Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տիկին Աննա Հակոբյան, Ձեր հիմնադրամի միջոցներով գուցե օգնե՞ք այս ընտանիքին

Տիկին Աննա Հակոբյան, Ձեր հիմնադրամի միջոցներով գուցե օգնե՞ք այս ընտանիքին
15.03.2019 | 03:24

«Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»
Լև ՏՈԼՍՏՈՅ

ՈՒ պետք չէ ասել, թե բոլոր ընտանիքներում էլ խնդիրներ կան, թե հարուստները նույնպես լաց են լինում:
«Սոված ե՜մ, սոված ե՜մ...».- հարևանիս տանից լսվող տասնամյա աղջնակի լացը չգիտեմ ինչու երբեք չեմ մոռանում: Փակ դռան հետևից էլ պատկերը պարզ էր. պառկել էր միջանցքում, ոտքերը խփում էր հատակին, գոռում էր ինչքան ուժ ուներ: Սոված չէր, երես առած աղջնակ էր: Եթե քաղցած լիներ, գուցե թաքուն կիսաբաց աներ պահարանը ու հաց չգտնելով՝ անշշուկ փակեր, որ մայրը չնկատեր, թե ինքը քաղցած է»: Վերջին տողերը շատ տարիներ առաջ գրածս պատմվածքից են: «Գարնանային փողոց» էի վերնագրել: Բոլորովին վերջերս նորից անցա «գարնանային փողոցով»: Սոցիալական ծանր պայմանները մեր օրերում զուգորդվում են սուր անկյան հետ, նաև՝ կիսաբաց լուսամուտների: Հայհոյանք, խարդավանք, ճղճղոց, հոգևոր ու մտավոր հատկությունների իսպառ բացակայություն: Բայց գիտենք, չէ՞, որ կա ծանր կյանք, որ վեր է այս ամենից, որ պետք է հաղթահարել, անցնել, վեր բարձրանալ: Վերջերս մի նոր բանաձևում առաջ քաշվեց՝ «աղքատությունը մարդկանց գլխում է»: Հարցեր լուծելու, դուռը մարդու դեմքին փակելու արդյունավետ միջոց է թվում: Թացը չորի հետ խառնելու, սևը՝ սպիտակի:


Գարնան գույներն այնքան շատ են, արևը՝ ջերմացնող: Մարտի ութն էլ կարմիր շրջանակի մեջ է: Այդ ընտանիքի հետ ծանոթացա այդպիսի մի օր, գործընկերուհուս՝ Թագուհի Ասլանյանի առաջարկով: Գիտեի, որ էժանագին սենսացիաների հետևից ընկնող չէ, եթե ասում է՝ շտապ է, օգնեք, ուրեմն ինչ-որ տեղ ինչ- որ բան սխալ է: Սխալ է, երբ անչափահաս երեխաները (փոքրը՝ 6 տարեկան, միջնեկը՝ 9, մեծը՝ 14) ապրում են գոմ հիշեցնող կացարանում, իսկ փողոցում հայտնվելու համար հաշված օրեր են մնացել: 38-ամյա կինը պայքարում-ապրում է միայն հանուն երեխաների, «ցածրակարգ» աշխատանքից չի խորշում, կարողանում է օրվա հաց, դաստիարակություն, ջերմություն տալ երեխաներին:


Ժամանակավոր կացարանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում է: Ցերեկվա այդ ժամին «տանը» մութ էր: Ոչ պատուհան կա, ոչ լույս, ոչ արև: Այստեղ ապրում են առնետներն ու կարիճները: Խոնավություն ու գարշահոտ է փչում: Նայում ես ու մտածում, որ մանկությունը ոչ մի կապ չի կարող ունենալ այս խղճուկ պատկերի հետ: Վեցամյա Սրբուհին՝ Սրբուկը, վերցրեց Բարբին ու դուրս վազեց: Բոլոր վեցամյա աղջիկների նման նրա համար էլ ամենաթանկ նվերը տիկնիկն է: Դրսում շողացող արևը, աղջնակի ուրախ պարը, շիկակարմիր վարսերով Բարբին դուրս էին «գարնանային» այդ իրականությանից: Երբ մենք լքում էինք տունը, Բարբին արդեն բարձ ու ծածկոց ուներ... քնած էր:


Թե անհաջող ամուսնության որ կետում է մնացել ընտանիքի մոր՝ Գայանեի ժպիտն ու երիտասարդությունը, չգիտեմ: Նրա աղերսանքի մեջ մի բառ կա՝ երեխաներս: ՈՒզածը հաց ու երշիկ չէ, դա ինքն էլ կվաստակի: Արդեն տևական ժամանակ է Թագուհին ընտանիքին օգնելու պարտականությունը ինքնակամ ստանձնել ու դիմում է պատկան մարմիներին, մտահոգ անձնանց, բոլոր նրանց, ովքեր կարող են ընտանիքին օգնել գտնելու մատչելի վարձավճարով բնակարան ու աշխատանք մոր ու 14-ամյա տղայի՝ Մարտիկի համար: Կան որոշ առաջարկներ: Մարտիկին խոստացել են աշխատանքի վերցնել Զիփլայնում (Երևան Զիփլայն Էյրլայնս): Գայանեի՝ կարի արտադրամասում աշխատելու առաջարկը ձգձգվում է: Դեռ անելու շատ բան կա, Մարտիկին բժշկական հետազոտություն է անհրաժեշտ, 9-ամյա Գուլյան լավ երգում է...փնտրում են խմբակ, ուր անվճար կհաճախի: Բայց կա առաջնային հարց՝ ընտանիքին կացարան է պետք, որտեղ կլինեն քիչ թե շատ բարվոք պայմաններ ապրելու համար: Պարզվում է՝ մատչելի բնակարաններ գտնելը մեծ խնդիր է, դրանք բոլորը զբաղեցրել են մեր քաղաքացիները: Իսկ բնակարանի հարցը լուծելու պատկան մարմիններին ուղղված խնդրագրերը մնում են օդից կախված: Գայանեն ֆեյսբուք սոցցանցով գրել է քաղաքապետին, վարչապետի տիկնոջը, լռություն է, վերջինիս նաև պաշտոնական խնդրանքով են դիմել, պատասխանել են, որ նման ծրագիր չունեն: Նախորդ իշխանությունների ժամանակ էլ պատասխանը հար և նման է եղել:


Դուրս եկա բնակարան չհիշեցող այդ վայրից, անցա գարնանային փողոցով, բացեցի մեր տան դուռը... չէ, ոչ ոք ծաղիկներով չդիմավորվեց ինձ: Հեռուստատեսությամբ տոնական ռեպորտաժ էր. վարչապետը ծաղիկներ էր նվիրում կանանց ու աղջիկներին:
Հա, ի դեպ, Գայանեի՝ վարչապետին ուղղված նամակին ի պատասխան կառավարությունից մեկ արկղ ծիրան էին ուղարկել: Ավելի ազնիվ ու հարգալից կլիներ, եթե պատասխան նամակ ուղարկեին, հայտնելով, որ չեն կարող օգնել բնակարան ունենալու հարցում, կամ կոչ անեին՝ հանեք աղքատությունը ձեր գլխից: ՈՒ այստեղ հիշեցի՝ ինչպես էր Փաշինյանը հյուրընկալում չորսամյա աղջնակին, որը ցանկություն էր հայտնել հանդիպելու վարչապետին և լուսանկարվելու նրա հետ... Սիրուն տեսարան էր:


Անօթևան ընտանիքի հետ Թագուհին չի լուսանկարվել, ինչպես որ չի գրել նրանց մասին ու անցել: Եկել է, տեսել ու հարազատացել ընտանիքին: Ասում է՝ չի թողնի փողոցում մնան, իրենց տուն կտանի. «Մինչ այդ ես ու Գայանեն դռներ ենք թակում: Նա փորձում է վարձով տուն գտնել, ես ծանոթների ու պետական կառույցների եմ զանգում, դեռ ապարդյուն: Երկու շաբաթ հետո նրանք կմնան դրսում, ու ես չգիտեմ ինչ կլինի, չեմ ուզում վատը մտածել, սրտի տրոփյունով դեռ զանգեր եմ անում, նամակներ գրում: «Հետո»-ի մասին կմտածենք հետո: Երևի հյուր կգնանք Հայկ Մարությանին, վստահ եմ, նա բարի սիրտ ունի, ժամանակին անտուններին էր կերակրում, դժվար թե հրաժարվի այդ ընտանիքին օգնելուց, կամ էլ գուցե Հայկ Մարությանը այդ ընտանիքն իր հարկի տա՞կ ընդունի, քանի որ պետությունը նման ընտանիքներին օգնելու հնարավորություն չունի»:


Եվ այստեղ սկսվում են քաղաքային բլյուզը, «դմփ-դմփ-հու»-ն, կաթսաների շրխկոցն ու մեքենաների ազդանշանների ձայնը: Դա այն ժամանակ էր, երբ բոլորը մեկ մարդու պես պետք է փողոց դուրս գային, երբ ամեն մարդ պետք է իր քայլն աներ...հիմա մեկ մարդու ճակատագիրը բոլորինը չէ, բախվում է պաշտոնական «ոչ»-ին ու անտարբերությանը:
Վերջին շրջանում աղմուկ հանեց Աննա Հակոբյանի ղեկավարած «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նվիրատուների ցանկը, լուրեր շրջանառվեցին, որ վարչապետի տիկինը գործարարների առջև պահանջ է դրել՝ մուծվել 70 հազար դոլար դասական երաժշտությունը Հայաստանում զարգացնելու համար, ծխախոտի բիզնեսով զբաղվող տնտեսավարողներին առաջարկել է ծխախոտի վաճառված ամեն տուփից 1 դրամ փոխանցել իր հիմնադրամին: Տիկնոջ (ոչ՝ առաջին, Հայաստանն առաջին տիկնոջ ինստիտուտ չունի և ո՛չ մի ինքնակոչ չի կարող սեփականաշնորհել մի բան, ինչը, ըստ էության, չկա) «ռեկետից» գուցե մեկ լումա էլ ուղղեն այս և նման ընտանիքների՞ն: Իհարկե, բոլորին օգնել չեն կարող, բա՞յց... Իսկ ժամանակը հոսում է, հոսում, ու այս ողջ պատմությանը Հախվերդյանի երգն է ուղեկցում. «Իմ տունն անիվների վրա... Մի օր ինձնից կհեռանա...»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ