Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հուսանք, որ ուսանելու կարողություն կունենանք

Հուսանք, որ ուսանելու կարողություն կունենանք
16.07.2019 | 02:25

Հուլիսի 14-ին Հայաստանում մեկնարկել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը ու, որպես մրցաշարը հյուրընկալող երկիր, մեր հավաքականին տրվել է մասնակցելու հնարավորություն։ Սա բնականաբար մեծագույն նվեր է հայկական ֆուտբոլին, բայց այնպես էլ չէ, որ առաջնության մասնակցության փաստը նկատի ունենալով՝ կարող ենք միանշանակ ասել, թե լավագույն ութնյակի մաս ենք կազմում, քանզի նման հավաստումն իրականության հետ, հասկանում եք, աղերս չունի, ու մեր մասնակցությունը ֆուտբոլային այս տոնահանդեսին այնքանով է, որքանով է։ ՈՒ քանի որ մեկ որոշեցինք գնալ ճշտի ու ճշմարտության ճանապարհով, ասենք, որ խմբից դուրս գալու հեռանկար ինքնըստինքյան չունենք, որովհետև, կներեք, այնտեղ ռեալ ո՞ր ընտրանու հետ կարող ենք ոտք գցել, որ ինչ-որ հույսեր էլ կապենք։ Իսպանիայի ընտրանին արդեն անցած փուլ է, քանզի առաջնության մեկնարկային խաղում նրան զիջեցինք 1։4 հաշվով ու որքան էլ լալահառաչ լինենք, թե այդպիսի հաշվով պարտության արժանի չէինք, վերջը կգտնվի, չէ՞, մեկը, որը կդիմադարձի՝ լավ էլ պարտվել եք այդ հաշվով, էլ արժանին ու չարժանին որ՞ն է։

ՈՒրեմն՝ Իսպանիան դրեցինք մի կողմ։
Իսպանիայի ու իսպանացիների օրինակով ոնց որ թե պարտադրված ենք մի կողմ դնելու նաև Պորտուգալիայի ընտրանին ու պորտուգալացիներին՝ անգամ հաշվի չառնելով այն, որ Եվրոպայի գործող չեմպիոնները թռվռալով անցան Իտալիայի անհամեմատ հզոր ընտրանու վրայով (հաղթել են 3։0 հաշվով), ու հաշվի առնելով մեր ընտրանու գլխավոր մարզչի այն դիտարկումը, թե խաղաոճի առումով, ըստ էության, ոչ մի տարբերություն չկա մեզ հաղթած իսպանացիների ու պորտուգալացիների միջև (իսպանացիներին մերոնց 1։4 հաշվով զիջելը հարկավ չեք մոռացել)։


Չէ, հանկարծ չմտածեք, թե պարզ մեխանիկական համեմատության արդյունքում եմ տեսնում մերոնց ապագա պարտությունը պորտուգալացիներից ու էսպես՝ սառը սրտով ներկայացնում եմ լինելիքը։ Բնավ։ Պարզապես ուզում եմ հնարավորինս թեթև տանենք սպասվելիքը, որովհետև տեսնելով պորտուգալացիների խաղամակարդակը, մենք Աստծուց աղերսելու միայն մի բան ունենք. մրցակիցը հնարավորինս գթառատ լինի մեր նկատմամբ, չվերցնի ու մեզանից գոլերի տոպրակ սարքի։
Խմբային ազրայելներից տակը մնաց Իտալիա՞ն։
Ի՞նչ, ինչ-որ բանի ակնկալի՞ք ունեք այդ թիմի հետ մրցակցությունից։
Եթե ունենք, երանի ձեզ։
Գիտե՞ք, կարող է մոլորված մեկը լինի ու իրեն թույլ տա մտածել, թե այս ի՛նչ չարությամբ է գրվում մեր ֆուտբոլի մասին։
Հարգելիներս, չարությամբ չի գրվում։ Գրվում է բացառապես օբյեկտիվորեն, իրականությունը ելակետ ունենալով ու ի տարբերություն հնարավոր այլ կերպ մտածողների, մենք ուզում ենք վերջապես մեր հավաքականի գլխին կանգնածներին, հեռուստատեսային մոլորյալ մեկնաբաններին հասկացնել, որ խոսելիս ձեր ոտքը ձեր վերմակի չափով ձգեք, ձեր երազում տեսածը մի փորձեք որպես իրականություն ներկայացնել։ Մենք այս պահի դրությամբ օբյեկտիվորեն թույլ ենք վերը հիշատակված երեք ընտրանուց էլ, որոնց հետ նույն խմբում հայտնվելու դժբախտությունն ենք ունեցել։


Այ, միանգամայն ուրի՜շ բան, որ հաշտ չենք թույլ լինելու մտքի հետ ու ուզում ենք բան փոխած լինել։ Եթե սա իրավ այսպես է, այս դեպքում, հերն էլ անիծած, թե կպարտվենք։ Կպարտվենք այսօր, դասեր կքաղենք այսօր, վաղը, վաղվա վաղն էլ, սակայն հայկական ֆուտբոլն այս ընթացքում կբերենք մի կոնդիցիայի, որ այս նույն մրցակիցներին ոչ այնքան հեռավոր ապագայում կասենք՝ էն վաղ էր, որ էշը կաղ էր, դե հիմա լսեք մեզ։
Կունենա՞նք այսպես գործելու գիտակցումը, կհաջողե՛նք մեր ձեռնարկում, չե՞նք ունենա այսպես գործելու գիտակցումը, ապուշ ավանդույթի ուժով մի երկու մոլորված կամ ծախու լրագրող կհավաքենք նույնքան մոլորյալ, սակայն մանր խաբեբա մեր գլխին, լոփո-լոփո կխոսենք, վերջնահաշվում ականջներով ծափ կտանք, հերթականը հերթականի պես կմսխենք, կգնա՝ ամեն ինչ թողնելով նույն ողորմելի վիճակում ու մակարդակում:
Ինչպես տեսնում եք, տխուր ելևէջների կողքին կասկածի տարրերը շատ շատ են, սակայն այս եվրոպականին մասնակցելու մեջ, սիրելի ֆուտբոլասեր, չթվա, թե դրական բան չկա։
Կա, այն էլ ինչքա՜ն կա։


Նախ՝ այս տղաները (նկատի ունեմ մերոնց) իրենց կյանքում իրենց մասնակցությամբ էսքան հանդիսատես չեն տեսել (փառք Աստծո, «Հանրապետականը» երկու երրորդից ավելիով լցված էր, իսկ դա նշանակում է ոչ պակաս 10000 հանդիսական)։ Ասել է թե` խելոք գործելու դեպքում այսքան հանդիսականին այդ նույն տղաների համար կարելի է հզոր ներշնչման աղբյուր դարձնել։ Տո, գլուխը քարը այն ծեծված ճշմարտությունը, որ հանդիսատեսը տասներկուերորդ ֆուտբոլիստն է։ Ախպեր, մեզ այս պահին տասներկուերորդ ֆուտբոլիստ պետք չէ։ Մեզ պետք է խաղադաշտ ելած տասնմեկին հասկացնել, որ իրենց խաղը դիտելու եկածները լավ էլ հասկանում են, որ մրցակիցն այս պահին իսկապես մեր ատամի բանը չէ, բայց սրտանց ուզում են, որ տղերքը կռիվ տան, ու ոչինչ, որ հաղթողը մերոնք չեն լինելու։ Այսօ՛ր չեն լինելու, վա՛ղը չեն լինելու, բայց վաղը չէ մյուս օրը մե՛րն է լինելու։ Արամ Ոսկանյան մարզչից մեր ուզածը տղաներին այս պարզ ճշմարտությունը հասցնելն է, թե չէ էն, որ ասում է` մեզ համար կապ չունի, թե մրցակիցն ով է լինելու, հենց էստեղ ֆուտբոլային ամենամեծ անկապությունն է մեջտեղ գալիս. ախր ո՞նց կապ չունի, այ բալամ, ախր էդ ի՞նչ ես ասում, ի՞նչ իմաստ ունի ասածդ, եթե տակը ուսանելու բան չի դրված որպես հիմք ու հիմնային։


Թերևս այսքանով բավարարվենք, որովհետև որքան խոսես, այնքան խոսելու նոր բան կբացվի, ու նորից ստիպված կլինենք հիշել տարիներ առաջ հեռուստաընկերություններից մեկի էն հաղորդումը, որում հավաքել էին Հայաստանի 17, 19, 21 տարեկանների հավաքականների գլխավոր մարզիչներին, ու սրանք, սպասվելիք առաջնությունների մասով խիղճ-ամոթ կորցրած, էնպիսի մի լուսե հեռանկար բացեցին ամեն մի հավաքականի կտրվածքով, որ նստած տեղը հրճվանքից ոտքերս գետնից կտրվել էր։
Իսկ իրականում ինչ եղա՞վ։ Երեք հավաքականով 30-ից ավելի բաց թողած գոլով վերադարձան երկիր՝ ամեն մեկը «պատվարժանորեն» իր ուսերի վրա վերցնելով խմբայինը եզրափակողի դերը։


Իհարկե, այս վատի ու բացասականի կողքին լուսավոր բան էլ է եղել։ Հիշենք, թե 2005-ին մեր 19 տարեկանների ընտրանին ի՜նչ կռիվ տվեց, խմբայինն ինչպես առաջին տեղով ավարտեց, ելանք եսիմ ուր հասանք... Եղել են, մենք հո չենք ասում, թե չեն եղել։ Կամ հո չե՞նք ասում, թե չեն լինելու, պարզապես ասում ենք՝ տղերք, ավելի քիչ՝ խոսք, ավելի շատ՝ գործ։ Մենք համբերատար սպասող ենք, մենակ թե գարուն ու զարթոնք բերեք։


Սակայն որպեսզի տպավորություն չստացվի, թե միայն վերը հիշատակված չորս թիմերն են Եվրոպայի երևանյան առաջնության եզրափակչին մասնակցում, ասենք, որ կա նաև երկրորդ խումբը, որը կազմել են Ֆրանսիայի, Իռլանդիայի, Չեխիայի, Նորվեգիայի ընտրանիները։ Հատկանշական է, որ այս ութնյակից վեցը տարբեր ժամանակներում կրել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Այդ երջանկությունը չեն ունեցել միայն մերոնք ու նորվեգացիները։
Իսկ ամենատիտղոսակիրն Իսպանիայի ընտրանին է, որը 2002 թվից այս կողմ յոթ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը (ի միջի այլոց, տարիքային այս խմբի առաջնություններն անցկացվում են հենց այս թվից)։ Վերջին առաջնության հաղթողները պորտուգալացիներն են, եզրափակչում պարտության են մատնել իտալացիներին։ Այնպես որ, այս հավաքականների երևանյան հանդիպումն իտալացիների համար հաշիվ մաքրելու լավ հնարավորություն էր, որից այդպես էլ չկարողացան օգտվել։
Ավարտելուց առաջ ասենք, որ Հայաստանի ընտրանին խաղում է երեք օրը մեկ գրաֆիկով, գլխավոր մարզչի հավաստմամբ` թիմն առաջնությանը նախապատրաստվել է հենց այդ մրցակցային սկզբունքով։
Թերևս այսքանը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ