Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչ-որ ժամանակ քաղաքակրթությունն անցել է Շաղատով

Ինչ-որ ժամանակ քաղաքակրթությունն անցել է  Շաղատով
18.06.2019 | 01:24

ՍՅՈՒՆԻՔԻ ՀԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ


Հավանաբար քչերին է հայտնի, որ Սյունիքի մարզի ներկայիս աղքատ ու համեստ կյանքով ապրող, Նախիջևանին սահմանակից Շաղատ համայնքը ժամանակին եղել է հարուստ կենսագրություն ունեցող Սյունիքի մայրաքաղաք, որտեղ գտնվել են Սյունիքի իշխանական գահն ու հայրապետական աթոռը: Այդտեղ են ծնվել Սյունյաց Անդոկ հզոր իշխանը, նրա դուստր Փառանձեմ թագուհին` Արշակ Բ թագավորի կինը, Պապ թագավորի մայրը, անվանի շատ մարդիկ: Շաղատի մասին առաջին տեղեկությունները գալիս են դեռևս Ք.ա. 3-րդ հազարամյակից։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի` Սյունյաց եպիսկոպոսությունը սկզբնավորել է սբ Գրիգորիսը 320 թվականին: 500 տարի շարունակ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը եղել է Շաղատում: Եկեղեցով հանդերձ Շաղատ գյուղաքաղաքը համարվել է եկեղեցիների մայրը: Շաղատի Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցում բացվել է Սյունյաց հոգևոր բարձր տիպի դպրոցը, որն անվանել են վարդապետարան, ավելի ուշ՝ ռաբունարան, իսկ հետագայում՝ համալսարան: Այն եղել է հայոց դպրության ամենահին օջախներից մեկը, ուր դասավանդում էին փիլիսոփայություն, բնագիտություն, թվաբանություն, հռետորություն, տոմարագիտություն, քերթողական արվեստ, երաժշտություն, կրոնական գիտելիքներ: Այժմյան գյուղը կառուցված է հին Շաղատի հարևանությամբ: Գյուղը հիմնադրել են 1829-ին Խոյից, Սալմաստից և Մարագայից գաղթած հայերը։ Գյուղում կա կանգուն եկեղեցի՝ կառուցված 19-րդ դարում:


1975-1980 թթ. Քաջաբերդ (Քոչաբերդ) լեռան ստորին հատվածում Ապարանաց գետի ափին Գեղվարդոտ հանդամասում կառուցվել է նոր գյուղը մեկ հինգհարկանի և երկու տասնյակը գերազանցող երկհարկանի շենքերով, ուր բնակություն են հաստատել Շաղատի բնակչության մեծամասնությունը և պատմական Անգեղակոթ գյուղից տեղափոխված մեկ տասնյակից ավելի երիտասարդ ընտանիքներ: Երկու գեղատեսիլ լեռների՝ Ճգնավորի և Քաջաբերդի գրկում փռված Շաղատ գյուղում այսօր ապրում է 230 ընտանիք, շուրջ 1020 բնակիչ:
Գյուղի պատմությանը վերաբերող գրքում կարդում ենք, որ գյուղի արևելյան մասում` Զոհրաբ աղբյուրից ներքև ընկած տարածքում, Մուրադենք, Հոթոյենք, Կարախանենք, Դալագենք ու Միրզոյենք կառուցել են ջրաղացներ և կոչել իրենց տոհմերի անուններով: Այդ ջրաղացներն ապահովել են գյուղի և բնակիչների կարիքները, աշխատել են Որոտան և Ապարանաց գետերի ջրերով: Դալագենց ջրաղացն աշխատել է մինչև 1970 թվականը: Այդ տարիներին կառուցվեց գյուղմթերքներ վերամշակող առաջին արտադրամասը՝ ձիթհանը, որը նպաստել է կտավատի ցանքատարածությունների ավելացմանը: Շաղատի ձեթը հայտնի էր ողջ երկրում: Ձիթհանը օգտագործվել է մինչ 1990 թվականը, մի քանի անգամ վերանորոգվել է: Գյուղում զարգացած են եղել նաև գորգագործությունը, կավագործությունը, հեքիմությունը: Աստիճանաբար սկսել են զբաղվել մետաղագործությամբ, պատրաստել են գյուղատնտեսական գործիքներ, զենքեր, մետաղական այլ իրեր:

ԿՈՈՊԵՐԱՏԻՎԸ ՇԱՏ ԲԱՆ ՓՈԽԵՑ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ
Շաղատի փողոցներում լռություն է: Ամռան տապին երեխաների աղմուկը չի լսվում, ծառերի ստվերում պառկած ալարկոտ շները ծուլանում են անգամ հաչել: Շաղատցիները մեծ մասամբ աշխատում են գյուղից դուրս գտնվող իրենց հողատարածքներում, միայն գյուղամիջում գտնվող կոոպերատիվում («Շաղատ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ) մարդիկ դուրս ու ներս են անում: Նրանց հետ զրույցից պարզվեց, որ գյուղում աշխատատեղ գրեթե չկա, տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի: Զրուցում եմ կոոպերատիվի անդամներից մեկի՝ ՇՈՒՇԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:


-Համայնքի համար կոոպերատիվի ստեղծումը փրկություն է: Այն ունի 60 անդամ, բայց աշխատանքներում ներգրավված են 19-ը, որից 10-ը կին են, 9-ը՝ տղամարդ, նրանցից 2-ը նախկին խոպանչիներ են, բայց որոշել են էլ չհեռանալ գյուղից, որովհետև կոոպերատիվում աշխատելը ձեռնտու է: Զբաղվում ենք հացահատիկային մշակաբույսերից հիմնականում հաճարի աճեցմամբ ու մշակմամբ, ստանում ենք նաև բուժման համար նախատեսված կտավատի ձեթ: Ստացված մթերքը սպառվում է հիմնականում Երևանում: Գարնան շրջանում անտառի տված բարիքներից՝ վայրի տանձի, խնձորի, չիչխանի, մասուրի բերքը պահածոյացվում է, իսկ խոտաբույսերը մշակվում և փոքրիկ տոպրակներով վաճառվում են Սիսիանի շուկայում: Մեր կոոպերատիվի կայացմանը մեծապես աջակցում է «Շեն» բարեգործական կազմակերպությունը, որի աջակցությամբ էլ ձեռք ենք բերել գյուղտեխնիկա ու մի քանի սարքավորումներ,- պատմում է տիկին Շուշանիկը:


Նրա խոսքով` այս օրերին Շաղատի կոոպերատիվի կանայք զբաղված են շուշանի, մանդակի, նազրվանի հավաքով, ստացված բերքն իրացվում է համագյուղացի Մեսրոպ Նիկողոսյանի միջոցով: Վայրի հավաքն իր դժվարությունն ունի, սակայն արդյունքը կանանց մոռանալ է տալիս հոգնությունը, քանի որ կենցաղային հոգսերի մի զգալի մասը լուծվում է այդ արդյունքով:
Զրույցի ընթացքում կոոպերատիվի բակ մտան վայրի հավաքի մեկնած կանայք, ովքեր, վարպետորեն ցատկելով բեռնատարից, հետաքրքրված մոտեցան մեզ: Նրանց ասելով, այս կողմերում քաղաքից եկած մարդկանց, այն էլ լրագրողի, հազվադեպ են հանդիպում, շատ բան պատմելու, ասելու, խոսքը տեղ հասցնելու կարիք ունեն: Կանանցից ավագը՝ ՆԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, պատմեց, որ երկու պարկ ավելուկ է հավաքել, որ մի փոքր հանգստանալուց հետո հավաքածը պետք է հյուսի, կապի ու հանձնի, որ ավելուկի 1 կիլոգրամի արժեքը 130 դրամ է, օրական հավաքվում է 50-60, անգամ 100 կգ, պատահում է, որ ընտանիքի անդամներով վաղ առավոտից գնում են, կեսօրին վերադառնում: Կոոպերատիվի կանանցով մշակում են նաև բողկ, պոմիդոր, պղպեղ: «Լավ կլիներ, որ ձմռանը ջերմոցը ջեռուցվեր, աշխատանք ունենայինք, տանը որ նստեցինք, ո՞նց ենք ապրելու: Առաջ մենակ էի գնում դաշտ հավաքի, հիմա խմբով ավելի արագ ու ուրախ է անցնում ժամանակը, արդյունքն էլ գոհացնող է: Կոոպերատիվը շատ բան փոխեց մեր կյանքում»,- ասում է Նարինեն

:
Շաղատում հիմնական եկամուտը ստացվում է կարտոֆիլից ու լոբուց, կաղամբը եկամտաբեր չէ, ձնհալից հետո ոռոգման հարցը երբեմն դառնում է խնդիր, թեև գյուղի մի հատվածի ոռոգման համար օգտագործվում է Որոտանի հէկի ջուրը, այն էլ թույլտվության դեպքում, իսկ վթարված հիմնական ջրագծի վերանորոգման համար պահանջվում է 2 միլիոն դրամ:
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, երիտասարդ տղաները հիմնականում պայմանագրային զինծառայողներ են, «գյուղն անտեր չեն թողնում, սարից էն կողմ հակառակորդն է»: Գյուղի ամենատարեց բնակիչները 98-ամյա Գուրգեն պապն ու 96 -ամյա Վարդուշ տատն են ու էլի մի 4-5 տարեց: 175 աշակերտով դպրոցն այս տարի 10 շրջանավարտ ունեցավ:
-Ճանապարհների մասին ինչ ասեմ, շատ վատ են, եթե շրջկենտրոն Սիսիան ենք գնում և ուզում ենք վերադառնալ, անգամ տաքսիները չեն ցանկանում տանել, հրաժարվում են, թեև ճանապարհների վերանորոգման համար ծրագիր կա: Խմելու ջուրը նույնպես սակավ է,- ասում է տիկին Շուշանիկը:


Հակառակորդի քթի տակ ապրող գյուղում, այնուամենայնիվ, կյանքն ուրախ է: Տիկին Շուշանիկը, որ միաժամանակ համայնքի մշակույթի տան տնօրենն է, պատմում է, որ Շաղատում մարզային համույթները հաճախ են համերգներով հանդես գալիս, որ մշակույթի տանը գործում է թատերական խմբակ, «Էներջիդանս» ժամանակակից պարային համույթ, որոնք շրջագայում են հանրապետության տարբեր մարզերով: Համագյուղացի բարեգործ Գագիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ և Շաղատի բնակիչների հանգանակած միջոցներով 2014 թվականին վերականգնվել է Սուրբ Գևորգ եկեղեցին:
Տիկին Շուշանիկը մեծ ոգևորությամբ էր ներկայացնում հարազատ գյուղի մշակութային արժեքները, որոնց թվում Շաղատի հայտնի Ձիթանն է, որի տարածքում ստեղծված թանգարանում ցուցադրվում է 375 կտոր ցուցանմուշ՝ հին կարպետներ, կարասներ, կենցաղային զանազան իրեր: Շուշանիկի փոխանցմամբ` ամեն տարի օգոստոսի 8-ին նշվում է Շաղատի օրը: Տոնական այդ օրը Հայաստանում բնակվող բոլոր շաղատցիներին մեկտեղում է եկեղեցու բակում՝ մատաղ ուտելու:
Շաղատցիները հիրավի հպարտանալու իրավունք ունեն ու սիրում են կրկնել՝ «Շեն մնա Շաղատը, որը դարերով կանգուն մնաց ու ապացուցեց, որ քաղաքակրթությունն այստեղով անցել է»:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ