Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նիկոլ Փաշինյանն այնքան սուտ է ասել, որ մի սուտ ավելի, մի սուտ պակաս, նշանակություն չունի այլևս»

«Նիկոլ Փաշինյանն այնքան սուտ է ասել, որ մի սուտ ավելի, մի սուտ պակաս, նշանակություն չունի այլևս»
23.04.2019 | 03:51

Շուտով Հայաստանի հպարտ քաղաքացիները տոնելու են 124 մլն դրամանոց Քաղաքացու օրը, ավելի ճիշտ, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու օրը։ ՀՀԿ անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻՆ հարցրինք` ի՞նչ փոխվեց այս մեկ տարում, մարդիկ արդեն քաղաքացի՞ են դարձել։

-Անվերջ խոսել իրենց հեղափոխության մասին, մնալ հեղափոխական էյֆորիայի տակ, անթույլատրելի է,- ասաց տիկին Աճեմյանը։ -Այո, շատ բան է փոխվել, սրընթաց ամեն ինչ դեպի վատն է գնում։ Սա տեսնում են շատերը, իսկ ով չի ուզում տեսնել, շուտով անձամբ իր կաշվի վրա կզգա։ Մեր այն մտահոգությունները, որոնք կապված էին տնտեսության, սոցիալական վիճակի հետ, որի առնչությամբ մեծ-մեծ խոստումներ էին տվել, ոչ միայն չիրականացան, այլև առավել խորացան։ Մեծացել է գործազրկության մակարդակը, ներդրումների անկում է գրանցվել, բոլոր ոլորտներում բացասական միտումներ կան։ Պատգամավորներն էլ պատգամավոր չեն դառնում, մնում են ակտիվիստի կարգավիճակում։ Այս պարագայում խոսել քաղաքացու օրվա մասին կամ ինչ-որ հիմնավորումներ տալ դրան, պարզապես զավեշտալի է։ Իսկ երբ քաղաքացու օրը համեմատում են սեպտեմբերի 21-ի կամ այլ պետական տոնի հետ, որոնք մեր ձեռքբերումներն են, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ տգիտության հետևանք։
-Նիկոլ Փաշինյանը, նախօրեին օգտատերերի հարցերին պատասխանելիս թվարկեց իր իշխանությանը վերագրվող չկայացած խոստումներն ու հայտարարեց, թե դրանք 100 տոկոսով իրականացրել է, այդ թվում` կոռուպցիայի, մենաշնորհների վերացումը։ Ըստ Ձեզ, ի՞նչն է Փաշինյանը 100 տոկոսով կատարել։
-Նիկոլ Փաշինյանն այնքան սուտ է ասել, որ մի սուտ ավելի, մի սուտ պակաս, նշանակություն չունի այլևս։ Որևէ խնդրում ոչ միայն առաջընթաց չկա, այլև հետընթաց է գրանցվում։ Մենաշնորհներ կան (նախկինում էլ դրանք հաճախ օբյեկտիվ պատճառներ ունեին), hիմա պարզապես մարդկանց անունները կփոխվեն։ Ներդրումները զրոյական վիճակում են։ Այսպիսի քաղաքական կուրսի դեպքում ոչ մի երկրում էլ ներդրում չի լինի։ Սրան գումարած` միտում կա սեփականության վերաբաշխման, որն այնպիսի վայրի ձևերով կարող է իրականացվել, որ և՛ ներդրումները, և՛ բիզնես նախագծերն իսպառ չքանան։ Ամեն օր բացասական դինամիկան զգացվում է, օր օրի բողոքող քաղաքացիների թիվն ավելանում է։ Հիմա թե Փաշինյանն այս ամենին ինչ բացատրություն կտա ու ինչ փաթեթավորմամբ, արդեն երկրորդական է, որովհետև ասում է մի բան, անում բոլորովին այլ բան։ Ամբողջովին ստի վրա կառուցեց իր, այսպես կոչված, հեղափոխական ճանապարհը։ Բոլորն էլ ամեն ինչ տեսնում են, որևէ խոստում կատարելու մասին խոսք լինել չի կարող։
-ՀՀԿ-ի համար շարունակվու՞մ է մտահոգության հարց մնալ արցախյան հակամարտությունը։
-Այո, միանշանակ։ Նաև այն քննարկումները, որոնք միջազգային տարբեր հարթակներում լինում են, ու դրանց թափանցիկությունը չի ապահովվում։ Բացարձակապես չենք հասկանում, թե ինչ է կատարվում այս ուղղությամբ։
-Իսկ տնտեսությունում, ասում են, ամեն ինչ ազատ է, ով ցանկանա, կարող է բիզնես սկսել։
-Տնտեսությունը ևս անհանգստացնող է։ Ամեն օր լսում ենք, թե ինչպես այս կամ այն կազմակերպությունը փակվեց։ Բազմաթիվ մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը, տնտեսական աճ այս պայմաններում արձանագրելն անհնար է։ Այս ամենին գումարվում են գնաճը, ներդրումների սրընթաց անկումը, հանրագումարում մինչև տարեվերջ բացասական ցուցանիշներ կունենանք։ Սուտը հնարավոր չէ երկար պահել, մարդիկ իրական կյանքում դրա հետևանքները զգում են։
-Բայց իշխանությունը շարունակում է պնդել, որ իրենք «փայ չեն մտնում», իսկ ՀՀԿ-ի ժամանակ ամեն ինչ 50/50 էր։
-Նախ` որևէ մեկի բիզնեսի մեջ «փայ» ունենալու հանգամանքն այս իշխանությունը չկարողացավ ապացուցել։ Սա անառարկելի փաստ է։ Իսկ ինչ վերաբերում է նորերին, եթե մի երկրում բիզնեսները փակվում են, ինչ «փայի» մասին է խոսքը։ Մի կողմից խոսում են կոռուպցիան հաղթահարելու մասին, նույնիսկ ԵԽԽՎ ամբիոնից են այդ մասին հայտարարում, մյուս կողմից՝ ամեն օր որևէ կոռուպցիոն դրսևորման մասին ենք լսում։ Ակնհայտ է, որ այսօր իրենց իսկ նշանակած կադրերի հետ կապված կան քրեական գործեր։ Ոչ կոռուպցիան է հաղթահարվել, ոչ իրենց ասած մենաշնորհները, ոչ մի նոր բիզնես էլ չի բացվում։ Էլ չենք խոսում այն մասին, որ մամուլում լուրեր տարածվեցին, թե այն գործարանը, որտեղ Փաշինյանն այցելել էր, իրականում գոյություն չունի։ Սուտն այնքան մեծ չափերի է հասել, որ լրատվական դաշտն էլ անգամ պետք է կողմնորոշվի, թե որն է ճշմարտությունը։ Սուտը դարձել է աշխատաոճ, ապրելակերպ։ Այս պայմաններում ի՞նչ զարգացման մասին կարող է խոսք լինել։
-Ի՞նչ է անում այսօր ՀՀԿ-ն։
-ՀՀԿ-ն հիմա ակտիվ կուսակցական գործընթացների մեջ է. միջազգային կապերն ենք խորացնում, համագործակցում ենք դրսի քաղաքական գործընկերների հետ` ի տարբերություն նոր իշխանությունների, որոնք չեն կարողանում գոնե եղած ձեռքբերումները միջազգային հարթակներում պահպանել։ Պետք է արձանագրել նաև, որ ընկալումների, տրամադրության մակարդակում հասարակության շրջանում մեծ փոփոխություններ կան։ Մարդիկ տեսնում են, որ այն, ինչ խոստացվել է, չի արվում։ Սա անհետևանք չի մնա։

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ