Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հայրենասիրության թեման չի կարող չփոփոխվել, քանի որ հայրենիքն ինքը անվերջ շարժման մեջ է, և գիրն էլ անվերջ կարող է խորքեր գտնել»

«Հայրենասիրության թեման չի կարող չփոփոխվել, քանի որ հայրենիքն ինքը անվերջ շարժման մեջ է, և գիրն էլ անվերջ կարող է խորքեր գտնել»
21.06.2019 | 02:00

«Իրատեսը» շարունակում է զրույցը ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ:

(Նախորդ մասը)


-Պարոն Միլիտոնյան, շաբաթներ առաջ նշվեց Ձեր ծննդյան տարեդարձը: Տարիների հերթագայությունն ինչպե՞ս եք ընկալում՝ երթ դեպի ծերությու՞ն, թե՞ դեպի իմաստնություն:
-Մարդը, եթե ուզում է ապրել, պիտի ծերանա, ուրիշ ճար չկա: Բայց իմաստնությունը տարիքի հետ կապ չունի: Իմաստնությունը սովորաբար կապում են տարիքի, փորձառության հետ: Ես այն կապում եմ ինքնաճանաչման, աշխարհաճանաչման հետ: Տարբեր տարիքներում մարդը կարող է հասնել կյանքի, իմացության խորքերը: Սիրելի է կյանքը իր շարունակելիության մեջ, երեխաների, թոռների մեջ: Այդ ամենն այնքա՜ն գեղեցիկ է, որ դա հասկանալու համար պետք չէ իմաստուն լինել: Կյանքը որքան կենդանի, որքան առողջ ընկալես, որքան կարողանաս ապրել կյանքի մեջ, զգալ կենսական ջիղը, այնքան (չեմ ասի՝ իմաստուն) կենդանարար, մտածող մարդ կլինես: Ես առայժմ լուրջ չեմ ընդունում որևէ տարիք: Ինձ համար սովորական օրեր չկան, բոլոր օրերն էլ գյուտեր են՝ լեցուն աներևակայելի իմաստներով, գույներով, շարժումներով: Օրվա մեջ այնպիսի՜ անսահմանություն կա: Ես իմ բնույթով ընկերություն, շփումներ սիրող, բայց և մենակության ձգտող մարդ եմ: Այդ երկու վիճակների տարուբերումը հետաքրքիր ելևէջներ է առաջացնում իմ կյանքում:
-Մի բանաստեղծության մեջ գրել եք.
«Մտապատկերների ջունգլիներից
դուրս պրծան
Նետաձիգ մերկանդամ կանայք,
Նրանք անխնա զարկում էին նրանց,
Ովքեր գիծ էին քաշում
Սիրո և սեքսի միջև:
Սերը սոցիալիզմի որդեգիրն էր,
Սեքսը՝ կապիտալիզմի»:
Այսօր անգամ մանկահասակ երեխաների սեռական դաստիարակությունն է շեփորվում Հայաստանում: Սրան ինչպե՞ս կարձագանքեք:
-Դա լուրջ հոգեբանական քննախոսություն է պահանջում, մասնագիտական ուսումնասիրություն: Անտեղյակ որևէ մեկն իրավունք չունի ասելու, թե ինչն է ճիշտ, ինչը սխալ այս հարցում: Դա այն խնդիրն է, որին մատների արանքով չես նայի: Այս թեմայի վերաբերյալ անհանգստություն են հայտնել նաև մեր ուսուցիչները, և ես դրական եմ արձագանքել նրանց մոտեցմանը: Մարդու մեջ ինչպե՞ս կարող ես փոխել իր ինքնության, արժեքայնության հիմքերը, անկախ նրանից՝ հայ է, չինացի, գերմանացի, թե մեկ այլ ազգային պատկանելության: Ինչպե՞ս պիտի այդ գիտելիքները բերեն դասագրքային մակարդակի և ասեն՝ այսպես պիտի սովորեք: Ես դեմ եմ դրան: Այլ բան է, որ երեխաներին, հատկապես սեռահասունության շրջան ապրող պատանիներին անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ: Բայց դա պիտի անել ուսուցման ճիշտ ձևերով, որպեսզի չխեղվի երեխան: Ինչ վերաբերում է 3-6 տարեկանների սեռական դաստիարակությանը, ապա այդ մասին գիտելիքները ծնողներին, մանկավարժներին պետք է հաղորդել, ուսուցումն ավագներից պետք է սկսել: Ես քննարկվող գիրքը՝ «Իմ մարմինն անձնական է», չեմ կարդացել, չեմ կարող գրքի մասին կարծիք հայտնել: Այդ արտահայտությունն էլ մարդու մի փոքր շերտին է անդրադառնում: Չպետք է ֆետիշացնել մարմինը: Մարմինը նախ հոգի է, մարմինն ու հոգին դանակով զատված չեն: Եվ երեխային պետք է կրթել՝ հենց մարմնի ու հոգու միասնականության հասկացությունը ներարկելով: Մարմնի, հոգու, ոգու միասնությունն է էակ ստեղծում, նրան դնում միջավայրի մեջ: Եթե երեխան մեծանա՝ անվերջ մտածելով միայն իր մարմնի մասին, դա, իմ կարծիքով, խեղվածություն կառաջացնի: Բայց որորոշակի չափաբաժիններով կրթել անհրաժեշտ է, դա անվիճելի է: Եվ դրա անունը սեռական դաստիարակություն դնելն էլ շատ կոշտուկոպիտ է: ՈՒղղակի պետք է գրագետ կրթել երեխային, որպեսզի նա այդ գիտելիքները փողոցից չսովորի, ներքին հակասության մեջ չլինի տան, դպրոցի, փողոցի տված գիտելիքների պատճառով: Անգամ հայհոյանքների առումով է պետք երեխային կրթել: Պետք է բացատրել, թե ինչ բան է հայհոյանքը, թե ինչ արձագանքի կարելի է արժանացնել: Բանակում կռիվները հաճախ ծագում են հայհոյանքների պատճառով: Մարդասպանությունների պատճառ են դառնում հայհոյանքները: Ամեն ազգային տիպաբանություն ունի հայհոյանքի ընկալման իր կերպը: Ռուսը կարող է մոր հասցեին հայհոյանքը օրը քսան անգամ շուտասելուկի պես կրկնել, հումորով ընդունել, բայց հայը կարող է դանակահարել մայր հայհոյողին: Այս բոլոր նրբությունները երեխաներին պետք է ուսուցանվեն՝ ըստ իս: Երեխան պիտի իմանա ինչպես հարաբերվել տարբեր միջավայրերի հետ, ինչպես իրեն պահել տանը, դպրոցում, փողոցում, ինչից և որ դեպքերում զգուշանալ: Երեխան պիտի կարողանա իր քայլերը վերահսկել: Դա շախմատի պես մի բան է, երեխան դեռ փոքրուց պիտի կարողանա հասկանալ քայլի կարևորությունը: Եվ այս ամենի փոխանցումը երեխային ոչ թե պետք է կոչել սեռական դաստիարակություն, այլ ընդհանուր վարքի, բարքի, նիստուկացի դաստիարակություն: Մենք պիտի հասկանանք, որ ավանդական դաստիարակության մեջ էլ շատ կարևոր բաներ կան, որոնք առերևույթ պարզունակ են թվում, բայց պետք է անպայման մշակվեն, քննարկվեն ու մատուցվեն երեխային: Այդ քննարկումները պիտի լինեն հոգեբանի, գրողի, մանկավարժի մասնակցությամբ: Մենք երեխաների համար գրքեր գրելիս հաշվի ենք առնում, չէ՞, թե տարիքային որ խմբին է այն հասցեագրված: Առաջին սիրո մասին իմացությունը երեխաներին մատուցելու հարցում գրականությունը ահռելի դերակատարություն ունի: Պետք է այնպես տաս այդ ամենը, որ երեխան կարողանա հասկանալ դրա գեղեցկությունը, որ վախեր չառաջանան նրա մեջ, որ ցնցումների չենթարկվի: Սա շատ նուրբ թեմա է, որին պետք է մոտենալ թե՛ գիտական, թե՛ գեղարվեստական, թե՛ կենսական, թե՛ ավանդական տեսանկյուններից: Պետք է ի մի բերել բոլոր արժեքավոր բաները և երեխային այդ ամենն այնպես մատուցել, որ նա ընկալի դա որպես դրական, բնական երևույթ: Չկենտրոնանանք միայն մի կետի վրա՝ մարմնի:

-Վերջերս «Գրական թերթում» տպագրվեց Ձեր «Երկհարկանի տունը» արձակ բանաստեղծաշարը, որը սրտառուչ մի պատմություն է ցեղասպանված ու հայրենազրկված հայերի շառավիղների՝ նախնյաց տուն այցելելու մասին: Շարքի նախաբանում տան, երկրի կորստի թեման որակել եք իբրև թափառող սյուժե. «Սա բոլորի պատմությունն է: Թափառող սյուժե է դարձել»: Այս սյուժեն տրվո՞ւմ է ժամանակի վայրիվերումներին, ենթարկվո՞ւմ է արդիական շեշտադրումների, թե՞ այն իր կայուն-անփոփոխ ընթացքն ունի՝ անկախ ժամանակի, պատմության, դրա ընկալման որևէ առանձնահատկությունից:
-Հայրենասիրություն բառն այս երեսուն տարիների ընթացքում, ցավոք սրտի, որոշակի փոփոխությունների ենթարկվեց: Խորհրդային տարիներին դա համարվում էր բարձրագույն, կարևոր արժեք: Հետխորհրդային շրջանում դա կերպափոխվեց: Իսկ ազգային մտածողությունն անգամ ենթարկվեց ծաղրուծանակի: Մարդիկ հաճախ չեն էլ հասկանում, թե որն է ազգային մտածողությունը: Դա լեզուն է, վարքուբարքն է, հիշողությունն է, ինքնության տեսակն է: Վերջապես հայի ինքնությունն առանձնահատուկ է, չէ՞: Հո չե՞ս կարող նույնացնել կորեացուն, ուդմուրտին, իտալացուն, հային: Դա անհնարին է: Յուրաքանչյուր ազգություն ունի ինքնության իր դրսևորումները: Անգամ շախմատի մեջ, որ թվում է՝ չի ենթադրում ազգային մտածողություն, այնուամենայնիվ, կա ազգային ինքնության որոշակի ազդեցություն, որի մասին խոստովանել են մեր շախմատային գրոսմայստերները: ՈՒզես, թե չուզես, ազգային մտածողության մեջ դրսևորվում է ինքնությունդ: Ճապոնացին իր թեյախմությունն առանձնահատուկ է ներկայացնում, չէ՞. Յասունարի Կավաբատան՝ որպես ճապոնական հոգեբանության, ճապոնացու հոգեվիճակների, այսինքն՝ ճապոնացու ինքնության լավագույն արտահայտող, Նոբելյան մրցանակ է ստացել: Բա մենք ինչպե՞ս կարող ենք չկարևորել ազգային մտածողությունը, ասել, թե դա դժվար է ու թողնել մի կողմ: Այո՛, դժվար է, բարդ է, բայց պետք է խորանալ դրա էության մեջ: Նախկինում հայրենասիրությունը, չգիտես ինչու, ընկալվում էր մասիսերգության, Արևմտյան Հայաստանի կորստի թեմաների, հայոց պատմության որոշ դրվագների մեջ միայն: Բայց դա մի մասն է հայրենասիրության: Հայրենասիրությունն իրականում շատ ավելի լայն ու խոր բան է: Շահնուրի գործերում, Չարենցի «Երկիր Նաիրիում» ի՞նչն է գլխավորը. հայրենիքը, մեր ազգային տեսակը: Ամեն գրող չի կարող այդ թեմաներով գրել: Մեկը կարող է լավ հոդված գրել, մյուսը՝ էսսե, երրորդը՝ վեպ: Բայց բոլորն էլ նույն թեման են արծարծում՝ հայրենիքի թեման: Եվ սա չպետք է անել պարզունակ ընկալումով, սա շատ խորքային թեմա է: Հայրենասիրության թեման չի կարող չփոփոխվել, քանի որ հայրենիքն ինքը անվերջ շարժման մեջ է, և գիրն էլ անվերջ կարող է խորքեր գտնել:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3496

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ