Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Կինոմիության առաջարկը

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Կինոմիության առաջարկը
22.02.2019 | 04:26

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը լրատվադաշտի ներկայացուցիչների հետ հանդիպումն սկսեց օրախնդիր թեմային անդրադարձով. գրեթե երկտասնօրյա հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի առողջական վիճակը խիստ անհանգստացնող է, և հարկավոր է հնարավոր բոլոր միջոցները ձեռք առնել այդ թնջուկը վերջնական հանգուցալուծման հասցնելու ուղղությամբ:

«Կյանքից ավելի կարևոր բան չկա, առողջությունից ավելի կարևոր բան չկա»,- ասաց Հ. Խաչատրյանը և հայտնեց, որ կինոմիությունը պատրաստ է աջակցելու իրավաբանական ծառայությունների մասով, որպեսզի ի վերջո ավարտվի օր օրի ավելի սպառնալից դարձող հացադուլը, և խնդիրն ստանա խելամիտ լուծում:


Այնուհետև բանախոսն անդրադարձավ հայ կինոյին և առհասարակ հայ հանրությանն ու Հայաստանին վերաբերող մի կարևոր հարցի արծարծմանը: «Շատերն ուշադրության չեն արժանացնում կինոն, արհամարհում և անտեսում են: Հատկապես այն մարդիկ, որոնք գիտեն, որ կարճ ժամանակ անց հրաժեշտ պիտի տան իրենց պաշտոններին: Սակայն բոլոր նրանք, որ դեռ Սովետական Միության տարիներին գովերգում էին վրացական կինոն, որն անշուշտ լավն է, և փնովում հայկականը, ասում, որ այն շատ դանդաղ կինո է, այսօր տեսնում են, որ սխալվել են, որովհետև պարզվեց, որ հայկական կինոյով զարմացած են աշխարհում, որ հայկական կինոն, հատկապես համր կինոն միջազգային լուրջ մակարդակի վրա է գտնվում և չի զիջում որևէ այլ ազգային կինոյի»: Կինոյի դաշտը կարգավորելու և ուղղորդելու հարցում անչափ կարևոր է Կինոյի մասին օրենքի ընդունումը, որի հարցում նախանձախնդիր են կինոմիությունում:


Կինեմատոգրաֆիստների միության նախագահը դեռևս նախագահության թեկնածու եղած շրջանից փայփայում էր մի մեծ երազանք՝ ստեղծել հայկական կինոյի թանգարան՝ Սինեմատեկ, որը կհամապատասխանի աշխարհի լավագույն սինեմատեկների չափանիշներին ու սկզբունքներին: Այս հարցը առաջ է քաշվել և հավանության արժանացել դեռևս Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարների շրջանում, և, որ չափազանց հուսադրող ու ուգևորող է, նաև ներկայիս ղեկավարների շրջանում: Հարություն Խաչատրյանը նշեց. «Մենք երազում ենք ստեղծել միջազգային մակարդակի մշակութային կենտրոն՝ Սինեմատեկ: Եվ այդ նպատակի համար պատրաստ ենք անելու մեր ներդրումը»: Կինոյի տան տարածքը՝ 2 մլն դոլարի արժողությամբ, անհատույց կտրամադրվի այդ նպատակին: Իսկ գաղափարն իրագործելու համար անհրաժեշտ 480 մլն դրամը կինոմիությունն ակնկալում է ստանալ պետությունից: Որ այդ ակնկալիքի բավարարման համար լուրջ հիմքեր կան, վկայում է Հայաստանի ներկայիս իշխանություններից ստացված գրավոր պատասխանը կինոմիության արած առաջարկին:


Ըստ գրավոր հավաստիացումների՝ 2019-ին Սինեմատեկի ստեղծմանը կհատկացվի գումար արտաբյուջետային միջոցներից, իսկ այդուհետ՝ 2020-21 թվականներին, այն կներառվի երկրի կառավարության միջանկյալ ծրագրերի մեջ: Այս է վկայում ՀՀ վարչապետի կարգադրությամբ կինոմետագորաֆիստների միության առաջարկին տրված գրավոր պատասխանը:
«Մենք ոգևորված ենք, որ մեր նոր կառավարությունն այսպիսի ուշադրության է արժանացրել մեր ծրագիրը, որը հանրապետության համար շատ կարևոր ծրագիր է»,- ասաց կինոմիության նախագահը:


Սինեմատեկը ոչ միայն կինոմիության նեղ մասնագիտական ոլորտին ծառայեցնելու նպատակով է ստեղծվում, այլև Հայաստանի մշակութային կյանքին, զբոսաշրջությանը, հանրության մշակութային դաստիարակությանը, բովանդակալից ժամանցի կազմակերպմանը ծառայելու նպատակով: «Ե՛վ ՀՀ վարչապետը, և՛ ՀՀ նախագահը, և՛ քաղաքաշինության կոմիտեն հիացած են Սինեմատեկի գաղափարով,- ասում է Հ. Խաչատրյանը,- իսկ մենք արդեն ձեռք ենք բերել պայմանավորվածություններ՝ համագործակցելու աշխարհի լավագույն սինեմատեկների հետ»:


Այն, որ վերաբացված ու վերափոխված Կինոյի տունն ի զորու է իրականացնելու արդյունավետ և արժեքավոր ծրագրեր, վկայում են նախորդ տարում և այս տարվա երկու ամիսների ընթացքում արդեն իրականացվածները. «Վերադարձ Կինոյի տուն», «Կինոերեկո դերասանի հետ», «Մոռացված հայկական կինո», «Կինոերկխոսություն», «Կինոզրույցներ» և այլ խորագրերով միջոցառումների թիվը գերազանցվում է 150-ը: Դրանք համադրում են հայկական կինոյի մերօրյա հայտնի դեմքերը՝ Անետա Երզնկյանը, Սիրանույշ Գալստյանը, Ռոբերտ Մաթոսյանը, Արթուր Բախտամյանը, Սուսաննա Հարությունյանը, Միքայել Դովլաթյանը, այլք:


Ժամանակակից կինոյին անդրադարձներից զատ յուրատեսակ միջոցառումներով հիշատակի տուրք է մատուցվում դասականներին՝ Մամուլյանին, Փարաջանովին, Դովլաթյանին, Մալյանին, Վահունուն, Վաղարշյանին, Աթոյանցին, այլոց:
Մայրաքաղաքից մշակութային կյանքը մարզեր տեղափոխելու գործընթացը ևս գտնվում է կինոմիության ուշադրության և գործուն քայլերի ծիրում: Իսկ այն, որ Կինոյի տան արդեն վերանորոգված դահլիճներում իրենց ապահով հանգրվանն են գտել հայաստանյան մեծ ու փոքր կինոփառատոները, գաղտնիք չէ կինոյի ոլորտին մոտ կանգնած մարդկանց համար:
Միով բանիվ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի մամլո ասուլիսը ոչ միայն վերհիշեցում-հանրագումար էր կատարված աշխատանքների մասով, այլև ապագային միտված նպատակների մեկնարկի ու հուսալի հեռանկարների նախանշում:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ