Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Առգրավված զենքերը ո՞ւմ են պատկանում

Առգրավված զենքերը ո՞ւմ են պատկանում
06.06.2013 | 00:25

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն «Առավոտին» տված հարցազրույցում ասել է, թե հանրապետության տարածքում ավարտվել է «Զինանոց- 2013» միջոցառումը և շուտով կհրապարակվի անձնական զենք-զինամթերքի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ բնակավայրերի: Ոստիկանապետը նաև հայտարարել է, թե ովքեր առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհանձնեն թաքցրած զենք-զինամթերքը, կազատվեն քրեական պատասխանատվությունից. «Դրանից հետո ում մոտ կհայտնաբերվի ապօրինի զենք, ոստիկանությունը հետամուտ կլինի, որպեսզի նման անձինք պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»: Քանի՞սը կհետևեն ոստիկանապետի կոչին, դժվար է ասել: Տրամաբանության համաձայն՝ որևէ մեկը չի ցանկանա սեփական զենքից ինքնակամ ազատվել, Վլադիմիր Գասպարյանն էլ ասել է, թե զինաթափության օպերացիան շարունակվելու է: Հուսանք, ուրեմն, որ դեռևս չհայտնաբերվածները նույնպես պետության սեփականությունը կդառնան:
Փաստն այն է, որ ըստ ասվածի, արդեն իսկ առգրավված զենք-զինամթերք կա անցկացված միջոցառման արդյունքում, ու թեև ոստիկանապետը խոստացել է, որ դրանց քանակությունը կհրապարակվի ըստ բնակավայրերի, հանրության համար պակաս հետաքրքիր չէ դրանց պատկանելությունը: Ո՞ւմ են պատկանել այդ զենքերը, արդյոք նրանց մեջ մեծահարուստներ կա՞ն, նրանցից քանի՞սն են օլիգարխ, ազատամարտիկ, մարզպետ ու քաղաքապետ, միջին չինովնիկ ու ոստիկան: Կամ` նրանցից քանիսն է զենքի առևտրով զբաղվում, քանիսն է անօրինական որս անում մեր արգելոցներում: Իսկ ավելի որոշակին այս օրերի ֆոնին Սյունիքի` արդեն սառեցված լիազորություններով մարզպետի տան ու նրան պատկանող օբյեկտների խուզարկության հարցն է: Հայտնի է, որ հունիսի 1-ի միջադեպից հետո, որի արդյունքում սպանվեց Ավետիք Բուդաղյանը, իսկ Արտակ Բուդաղյանը մահվան հետ կռիվ է տալիս, Սուրիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում մեծ թվով զենք հայտնաբերվեց: Ինչ տեսակի զենք էր` չհրապարակվեց: Հարց է առաջանում` «Զինանոց- 2013» միջացառման ժամանակ փորձ արվե՞լ էր զինաթափելու վերջինիս: Եթե այո, ուրեմն ինչպե՞ս է եղել, որ ոստիկանությունը այն չի հայտնաբերել: Գուցե Խաչատրյանին նախապես զգուշացնողներ են եղել, և նա զենքը թաքցրել է, կամ գուցե զինաթափության ծրագիրը դեռևս Սյունիքի մարզ չի հասել: Իսկ եթե հասել է, ու մարզպետը համարվել է անձեռնմխելի՞: Իսկ եթե որոշ ոստիկաններ պարզապես թերացել են իրենց պարտականությունները կատարելիս և չեն հետևել ոստիկանապետի հրահանգների ՞ն:
Կարծում ենք, սրանք կարևոր հարցեր են, որպեսզի Հայաստանի քաղաքացիները հնարավորինս հստակ պատկերացնեն և ճիշտ գնահատեն ոստիկանության աշխատանքը` ի ապացույց Վլադիմիր Գասպարյանի փաստացի հավաստիացումների, թե մենք գործ ունենք այլևս այլ որակի ոստիկանության հետ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ