Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Թեև ՔՊ վարչության նախագահը Նիկոլ Փաշինյանը չէ, բայց, միևնույն է, բոլոր հարցերը նա է լուծելու»

«Թեև ՔՊ վարչության նախագահը Նիկոլ Փաշինյանը չէ, բայց, միևնույն է, բոլոր հարցերը նա է լուծելու»
21.06.2019 | 00:35

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ օրեր առաջ տեղի ունեցած համագումարը քաղաքագետ, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ սովորական հավաք է համարում, որտեղ մարդիկ հավաքվել, ասել-խոսել, գնացել են: Հստակեցնում է՝ ժողովրդավարական երկրներում համագումարը կուսակցական ուղերձներ հնչեցնելու հարթակ է, քաղաքական ուժի գործունեության ներկայացում, որտեղ կարևոր հայտարարություններ են արվում, բանաձևեր ընդունվում և այլն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից քաղաքագետն առանձնացնում է «իզմերի» մերժումը:

«Փաշինյանի ելույթի առանձին հատվածներում «իզմեր» կան, և առանց դրանց կուսակցություն լինել չի կարող: Իսկ եթե «իզմը» բացակայում է, ապա առաջ է գալիս կարիերիզմը: Իր խոսքում վարչապետը 4 կետ ներկայացրեց, որոնց հիման վրա իրենց կուսակցությունը պետք է գործունեություն ծավալի` պետականամետություն, անհատականություն կամ ինդիվիդուալիզմ: Խոսեց նաև պատրիոտիզմից: Ակնհայտ է, որ առանց «իզմերի» կուսակցություն լինել չի կարող: Դրանք սոսնձի դեր են կատարում, մեկ կուսակցության մեջ տարբեր մարդկանց միավորելով ու ցույց տալիս այն ճանապարհը, որով իշխանության ղեկին հայտնված կուսակցությունը պետք է ընթանա։ Օրինակ` ինչպիսին պիտի լինի եկամտահարկը` պրոգրեսի՞վ, թե՞ համահարթեցված: Սա արժեհամակարգային մոտեցում է, և սրանից կախված որոշում են` ավելի շատ ձա՞խ, թե՞ աջ հայացքներ ունեն: Ձախ հայացքներ ունեցողները նշում են՝ ով շատ եկամուտ ունի, շատ պիտի վճարի, ով քիչ` քիչ, իսկ ազատական հայացքներ ունեցողները նշում են, թե դա կարևոր չէ, և եթե մարդը լավ է աշխատում, ինչու՞ պիտի շատ վճարի: Օրվա իշխանություններն առաջնորդվում են լիբերալիզմի գաղափարներով, ու դա ակնհայտ է, բայց համագումարի ժամանակ «իզմ» չեն ընդունում, ինչը տարօրինակ է: Համագումարի երկրորդ «գյուտն» այն է, որ ԱՄՆ-ին և ԵՄ-ին առաջարկվում էր՝ գնեք հայաստանյան հեղափոխությունը, որովհետև ուրիշ գնորդ չկա: Վերջին մեկ տարվա ընթացքում ոչ մի խոշոր տնտեսական ներդրում չի եղել, մինչդեռ Վրաստանը Միխեիլ Սաակաշվիլու իշխանության ժամանակ միլիարդավոր դոլարների դրամաշնորհներ է ստացել թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Եվրոպայից»,- ընդգծում է Բադալյանը:


Քաղաքագետի փոխանցմամբ՝ թեև ՔՊ վարչության ղեկին Նիկոլ Փաշինյանը չէ, բայց, միևնույն է, բոլոր հարցերը նա է լուծելու: Բացատրում է՝ երևույթը նման է ռուսական տարբերակին, երբ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարումն իրականացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բայց նախագահը վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է: Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետի համար անհասկանալի է վարչության կազմը, որտեղ բոլորը ՔՊ հիմնադիրներն են, «Մերժիր Սերժին» նախաձեռնության որևէ ակտիվիստ, մամուլում առավել հայտնի որպես «սորոսական», ներառված չէ: Տպավորություն ունի, որ երիտասարդական, տարբեր կարծիքներ ունեցող մարդկանցով համալրված վարչություն չի ձևավորվել, այլ մեկ մարդու կողմից ղեկավարվող մարդկանց խումբ է: Բադալյանը համեմատականներ է անցկացնում ՀՀԿ-ի հետ, երբ տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ սկսեցին դուրս գալ կուսակցությունից, ու մնացին միայն Սերժ Սարգսյանի միանձնյա ղեկավարումն ընդունողները. «Բայց տեսանք, թե դա ինչի հանգեցրեց: Նույնը նաև ՀՀՇ-ի ժամանակ էր: Իրենց թվում է՝ երբ կուսակցությունը մաքրում են այլ կարծիք ունեցողներից, այն հզորանում է, մինչդեռ կուսակցությունը շահում է այն դեպքում, երբ տարբեր տեսակետներ են լինում, այդ թվում` ղեկավար կազմում, իսկ մոնոլիտ կուսակցությունը թույլ է: Մի առիթով Փաշինյանն ասաց` եթե ինչ-ոչ թևեր լինեն գործադիրում, կկտրի դրանք, դա նկատելի էր նաև կուսակցության դեպքում, այս պարագայում կտրվեց սորոսական թևը: Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագրի» գրանցած պարտություններին, դա ազդակն է այն բանի, որ կուսակցությունն աստիճանաբար զիջելու է իշխանությունը: Մարդկանց մոտ դժգոհություն կառաջանա, քանի որ հեղափոխական էյֆորիան ավարտվել է, և նրանք կսկսեն պահանջել` կա՛մ գործ, կա՛մ հրաժարական: Ինչքա՞ն կարող են դիմանալ, երբ օրակարգ չկա, կյանքն էլ չի լավացել ու լավանում: Չեմ կարող ասել, որ փողոցներում ցույցեր կլինեն, բայց դժգոհության ալիքը բարձրանում է իշխանության ոչ ադեկվատ պահվածքի պատճառով»:


Քաղաքագետ Բադալյանը, անդրադառնալով Ֆրանսիայի վարչական դատարանների կողմից Վալանս, Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ, Առնուվիլ քաղաքների և Արցախի Հանրապետության համայնքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրերի չեղարկման որոշումներին, ընդգծում է՝ թեև շատ են ասում, որ դա ադրբեջանական լոբբինգի հետևանք է, ու ինչ-որ առումով գուցե ճիշտ է, բայց խնդիրն իրականում այլ է: ՀՀ վարչապետին առաջին անգամ մեսիջ ուղարկեցին՝ բրյուսելյան գագաթնաժողովի լուսանկարում Փաշինյանին «ծածկելով» Պորոշենկոյով: Դա պատահականություն չէ, որովհետև Եվրամիությունն ունի խիստ ընդգծված արարողակարգ, այնտեղ ամեն ինչ հաշվի են առնում` ով ինչ ֆիզիկական կառուցվածք և հասակ ունի, ինչ տեսք ունի և այլն: «Պարզապես միտումնավոր էին «փակել» Փաշինյանին ու հասկացրել, որ հեռացող Պորոշենկոն ՀՀ վարչապետից ավելի կարևոր է, բայց վերջինս, երևում է, ոչինչ չհասկացավ այդ դիպվածից: Ֆրանսիական դատարանների որոշումը երկրորդ զգուշացումն էր` ցույց տալու համար, որ Ղարաբաղի հարցով նույնպես կարող են դիրքորոշում փոխել՝ ակնարկելով ԵՄ-ի հետ հարաբերությունների հստակեցումը: Համեմատության համար հիշեցնեմ, որ ՈՒկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկին վերջին երեք ամսվա մեջ երկու անգամ հրավիրվել է Ֆրանսիա, մինչդեռ Փաշինյանին Փարիզում չեն սպասում: ՈՒ սա այն պարագայում, երբ վերջին 20 տարում Ֆրանսիան ՀՀ-ի համար ԵՄ-ում ավագ գործընկեր է եղել: ԱՄՆ-ից հրավեր ստանալու մասին էլ ընդհանրապես խոսք չկա, Հայաստանի իշխանությունները դրա մասին պատկերացում անգամ չունեն: Նրանց համար օրակարգային միակ հարցը ՌԴ նախագահի հետ հանդիպումն էր»:


Ներքաղաքական իրադրությանն անդրադառնալով էլ Արմեն Բադալյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանն այնպես է անում, որ քաղաքականությունից հեռացած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորից վերադառնալու կամ վերականգնողական ինչ-որ գործընթաց սկսի: Եթե այս տեմպերով շարունակվի, ապագա իշխանության մեջ երկրորդ նախագահի կողմնակիցները որոշակի ազդեցություն կունենան: «Միֆ էր ձևավորվել, թե հայ հասարակությունը կոնսոլիդացված ատելություն ու բացասական վերաբերմունք ունի երկրորդ նախագահի նկատմամբ, բայց նրա ազատ արձակումից հետո, բացի դատարանի դիմացի բողոքի ակցիաներից, նկատե՞լ եք հասարակական որևէ դժգոհություն, կոնսոլիդացված բողոքի ալիք և այլն: Չեմ հասկանում նաև այն դժգոհությանը, որ առաջացել էր ՌԴ դեսպանի ու Քոչարյանի հանդիպումից հետո: Երբ ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Միլսը բանտում հանդիպում էր «Սասնա ծռերի» հետ, ինչու՞ այդ ժամանակ չէին ասում, թե միջամտում են երկրի ներքին գործերին»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ