Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ղարաբաղյան կարգավորման հարցում «կողմերը ավելի, քան երբևէ մոտեցել են հաջողության հեռանկարին»

Ղարաբաղյան կարգավորման հարցում «կողմերը ավելի, քան երբևէ մոտեցել են հաջողության հեռանկարին»
12.07.2016 | 23:33

Այսպես է Բաքվում ամփոփել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունները, ավելի վաղ Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ռուս-ադրբեջանական բանակցությունները Բաքվում երկու երկրների արտգործնախարարները դրական են որակել: Բաքուն և Մոսկվան, ի դեմս ԱԳ նախարարների, հայտարարել են, որ ղարաբաղյան գործընթացը շարժվում է առաջ և խաղաղ կարգավորման հեռանկարներն ուրվագծվում են: Մանրամասներ չեն հրապարակվում, Ադրբեջանի արտգործնախարարն ակնարկել է, թե դժվար չէ հասկանալ, թե ինչ է դրված բանակցային սեղանին՝ բավական է վերլուծել վերջին շրջանի հայտարարությունները:

Լավրովը նույնպես հրաժարվել է բարձրաձայնել Սանկտ Պետերբուրգում հունիսին կայացած եռակողմ հանդիպման համաձայնությունների մանրամասները. «Հասկանալի պատճառներով մենք հրապարակավ չենք մանրամասնում այն գաղափարները, որոնք քննարկվել են պետերբուրգյան հանդիպման ժամանակ: Երեք երկրների առաջնորդները հատուկ պայմանավորվել են, որ զգուշավորությամբ կվերաբերվեն ի հայտ եկող հույսի ծիլերին: Ոչ թե այն պատճառով, որ մենք ինչ-որ բան թաքցնում ենք, պարզապես սա նորմա է բանակցությունների ժամանակ»: «Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են կոնկրետ քայլեր, որոնք պետք է և կարող են բերել Ղարաբաղի խնդրի կարգավորմանը»,- հայտարարել է նա: Էլմար Մամեդյարովն ասել է. «Բանակցային գործընթացի ակտիվացումը թույլ կտա հանգուցալուծել այս ձգձգված հակամարտությունը»:


Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետները հայտնի կդառնան, երբ Սերգեյ Լավրովը ՌԴ նախագահին կզեկուցի Երևանում և Բաքվում անցկացրած բանակցությունների մասին՝ հայտարարել է Մամեդյարովը՝ հավելելով, թե ադրբեջանական կողմի համար նշանակություն չունի, թե որտեղ կկայանա նախագահների հաջորդ հանդիպումը՝ Ֆրանսիայում, թե մեկ այլ երկրում. «Կարևորը՝ բանակցություններն արդյունավետ լինեն»:


ՌԴ ԱԳ նախարարը համատեղ ասուլիսում շեշտել է նաև, որ Ալիևի հետ հանդիպումը «թույլ կտա առաջ մղել Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված գաղափարները»:
Լավրովի այցը Բաքու նրա երևանյան այցի շարունակությունն էր, և այս կապակցությամբ Մամեդյարովը նկատել է. «Այն տեղեկատվությունը, որը ներկայացրել է Սերգել Լավրովը, դրական լիցքեր է ներշնչում»:


Ասուլիսին Մամեդյարովը ասել է նաև, թե հակամարտության կարգավորման ճանապարհով պետք է առաջանալ «փուլ առ փուլ՝ մինչև բանակցային սեղանին այլևս չմնան չհամաձայնեցված հարցեր»:


Այս հայտարարությանն արդեն արձագանքել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ ասելով, որ բանակցությունները «մշտապես ընթացել և ընթանում են ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների փուլային իրականացմամբ». «Ադրբեջանը պետք է ճանաչի ինքնորոշման իրավունքը և այդ իրավունքի իրացումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից՝ այսպիսով վերացնի կարգավորման ճանապարհին առկա խոչընդոտը»:


Համատեղ ասուլիսում երկու արտգործնախարարները խոսել են նաև Ադրբեջան - Իրան - Ռուսաստան համագործակցության մասին՝ հայտնելով նաև, որ առաջիկայում նախատեսված է այդ երկրների նախագահների հանդիպումը:

Դիտվել է՝ 174012

Մեկնաբանություններ