«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կհետևի՞ աղմկահարույց հայտարարությանը լյուստրացիան

Կհետևի՞ աղմկահարույց հայտարարությանը լյուստրացիան
15.03.2019 | 02:23

Հայտնի փաստ է, որ հայաստանյան քաղաքական դաշտում որոշակի դերակատարում ունեն ոչ այնքան հայկական շահեր հետապնդող գործիչներ, որքան տարբեր միջազգային կառույցների կամ ազդեցիկ աշխարհաքաղաքական կենտրոնների ներկայացուցիչներ ու պրովայդերներ։ Այս մասին Հայաստանում խոսվում էր անկախության առաջին տարիներից ի վեր։


Օտարերկրյա կամ ազդեցության գործակալների թեման սովորաբար առավել արդիական է դառնում ընտրությունների նախաշեմին, երբ տարբեր կենտրոններ, մեր երկրում ունենալով իրենց շահերը, ակտիվացնում են իրենց ներկայացուցիչներին՝ ամեն կերպ փորձելով աջակցել նրանց ընտրություններում, կարիերայի առաջխաղացմանը, պետական կառավարման համակարգում ներդնելով։ Կան նույնիսկ հատուկ սխեմաներ, համակարգեր՝ այդ գործակալների կրթությանն աջակցելու, վերապատրաստումն ու առաջխաղացումն ապահովելու համար։


Հայաստանում գործակալների թեման, իհարկե, նոր չէ, սակայն դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է այն հնչել պետության ղեկավարի շուրթերից։ Այս առումով թերևս կարելի է հիշել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականը՝ տրված Արթուր Բաղդասարյանին։ Վերջինս ժամանակին ուղղակիորեն մեղադրվեց անգլիացիների հետ համագործակցության համար, երբ հրապարակվեց Արթուր Բաղդասարյանի և անգլիացի դիվանագետի երկխոսության գաղտնալսումը։


Գործակալական նուրբ այս հարցն է՜լ ավելի հետաքրքիր է դառնում, երբ դիտարկում ենք այն հանգամանքը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը որտեղ հնչեցրեց Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող օտարերկրյա գործակալների թեման ու հատկապես ինչ ֆոնի վրա։ Այս առումով հատկանշական է, որ գործակալական թեման հանկարծակի բացվեց Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի շրջանակներում՝ Սպահանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Իրանում ասել էր. «Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:


Հայտարարությունն արվեց մի երկրում, որը հայտնի է որպես փակ պետություն, որտեղ տասնամյակներ շարունակ պայքարում են, որպեսզի իրենց քաղաքական դաշտում կամ պետական համակարգում բացառեն ազդեցության կամ ուղղակի գործակալների ներթափանցումը։ Իրանն ունի որոշակի մեխանիզմներ ու ավանդույթներ այդ խնդրի դեմ պայքարելու հարցում։ Իրանի պարագայում այս խնդիրը գերկարևոր է՝ հաշվի առնելով իրանցիների մշտական բարդ հարաբերությունները Իսրայելի, ԱՄՆ-ի, իսլամական աշխարհի որոշ երկրների հետ։


Հատկանշական է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարության ժամանակահատվածը։ Դա արվեց Հայաստանում հակասորոսյան պայքարի պիկի ժամանակ, երբ Հայաստանում աննախադեպ պայքար էր մղվում Սորոսի հիմնադրամի ազդեցության ոլորտում գտնվողների դեմ։ Եվ այդ պայքարի համատեքստում պարզվեց, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում գործող սորոսածին կառույցի՝ Բաց հասարակության ինստիտուտի ներկայացուցիչները որոշակի խողովակով ու մեխանիզմներով այսօր արդեն հասել են ամենաազդեցիկ դիրքերի, պաշտոններ են զբաղեցնում նոր իշխանության տարբեր օղակներում՝ սկսած կառավարությունից, խորհրդարանից, մինչև քննչական մարմիններ և այլ համակարգեր։ Սորոսականները ներթափանցել են տարբեր ոլորտներ, այդ թվում՝ ամենակարևոր կրթության ոլորտ, մշակույթ և այլն։ Բնականաբար, ՀՀ վարչապետի հայտարարության տեղն ու ժամանակը մեզ ստիպում են որոշակի եզրահանգումներ անել՝ հատկապես ուշադրությունը սևեռելով այն փաստի վրա, թե արդյոք այդ հայտարարությունը պարունակու՞մ է աշխարհաքաղաքական ուղերձներ և կարո՞ղ է ունենալ իրավական հետևանքներ։


Գործակալների շուրջ հայտարարությունից հետո հայաստանյան քաղաքական դաշտում և սոցիալական ցանցերի տիրույթում տարբեր վարկածներ շրջանառվեցին։ Ազդեցության յուրաքանչյուր խումբ փորձում էր գործակալի դափնիները վերագրել իր հակառակորդ թիմին։ Սորոսական կամ դրան հարող այլ խմբեր միանգամից հակադարձեցին, որ վարչապետը նկատի ուներ ռուսաստանյան ազդեցության տիրույթում հայտնի Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցին անգամ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, նախկին ռեժիմի այլ ներկայացուցիչների։ Անգամ սլաքներ ուղղվեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ։ Սա հստակ ուղերձ էր թե Ռուսաստանին, թե հենց Իրանին, որոնք միասնական են հակասորոսական պայքարում, և գործակալական շղարշի ներքո շատ լավ առիթ կարող է ստեղծվել, որը կօգնի Փաշինյանին ձերբազատվելու գուցե ոչ իր կամքով ձեռք բերած սորոսական շրջապատից։ Հայտնի փաստ է, որ և ռուսական, և իրանական կողմերը, և ԱՄՆ-ի թրամփյան վարչակազմը Փաշինյանից պահանջում են հնարավորինս հեռու մնալ սորոսյան թևից։


Մեկ այլ վարկածի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանին վերջին շրջանում սկսել են նյարդայնացնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործոնը, աճող վարկանիշը, և շատերը ակնարկեցին, որ ազդեցության գործակալ ասելով՝ վարչապետն անուղղակիորեն հուշում է, որ հնարավոր է՝ որոշակի թեմաներ բացվեն Արմեն Սարգսյանի հետ, ում Հայաստանում շատերը կապում են արևմտյան, մասնավորապես անգլիական վերնախավի հետ։ Սակայն նույն Արևմուտքում շատ դեպքերում շեշտում են, թե ՀՀ նախագահն իր քաղաքականության մեջ բավականին կոմպլեմենտար է, և նրա նախասիրությունների ակունքները պետք է փնտրել Ռուսաստանում։ Այստեղ չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը թեման բացեց, հարցը առկախեց և անհրաժեշտության դեպքում կարող է հարցին զարգացումներ տալ։ Հարց է առաջանում՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ այն փաստը, որ երկրի ղեկավարն արձանագրում է, որ քաղաքական դաշտում կան մեծաթիվ օտարերկրյա գործակալներ, որոնք պաշտպանում են ոչ թե երկրի, այլ օտար պետությունների շահերը։ Ըստ տրամաբանության՝ այն մարմինը, որը պարտավոր է զբաղվել երկրի անվտանգությամբ` ԱԱԾ-ն, ունի նման տեղեկություններ, և գուցե հենց ԱԱԾ-ն էլ երկրի ղեկավարին փոխանցել է այդ տվյալները որոշ գործիչների մասին։ Եվ տրամաբանական հաջորդ հարցը՝ արդյոք այդ հայտարարությանը հետևելու՞ են իրավական զարգացումներ։ Պատահական չէ, որ կան փորձագետներ, որոնք չեն բացառում, որ Նիկոլ Փաշինյանն այսպիսով, արտաքին կենտրոններին և ներքին սպառման համար արված քաղաքական մեսիջներից, նաև նախապատրաստում է բազմիցս չարչրկված լյուստրացիայի թեման։ Նրբերանգներն այստեղ շատ բազմազան են, խոր, հակասական, սակայն փաստ է, որ այսօրվա Հայաստանում վարչապետի կողմից նման հայտարարությունը դժվար թե պատահական լիներ։ Թեև շատերը, ուսումնասիրելով Փաշինյանի վարքագիծը, հռետորաբանությունը, խառնվածքը, նշում են, որ վարչապետը այդ հայտարարությունը կարող էր արած լինել նաև առանց ենթատեքստի, պահի ազդեցության տակ։ Առավել ևս, որ Փաշինյանը միջազգային ասպարեզում և երկրի ներսում շարունակում է պահպանել անկայուն, անկանխատեսելի, ոչ վստահելի գործչի համբավը։ Այլ հարց է՝ այդ հայտարարությունն արվում էր համակարգված սխեմայի շրջանակներո՞ւմ, թե՞ ասվում էր այդպես, քանի որ այդ օրը թերթի նախկին խմբագրին աղմկահարույց նոր վերնագրեր էին անհրաժեշտ։


Վերջում ուշադրություն դարձնենք մի հետաքրքիր հանգամանքի։ Սպահանում արված հայտարարությանը հետևեց Հայաստանում Բաց հասարակության հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանի հատուկ հրավիրած ասուլիսը, որը պաշտպանողական միջոցառում էր հիշեցնում։ Զգացվում էր, որ այդ հիմնադրամը մտահոգված ու անհանգստացած է ձևավորված մթնոլորտով, բարձրացված աղմուկով։ Եվ պատահական չէր, որ պաշտպանվելու, իր դիրքերը քիչ թե շատ վերականգնելու համար դրսի հովանավորներին չհիասթափեցնելու նպատակով գլխավոր սորոսականը նույնիսկ սկսել է որոշակի փակագծեր բացել՝ ասելով, թե նրանք, ովքեր իր հասցեին մեղադրանքներ են հնչեցնում, նույնպես հանդիսացել են սորոսյան ֆոնդի շահառուներ։ Այս հիմնադրամից են օգտվել նախկին բոլոր իշխանությունների ներկայացուցիչներ՝ այդպիսով գտնվելով վերահսկողության ներքո։
Մի խոսքով, առաջիկայում պարզ կդառնա՝ վարչապետի հայտարարությունը արված էր պահի ազդեցության տակ կամ թերթային գայթակղիչ գլխագրեր ստանալու համա՞ր, քաղաքական PR-ի տա՞րր էր, թե՞ համակարգված ծրագրի մեկնարկ։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1882

Մեկնաբանություններ