Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այսօրվա զարգացած կենցաղը թելադրում է գերազանց տեսնելու ցանկություն»

«Այսօրվա զարգացած կենցաղը թելադրում է գերազանց տեսնելու ցանկություն»
22.05.2012 | 00:45

Լրացավ Սերգեյ Մալայանի անվան ՀՀ ակնաբուժական կենտրոնի հիմնադրման 33 տարին: Կառույցը, որտեղ արդեն կատարվել է 1950 լազերային վիրահատություն, և որը այդ տեսակի վիրահատությունների առաջատարն է հանրապետությունում, վերազինված է կենսակարևոր տեխնիկայով, տեխնոլոգիաներով և համապատասխան դեղորայքով: 1992 թվականից լինելով հայ-ամերիկյան «Eye Project» ծրագրի հիմնական գործընկեր, վերջինիս շրջանակներում ստեղծել է նաև շարժական հիվանդանոց, որով պարբերաբար այցելում է հանրապետության մարզեր, սոցիալապես անապահով բնակչության համար կատարում ախտորոշումներ ու վիրահատական միջամտություններ` վերացնելով տեսողության հետ կապված տարբեր խնդիրներ: Բացի դրանից, ամերիկյան «Glaukos» կազմակերպության հետ 2007 թվականից սկսած կենտրոնում անցկացվում են հետազոտություններ, որոնք նպատակաուղղված են գլաուկոմայի վիրաբուժական միջամտության նորագույն փականների փորձարկմանը: Կառույցում գործում է միջազգային չափորոշիչներին համապատասխան սարքավորումներով հագեցած լաբորատորիա:
Նշենք նաև, որ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հետ համատեղ, որի հովանավորը, հիմնադիրն ու նախագահը ամերիկահայ ակնաբույժ պրոֆեսոր Ռոջեր Օհաննեսյանն է, կենտրոնում, 2010 թվականից սկսած, բուժվում, կանխարգելվում են նաև հնարավոր կուրությունն ու հատկապես մանկական վաղ տարիքից սկսվող, վերջերս հայտնաբերված աչքի ցանցաթաղանթի քայքայում հիվանդությունը: Այն ախտորոշելու նպատակով կենտրոնի մասնագետները հանրապետության ծննդատներում նախապես անցկացնում են համապատասխան հետազոտություններ: Կառույցի գործունեությանն ու խնդիրներին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով զրուցեցինք նրա հիմնադիր, պրոֆեսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԼԱՅԱՆԻ հետ:

-Նախ, ինչի՞ հետևանք է աչքի ցանցաթաղանթի քայքայում հիվանդությունը:
-Ցանցաթաղանթի հիվանդության կամ ցանցաթաղանթի դեգեներացիայի (քայքայում) հիմքում ընկած է հիմնականում ժառանգական կամ ներքին ինֆեկցիայի գործոնը, որի պատճառով կարող են ախտահարվել նաև ներքին օրգանները: Նշված հիվանդությունը (վիրահատվում և բուժվում է լազերային եղանակով) ժամանակին չկանխարգելելը կարող է հանգեցնել կուրության: Նշեմ, որ հետազոտությունը չափազանց կարևոր նշանակություն ունի հայկական ակնաբուժության ոլորտի, ինչպես նաև մեծ նվաճում և առաջընթաց է ապահովում գալիք 5-10 տարիների համար: «Հայկական ակնաբուժական ծրագրի» շրջանակներում ԱՄՆ-ում այդ ուղղությամբ վերապատրաստվել և մասնագիտական հատուկ արտոնագիր են ստացել նաև կենտրոնում աշխատող վիրաբույժներ:
-Իսկ ի՞նչ կասեք մյուս` բնածին շլություն, կատարակտ և կարճատեսություն հիվանդությունների մասին:
-Այո, ցավոք, ավելացել է նաև այդ հիվանդություններն ունեցողների թիվը: Բնածին շլությունը հեռատեսության կամ կարճատեսության հետևանքով է: Եթե ժամանակին կատարվի ախտաբանական հետազոտություն, և երեխան ակնոց կրի, ապա հետագայում վիրահատման անհրաժեշտություն չի զգացվի:
Շատ են նաև բնածին կատարակտի դեպքերը, որի վաղ հայտնաբերման դեպքում (8-9 ամսականից սկսած) հեռացնում ենք պղտորված ոսպնյակը` բացելով լույսի ճանապարհը աչքի հատակ: Վիրահատությունների ժամանակ բնածին, ոչ լիաժեք ոսպնյակի փոխարեն դրվում է արհեստականը, որով վերականգնվում է տեսողությունը:
Նշեմ, որ Հայաստանում վերջին տասը տարում աճել է նաև կարճատեսություն ունեցողների թիվը, դրա հետ էլ ավելացել է աչքի կլինիկաներ դիմողների հոսքը, որը նաև գիտակցական մակարդակի բարձրացման գործոն է: Այսօրվա զարգացած կենցաղը թելադրում է գերազանց տեսնելու ցանկություն, որի կարիքն առավել զգում է հատկապես մատաղ սերունդը: Անգամ գյուղական վայրերում, որտեղ նախկինում լավ տեսնելու ձգտում չկար, այսօր այնտեղ ապրողներից շատերն աշխարհին նայում են ակնոցի պարզեցնող ապակիների միջով:
Բնակչության մեջ պետք է սերմանել այն գաղափարը, որ կարճատեսությունն ու հեռատեսությունը հիվանդություն չեն, ինչի պատճառով որոշ ծնողներ իրենց երեխայի մոտ այն հայտնաբերելիս չեն ցանկանում, որ նա ակնոց կրի: Այդ սխալ մոտեցման պատճառով երեխան երբեմն բարդույթավորվում է: Այնինչ, կարճատեսությունը պետք է ընդունել որպես սովորական, բնականոն երևույթ և այն նկատելիս երեխային ժամանակին ներկայացնել ակնաբույժին: Այն հատկապես կարևոր է դպրոցահասակների համար, որոնց մոտ նշված տարիքից սկսվում է նաև տեսողական սրության զարգացումը:
- ՈՒրիշ ինչպիսի՞ վիրահատություններ են իրականացվում կենտրոնում:
-Ներկայումս կենտրոնում իրականացվում են այնպիսի եզակի վիրաբուժական միջամտություններ, ինչպիսիք են վիտրեոռետինալ վիրաբուժությունը, եղջերաթաղանթի փոխպատվաստումը և պրոթեզավորումը, գլաուկոմայի և բնածին ախտահարումների լազերային բուժումը, կոպերի և ակնակապիճի պլաստիկ վիրահատությունները:
Նշեմ նաև, որ այժմ կենտրոնում զարգացում է ապրում ռեֆրակցիոն վիրաբուժությունը, որն ուղղված է կարճատեսության և հեռատեսության վերացմանը: Այդ նպատակով իրականացվում է այդ ծառայության զարգացում, ներդրվում են տարբեր նանոտեխնոլոգիաներ, որոնք նոր շունչ կհաղորդեն երիտասարդ աշխատունակ բնակչության տեսողությունն ավելի կատարյալ դարձնելուն:
-Մալայանի անվան հիվանդանոցում տարեկան քանի՞ վիրահատություն է կատարվում:
-Մոտ 4,5-5 հազար, գերակշռողը 40-65 տարեկաններն են: Նրանց հիմնական հիվանդությունը տարիքային գործոնի կամ զարկերակային ճնշման պատճառով առաջացած կատարակտն է, որը հայտնաբերելուց հետո պղտորված ոսպնյակը հեռացվում և տեղադրվում է արհեստականը: Հիվանդը դրանից հետո ոչ միայն տեսնում, այլև առանց ակնոցի նույնիսկ կարդում է:
Զարկերակային ճնշում կամ դիաբետ ունեցողների մոտ երբեմն հայտնաբերվում է նաև գլաուկոմա, որի դեպքում տեսողության վերականգնումը մեծ մասամբ անհնար է: Սկզբնական շրջանում գլաուկոման, հատկապես շաքարային դիաբետիկների մեծ մասի մոտ, զարգանում է աննկատ: Այդ է պատճառը նաև, որ այսօր հանրապետությունում շատ են աչքի անվերադարձ տեսողության կորստով դիաբետիկ հիվանդները: Եթե նրանք ժամանակին (թեկուզ 2-3 տարին մեկ) հետազոտվեն, և սկզբնական փուլում հայտնաբերվի հիվանդությունը, ապա 20-25 տարի հիվանդի մոտ կարող է պահպանվել անգամ տեսողական սրությունը:
-Կլինիկայի սարքավորումները ձեռք եք բերում միայն արտասահմանյա՞ն ֆիրմաներից:
-Միաժամանակ Ռուսաստանի Դաշնությունից: Բացի դրանից, մենք ունենք ակնաբուժական սարքավորումներ արտադրողներ, որոնց ներկայացուցիչները ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում են: ՈՒնենք նաև տեխնիկական սպասարկման գիտակ մասնագետներ, սակայն չունենք ստացիոնար հիվանդների սպասարկման, մենեջմենթային միջին օղակը, որի առկայությունն այսօր առաջնահերթորեն անհրաժեշտ է հիվանդներին:
Մեզանում բացակայում է նաև մարզային օղակը, այսինքն` մարզերում կա բուժօգնություն, սակայն չկա ժամանակակից ակնաբուժական օգնություն ստանալու հնարավորություն: Եղածն էլ ժամանակակից ակնաբուժության համար շատ քիչ է:
-Բնակչության ո՞ր խավերն են օգտվում Ձեր անվճար բուժծառայությունից:
-Կենտրոնում անվճար հիմունքներով վիրահատվում են «Փարոս» համակարգի, ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների արտոնագրային ուղեգրով ներկայացած հիվանդները: Բացի դրանից, ՀՀ կառավարության որոշմամբ, առողջապահության նախարարությունում մշակված վարձատրման նոր ձևով, մեզ մոտ, նույնպես, կամավոր հիմունքներով գործում է պետպատվերով սպասարկման նոր` համավճարային եղանակը, որի շրջանակներում ակնաբուժական կենտրոնի հարկային վճարումները աճել են մոտ 3 անգամ: Նշեմ, որ համավճարը նաև 2-րդ կարգի հաշմանդամների համար է:
Կլինիկայում գործում է նաև ախտորոշիչ սարքավորումների անմիջական և միացյալ շղթա, որը դյուրացնում է ախտորոշման գործընթացը: Եթե որոշ հիվանդանոցներում յուրաքանչյուր բաժանմունք ունի իր գանձարկղը, ապա մեր կլինիկայում գործընթացն իրականացվում է մեկ պատուհանի սկզբունքով: Ամենակարևորը. մեր հմուտ մասնագետները հիվանդին հետազոտում են նախակլինիկական փուլում` վերջնականապես ախտորոշելով նաև տվյալ հիվանդության պատճառով սպառնացող հետագա հնարավոր ռիսկերը:
-Ինչպիսի՞ կարևորագույն ծրագրեր է իրականացնում կլինիկան մարզերում:
-Առաջինը կենտրոնի սեփական միջոցներով 2008 թվականին ակնաբուժական մասնաճյուղի հիմնումն էր Գյումրիում: Արդեն վերանորոգվել է քաղաքի «Ճերմակ» հիվանդանոցի բաժանմունքներից մեկը` կահավորվելով և վերազինվելով վիրաբուժական ժամանակակից սարքավորումներով: Այնտեղ այսօր կատարվում են ամենաբարդ վիրահատությունները: Ստացված եկամուտների հաշվին արդեն փակել ենք նշված կլինիկայի հիմնման համար կատարված ծախսերը: Ծրագիրը, որը հիմնականում նպատակաուղղված է Շիրակի մարզի համայնքներում ապրող սոցիալապես անապահով բնակիչների առողջական վիճակի կայունացմանը, միաժամանակ հնարավորություն է ստեղծում հիվանդին տեղում` առանց ժամանակի կորստի, անցնելու ակնաբուժական զննում, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վիրահատվելու:
Նշեմ նաև, որ Սերգեյ Մալայանի անվան կլինիկայում, որը հանրապետության աչքի խոշորագույն աշխատանքային և ռազմական փորձագիտության կենտրոն է, տարեկան հետազոտվում է շուրջ 5-5,5 հազար զինակոչիկ: Նշված թիվը 2,5 անգամ ավելի է, քան հանրապետության մնացած աչքի հիվանդանոցներինը միասին վերցրած:
1978 թվականին հիմնված ակնաբուժական կենտրոնն այսօր ունի 249 աշխատող, որոնցից 8-10-ը փորձառու վիրաբույժներ ու առաջատար մասնագետներ են: Կառույցը, որի աշխատակիցներից շատերն այսօր վերապատրաստվում են Եվրոպայում, ԱՄՆ-ում, միաժամանակ հանդիսանում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական և «Հայբուսակ» համալսարանների ուսումնական բազան: Հավելեմ նաև, որ կլինիկայի 10 այցելուից 8-ը գալիս է` վստահելով միայն իր ծանոթ բժշկին:

Հարցազրույցը`
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

Դիտվել է՝ 15127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ