Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
01.08.2019 | 11:33

(Նախորդ մասը)

Ադմինիստրատիվ աշխատանքի մեծ փորձ ունեցող և խորհրդային բյուրոկրատիայի կարևոր դեմքերից մեկը հանդիսացող Ֆադեյ Սարգսյանը գիտեր, որ իր հրամանագրերով ակադեմիայի թղթակից անդամներին ակադեմիկոսի կոչումներ շնորհելով կկարողանա ստանալ իրեն սատարողների մի վճռական թվաքանակ, կճնշի «համբարձումյանական» ակադեմիկոսների դիմադրությունն ու կդառնա ՀՀ Գիտությունների ակադեմիայի միանձնյա կառավարիչը: Այսպես ավելի ճիշտ կլինի գնահատել նրա նոր աշխատանքի էությունը, որովհետև Ֆադեյ Սարգսյանը երբեք գիտնական չի եղել, եղել է գիտական կոլեկտիվի աշխատանքների հմուտ կազմակերպիչ ընդամենը:


Իր օրագրում Վիկտոր Համբարձումյանը գրել է, որ Հայաստանի նման փոքրիկ երկրում հնարավոր չի լինի ակադեմիա բերել արժանի գիտնականներին, ամեն ինչ կդրվի ծանոթության և կոռուպցիոն գործարքների ազդեցության տակ, որն արդեն ամբողջությամբ ընդգրկել է հայկական իշխանությունների վերին էշելոնները: Վիկտոր Համբարձումյանը այստեղ էլ էր ճիշտ ու հեռատես: Հիմա ունենք այնպիսի ակադեմիա, որը մեր երկրին, կարելի է ասել, տալու բան չունի, պետք չէ, դարձել է մի դուքան, որտեղ յուրաքանչյուրն իր սեփական գործն է անում՝ մտածելով անձնական խնդիրները լուծելու ու բարեկեցության մասին: Նստել են ակադեմիայի շենքերում ու հոդվածներ են գրում: Ոչ մի բացատրություն ու խոսք անգամ չկա, թե տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված մեր երկրի ինչին են պետք այդ հոդվածները, բայց շարունակում են գրել, որովհետև պիտանիության այլ դերերում իրենց չեն տեսնում ու պատկերացնում:


2016 թվականին «Голос Армении» թերթի խմբագրությունը «Կլոր սեղան» էր կազմակերպել՝ «Ինչպես վերականգնել Հայաստանի արդյունաբերությունը» թեմայով: Մեկ դյուժին ակադեմիկոսների հետ ինձ էլ էին հրավիրել: ՈՒշադիր լսեցի մեր ակադեմիկոսների ելույթները, ինձ էլ էր հետաքրքիր, թե ինչպես են նրանք պատկերացնում Հայաստանի արդյունաբերության զարգացումը և որտեղ են տեսնում իրենց օգտակարությունը՝ նոր արդյունաբերություն կազմակերպելու հարցերում: Ի զարմանս ինձ, ոչ մի կոնկրետ առաջարկություն չեղավ: Ինձ համար սովորական է դարձել, երբ նման հանդիպումներում ես ներկայացնում եմ միայն հելիոֆիկացիայի ծրագիրը՝ իր բոլոր կողմերով ու մանրամասնություններով ակնկալելով լսել մասնագետների քննադատությունները, որոնք հետագայում դառնում են թերությունները վերացնելու առաջարկություններ: Մեր ակադեմիկոս ընկերներին առաջարկեցի մտնել գործի մեջ և լուծել այն խնդիրները, որոնք մոտ են իրենց մասնագիտական ընկալումներին, դրանք շատ են՝ կենսաբանությունից սկսած, օպտիկայով վերջացրած: Նրանց դեմքերին այնպիսի քար անտարբերություն տեսա, որ ստիպված եղա ինքնաբուխ ելույթ ունենալ:


-Այսօր դուք ցույց տվեցիք ձեր կատարյալ իմպոտենցիան՝ երկրի տնտեսության առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման նկատմամբ, ի՞նչ եմ ասում, առանց խոսքի էլ ամեն ինչ պարզ է:
Կարելի է զարմանալ՝ զայրույթ կամ հավանություն արտահայտող ոչ մի արձագանք չստացա: Պահի տակ ունեցած իմ ոչ այնքան հաճելի ելույթը պատճառ դարձավ, որ նման ակադեմիական «Կլոր սեղաններին» ինձ այլևս չեն հրավիրում:
1984 թվականի աշնանային մի գեղեցիկ օր Բյուրականում նստած եմ Վիկտոր Համբարձումյանի աշխատանքային առանձնասենյակում ու միասին քննարկում ենք մեծ աստղադիտակի վրա ինֆրակարմիր դիապազոնում աշխատող տեսասարք տեղադրելու խնդիրը՝ ստացվող պատկերները գրանցելու համար: Սա երազ չէր:
Աստված իմ, մտածում եմ ինքս ինձ, այս ու՞ր եմ հասել, ի՞նչ հրաշք է տեղի ունեցել, շարքային գիտնականս նստել ու անձամբ իր` աշխարհահռչակ գիտնականի հետ քննարկում եմ համատեղ աշխատանքներ կատարելու հեռանկարային թեման: Մեր անդրանիկ հանդիպման ժամանակ ինձ վրա մեծ տպավորություն թողեց նրա ծայրագույն համեստությունն ու համբերատարությունը, թույլ էր տալիս խոսքս ավարտեմ, անընդհատ հարցեր էր տալիս ու պատասխանը լսում մինչև վերջ, մեծ հետաքրքրությամբ էր ընկալում այն, ինչն իր համար նորություն էր, շատ բաների վրա նույնիսկ զարմանում էր, թե ինչպես է դա հնարավոր: Օրինակ, քննարկում ենք արձակման համար նախապատրաստվող արբանյակի վրա նոր կոնստրուկցիայի աստղադիտակ տեղադրելու խնդիրը: Տպավորությունն այսպիսին էր, որ մեծանուն գիտնականն աշխատանքից բացի ուրիշ հետաքրքրություններ չունի: Նման միտք ծագեց, երբ նկատեցի նրա ձյունաճերմակ վերնաշապկի գզգզված օձիքը, փողկապը և հնամաշ կոստյումը: (Նման իրավիճակներում մեր իշխանավորները, օրինակ Փաշինյանը կամ Արմեն Սարգսյանը, զարմանալի մոտեցում են ցուցաբերում կարող են չլսել, չլսածին ու չիմացած խնդիրներին այնպիսի բացատրություններ տալ ու լուծումներ առաջարկել, որ մնում ես զարմացած, թե այս գործչները որտեղ են կրթվել ու դաստիարակվել): Այսպիսի մի լուծում առաջարկեցի.
-Աստղադիտակը պետք է տիեզերք ուղարկվի քանդված վիճակում և հավաքվի տեղում:
-Իսկ ո՞վ և ինչպե՞ս է այնտեղ հավաքելու, այս արբանյակը տիեզերագնաց չունի:
-Իսկ ո՞վ և ինչպե՞ս է հավաքում բոլոր արբանյակների երկարաթև ֆոտոպանելները:
-Ճիշտ է, դրանք հավաքվում են ավտոմատ ձևով, մենք էլ կարող ենք այդպես վարվել,- ժպտալով հաստատեց Վիկտոր Համբարձումյանը:
Այս աշխատանքը հետագայում հանձնարարվեց հայկական մեկ այլ հանճարի խորհրդային գիտության փայլուն «լուսատու», ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ինստիտուտին, որը գտնվում է Գառնիում: Բյուրականի աստղադիտարանի նման այնտեղ ևս աշխատանքները շարունակվում են մինչ օրս, որովհետև մեր ակադեմիկոսներն իրենց հետևից աշխատող գիտական շկոլաներ են թողել: Մեր քննարկումների արդյունքում ստեղծվեց համատեղ հետազոտական աշխատանքներ կատարելու մի պայմանագիր, որի տակ դրվեցին ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի և իմ ստորագրությունը՝ որպես «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ի տնօրենի: Այդ պայմանագրի իմ օրինակը պահում եմ առանձնակի նվիրումով՝ որպես մի մասունք, պայծառ հիշատակ ու մի կարևոր դրվագ իմ գիտական կյանքից:


Դպրոցում ու մեր ընտանիքում գիտության միայն մեկ «լուսատու» էինք ճանաչում. դա Վիկտոր Համբարձումյանն էր, ում անունը թնդում էր աշխարհով մեկ: Ստացվեց այնպես, որ, մինչև մեր աշխատանքային հանդիպումը, մեր աշխարհահռչակ գիտնականի հետ երկու թռուցիկ հանդիպում էլ եմ ունեցել: Առաջին անգամ ես նրան տեսել էի 1962 թվականի մարտին, Սպիտակում, երբ նա եկել էր հանդիպելու իր ընտրողների հետ՝ որպես ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածու: Սպիտակի թիվ 3 դպրոցի աշակերտներիս շարք էին կանգնեցրել շաքարի գործարանի ակումբի մուտքի մոտ և հանձնարարություն տվել. պետք է ծափահարեք, երբ նա մեքենայից իջնի ու քայլելով մոտենա ակումբի շենքին: Երկրորդ անգամ Վիկտոր Համբարձումյանին ճանապարհ ենք դրել բուռն, երկարատև սուլոցներով: 1965 թվականի ապրիլի 24-ին էր, Լենինի հրապարակում, երբ նա կառավարական տրիբունայից ելույթ ունեցավ՝ հորդորելով դադարեցնել Հայոց Մեծ եղեռնի ցույցը:
-Իմ սիրելի ժողովուրդ, այս հարցերը այդպես չեն լուծում, ցույցը պետք է դադարեցնել:
Իհարկե, հրապարակում այնպիսի մթնոլորտ էր ձևավորվել, որ նույնիսկ Վիկտոր Համբարձումյանի խոսքը չէր կարող մեզ վրա ազդել, ցույցը պետք էր շարունակել: Շարունակելը շարունակել, բայց չգիտեինք, թե ինչպես է պետք շարունակել, որոնք են մեր հաջորդ քայլերը: Ցուցարարների շրջանում լուրեր տարածվեցին, որ Հովհաննես Շիրազին տնային կալանքի են ենթարկել, պետք է գնալ ու ազատել: Դրա արձագանքը երկար սպասել չտվեց, ցուցարարներս դուրս եկանք հրապարակից, շարժվեցինք Շիրազի տան ուղղությամբ: Հետո տեսանք, որ նա ողջ և առողջ է, կանգնել էր իր պատշգամբում ու մեզ էր ողջունում՝ օդային համբույրներ ուղարկելով: Հիմնականում Զեյթունի հանրակացարաններում ապրող ուսանողներիս կողմից նախապատրաստված ու անցկացված ցույցը կարող էր նաև տեղի չունենալ, եթե առանձնահատուկ համառություն չցուցաբերեինք: Կոնսպիրատիվ խստագույն պայմաններում աշխատանքներ էինք տարել, որ Եղեռնի 50-ամյակի ցույցը սկսվի ապրիլի 24-ին, ժամը 10.00-ին՝ հասկանալով, որ այն հեշտ չի լինելու, որ կազմակերպիչներին դաժան ձևով պատժելու են, դա անխուսափելի էր, բանտարկություններից բացի ինձ ամենից շատ անհանգստացնում էր ինստիտուտից վտարվելու վտանգը: Նշեմ, որ մեր մեջ անբաններ կամ մարդկային այլ թափթփուկներ չկային, եղեռնի ցույցի կազմակերպչական կորիզը կազմում էին ուսման առաջավորները՝ Համլետ Եդիգարյանը, Ստեփան Սահակյանը (հետագայում՝ Մոսկվայի պետհամալսարանի ասպիրանտ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Մերուժան Մագոյանը (հետագայում՝ միլիցիայի գնդապետ), Սեյրան Աֆյանը (հետագայում՝ Անանիա Շիրակացի համալսարանի ռեկտոր), Գրիգոր Մնացականյանը (հետագայում՝ տ.գ.թ., հելիոֆիկացիայի ծրագրի համահեղինակ), Սամվել Սաֆարյանը (հետագայում՝ գեներալ, Արցախի պատերազմի հրամանատար) և այլն: Մեր հիշատակի ու բողոքի ցույցը ուղղված էր ոչ միայն 1915 թվականի Թուրքիա պետության կազմակերպած վայրագությունների դեմ, այլև այն ոչ պակաս անմարդկային գործողությունների դեմ, որոնք հետևողականորեն իրականացվեցին Ռուսաստանի ու Ստալինի կողմից՝ հաղթանակած ռուսական բանակը Արևմտյան Հայաստանից դուրս բերելու, հայկական զինված խմբերին թուրքական կանոնավոր բանակի դեմ մեն մենակ թողնելու, թուրքերին զենքերով ու ոսկով օգնելու, Մոսկվայի պայմանագրով մեր հայրենիքի մի կարևոր հատվածը ցեղասպան երկրին նվիրաբերելու, կամաց-կամաց հայաթափելու նպատակով Նախիջևանն ու Արցախը Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու հանցավոր գործողությունների միջոցով: Հասկանում էինք, որ խաղաղ ցույցի բնույթը միայն ու միայն քաղաքական է լինելու, որ այն ԽՍՀՄ-ում առաջին անգամ է լինելու՝ ուղղված ՍՄԿԿ-ի կողմից շարունակվող հակահայկական քաղաքականության դեմ:


Այդ տարիներին էր, որ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինը Ստամբուլում պաշտոնապես հայտարարեց, որ Խորհրդային Միությունը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չունի: Կոսիգինը տարածքային պահանջներ չուներ, բայց մենք ունեինք և ունենք, դա հայ ժողովրդի միասնական պահանջն է: Ցուցարարների մեր երթը շարունակվեց Մաշտոցի պողոտայով, անցանք քաղաքի փողոցներով ու, մոտ 4 ժամ անց, մեծ թափ հավաքած, դպրոցականների ու բանվորների հաշվին ավելի ծավալված, դարձյալ վերադարձանք հրապարակ: Այստեղ բարձրախոսներով հնչեցվեց ռուս հրամանատարի խրոխտ հրամանը. «ԺՈþ ՑպւվՌփպրՍՏպ րսՏՉՏ, վպ ՏրՑՈվՏՉՌՑՖրÿ!» Մենք հասկացանք, որ մեզ զգուշացնում են, սպառնում են զենք կիրառել, չենթարկվելու դեպքում կարող էին կրակել անզեն մարդկանց վրա: Խորհրդային երկրում դա հնարավոր էր ու սպասելի, դեռ չէր բոլորել Նովոչերկասկի դեպքերի երեք տարին, երբ Խրուշչովի հրամանով խորհրդային բանակի զինվորներն ու ԿԳԲ-ն մարտական փամփուշտներով կրակեցին խաղաղ ցույցի ելած ռուս աշխատավորների վրա: («Նովոչերկասկյան գնդակահարությանը» զոհ դարձան 26 և վիրավորվեցին 87 մարդ, կազմակերպիչներից յոթին գնդակահարեցին, մյուսները դատապարտվեցին երկարաժամկետ ազատազրկման), վստահ էինք, որ ռուսների սոցիալական բողոքի ելած ցուցարարների չխնայող կուսակցական վերնախավը չէր խնայելու նաև մեզ՝ հայերիս:


Հետագայում ուսանող ընկերներով վերլուծեցինք Վիկտոր Համբարձումյանի ելույթն ու եկանք այն եզրակացության, որ Վիկտոր Համբարձումյանը հասկանում էր, թե ինչ էր սպասում ցուցարարներիս, հավանաբար իրազեկ էր ցուցարարների վրա կրակելու Մոսկվայի պլաններին: Հրապարակում կանգ չառանք, մեր քայլերթը շարունակեցինք դեպի Կոմիտասի գերեզման: Եղեռնի 50-ամյակի ցույցերի կազմակերպմանն իմ անմիջական համեստ մասնակցությունը համարում եմ կյանքումս կատարած ամենակարևոր քաղաքական քայլը, գիտակցված ձևով գնացի այդ հանդուգն քայլին ու ճիշտ արեցի: Դրանում ես կրկին համոզվեցի 2015 թվականի ապրիլի 24-ին, երբ Մեծ եղեռնը նշելու համար Երևան էին ժամանել աշխարհի գերտերությունների ղեկավարները՝ Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների հետ: Հարկ եմ համարում նշել Սերժ Սարգսյանի կողմից 2015 թվականի ապրիլի 24-ի առիթով կազմակերպված միջոցառման բարձր մակարդակն ու պատմական նշանակությունը՝ ելնելով Հայ դատի խնդիրների լուծման տեսանկյունից: Բայց նաև հասկանում եմ, որ 2015 թվականի միջոցառումը չէր լինի, եթե 50 տարի առաջ կազմակերպած չլինեինք ԽՍՀՄ-ի պատմության մեջ առաջին լայնամասշտաբ հակակառավարական ցույցը: Չէր լինի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը իր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտով, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից քաղաքական գործիչներ ու պետությունների ղեկավարներ են այցելում, ցավի ծաղիկներ են դրվում, գլուխներ են խոնարհվում, հիշատակի ծառեր տնկվում՝ ի հիշատակ մեր անմեղ զոհերի, ցեղասպանության զոհ դարձած կանանց ու ծերերի, երիտասարդների ու մանուկների՝ լսելով ու հասկանալով մեր ներքին ձայնը. այդ ամենը Թուրքիան չի մարսելու:


«Կգա մի օր և ...» ,- սրանք իմ մանկության լավագույն ընկերոջ, օպերային երգիչ ու երգահան, Կոմիտասի ու հայկական ժողովրդական երգերի լավագույն կատարող Ռուբեն Սահակյանի երկու փայլուն ստեղծագործությունների առաջին բառերն են, որոնց ես հավատում եմ: Այո, «կգա մի օր...», երբ մեր սերունդները կտոնեն մեր վերջնական հաղթանակը, որովհետև մենք հայ ենք, մենք աշխատել ու պայքարել գիտենք:
Ի միջի այլոց, 1965 թվականի Եղեռնի ցույցը, որի սկիզբը մազից էր կախված, կարող էր նաև տեղի չունենալ: Մեր ուսանողական խմբերին, որոնք կամաց-կամաց սկսեցին մոտենալ հրապարակին, դիմավորեց քաղաքացիական հագուստներով միլիցիոներների ու ԿԳԲ-ի աշխատակիցների ստվար բանակը, մեզ թույլ չտվեցին մտնել հրապարակ, նրանց թիվը ցուցարարներից մի քանի անգամ ավելի էր: Մեզ հետ քշեցին՝ մինչև «Մոսկվա» կինոթատրոնը: Այնտեղ մենք 4-հոգանոց խմբերից բաղկացած շարասյուն ձևավորեցինք ու հետ վերադարձանք՝ ներկայանալով որպես խաղաղ երթի մասնակիցներ, մայթով քայլեցինք մինչև «Արարատ» ռեստորանը ու միանգամից, ձախ դարձ անելով, վազքով մտանք հրապարակ, մեր մուտքը կանխել չհաջողվեց: Հիմա մի համեստ ու հայրենասեր ընկեր ունեմ, որի անունն է Նիկիտա Զարոբյան: Այո, դուք ճիշտ հասկացաք, նա ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի որդին է: Յակով Զարոբյանը իր բարձր քաղաքական պաշտոնը զոհաբերեց՝ այն նվիրելով ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման ու հետևանքների վերացման սուրբ գործին, նա դա արեց գիտակցված՝ որպես հայ ժողովրդի արժանի զավակ, շնորհակալություն նրան ու Վիկտոր Համբարձումյանին, որ կարողացան չեղարկել Եղեռնի ցույցի մասնակիցներին պատժելու Մոսկվայի որոշումը, որի շնորհիվ մենք չպատժվեցինք ու շարունակեցինք մեր գործն ու ուսումը: Հավաստի փաստեր չունեմ, բայց հոգուս խորքում մի կասկած ունեմ, որ Զարոբյանն էր 1965 թվականի Եղեռնի ցույցերի անտեսանելի կազմակերպիչը: Դա երևաց նրա հուղարկավորության ընթացքում, երբ սգո արարողության ժամանակ մարդիկ արեցին ամեն ինչ, որ նրա վրա հողը լցվի միայն երախտապարտ մարդկանց ձեռքերով:
(շարունակելի)

Հ. Գ. Շվեդացի 16-ամյա դպրոցական Գրետա Թունբերգի «էկոլոգիական» նախաձեռնությունը մեծ արձագանք է գտել աշխարհում, Շվեդիայի կառավարությունը որոշել է նրան ներկայացնել Նոբելյան մրցանակի՝ որպես Թրամփի մրցակցի: Մենք որոշել ենք միանալ այդ շարժմանը՝՝ առաջարկելով իրականացնել երկրների հելիոֆիկացիայի մեր ծրագիրը:
Հայ դատի օգտին կատարվելիք իմ հաջորդ, միգուցե ավելի կարևոր քայլը կլինի աշխարհի հելիոֆիկացիայի գործընթացը Արցախից սկսելը: Արցախի հելիոֆիկացիան կունենա ոչ միայն տնտեսական, այլև խոր քաղաքական նշանակություն՝ առաջ տալով Արցախի հայկական պետության միջազգային ճանաչման գործընթացը: Ես պատրաստ եմ ձեռքերս փրփուրներին գցելու՝ դիմելով մեր իշխանություններին ու մեծահարուստներին, որ այս հարցում խոչընդոտներ չստեղծեն ու ֆինանսավորեն առնվազն մեկ Ճարտար գյուղի հելիոֆիկացիայի գործը: Սա կլինի նաև պատվաբեր ու հեռուն նայող հայրենասիրական ակցիա, նաև շահութաբեր բիզնես՝ ներդնողների համար:

(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 12758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ