահանությամբ: Մարդիկ ընդամենն ուզում են մաքուր միջավայրում ապրել:
-Իհարկե համամիտ եմ Ձեզ հետ, մեկ տարվա ընթացքում պետք է բավական բան փոխված լիներ: Ամբողջովին նոր թիմ է, հները, չեմ բացառում, որ բոյկոտում են, քանի որ սովոր են հավելյալ, «կողքից» եկամուտ ունենալուն, իսկ հիմա այդ եկամտից կտրվել են, իսկ դա ակնհայտ է, տեսանելի բոլորի համար, ինչն էլ խնդիր է առաջացնում: Մեծ փողեր աշխատելուն սովոր մարդիկ աշխատավարձից դժգոհ են ու գուցե բոյկոտում են աշխատանքը: Իհարկե, կա նաև անփորձության, պրոֆեսիոնալիզմի պակասի հանգամանքը: ՈՒ երբ խնդիրները չեն լուծվում, որևէ մեկին հետաքրքիր չէ, թե պատճառն ինչ է: Բոլորն են հասկանում՝ ընտրվել է նոր թիմ, նոր քաղաքապետ, որ պարտավոր է այդ խնդիրները լուծել, ու եթե չի լուծել, բնականաբար, դա չի գոհացնում մեր քաղաքացիներին, ինչպես նաև ինձ:
-Ի՞նչն է բոյկոտի առիթ տալիս:
-Երբ ընտրվեց Երևանի նոր քաղաքապետ, վարչության գրեթե բոլոր պետերը շարունակեցին պաշտոնավարել: Մի քանի ամիս աշխատելուց հետո, երբ հասկացան` խաղի կանոնները փոխված են, շատերին չգոհացրեց իրենց աշխատավարձը: Ովքեր հնարավորություն ունեին միջազգային կառույցներում աշխատելու, թողեցին ու գնացին, իսկ մնացողները, ըստ էության, մեծ ջանքեր չեն գործադրում ցանկալի արդյունքի հասնելու համար: Այստեղ երկակի խնդիր եմ տեսնում. նախ՝ քաղաքի տրանսպորտային ցանցի հետ կապված (ոչ աղբահանության) ծանր ժառանգություն են ստացել: Երկար տարիներ քայքայված, խարխլված երթուղային տաքսիները տարբեր գծեր էին սպասարկում, իսկ այժմ 7600 տաքսիներից 700-800-ը գծերից դուրս են գալու, դա արդեն իսկ մեծ խնդիր է: Երթուղու տերերը հրաժարվում են 100 դրամ ուղեվճարի դիմաց աշխատելուց, սա էլ մեկ այլ խնդիր է: Այսինքն՝ այո, ընդհանուր աշխատանքից դժգոհ եմ, բայց փորձում եմ օբյեկտիվ լինել, ու տեսնում եմ՝ ինչքան նոր խնդիրներ են առաջանում նոր թիմի աշխատանքի կազմակերպման մեջ. հները չեն ուզում հին ձևով աշխատել, նորերը չեն կարողանում աշխատանքի նոր կանոններ սահմանել: Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց հանրագումարից տուժում է մեր քաղաքը: Վիճակը ծանր է, ու չեմ հասկանում, թե, օրինակ, տրանսպորտի հարցն ինչպես պետք է լուծվի: Նոր ավտոբուսների ձեռքբերման մասով գնումներ են փորձում անել, պայմանագրեր են կնքում, բայց դրանց քանակը, բնականաբար, չի կարող լինել այնքան, ինչքան ժամանակին եղել է՝ թեկուզ խարխուլ երթուղային տաքսիներով: Թե ինչպես պետք է գծվի մայրաքաղաքի տրանսպորտային նոր հանգույցի ճանապարհային քարտեզը, դա նույնպես անհասկանալի է:
-Քաղաքի համար կարևորագույն գրեթե բոլոր հարցերի պատասխանը մեկն է` գլխավոր ճարտարապետի ասած՝ «Փող չկա, ջան»։ Մյուս կողմից էլ տեսնում ենք, թե ինչպես են քաղաքապետարանի պաշտոնյաները հաճախակի խոշոր չափերի պարգևավճարներ ստանում: Նրանցից մեկը, ի դեպ, քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը, պարգևավաճարը ստանալուց մի քանի օր անց հրաժարականի դիմում է ներկայացրել:
-Ընդհանարապես կողմ եմ, որ մարդիկ լավ վարձատրվեն: Հիշում եք` իրենք վարձավճարման նոր կարգ էին առաջարկում, ինչն ավագանին չհաստատեց, ինչից հետո խոսակցություն եմ ունեցել պատկան մարմինների հետ ու հասկացել՝ փորձում են կադրային խնդիր լուծել, որ փորձառու մասնագետներ կարողանան բերել կամ պահել: Մարդիկ հրաժարվում են այդ աշխատավարձով աշխատելուց: Կամ մենք պետք է կարողանանք նրանց լավ վարձատրել, որպեսզի կոռուպցիոն գործարքների մեջ չմտնեն, իսկ դա այսօր գրեթե բացառված է, կամ է՛լ ավելի վատ վիճակ է լինելու, ու մասնագետների խնդիր ենք ունենալու: Ինձ համար էականն այն է, որ բարձր աշխատավարձով ոչ թե ծանոթ-բարեկամներին աշխատանքի ընդունեն, այլ իրոք մասնագետների: Առայժմ փորձում են պարգևավճարով բավարարել նրանց պահանջները, ինչից հետո, կարծում եմ աշնանը, նորից կբարձրաձայնեն աշխատավարձերի բարձրացման հարցը: Այս փուլում փորձում են ժամանակավոր լուծում տալ հարցին: Բայց, հաշվի առնելով երկրում մինիմալ աշխատավարձի սահմանը, դժգոհություն է առաջանում, թե ինչու պետք է այդքան վարձատրվեն, երբ մյուսները, համեմատության մեջ, բավական քիչ են վճարվում: Մյուս կողմից պետք է ձգտենք բոլորին աստիճանաբար արժանապատիվ աշխատանքով ու աշխատավարձով ապահովել:
-Դառնալով ներքաղաքական իրավիճակին՝ ի՞նչ եք տեսնում այսօրվա քաղաքական դաշտում, ի՞նչ է կատարվում ընդհանուր առմամբ:
-Տեսնում եմ բազմաթիվ խնդիրներ, որոնք և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ են՝ պայմանավորված նախորդ իշխանությունների դիմադրությամբ, նորերի դանդաղ գործողություններով: Բայց այն, որ ապրում ենք բավական հետաքրքիր շրջան, միանշանակ է: Տեսնենք, թե որ ուժերն ինչ ազդեցություն կարող են ունենալ երկրի ներքին քաղաքական զարգացումների վրա: Իշխանությունը փորձում է պայքարել նախկինների դեմ ու բարեփոխումներ անել, նախկիններն էլ փորձում են խոչընդոտներ ստեղծել ու իրենց կշիռը բարձրացնել: Լուրջ պայքար է գնում, ու կարծում եմ անցումային այս շրջանում բազմաթիվ անակնկալների ականատեսը կլինենք: Քաղաքական ուժերին ողջամտություն եմ մաղթում, որպեսզի անկախ քաղաքական շահերից, առաջնորդվեն զուտ պետական շահերով, իրենց քայլերն ու գործողություններն ուղղեն պետության կայունացմանը, անվտանգության ապահովմանը:
-Բավարար համարու՞մ եք իշխանության գործունեությունը:
-Երբեք ոչ մի իշխանության աշխատանք հնարավոր չէ բավարար համարել, ոչ, բայց, հաշվի առնելով այսօր տեղի ունեցող իրադարձությունները, սերնդափոխության ֆոնին, իշխանության գործունեությունը նորմալ կարելի է համարել: Եկել են անփորձները, որոնք ժամանակի ընթացքում այդ փորձը ձեռք են բերելու: Ես հասկանում եմ, որ նախկիններն անընդհատ կառչելու են այդ սխալներից, բայց ոչ մեկս փորձված չենք եղել, երբ մուտք ենք գործել քաղաքականություն, ժամանակի ընթացքում ենք այդ փորձը ձեռք բերել: Հուսանք՝ այն խորհրդարանը, որ ձևավորվել է ժողովրդի ընտրության արդյունքում, որոշակի հիասթափություններով հանդերձ, իրեն կարդարացնի: Երիտասարդ լինելը թերություն չէ, ինքներդ էլ գիտեք ու ինքներդ էլ երիտասարդ եք: Ինքս էլ որոշ չափով դժգոհ եմ, որ մեր սերնդակիցներն ակտիվ գործունեություն չեն ծավալում, ու դա բնական է, քանի որ, ըստ էության, զրկված է այդ հնարավորությունից, բայց, անկախ այդ դժգոհություններից, հասկանում են՝ սերնդափոխություն պետք է տեղի ունենար: ՈՒղղակի դա պետք է փոքր-ինչ դանդաղ ընթանար՝ 50-50 տարբերակով:
-Նոր իշխանությունների ամենաակնհայտ թերացումն ու ձեռքբերումը, ըստ Ձեզ, որո՞նք են եղել:
-Թերացումը գործողությունների դանդաղումն է, ձեռքբերումն այն է, որ ժողովուրդը սկսել է ազատ մտածել, ազատ խոսել, գուցե դեռ շատ տեսանելի չէ ու շատ գոհացնող չէ, բայց պայքար կա կոռուպցիայի դեմ: Հույս ունեմ, որ իշխանությունը մաքուր կմնա, որովհետև իշխանությունը տրանսֆորմացվելու հատկություն ունի ու երբեմն ապականվում է ժամանակի ընթացքում, բայց հուսանք, որ վերևում կանգնածները, որ գիտակցում են դրա վատ հետևանքները, կկարողանան այդ ամենը կանխել ու առաջ տանել թիմն ավելի ազնիվ մղումներով ու ավելի նպատակային: ՈՒզում եմ հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու:


Զրուցեց
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 5965

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ