Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շարունակվում է «Ոսկե ծիրանի» համագործակցությունն իր մշտական գործընկերների հետ

Շարունակվում է «Ոսկե ծիրանի» համագործակցությունն իր մշտական գործընկերների հետ
14.06.2019 | 11:34

Հուլիսի 7-ին կմեկնարկի Երևանի 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, կինոփառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրանի» նորանշանակ գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը հրավիրել էին մամլո ասուլիս, որի ընթացքում ներկայացվեցին կինոփառատոնի այս տարվա պաշտոնական պաստառը, ինչպես նաև սպասվող միջոցառումների որոշ մանրամասներ:


Կինոփառատոնի հիմնադիրների՝ Հարություն Խաչատրյանի, Միքայել Ստամբոլցյանի, Սուսաննա Հարությունյանի աչալուրջ ներկայությունը վկայում էր, որ կինոփառատոնի նորանշանակ երիտասարդ ղեկավարությունը գտնվում է ոչ միայն սրտացավ ուշադրության, այլև գիտակների վերահսկողության դաշտում, ասել է թե՝ առավելագույնս կկանխվեն անփորձության հնարավոր դրսևորումները երևանցիների համար մշտապես սպասված ու սիրված կինոիրադարձության կազմակերպման և կայացման աշխատանքներում:
Հանրապետությունում կատարված քաղաքական անցուդարձերը թողել են իրենց հետքը կինոփառատոնի վրա: Մասնավորապես՝ կրճատվել է նախկինում հատկացվող բյուջեն: Սակայն Հարություն Խաչատրյանը գոհունակությամբ փաստեց, որ երկրում ինչպիսին էլ լինեն փոփոխությունները, իրենց կողքին անդավաճան կանգնած է գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ ի դեմս Ռալֆ Յիրիկյանի: Այս համատեքստում նա հորդորեց, որպեսզի լրագրողները առավելագույնս դրվատեն հովանավորի պահվածքը, ինչի համար իսկապես հիմքեր ունեն կինոփառատոնի ճակատագրով հետաքրքրված բոլոր անձինք և կառույցները:


«Ամեն տարի մենք փառատոնի հետ կապված անհանգստություններ ենք ապրում, փառատոնի ընթացքում կիսախելագարներ ենք դառնում, վերջում շատ բարիանում ենք»,- իրեն բնորոշ հումորով խոստովանեց ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Նա ուրախությամբ փաստեց, որ կինոփառատոնի կողքին է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի՝ նոր կազմավորված նախարարությունը, որը հույս է ներշնչում կինոփառատոնի ապագայի առումով: Նա բարի գալուստ մաղթեց բոլորին, ովքեր նոր են մուտք գործել «Ոսկե ծիրանի» թիմ և լավատեսորեն կանխագուշակեց կինփոառատոնի հետագա ձեռքբերումների ընթացքը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծ կարևորություն է տալիս մշակութային կյանքի, մասնավորապես՝ ազգային կինեմատոգրաֆի ակտիվացմանն ու զարգացմանը Հայաստանում: Տարիներ շարունակ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում մեր ընկերությունը կանգնած է կինոգործիչների կողքին: Կինոարվեստի զարգացման կարևոր խթան լինելու հետ մեկտեղ՝ կինոփառատոնը հսկայական աշխատանք է տանում աշխարհի քարտեզի վրա Հայաստանը որպես հարուստ մշակույթ ունեցող երկիր ճանաչելի դարձնելու գործում»,- նշեցՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ:


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆՆ առանձնահատուկ շեշտեց, որ «Ոսկե ծիրանն» այն նախագծերից է, որը բարձրացնում է երկրի վարկանիշը աշխարհում: «Մեզ համար փառատոնն ունի ռազմավարական նշանակություն, որովհետև այս ձևաչափի փառատոները մասնագիտական լավ խողովակներ են՝ երկիրը և նրա մշակութային ժառանգությունը ներկայացնելու աշխարհին»,- ասաց նա: Արա Խզմալյանի շուրթերից հնչեց նաև հավաստիացում, որ կինոփառատոնի բյուջեի հետ կապված դժվարությունները և առհասարակ «Ոսկե ծիրանի» հանդեպ պետական կառույցների մոտեցումների խնդիրը անպայման կքննարկվեն նախարարությունում և կստանան անհրաժեշտ հանգուցալուծում: Նա, որպես լավագույն ճանապարհ, մատնանշեց մասնավոր սեկտորի և մշակույթի միջև արդյունավետ համագործակցության մեխանիզմների ձևավորումը:


Հասմիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս տարվա լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն, իսկ փառատոնի հատուկ հյուրը կլինի մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը:


Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»: «Հայկական համայնապատկեր» անվանակարգի բացակայությունը կփոխհատուցվի մեր հայրենակիցների նկարահանած ֆիլմերը միջազգային համապատասխան մրցույթներում ներառելու մոտեցմամբ: Մնում է հուսալ, որ հայերը այդպիսով կունենան կարևոր խթան՝ միջազգային չափանիշներին հարիր կինոստեղծագործություններ հեղինակելու համար:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ