«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրն անորոշ է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրն անորոշ է
23.12.2020 | 09:47

Առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերանայի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման իր բազմամյա գործունեությունը՝ պարզելու պատճառները, թե ինչու՞ ԱՄՆ ու Ֆրանսիայի համանախագահները եզրափակիչ փուլում պատրաստ չէին տարածաշրջանում ավելի նկատելի դեր կատարել: Պատերազմի ընթացքում մարդասիրական երեք հրադադարները արագ խախտվեցին: Հետագայում Ռուսաստանը (շփվելով Թուրքիայի հետ), Ադրբեջանը և Հայաստանը ուղղակի զբաղվեցին կոնֆլիկտի կարգավորման ճանապարհների որոնումով՝ առանց Մինսկի խմբի համանախագահների մասնակցության: Ինչու՞: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանապագահ Յան Քելիի կարծիքով՝ այդ գործընթացը պահանջում է «մանրամասն ուսումնասիրություն, քանր որ նախկինում Մինսկի խմբում մշակվել են կոնֆլիկտի կարգավորման լավ գաղափարներ, բայց նրանք մնացին չպահանջված»: Խոսքը, այսպես կոչված,՝ Մադրիդյան սկզբունքների մասին է, որոնց համաձայն Լեռնային Ղարաբաղի շրջակա օկուպացված շրջանները պետք է վերադարձվեին: Ի պատասխան Ադրբեջանը համաձայնում էր այդ շրջաններում անվտանգության երաշխիքներին: Քելիի կարծիքով՝ խզման պատճառը «բարձր մակարդակում պրոբլեմի նկատմամբ ուշադրության բացակայությունն էր, հատկապես ԱՄՆ-ի կողմից»: Այդ պայմաններում Ֆրանսիան չհամարձակվեց ինքնուրույն խաղի գնալ, նախաձեռնությունն անցավ Ռուսաստանին, և հայտնվեց Թուրքիայի գործոնը: Ինչպես Ալիևը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տարբեր պատճառներով ու տարբեր նպատակներով իր հակասական հայտարարություններով միասին բացահայտորեն հեգնում էին ԵԱՀԿ Մինսկի խմբին: Գործը հասավ այնտեղ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստիպված էր ճշտել, որ Մինսկի խուբը «կոչված չէ կոնֆլիկտի կարգավորման սցենարներ գրել, այլ պետք է երկխոսության պայմաններ ստեղծի կոնֆլիկտի կողմերի միջև»: Արդյունքում համանախագահ երկրների դիվանագիտությունը սկսեց մասնագիտանալ միայն տարբեր հայտարարությունների նախապատրաստման ու խմբագրման վրա, ինքնամեկուսացավ (կամ՝ մեկուսացրին) խաղաղ գործընթացից և զրկվեց կոնֆլիկտի գոտում ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելություն ծավալելու շանսից, ինչպես արվեց Դոնբասում: Այդ պատճառով բաց է մնում հարցը՝ ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է վերսկսել իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործում, երբ, ինչպես գտնում է ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, «հին ստատուս քվոն արմատապես կոտրված է, բայց նորը դեռ չի կայացել, նրա ձևավորումը կատարվում է հընթացս պիեսի», որ նոր դրամատուրգիա է ստանում:
Դիմենք սկզբնաղբյուրին՝ հրադադարի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների, Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարությանը: Տեքստի մեջ ոչ մի խոսք չկա խաղաղության հաստատման մասին, արձանագրված է միայն ռազմական դիմակայության դադարեցումը: Մարկեդոնովը ուշադրություն է բևեռում, որ եռակողմ փաստաթղթի դրույթները «նկատելի տարբերվում են մադրիդյան նորացված սկզբունքներից, որ երկար տարիներ բանակցությունների ինքնատիպ սահմանադրություն էին»: Օրինակ՝ սկզբունքները հստակ առանձնացնում էին բուն Լեռնային Ղարաբաղը Հայաստանի գրաված շրջաններից: Փաստացի խոսքը երկու հարցերի մասին էր՝ այդ շրջանների (նաև փախստականների) վերադարձի Բաքվի վերահսկողության տակ և վիճելի Ղարաբաղի կարգավիճակի որոշարկման: Փաստաթղթում ոչինչ չկա Լեռնային Ղաչաբաղի կարգավիճակի մասին, իսկ որոշ կետեր պարզապես շրջանների Բաքվին վերադարձի ժամանակացույց են:


Այդպես ձևավորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման «հնարավորությունների արանք»: Մոսկվան հայտարարում է, որ իր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում, և փաստացի հենց Ռուսաստանն է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության երաշխավորի դերում: Ալիևը ճշտում է, որ ՙղարաբաղյան կոնֆլիկտը սպառված է»: Այստեղից տրամաբանորեն բխում է Մոսկվա-Բաքու երկկողմ համաձայնություններին անցման հնարավորությունը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին, ներառյալ, գուցե, Ստեփանակերտի անցումային կարգավիճակը, հավելած համաձայնությունը Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմը դադարեցնելու կամ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև հողորդակցության միջանցքի մասին: Տեսականորեն դրան ոչինչ չի խանգարում: Եթե այդ սցենարը գործի, նախկին ձևաչափով Մինսկի խմբի գործունեության վերականգնման անհրաժեշտությունը վերանում է՝ կարգավորման նոր գործոնների ի հայտ գալու պատճառով: Այդպես սկսվում է պրոբլեմների ու հարցերի նոր խումբ, իսկ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, անհեանում են անդրկովկասյան քաղաքական պեյզաժից: Որոշ փորձագետներ ասում են, որ դա բնական գործընթաց է, որ ԵԱՀԿ-ն գուցե արդյունավետ է Եվրոպայում անվտանգության հարցերը լուծելիս, բայց ոչինչ չի կարող անել Եվրասիայում, որ Մինսկի խմբին «չհաջողվեց ոչ մի դյույմ առաջ տանել բանակցությունները Ադրբեջանի ու Հայաստանի միջև», որ արևմտաեվրոպական կառույցներն ու քաղաքական գործիչները տեղ չունեն Անդրկովկասում, որի ճակատագիրը կարող են և պետք է որոշեն եվրասիական տերությունները: Դա այսպես կոչված՝ կովկասյան պակտն առաջ մղելու Իրանի փորձն էր՝ միայն կովկասյան պետությունների մասնակցությամբ: Թուրքիան էլ վերջերս հրապարակեց այսպես կոչված կովկասյան պլատֆորմի ստեղծման նախագիծ՝ հրավիրելով Ռուսաստանին, Ադրբեջանին, Հայաստանին ու Վրաստանին: Մոսկվայի համար դա հավաքական անվտանգության համակարգի ստեղծման հետագա գործողությունների տարբերակներից մեկն է ընդհանրապես Անդրկովկասում ու մասնավորապես վրացական ուղղությամբ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը, նա գտնում է, որ ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների քաղաքական ռեսուրսն այդ ուղղությամբ դեռ սպառված չէ: Մինսկի խումբն ու նրա համանախագահները պետք է նպաստեն կոնֆլիկտի երկարաժամկետ ու կայուն կարգավորման բանակցություններին՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքների ու պարտականությունների հարցը: Աշխատանքը բոլորին կհերիքի, բայց արդեն այլ պայմաններում և նոր հանգամանքներում: Գուցե առաջին հերթին դրվի միջազգային իրավունքի տեսակետից ռուս խաղաղապահների տարածաշրջանում տեղակայման լեգիտիմացման հարցը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կամ ԵԱՀԿ բանաձևով: Դրա համար պետք է սկսել սուբստանտիվ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հարցով՝ հավարտ խնդրի կարգավորման խաղաղ համաձայնագրով:
Ստանիսլավ Տարասով. REGNUM


Հ.Գ. Լինելով շատ վիճելի՝ այս ամենը կարող էր շատ հետաքրքիր լինել, բայց իրականության հետ համադրելիս, ի հայտ է գալիս, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի կամ ԵԱՀԿ-ի մանդատը պահանջող ռուս խաղաղապահները և Ռուսաստանը՝ որպես միջնորդ կամ չեն կատարում, կամ՝ ի վիճակի չեն կատարել միջնորդական պարտավորությունները ու բնավ երաշխավորը չեն եռակողմ հայտարարության կատարման: Մոսկվան Արցախում հարցերը լուծում է ՙմարդասիրական» գործունեությամբ՝ ականազերծում, հոսպիտալ, օգնություն, Հայաստանին դրել է տարածքային զիջումների անհրաժեշտության առաջ: Հավելած՝ ներքաղաքական խառնակությունը: Ստեղծվել է երկակի իրավիճակ՝ եթե Նիկոլ Փաշինյանը չի համաձայնում իրենից հանիրավի պահանջվող զիջումներին, ընդդիմությունը շարունակում է պահանջել նրա հեռացումը, եթե համաձայնում է, մնում է հեռանալը: Փաստացի՝ երբ վարչապետը սկսեց պաշտպանել Հայաստանի շահը, անընդունելի դարձավ Մոսկվայի համար: Հավելեք, որ ընդհանրապես ինչ-որ պահից իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ և Ադրբեջանը, Թուրքիայի դրդումով, վերսկսի հարձակումը Արցախի մնացած մասի վրա, գուցե նաև Հայաստանի: Համենայն դեպս՝ ռուսական մամուլում քննարկվում են նաև ռուս-ադրբեջանական, իրականում՝ ռուս-թուրքական պատերազմի վարկածները: Եվ հենց այդ պայմաններում՝ Մոսկվան ու Անկարան ամեն ինչ անում են, որ Մինսկի խումբը անելիք չունենա, որ երկուսով վճռեն տարածաշրջանի ճակատագիրը: Բայց քանի դեռ Մոսկվան խաղում է Անկարայի խաղը՝ հարցերը տեղափոխելով Հայաստանի տարածք, միակ հավասարակշռող ու իրավիճակ փոխող գործոնը կարող է լինել Մինսկի խումբը՝ նույնիսկ եթե պատերազմի ժամանակ Վաշինգտոնը իրեն դուրս դրեց գործողություններից, իսկ Փարիզը միայնակ չկարողացավ կասեցնել Անկարային:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ