Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱԺ ղեկավարության ինչի՞ն է պետք գրադարանը

ԱԺ ղեկավարության ինչի՞ն է պետք գրադարանը
15.03.2019 | 02:27

Այս իշխանությունը քանդելու, ավերելու հատուկ մոլուցք ունի։ Այն, ինչ կապված է նախկինների հետ, նորերի թշնամին է։ Փոփոխություններ անհրաժեշտ են ու պարտադիր, բայց խելամտության սահմաններում։ Պարզեցինք, որ մշակույթի նախարարությունն այնքան էլ կարևոր չէ, և ինչպես վարչապետն էր ասում, եթե մի քանի ամիս գործադուլ անեն, ոչ ոք չի էլ նկատի։ Հերթն այսօր գրադարանինն է, այն էլ՝ ԱԺ-ի։ Խորհրդարանի ղեկավարությունը որոշել է գրադարանը, որ բոլոր ղեկավարների ժամանակ իր կայուն, կենտրոնական տեղն ուներ շենքում, իջեցնել նկուղային հարկ` բոլորի աչքից հեռու։ 1950 թվականին կառուցված ԱԺ-ի շենքն ի՞նչ իմանար, որ մի օր իր գրադարանն այնքան անկարևոր է ու երկրորդական բան կդառնա, որ, երիտասարդ ղեկավարների անմիտ որոշմամբ, «կծվարի» շենքի հեռավոր անկյուններից մեկում։ Իսկ նոր «հասցե» հասնելու համար աստիճաններով պիտի իջնել-իջնել ու պեղել, թե որտեղ է, ի վերջո, այդ գրադարանը։ Այդքան գրքերի, տեխնիկայի, պահոցների տեղափոխման նպատակը ո՞րն է, ի՞նչ առավել կարևոր բաժին պետք է գրավի նախկին գրադարանի տեղը։ Սա ոչ միայն գրադարանի, այլև գրքի հանդեպ ի միջի այլոց վերաբեմունքի վկայություն է։ Գրադարանը, ինչպես գրադարանավարներն են սիրում ասել, «ոտքի տակ» պետք է լինի, ամեն վայրկյան ինչ-որ բան է պետք ճշտել լրագրողներին, նույնիսկ գրադարանի հարգը չիմացող պատգամավորներին։ Ավելին, ԱԺ գրադարանից օգտվում են նաև դրսի ընթերցողները, այն մեծ բազա է ապահովում օրենսդրական պատմությամբ հետաքրքրվող ուսանողների և շահագրգիռ մարդկանց համար։ Ամեն օր խորհրդարանի գործունեությանն առնչվող թերթերն «արխիվացվում» են` սերունդներին փոխանցելով քաղաքական կարևորագույն այս ամբիոնի «նիստուկացը», խոսքն ու գործը: Հիմա «վռնդելով» հեռու մի անկյուն, ի՞նչ ուղերձ եք տալիս՝ ձեզ գիրք, տեղեկություն պետք չէ՞։ Ասենք, այս իշխանությունն ամեն ինչ գիտի, նա ոչ խորհրդի, ոչ էլ նախկինների օրենսդրական քայլերին ծանոթանալու ցանկություն ունի։ Գրադարանն ու՞մ է պետք։


Տեսնես ԱԺ նախկին ղեկավարներից մեկի մտքով ինչու՞ երբևէ չի անցել գրադարանը տեղահան անել. չեն ցանկացել առաջին հերթին գրքի հետ այդպես վարվել։ Գրադարանը նաև մշակութային յուրահատուկ կոլորիտ է ստեղծում, փաստորեն, դրանից էլ են փորձում ազատվել։ Դե, մշակույթը նրանց մեջ է։ Գրադարանի հանդեպ այսպիսի վերաբերմունք ունեն, բայց Շիրազ ու Կապուտիկյան են «լայվով» արտասանում, փողոցում գրքեր բաժանում։ Այս ծուռ հայելիների աշխարհում Հայաստանը որքա՞ն կկարողանա ոտքի վրա մնալ։


Ի դեպ, ԱԺ աշխատակազմի ղեկավարից փորձեցինք պարզել, թե որ վարչությունը կամ բաժինը պետք է զբաղեցնի գրադարանի տեղը, և ո՜վ զարմանք, ասացին՝ դեռ պարզ չէ։ Փաստորեն, մարդկանց իրենց աշխատասենյակից հանում են հենց այնպե՞ս, քմահաճորե՞ն։ Այս ոչինչ չասող պատասխանը փաստում է մեկ բան` գրադարանի ընդարձակ սենյակը նվիրում են մեկին, որի անվան շուրջ չեն ցանկանում աղմուկ բարձրանա։ Հավելենք, որ գրադարանի աշխատակիցներն էլ տեղյակ չէին, թե ով է իրենց սենյակի նոր «սեփականատերը», միայն ժպիտով ասացին. «Ձեզ հրավիրում ենք մեր նոր «հասցե»՝ նկուղային հարկ»։ Խոստացա չմոլորվել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2788

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ