Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

«Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, այլևս չկա, արդեն պատմություն է»

«Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, այլևս չկա, արդեն պատմություն է»
04.06.2019 | 02:07

Մինչ Հայաստանի իշխանությունները միայն հայտարարությամբ են Արցախը բանակցային սեղան վերադարձնում, Ադրբեջանը կոնկրետ քայլեր է անում. Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների է նստում արդեն ԼՂՀ-ի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը։ Սա բավական վտանգավոր զարգացման մասին է հուշում։ Ազատամարտիկ, հայտնի հետախույզ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ զրուցում ենք հակամարտության և ներքին խնդիրների շուրջ։

-Ինչի՞ մասին է փաստում Մինսկի խմբի հետ հանդիպմանը ԼՂՀ-ի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի մասնակցությունը։
-Այսօրվա իշխանության վարած քաղաքականությունը կարող է կործանարար լինել մեր երկրի համար՝ պետականությունը կորցնելու առումով։ Այս մեկ տարվա ընթացքում մեր ունեցած ձախողումներից Ադրբեջանը կարողանում է օգուտներ քաղել։ Երբեք հայ հասարակությունն այսքան պառակտված չի եղել, քաղաքական հայացքները երբեք այսքան փոխադարձ թշնամանք չեն բորբոքել։ Այսպիսի քաղաքականությունն անմիջապես առաջին դեմքից խրախուսվում է, այսինքն, այդ քարոզչությունը երկրի վարչապետի մակարդակով է տարվում։ ՈՒղղակի անհասկանալի է` ինչպե՞ս կարող է երկրի վարչապետը թույլ տալ այս աստիճանի թշնամանք ու լարվածություն։ Իշխանությունը բոլոր լծակներն ունի այդ ամենը կանխելու, եթե ցանկանա, բայց տեսնում ենք, որ հակառակն է արվում։ Ավելին, ազգային իրական դեմքերի վարկաբեկման քաղաքականություն է իրականացվում։ Խոսքն արցախյան ազատամարտի հերոսների մասին է։ Թիրախ են ընտրում մի անձի ու նրան հարվածելով քայքայում են ողջ ինստիտուտը։ Այս քաղաքականությունը թուլացնում է մեր դիրքերը, ինչից հաջողությամբ օգտվում է հակառակորդը՝ փորձելով իր նկրտումներն իրականություն դարձնել։ Տեսնելով Ադրբեջանի ակտիվությունը, հասկանում ենք, որ այս իշխանությունը բանակցություններն ամբողջությամբ ձախողել է։ Ալիևը, որին մեր վարչապետը համարում է կիրթ մարդ, և որը հավակնում է Երևանն անգամ գրավելու, վստահ եմ, հենց այնպես չի այսօր նման հայտարարություններ անում։ Հիմա մենք հետհաշվարկի մեջ ենք։ Ցավոք, այս ձախողումը ոչ միայն իշխանություններինն է, այլև բոլորինս։ Օր առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով փրկելու ենք մեր երկիրը կործանումից։
-Ո՞րն է հայաստանցի-արցախցի հարաբերություններում թշնամանք, հակասություն սերմանելու նպատակը։
-Արցախի ժողովուրդը շատ վաղուց ինքնորոշվել է։ Արցախը Հայաստանն է, մենք ունենք մի հայրենիք, երկու պետություն։ Սակայն Արցախի միջազգային ճանաչման խնդիր ունենք, ինչին այսօր վարվող քաղաքականությունն անմիջականորեն վնասում է։ Պետք է վերջ դրվի արցախցի-հայաստանցի, սև-սպիտակ, հեղափոխական-հակահեղափոխական, «հին» ու «նոր» Հայաստան ջրբաժաններին։ Այս ամենը մեր պետականության ողնաշարը կոտրում է։ Այս իրավիճակում չեմ բացառում ռազմական գործողությունների վերսկսում, որն ավելի մեծ վտանգի մեջ կդնի մեզ։ Չնայած այս վիճակին, ով փորձի տարածք հանձնելով հարց լուծել, մարտական անցյալ ունեցող ուժերը դա նրան թույլ չեն տա։ Մենք պաշտպանել ենք մեր հողերը, մենք ագրեսոր չենք եղել երբեք։ Ով էլ իր կեղտոտ քաղաքականությամբ փորձի տարածք հանձնել, չի ստացվի, ձախողվելու է։ Այլ բան է, որ այդ ընթացքում ահռելի կորուստներ կունենանք։
-Եթե իրավիճակն այդքան վատ է, ինչո՞վ է պայմանավորված օրվա իշխանության ինքնավստահությունը։
-Ինչ ինքնավստահության մասին է խոսքը, երբ բոլոր ոլորտները տապալել են։
-Ասում են` տնտեսությունը զարգանում է, բյուջեն գերակատարելու են։
-Փողոցում հարցրեք յուրաքանչյուր քաղաքացու` իր կյանքը բարելավվե՞լ է այս մեկ տարվա ընթացքում։ Նախկին իշխանության բացթողումներով անընդհատ մարդկանց կերակրելով և ոչ մի քայլ չանելով մինչև ու՞ր են հասնելու։ Կոռուպցիան երբեք չի վերանալու, կայուն պետականության պայմաններում այդ երևույթը կարող է ընդամենը նվազել, բայց մեկ տարվա իշխանավորներն արդեն կոռուպցիոն գործարքների մեջ են թաթախված։
-Ասում են՝ համակարգային կոռուպցիա չկա, ինչպես նախկինում։
-Ժամանակը ցույց կտա, բայց ես այլ կարծիք ունեմ, նման բան չկա։ Իսկ տնտեսություն զարգացնելու համար ընդամենը պետք են ներդրումներ և աշխատատեղերի ստեղծում, որոնցից ոչ մեկն այսօր չկա։ Ներդրում չի կարող լինել անկայուն, վտանգներով լի երկրում։ Իսկ այն կազմակերպությունները, որ ներդրումներ են անում կոնկրետ մարդկանց, կազմակերպությունների համար, ապազգային գործունեություն են իրականացնում, ինչպես Սորոսը։ Այդ մարդիկ համաձայնում են գումարի դիմաց ազգային ինքնության դեմ աշխատանք տանելու, թշնամանք սերմանելու։ Երբեք նրանց գաղափարները չեն համապատասխանել պետականաշինության, ժողովրդի միասնականության, երջանկության և անվտանգ երկրի մեր մոդելին։
-Հիմա որոշ քաղաքացիներ ակցիաներ են անում, որպեսզի այդ հիմնադրամի գործունեությունը Հայաստանում արգելվի, անգամ հայտարարում են, թե իշխանությունները նրանց կողմից են կառավարվում։ Ի՞նչ կարծիք ունեք այս հարցում։
-Մարդիկ փաստերով ցույց են տալիս, որ այդ հիմնադրամը հակապետական, հակազգային քայլեր է անում։ Սորոսը համակարգ է, որտեղ տարբեր մարդիկ նպատակ ունեն մեր կարգի երկրները քանդելու, կործանելու։ Հնարավոր է Սորոսն իրականում մեկ դեմքով է ներկայացված, որի շուրջը հավաքված են աշխատակիցներ, որոնք պատրաստ են ամեն ինչի։ Ինչ վերաբերում է ակցիաներին, դրանք սթափեցնող ազդակներ են, մտածելու տեղիք տվող լուսատուներ, որպեսզի հայրենիքը սիրող մեր քաղաքացիներն արթնանան, պաշտպանեն իրենց ունեցածը։
-Կա՞ն ազգային այն ուժերը, որոնք կարող են այս ամենի դեմն առնել, վտանգավոր ու կործանարար զարգացումներ թույլ չտալ։
-Նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում ազգային ուժ։ Դա խոսքերով, հայտարարություններով չի լինում, մարդն իր ապրածով է կերտում ազգային կերպարը։ Իհարկե, կան այդ ուժերը, որոնք և՛ համախմբված են, և՛ անհատներ են։ Ժամանակն է, որ բոլորն իրենց տարաձայնությունները մի կողմ թողնեն և համախմբվեն, քանի որ այդ պայքարը հանուն ժողովրդի է։ Առավել ևս հիմա, երբ իշխանությունն ամեն ինչ անում է ազգային դեմքերին վարկաբեկելու համար։ Կառավարման ղեկը պետք է ստանձնի մի ուժ, որը երկիրը չի բաժանի երկու մասի` հայաստանցու-արցախցու, և տեսակով պատասխանատու է։ Կենսագրությամբ են ազգային լինում։ Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, այլևս չկա, արդեն պատմություն է։ Մենք պետք է մտածենք, թե ինչ է լինելու հետո։ Պիտի հասկանանք, թե այս ընթացքում ինչ վնասներ ենք կրել։
-Նոր իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե իշխանության է եկել ժողովուրդը, սա ժողովրդի իշխանություն է։ Փաստորեն, ժողովուրդը վա՞տ կառավարիչ է։
-Սա ժողովրդի իշխանություն չէ։ Պետք չէ այդ բեռը դնել ժողովրդի ուսերին՝ խուսափելով անձնական պատասխանատվությունից։ Ժողովուրդը պարզապես ուզում է արժանապատիվ ապրել, տու՛ր նրան տեսլական, ճանապարհ, չէ՞ որ դու ես երկրի ղեկավարը։ Ասում են՝ սուր բարձրացնողը սրից էլ ընկնելու է։ Նիկոլը սրով եկավ իշխանության, բռնությամբ իշխանությունը վերցրեց։ Պետք չէ սրան-նրան բռնել, հետո բաց թողնել։ Իշխանության ձեռքում են բոլոր լծակները, առանց աղմուկի կարող էր բոլորին իր «պահանջներն» առաջադրել, բոլորն էլ կհամաձայնեին, քանի որ պետության դեմ ոչ մեկը դուրս չի գալիս։ Իսկ Նիկոլին պետք էր շոու։ Ասում են՝ պետական բյուջեն բերել-լցրել են, բա ինչու՞ որևէ մեկը, բացի իրենցից, դա չի զգում։ Այս փոքր երկրում այդքան պատգամավոր ինչու տարան խորհրդարան, այդ ինչ էին անելու, որ 20-30-ով ավելացավ պատգամավորների թիվը։ Այդքան ձրիակերների ինչու պիտի ժողովուրդն իր հաշվին պահի։ Երկիրը պահում ու կառավարում են այն ինստիտուտները, որոնք այս իշխանությունները հետևողականորեն ոչնչացնում են։ Երկրի վարչապետը ոչ թե երկար-բարակ խոսելով պիտի երկիրը կառավարի, այլ իրական քայլեր անելով։ Փաշինյանն ասում է, թե երկրում կա երեք միլիոն վարչապետ, բայց ժողովուրդը քաղաքականությամբ չի զբաղվում, պետք չէ նրան քաղաքականացնել, պետք չէ մարդկանց միմյանց դեմ լարել, ժողովրդին պետք է բարեկեցիկ, արժանապատիվ ապրելու հնարավորություն տալ։ Ամեն ինչ իջեցրել են սոցիալական մակարդակի վրա` դրանով չարացնելով ու գրգռելով մարդկանց։ Այսօր Նիկոլն իրեն շրջապատել է անփորձ երիտասարդներով, երիտասարդությունը վատ բան չէ, բայց այս երիտասարդները ոչ մի բանի համար պատասխանատվություն չեն վերցնում, անձամբ Փաշինյանն էլ իր վրայից գցում է այդ պատասխանատվությունը։ Իշխանությունը ծանր բեռ է, ամենօրյա տքնաջան աշխատանք, քարը քարին դնելու կարողություն, պետականաշինության գործընթաց։ Նիկոլն իմ հասակակիցն է, երբ ես մեր ջոկատի տղաներով Երևանից գնացել եմ Սև քար դիրք պահելու, Նիկոլ Փաշինյանն Իջևանում էր, թե ոչ, չգիտեմ, բայց առաջնագծում չէր ու չէր էլ լինելու։ 1993-ին, երբ 18 տարեկան էր, զորակոչի ժամանակն էր, լայնամասշտաբ պատերազմ էր, նա խուսափել է ծառայությունից, երկիրը պաշտպանելուց փախել է։ 2008-ի մարտի 1-ին նա կարկառուն դեմքերից էր, հայտնի ձայնագրությունները կան, բայց այդ ժամանակ էլ նրա նույնիսկ եղունգը չի ծռվել։ Հիմա երրորդ անգամ, երբ պետությունը կորցնելու շեմին է, պիտի հավատա՞մ նրան։ Այսօր, երբ ոմանք անվերապահորեն հավատում են Նիկոլին, վաղը նրանք ավելի վտանգավոր կարող են դառնալ, երբ հասկանան, որ խաբված են։ Ժողովուրդը դեռ չգիտի, թե Սերժ Սարգսյանի հրաժարականը հանուն ինչի եղավ, և դեռ պարզ չէ, թե Նիկոլի թիկունքում կանգնած ուժերը ինչ քայլերի կգնային: Վստահ եմ` ժամանակը լույս կսփռի ամեն ինչի վրա։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5085

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ