Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հյուրընկալել էր Նորայր Ադալյանին և նրա հոգեկիցներին

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հյուրընկալել էր Նորայր Ադալյանին և նրա հոգեկիցներին
29.03.2019 | 00:42

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գրող, գրականագետ Նորայր Ադալյանի «Արտույտ» վիպակի շնորհանդեսը, որը հեղինակը նվիրել է իր կնոջ՝ Էլինա Հովհաննիսյանի հիշատակին: Հավաքը նաև այդ հիշատակի ոգեկոչմանն էր ուղղված: Միջոցառմանը ներկա էին գրականագետներ, գրողներ, հեղինակի հարազատները, ուսանողներ: Միջոցառման ընթացքում բանախոսներն անդրադարձան Ադալյանի գրական ուղուն, մասնավորապես «Արտույտ» վիպակին՝ այն համարելով ժամանակակից գրականության լավագույն նմուշներից:


ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գրականագետ Աելիտա Դոլուխանյանը, գրողներ Ալիս Հովհաննիսյանը, Նանեն, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, գրողի հարազատները՝ գեղանկարիչ, երաժիշտ Ռաֆֆի Ադալյանը, Սեդա Ադալյանը, Նունե Ադալյանը, հանդես եկան իրենց մասնագիտական և հուզական դիտարկումներով: ՀՊՄՀ 4-րդ կուրսի ուսանողուհի Զվարթ Ամբրոյանը ներկայացրեց «Արտույտ» վիպակի իր վերլուծությունը: Ասմունքող Գայանե Սամվելյանը ընթերցեց հատվածներ վիպակից:


«Արտույտը» հայ ժողովրդի պատմության ողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության գեղարվեստական անդրադարձն է, որում հեղինակը հանդես է բերել արդարության և հայրենասիրության քաջարի մարտիկ Մուրադին, դավաճան Մռթոյին, թուրք տասնապետ Նազիմին և իր հրոսակախմբին: Տղամարդկանց այս հակասական կերպարներին, նրանց վերապահված ակտիվ դերակատարությանը իր նկարագրով ասես հակակշռում է մանկամարդ հայուհու՝ Մարիամի կերպարը: Այս կինը իր մեջ խտացնում է սիրո, հավատարմության, հայրենապաշտության, վրիժառության, համարձակության, վճռականության հատկանիշները: Վիպակի գաղափարախոսության ամենացայտուն արտահայտությունը հենց Մարիամի շուրթերով է մատուցում Նորայր Ադալյանը: հայրական տանը ծծկեր երեխայի հետ միայնակ ու անպաշտպան մնացած Մարիամին սանձարձակ, վայրի բնազդներով կոտրելու բոլոր փորձերը բախվում են այս փխրուն կնոջ անբեկանելի կամքին ու հավատամքին: «-Սպանիր,- կրկնեց Մարիամը:- Մենք նորից աշխարհ կուգանք: Հողից կծնվենք, հողը մեր մեծ մայրն է, ծաղկից, ամպրոպից, ջրից կծնվենք, աղբյուրներից… Միշտ այդպես է եղել, բարությունից կծնվենք, սիրելուց, քար, ջուր, մարդ սիրելուց… Սիրողի մարմինը կմեռնի, բայց ոչ հոգին: Արարատից կծնվենք, Արարատն էլ հո չե՞ք կարող սպանել»:
Հայ կնոջ այսպիսի նկարագիրը արժանի է մեծագույն հարգանքի և խոնարհումի: Թերևս, հենց այս կերպարն էր տրամադրել հեղինակին «Սև քառակուսի կարմիր անապատում» գրքի մաս կազմող «Արտույտ» վիպակը տպագրել առանձին գրքով` ի հիշատակ երկրային կյանքին մեկ տարի առաջ հրաժեշտ տված Էլինա Հովհաննիսյանի: Ոգեկոչումի այս ինքնօրինակ կերպն իսկապես հուզել էր բոլոր ներկաներին:


Նորայր Ադալյանն իր խոսքում նախ վերհիշեց Դերենիկ Դեմիրճյանի հետ ունեցած առաջին անձնական առնչությունը. 1955 թվականին նա դիմել է Մոլոտովի անվան պետական համալսարանի (նախկինում այդպես էր կոչվում ԵՊՀ-ն) բանասիրական ֆակուլտետ, սակայն տարօրինակ հանգամանքների բերումով չի ընդունվել: Տարիներ անց նա իմանում է, որ Դերենիկ Դեմիրճյանի արխիվային փաստաթղթերում պահպանվում է մի գրառում, որում ասված է, թե իր տուն էր եկել դերձակ Մարտիրոսը որդու՝ Նորայր Ադալյանի հարցով, որը բարձր գնահատականներով հանձնել է քննությունները, սակայն չի ընդունվել համալսարան, և ինքը պիտի հետաքրքրվի այդ խնդրով: «Ահա այսպիսի բան է եղել իմ կյանքում,- ասաց Ն. Ադալյանը,- և ես շատ ուրախ եմ, որ առաջին տարին չեմ ընդունվել համալսարան, որովհետև ձեռք եմ բերել Դերենիկ Դեմիրճյանի վերաբերմունքը: Ինձ համար այսօր հիշարժան օր է. 1955 թվականից հետո կրկին հանդիպում եմ Դեմիրճյանի հետ՝ իր տանը: Ես այս տունը սիրում եմ»:
Նորայր Ադալյանն այն կարծիքին է, որ մեր գրողները ոչ միայն գրող են, այլև ուսուցիչ, և դա մեր ազգի առանձնահատկությունն է:


Աելիտա Դոլուխանյանն այս միտքը լրացրեց Մառից արված մեջբերմամբ. «Հայերը միակ ժողովուրդն են ամբողջ աշխարհում, որ միջնադարում մտածեցին գրականության միջազգայնացման մասին»:
Նորայր Ադալյանն անդրադարձավ գրողի, գրականության մի կարևոր առաքելության ևս. «Գրողի կարևոր առաքելությունը մայրենի լեզվի պահպանությունն է: Խոսել հայերեն դեռ չի նշանակում իմանալ հայերեն: Իսկ լեզուն սովորում են ոչ միայն դպրոցներում, այլև գրականությունից, թատրոնից: Կան տաղանդավոր գրողներ, որոնք գրական շրջանակի մեջ են, բայց կան նաև գրողներ, որոնք վերգրական շրջանակում են, այսինքն՝ գրող են, «դեռ մի բան էլ ավելին», ինչպես կասեր Արամայիս Սահակյանը»: Ադալյանը խոստովանեց, որ ինքը սովորել ու միշտ էլ սովորում է այդ գրողներից, և ոչ միայն դասականներից, այլև ժամանակակիցներից:


«Աշխատանքը չի ավարտվում, որոնումը չի ավարտվում, միշտ վաղվա օրը կա»,- ասում է օրվա հերոսը և իր գոհունակությունը վերահաստատում Դեմիրճյանի տանը կայացած հանդիպման առիթով:
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի հերթական գրական միջոցառումը բացառություն չէր. մթնոլորտը սովորականի նման ջերմ էր, մշակութային, գրական:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ