Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հույսի ավանի» բնակիչները երախտամոռ չեն

«Հույսի ավանի» բնակիչները երախտամոռ չեն
24.10.2008 | 00:00

ԲԱՐԵՐԱՐՆ ԷԼ ԾԱՐԱՎԻ Է ԲԱՐՈՒԹՅԱՆ
Մեր շեն ու բարեկարգ, խնամված ու մաքուր թաղամասը՝ «Հույսի ավանը», շատերի նախանձն է շարժում, որովհետև մեր քաղաքի քիչ բակեր ու փողոցներ կարող են պարծենալ այնպիսի մաքրությամբ ու գեղեցկությամբ, որպիսին մեզ մոտ է: Այս ավանը հիմնադրվել է 2001 թվականին՝ «Diakonia» բարեգործական հիմնադրամի կողմից: Նպատակը բնակարանի կարիք ունեցող և որոշակի նախապայմանների համապատասխանող ընտանիքներին բնակարանով անհատույց ապահովելն ու նրանց սոցիալական առաջնահերթ խնդիրների լուծմանն օժանդակելն է: Այդ օժանդակությունն արտահայտվում է տարբեր բարեգործական ակցիաներով: Ամեն ամիս առաջին անհրաժեշտության սննդամթերք՝ ալյուր, ձեթ, շաքարավազ, ձավարեղեն է հատկացվում 10 տարին չլրացած յուրաքանչյուր երեխայի, տրամադրվում է դրամական օգնություն բուժծառայություններից օգտվելու և այլ կարիքների համար, եթե ծնողի հնարավորությունները սուղ են, ապա վճարվում է նրա երեխաների արտադասարանային, արտադպրոցական մասնագիտական խմբակներ հաճախելու համար անհրաժեշտ վարձը, բոլոր երեխաներն անվճար սպասարկվում են թաղամասում գործող ատամնաբուժարանում, ցանկության դեպքում՝ հաճախում ավանում գործող պարի խմբակի պարապմունքներին:
Թվարկված գործերն իրականացվում են «Diakonia»-ի հիմնադիր նախագահ Պարույր Ջամբազյանի ջանքերով և անմիջական վերահսկողությամբ: Այս մարդու և նրա ղեկավարած աշխատակազմի շնորհիվ մեր՝ տարիներ շարունակ անտուն դեգերումների մեջ տառապած, բազում ստորացումների ենթարկված ու սեփական հարկն ունենալու որևէ հույս կորցրած ընտանիքները հնարավորություն են ստացել գլխավերևում ունենալու տանիք, ապրելու բարեկարգ, հիմնանորոգված բնակարաններում, վայելելու արժանապատիվ գոյության հաճույքը: «Հույսի ավանը» իրական հույս և հանգրվան է դարձել ոչ միայն այստեղ բնակվողներիս, այլև մեր հարմարավետ բնակարաններում հաճախ հյուրընկալվող հարազատների ու մտերիմների համար, որոնք, առանց բացառության, իրենց հիացմունքն են արտահայտում թաղամասի ու այն կառուցողների մեծ մարդասիրության նկատմամբ:
Եթե մեր թաղամասի մասին այսքան դրական ու հաճելի ինֆորմացիան որևէ մեկի մեջ կասկած կամ զարմանք առաջացրեց, ապա շտապենք ասել, որ ամեն լավ բան անպայման ունենում է նաև իր վատ ու ստվերոտ դրսևորումները:
Ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, այնպես էլ Հայաստանում ցանկացած պայմանավորվածություն, ցանկացած գործարք կայացնելուց առաջ նախ կողմերի միջև կնքվում է համապատասխան պայմանագիր, ապա երկուստեք ի կատար են ածվում պայմանագրի բոլոր կետերը՝ առանց բացառության: Իսկ եթե որևէ կողմը հրաժարվում է իր ստանձնած պարտավորություններից, ապա գործարքը պարզապես լուծարվում է: Բայց ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ցանկացած հասարակության մեջ կան ներքին բարեկրթությունից ու դաստիարակությունից զուրկ մարդիկ, որոնք դժվար են հարմարվում քաղաքակրթության տարրական նորմերին: Այս իմաստով բացառություն չէ նաև «Հույսի ավանը»:
«Հույսի ավանում» բնակվում է 58 ընտանիք: Մինչև տարեվերջ իրենց բնակարանամուտը տոնելու երջանկությունը կվիճակվի ևս 18 ընտանիքի: Ներկայումս բնակվող 58 ընտանիքներից 56-ն անգամ չի կարող ենթադրել, որ «Diakonia» հիմնադրամի ու Պարույր Ջամբազյանի հանդեպ կարելի է ունենալ այլ վերաբերմունք, քան մարդկային խոր երախտագիտությունն է: Բայց ընտանիքներից երկուսը կեղտոտ բամբասանքների և չհիմնավորված մեղադրանքների մի ալիք են բարձրացրել Պ. Ջամբազյանի դեմ: Պատճառն ընդամենը մեկն է: Ըստ մեր իսկ ստորագրած պայմանագրի, որի մեջ չկա մարդկային աժանապատվությունը վիրավորող որևէ կետ, մենք պարտավոր ենք 2-5 տարին մեկ անգամ թարմացնել մեր բնակարանների նկատմամբ ունեցած սեփականության իրավունքի վկայականը՝ նոտարական գրասենյակին և կադաստրին մուծելով ընդամենը 40000 դրամի սահմանը չգերազանցող մի գումար: Ինչպես նկատում եք, խոսքը ո՛չ «Diakonia» հիմնադրամին, ո՛չ էլ, առավել ևս, Պարույր Ջամբազյանին մուծվելիք գումարի մասին չէ: Բայց եթե մարդն ի բնե զուրկ է առողջ տրամաբանությունից և թունավորված է երախտամոռության բացիլով, ապա նրան լուրջ հիմքեր պետք չեն անմեղ մարդուն հանիրավի դատապարտելու և հերյուրելու համար: Եվ այդ հերյուրանքներն ուղղվում են մի մարդու դեմ, որի շնորհիվ այսօր մենք բոլորս ապրում ենք նախանձելի պայմաններում և ի հավելումն՝ ստանում վերը թվարկված օգնությունները:
Մենք այսքան չէինք մտահոգվի և չէինք ընտրի հրապարակավ մեր կարճմիտ հարևաններին «դաս տալու» տարբերակը, եթե չունենայինք այն մտավախությունը, որ Պարույր Ջամբազյանն ու նրա նման բազում սփյուռքահայ բարերարներ, այսպիսի ապերախտ պահվածքի հանդիպելով, կարող են ուղղակի ձեռքերը լվանալ ու հրաժարվել հայրենիքում որևէ բարեգործական ծրագիր իրականացնելու մտքից: Հավատացնում ենք բոլորին, որ եթե սփյուռքահայ մեր եղբայրներից և քույրերից յուրաքանչյուրը հետևեր Պարույր Ջամբազյանի օրինակին և ունենար ի նպաստ հայրենիքի ծառայելու նրա գիտակցությունը, մենք այսօր կունենայինք շատ ավելի բարեկեցիկ կյանք ու շատ ավելի շքեղ Հայաստան:
Մենք ընդամենը ցանկանում ենք ասել մեր բողոքական հարևաններին, որ ցանկացած մարդ ցանկացած պահի ունի ընտրության հնարավորություն: Եթե իրենց չեն բավարարում «Հույսի ավանում» ապրելու պայմանները, ապա իրենք ազատ են՝ ընտրելու այլ բնակավայր և չպղտորելու այն բարի մթնոլորտը, որում մեծանում են մեր երեխաները: Իսկ եթե պիտի շարունակեն ապրել Պարույր Ջամբազյանի ղեկավարած հիմնադրամի նվիրած բնակարաններում, ապա թող չկտրեն ծառի ճյուղը, որի վրա իրենք են նստած: ՈՒ նաև ստիպված ենք Պարույր Ջամբազյանին անկեղծորեն խորհուրդ տալ ու խնդրել՝ հետագայում առավել աչալուրջ լինել ավանաբնակների ընտրության հարցում:
«Հույսի ավանի» բնակիչներ՝
Գոհար ՊՈՂՈՍՅԱՆ, Սամվել ԴԱԼԼԱՔՅԱՆ, Տիգրանուհի ԳՐԻԳՈՐՅԱՆ, Գյուլնիզար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, Մարինե ՄԱՆՈՒԿՅԱՆ, Արարատ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Գայանե ՈՍԿԱՆՅԱՆ, Լիլիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Գյուլվարդ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, Անդրանիկ ՀԱԿՈԲՅԱՆ, Նունե ԹՈՐՈՍՅԱՆ, Գևորգ ԱՎԵՏԻՍՅԱՆ, Արմինե ՄԻԿԻՆՅԱՆ, Ագապի ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ, Սոնա ՂԱԶԱՐՅԱՆ, Խաչիկ ՍՏԵՓԱՆՅԱՆ, Թերեզա ՈՍԿԱՆՅԱՆ, Նառա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 10014

Մեկնաբանություններ