Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Հարության կամ Զատկի տոնը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Հարության կամ Զատկի տոնը
21.04.2019 | 14:19

Ապրիլի 20-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը: Տոնը նշվում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման մոտակա կիրակի օրը` մարտի 21-ից ապրիլի 26-ը։ Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված։ Զատիկը թե Հին և թե Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը։


Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո երեկոյան բարեպաշտ մարդիկ նրա Մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ` փակելով մի մեծ քարով։ Երրորդ օրը` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր՝ Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի Մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր։ Այդ պահին երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում։ Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. ԻԴ 4-9)։ Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուս երևում է նրանց։ Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը։


Հարության տոնին մատուցվող սուրբ պատարագից հետո հայերն ավանդաբար հավաքվում են մեծ ընտանիքով` զատկական սեղանի շուրջ, որի խորհրդանիշն են կարմիր հավկիթը, բրնձով ու չամչով փլավը, ձուկն ու գինին: Աշխարհի խորհրդանիշ հավկիթը կարմիր ներկելը աշխարհի` Քրիստոսի արյամբ փրկվելու նշանն է: Բրինձը ևս աշխարհի խորհրդանիշն է, որը քաղցրանում է չամչով` քրիստոնյաներով: Ձուկը քրիստոնյաների հալածանքի շրջանում (մթ. I-IV դարեր) նրանց գաղտնանշանն էր, իսկ գինին` խաղողի քաղցրադառն հյութը` աշխարհը փրկագործող աստվածային արյունը:


Հարության տոնին նախորդող քառասունութօրյա պահքի շրջանը յուրաքանչյուր հավատացյալի համար անձնական քննության, ներքին հոգևոր աշխատանքի և վերելքի շրջան է, երբ մարդը վարժվում է զուսպ լինել` չզայրանալ, չնախանձել, չարհամարհել, հնարավորինս սահմանափակել իր ճաշացանկը, հանգստին և հաճույքին հատկացվող ժամանակը: Եկեղեցու հայրերը պահք պահելը համեմատում են մարզվելու հետ` նշելով, որ ինչպես չմարզված մարդը չի կարող միանգամից կատարել բարդ վարժություններ, այնպես էլ հոգին` կախում ունենալով մարմնավոր երևույթներից, չի կարող հաղթահարել հոգևոր վերելքի ճանապարհին հանդիպող արգելքները, հասնել կատարելության:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ