Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարդանին հա՛ էլ դատի են տալու

Վարդանին հա՛ էլ դատի են տալու
21.05.2019 | 04:40

Սոս Սարգսյանի անվան թատրոնի վաստակաշատ դերասան Դավիթ Հակոբյանը` առաջիններից մեկը, նույնպես վրդովված էր, վիրավորված. մշակույթի նախարարությունն անտեսելով կոլեկտիվի գոյությունը, տնօրեն և գեղղեկ էր նշանակել Վիգեն Չալդրանյանին։ Որոշակի լարվածության արդյունքում, երբ վերջինս զբաղեցրած պաշտոններից հրաժարվեց կիսով չափ և փորձեց գեղարվեստական ղեկավար կարգել Սուրեն Շահվերդյանին, կրքերն ավելի բորբոքվեցին` «դրսից մարդ չի գալու, նշանակողը մենք ենք, կոլեկտիվը, ոչ թե մեկ ուրիշը»։


Թավշյա հեղափոխության տիրույթում տեղավորվող համազգայինցիների թելադրող պահանջը գուցե արդարամիտ է, բայց մեկ այլ պարագայում չպետք է մոռացության տալ նույն տրամաբանությունը. իսկ որտե՞ղ է 20 ամիս շարունակ իրենց դերասան-տնօրենը, թե՞ 200 սունդուկյանցիներ աչքները ջուր կտրած անհամբեր սպասում էին հենց Վարդան Մկրտչյանի «կռանով» տեղափոխմանը։ Լուռումնջության իմունիտետով ներծծված մայր թատրոնի կոլեկտիվն այդ պահին դուխով հակառակվողներից չէր։ Խոնարհաբար ընդունելով տիրող համակարգի վարք ու բարքերը, 4-5 տարի առաջ ականատես էին եղել, թե ինչպես շրջանցելով մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի քավորությամբ վերևներում արդեն վերականգնված էր գեղարվեստական ղեկավարի օպտիմալացված հաստիքն անձամբ Արմեն Էլբակյանի համար։ Մեկ այլ սցենարով, նույնատիպ բեմադրություն տեղի ունեցավ նաև 2017-ի հուլիսին։ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը մայր թատրոնի կոլեկտիվին ներկայացնելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, անկաշկանդ գտնվեց. «Եթե վաղը հայտնվի մեկը, որ հայտարարված մրցույթում կհավաքի անցողիկ բալեր, միևնույն է, տնօրեն դառնալու է նախարարի թեկնածու Վարդան Մկրտչյանը»։ ՈՒ չանցած մեկ ամիս, սունդուկյանցիները ճաշակեցին զավեշտ կոչվող հերթական մրցույթի պտուղները, երբ, սովորաբար, կանխորոշված թեկնածուի հետ «մեջլիս» է մտնում ընկեր-ծանոթներից մեկը զուտ մասնակցության օրինականությունն ապահովելու համար։


...Եվ արդեն ընտրված-նշանակվածի բոյ-բուսաթը, կոկիկությունը, դեմքից անբաժան քրքջան ծիծաղը (վերջերս այն նվազել է ստուգումների պատճառով), անհրաժեշտ տեղում ու միջավայրում պահանջվող արտիստիկ պահվածքը կիրթ և գրագետ մարդու տպավորություն են թողնում։ Սա առաջին հայացքից և արտաքնապես։ Իսկ ներսից... Ներսում և դրսում խոր վիհ է, երբեք չլցվող, քանի որ կատարելապես ձևավորված Մկրտչյանը չի ընդունում սպունգի հատկությունը։ Անսխալականի, հիշաչարության և ինքնահավանության մոլուցքը նրան թույլ չի տալիս հասկանալ կոլեկտիվին, հարգել մարդկային պարզ ու շիտակ հարաբերությունները, թվում է, որ եթե տնօրեն է` կամայականություններով օժտված միանձնյա իշխան է։ Գործատուն մինչև հիմա չի հանդիպել, հաշվետվություն չի տվել ամբողջ կոլեկտիվին, չի ընկալել իր նոր կարգավիճակը, չի նստվածքվել, որ ղեկավարն առաջին հերթին ոչ միայն ավագ խորհրդատու գործընկեր է, այլև անկախ տարիքից, տան մեծն է, եթե կուզեք` ծնողը։ Ասացի և հիշեցի նրա հարցազրույցներից մեկը, երբ հեռուստահաղորդավար Արթուր Բախտամյանի «ինչո՞վ է զբաղվում ազատ ժամերին» հարցին, շուտասելուկի պես արձագանքեց. «Տանը տղայիս հետ մի խաղ ենք խաղում, որ կոչվում է չարություն»։ Ստացվում է, որ դա Վարդան Մկրտչյանի կենսակերպի անբաժան մասն է, ինչը և օր օրի ակադեմիորեն «ծաղկացնում» է մայր թատրոնում։ Այսօրվա դրությամբ շուրջ 30 սունդուկյանցիներից շատերը, փաստորեն, անմեղ չարության զոհեր են։ Այսինքն 30 ընտանիք կամ որ նույնն է` 90-120, մարդ օրվա հաց վաստակելու խնդրի առաջ է հայտնվել ոչ իրավաչափ գործողությունների պատճառով։ Բեմադրական մասի վարիչի օգնական Քաջիկ Պողոսյանին խաբել-համոզել է հաստիքի կրճատման պատրվակով և սիրտը շահել մեկ ամսվա աշխատավարձ-պարգևավճարով։ Բանվոր Խաչիկ Շարոյանը, դերձակ Անահիտ Հակոբյանը, կոշկակար Սերյոժա Ալեքսանյանը մկրտչյանական մեթոդոլոգիայով ազատման դիմումներ են գրել և հավատացել միասին լավ համագործակցելու խոստմանը` հաստիքից դուրս, վճարովի ծառայություն մատուցման պայմանագրի շրջանակներում։ Պահակապետ Սամվել Վարդանյանին և դերասանուհի Անի Միքայելյանին հեռացրել է՝ հիմք ընդունելով ստահոդ պատմությունների և սարքովի զեկուցագրերի պրակտիկան։ Իսկ մի ամբողջ տարի այնպես է մեկուսացրել Լուսինե Գալուստյանին, որ համակարգի լավագույններից մեկը համարվող տնտեսագետն արժանապատվորեն թողել-հեռացել է, ցավոք` նաև երկրից։ Նման փորձությունների ենթարկված երեք-չորս աշխատակիցներ էլ հաշտվել են անսովոր իրավիճակի հետ, բայց` նյարդերի հաշվին։


Ամիսների ընթացքում կիրառելով ցախավել ջարդելու հնարքը, Մկրտչյանը հաջողել է խարխլել կոլեկտիվի հիմքերը, հարաբերությունները դարձրել սառը և պիրկ, գործի նկատմամբ վերաբերմունքը` իներտ և որպես հենակներ, կարևոր օղակներում խցկել իր բարեկամաընկերական շրջապատից, որպեսզի ինքը` անհաղորդ կոլեկտիվից, կառավարումը դարձնի «պուլտային», վստահ, որ Էլբակյան-Մկրտչյան սիամական զույգի համար թատրոնն այլևս փակ ամրոց է, ներսում` մի քանի նազիր-վեզիրներով։ Մինչդեռ փոփոխվող իրավիճակներում նրանց հաշվարկներն անվերջանալիորեն չէին կարող կլորանալ։
Առաջին անհանգստությունը զգացվեց, երբ անձնակազմի կառավարման բաժնի պետը թատրոնում տիրող իրավիճակի և Մկրտչյանի քիմքային գործողությունների մասին քանիցս մամուլում հանդես գալուց հետո գործատուին կանգնեցրեց օրենքի առաջ։ Սկզբում ընդհանուր իրավասության, այնուհետև վերաքննիչ դատարաններում հայցվորը հաղթող ճանաչվեց և պատրաստվում էր ներկայանալու աշխատանքի, բայց շաբաթն ուրբաթից առաջ ընկավ. մի քանի աշխատակիցների տարաբնույթ դժգոհություններին հաջորդեցին վերադաս մարմինների ստուգումները, ինչը տնօրինությանը հուշեց առայժմ անցանկալի դարձնել Մովսիսյանի վերադարձը, և ժամանակ շահելու նպատակով դիմեցին 3-րդ ատյան։ Քայլը օրինական է։ Կարող են հանգիստ խղճով վիճարկել նաև Եվրադատարանում, քանի որ 2 մլն դրամի փոխհատուցումը թատրոնի հաշվին է, ոչ թե սխալը գործած ընկեր Վարդանի անձնական գրպանի։ Եվ քանի դեռ օրենքը այլ բան չի նախատեսում, նրա նմանները որոշումներ կայացնելիս ազատ են և անպատասխանատու։


Օրինական ճանապարհը բռնելով, տնօրենին օրեր առաջ դատի են տվել նաև ստուդիայի լավագույն շրջանավարտներից երկուսը` երիտասարդ դերասանուհիներ Էռնա Ավետիսյանը, Կարինե Հարությունյանը, նախկին գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանը... Վերջինս, ի դեպ, կարող էր մեկ տարի առաջ հանդես գալ դատական հայցով, երբ Մկրտչյանը օդից բռնած հրաման էր բստրել. «... ազատել կուրսի ղեկավարի պաշտոնից պայմանագրի ժամկետը լրանալու պատճաշով»։ Մի բան, որ 6 տարվա ընթացքում ստուդիայի 13 աշխատակիցներից ոչ մեկի հետ առհասարակ չի կնքվել նման պայմանագիր։ Եվ եթե սրանից հետո տնօրենը շարունակելու է բանեցնել նույն աշխատաոճը, նրան հա՛ էլ դատի են տալու։ Տեսնես կգա՞ մի օր, որ Մկրտչյանը սկսի մտածել. «Ե՞ս եմ սխալականն ու կոնֆլիկտայինը, թե՞ դատի տվողներն են նենգ»։


Թե կողմերից ում կշռաքարերն են ծանր, ժամանակը ցույց կտա։ Բայց մի բան պարզ է։ Գործատու-աշխատող չկայացած հարաբերություններում վարդանական մեղքի բաժինն է անչափելի։ Իսկ հակամարտության երկու թևերում սպասումը նորություն չէ. սունդուկյանցիները տնօրենի հեռացման օրերն են հաշվում, իսկ երիտասարդ պաշտոնյան` հույսի լույսը։ Բայց... անպայման հայտնվելու է մեկը և նոր խնդիրներ է առաջ բերելու։ Ճնշումների ներքո աշխատանքից ազատված 20 տարվա գլխավոր ադմինիստրատորը հեռանալուց առաջ գործատուի դեմքին շպրտել է. «...կտեսնես, խոտորնակին` խոտորնակ», ու տարբեր հասցեներով հղած իր դիմում-բողոքներում Մկրտչյանին մեղադրել օրինախախտումների մեջ, մասնավորապես՝
ա) «լևի» տոմսերի թողտվության,
բ) շշալցված ջրերի ապօրինի վաճառքի և դրանից ստացվող եկամուտների թաքցման
գ) 7 ամսում իր վաճառած 1729 տոմսերից գոյացած 2 մլն 623 հազար դրամը հաշվապահական ձևակերպում չտալու մասին։


Մարիամ Հարությունյանն առայժմ գոհ է մշակույթի նախարարության ուշադրությունից. «Ձեր բարձրացրած խնդիրների շուրջ լիարժեք ուսումնասիրություն կատարելու համար իրականացվելու է համակարգային գնահատման աուդիտ։ Միաժամանակ պատրաստակամություն ենք հայտնում անհրաժեշտության դեպքում քննարկում իրականացնել Ձեզ հետ»։ Չի ուշացել և գործնական քայլը։ Երեկ տեղեկացանք, որ աուդիտի արդյունքները և տնօրինության պարզաբանումները մեզ համար հասանելի չեն։ Իսկ ՊԵԿ-ի դեպքում... Մ. Հարությունյանի կարծիքով պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 10-րդ բաժնի ավագ հետաքննիչ Կ. Խանջյանը փաստարկների շուրջ սիրողական մոտեցում է ցուցաբերել, անգամ լրացուցիչ բացատրություններ տալուց հետո անտեսել է տոմսային տնտեսությունում Մկրտչյանի «նորամուծությունը»։ Այն է. շրջանցելով օրենքի պահանջը և թատրոններում գոյություն ունեցող կանոնակարգը, նա կարգադրել-պահանջել է, որ վաճառված տոմսերի գումարից Մարիամը էն գլխից տնավարի վերցնի իրեն հասանելիք 20 %-ը, մնացածը հանձնի 1,5 տարի տոմսավաճառի պարտականությունը համատեղությամբ կատարող տոմսային տնտեսության վարիչին։ «Նարինե Աղաբալյանին ամեն անգամ հարցրել եմ, թե ե՞րբ եմ ստանալու հաշվապահական ձևակերպման իմ օրինակը, լսել եմ խուսանավող պատասխան նույնիսկ աշխատանքից ազատվելիս»,- ասում է նախկին գլխավոր ադմինիստրատորը և ավելացնում, որ փողերի յուրացման ռիսկեր պարունակող ամենացայտուն օրինակի մասին խոսք անգամ չկա քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՊԵԿ-ի որոշման մեջ։ Բողոքաբերը տեղին է նկատում. ինչու՞ չի պարզաբանվել նշածս գումարի իսկությունը, գուցե ի՞նքս եմ շառլատանը։ Հարցադրումը զուրկ է երկմտանքից, քանի որ առկա են աղաղակող փաստեր` ըստ օրերի, ներկայացումների և նշագրված տոմսեր գնող ֆիզիկական և իրավաբանական անձեր, կազմակերպությունների դիսլակացիա...


Օրինակ, Նորքի մանկատունը 25.02.2018 թ. «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման համար գնել է 2000-դրամանոց 60 տոմս, Աբովյանի թիվ 1 դպրոցը` 10.03.2018 թ. 2000-անոց 25 տոմս, Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը` 15.06.2018 թ. 20 տոմս 2000-դրամանոց, Էջմիածնի 12-րդ դպրոցը` 14.10.2018 թ. «Պեպո» ներկայացման համար 1000-դրամանոց 74 տոմս և այսպես շարունակ։ Մեզ հաջողվեց նաև ճշտել, որ 2 մլն 623 հազար դրամից ընդամենը փոխանցվել և թատրոնի հաշվեհամարին նստել է մոտավորապես 300 հազարը, իսկ մնացածը` կանխիկ։ Թե ով և ինչպես է տնօրինել, պատասխաններն այլ դաշտում են։


ՊԵԿ-ի երիտասարդ հետաքննիչը վիճահարույց 2-րդ հարցում նույնպես ցուցաբերել է ինքնատիպություն` կապված շշալցված ջրերի անօրինական վաճառքի հետ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում հալած յուղի տեղ ընդունելով միմիայն տնօրենի բացատրությունը, «որ բազմաթիվ հանդիսատեսների խնդրանքով 2018-ի հունիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին առանց ՀԴՄ-ի կիրառման և առանց համապատասխան հաշվապահական ձևակերպման, թատրոնի տարածքում իրականացվել է շշալցված ջրի վաճառք, որը կազմակերպվել է իր հանձնարարությամբ` թատրոնի աշխատակիցների միջոցով»։ Եվ որպես հավաստում, վկայաբերել է միակողմանի, շահագրգիռ թիմակից երկու անձի` քավոր-սանիկական բարեկամներ, տնօրենի տեղակալ Հրաչ Ներսիսյանին և տնօրենի օգնական Վրեժ Սիմոնյանին, որոնք ի սկզբանե իրենք են տնօրինել անօրինական առևտուրը, ընդ որում` ոչ թե 3 ամիս, այլ մի ամբողջ տարի, ոչ թե յուրաքանչյուր ներկայացման համար ձեռք է բերվել միջինը 60-ից 80, այլ ավելի քան 200 շիշ ջուր։


Տևողության, վաճառված ջրերի քանակի և գնագոյացման մասին Մարիամ Հարությունյանի թվաբանությունը այլ է, խոսուն ու նաև իրատեսական։ Սկզբնական շրջանում որպես պահեստապետ, ապրանքը ընդունել և մատակարարել է իր աշխատասենյակից։ Ավելին, տևական ժամանակ վաճառողուհի կարգված հսկիչից օրվա գումարը ինքն է ստացել, հաշվել, հետո նոր փոխանցել բիզնես տերերին։ Հենց այս ընթացքում էլ Հասմիկ Անդրոյանը երբեմն տրտնջացել է, որ մինչև հիմա «քոռ կոպեկ» չի ստացել (գլխավոր ադմինիմտրատորը հիմնավոր ապացույցներ ունի), բայց ՊԵԿ-ի որոշման մեջ ուղղակիորեն նշված է «...ջուր վաճառելու դիմաց հսկիչը տնօրինությունից ստացել է 50000 դրամ»։
Փաստերի մեջ ո՞վ է ճիշտ և ո՞վ` անազնիվ։ Եվ ո՞վ է դրանից գլուխ հանողը` ՊԵ՞Կ-ը, թե՞ նախարարության աուդիտը։ ՈՒ՞մ համար պարզ չեն Վարդան Մկրտչյանի գրավոր բացատրություններում նվազեցված թվերն ու հեղհեղուկ պատճառաբանությունները։ Միաժամանակ հեշտ է և հասկանալը. «Պետական եկամուտների կոմիտեի ՓՀՎ ՀՏ վարչության աշխատակիցների կողմից կատարված հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի համաձայն մայր թատրոնի կողմից 2018 թ. հունիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին պակաս է հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 49174 ՀՀ դրամ»։ Իսկ ինչու՞ չի հաշվարկվել 12 ամսվա կտրվածքով։ Թե՞ վերջնական արդյունքը չէր փոխի անգամ վճռորոշ որոշումը. «Տնօրեն Վարդան Մկրտչյանի կողմից չհաշվարկված հարկի գումարը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի չորս հազարապատիկը, որպիսի պայմաններում վերջինիս արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը»։


Ինֆորմացված լինելով է նա խոստովանել, որ «հունիսի սկզբին իր անձնական գրպանից հատկացվել է 30 հազար դրամ, որով գնվել է 190 շիշ «Բյուրեղ» տեսակի 0,5 լիտր տարողությամբ ջուր, յուրաքանչյուրը` 120-150 դրամ արժողությամբ և վաճառվել է 200 դրամով։ Հետագայում` յուրաքանչյուր ներկայացման համար` միջինը 80 շիշ։ Իսկ սեպտեմբերին ջրի վաճառքը դադարեցվել է և 180 շիշ մնացորդը օգտագործվել թատրոնի անձնական կարիքների համար»։ Հեքիաթասացին եթե ավելացնենք նաև հսկիչ-վաճառողուհուն իր գրպանից տված 50 հազարը, դժվար չէ կռահել, որ Վարդան Մկրտչյանը մեկ տարի զբաղվել է բարեգործությամբ կամ «տակ է տվել»։
Ազնվության և համարձակության պակասն է նրան հետ պահում բացախոսությունից անգամ ամենատարրական հարցերում։ Օրինակ՝ ջրի բիզնեսը. մամուլի հրապարակումներից և մանավանդ նախարարության ահազանգից հետո են խամաճիկները ափալ-թափալ, վայրկենապես մաքրազարդել տարածքը, և նույն ոգով ՊԵԿ-ի ներկայացուցիչներին հեշտությամբ հավատացրել անօրինական առևտրի շարժառիթը` ասել է թե` բազմաթիվ հանդիսատեսների խնդրանքով։ Իրականում, մինչ Մկրտչյանը, տարիներ շարունակ թատրոնում օրինական կարգով գործել են զովացուցիչ ըմպելիքների, թեյ-սուրճի և քաղցրավենիքների տրամադրման ավտոմատ սարքեր, հանդիսատեսը իր ծարավը հագեցրել է նաև անխափան ցայտաղբյուրով։ Իսկ հիմա ոչ մեկը կա, ոչ էլ մյուսն է Հեղնար աղբյուրի վերածվել։


Ավագ քննիչ Կ. Խանջյանը կիսացանկությամբ փորձելով ջրի երես հանել ջուրը, նույն կերպ դիտարկել է ոչ պակաս վիճահարույց հաջորդ հարցը։ Մ. Հարությունյանի պնդմամբ, տնօրենի թողտվությամբ շրջանառության մեջ են հայտնվել անօրինական տոմսեր, որոնց արտաքին տեսքն էականորեն տարբերվել է թատրոնի տոմսարկղում վաճառվողներից։ Այս առիթով Մկրտչյանի բացատրությունները հարցականներ չեն առաջացրել ՊԵԿ-ի աշխատակցի մոտ, չեն կարևորվել թատրոնից ձեռք բերված տոմսերի հիման վրա, օրինակ, «Կարպ Խաչվանքյան» ՄՀԿ-ի կողմից թողարկած համակարգչային տոմսերը, որոնք ոչ համարակալվել են և ոչ էլ կնքվել։ Տնօրենի հերթական անշառ-անմեղությունը արդյո՞ք կասկածանքի տեղիք չի տալիս և ինչպե՞ս համոզվել իրացված տոմսերի իրական թվաքանակի հարցում։ Այդուհանդերձ, ՊՈԱԿ-ի և «Կարպ Խանչվանքյան» ՄՀԿ-ի համագործակցությունից գոհ են հատկապես թատրոնի գլխավոր հաշվապահն ու գործատուն։ 2018-ի մարտ-հոկտեմբեր ամիսներին ամրագրվել է 2 մլն 820 հազար դրամ տոմսերի վաճառք և չեն թաքցրել հպարտությունը. «...առաջացած գումարները մուտքագրվել են դրամարկղ և ստացել համապատասխան հաշվապահական ձևակերպումներ»։ Մնում է ենթադրել, որ Մարիամ Հարությունյանի պարագայում նույնը տեղի չի ունեցել, որովհետև նա վաճառել է 2 մլն 623 հազարի, այսինքն` 197 հազար դրամ պակաս։
ՊԵԿ-ի որոշման դեմ նախկին գլխավոր ադմինիստրատորը փորձել է բողոքարկել վերադաս դատախազին, բայց... մնացել է կիսականգառում։ Սպասելով բողոք-դիմումն ուսումնասիրողների հեռախոսականչին (այդպես են պայմանավորվել), բաց է թողել օրենքով սահմանված 7-օրյա ժամկետը նաև իր չիմացության պատճառով։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Հ. Գ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության երեք դատարաններում այսօրվանից զուգահեռաբար քննարկվելու են միանման քաղաքացիական հայցեր ընդդեմ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի` օպտիմալացման քողի տակ օրենքի խախտումներով և քինախնդրությամբ տնօրեն Վարդան Մկրտչյանի ընդունած հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնվելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գումար բռնագանձելու պահանջների մասին։ Նման նախադեպ իհարկե կա, ու հիմա հերթական արդարությունը օրինապաշտների ձեռքերում է։

Դիտվել է՝ 4809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ