Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անգրագիտության և զոռբայության մրցավազք

Անգրագիտության և զոռբայության մրցավազք
01.08.2019 | 11:48

Իմ աշխատանքային շփումները թույլ են տալիս ասել, որ մայր թատրոնի տնօրենը անգրագետ երիտասարդ է, իսկ անձնական նկատառումներով նրա համար դոշ տվող մի երկուսը ստվերված մարդիկ չեն։ Մեկը` թատրոնի առօրյայով չհետաքրքրվող, ոչ բոլոր գործընկերներին ճանաչող, խարդավանքներին չմասնակցած և ըստ պահանջվածի աշխատանքի ներկայացող (երբ այս կամ այն դերն են առաջարկում) ՀՀ վաստակավոր արտիստուհին հիմա այնպե՜ս է փոխվել, որ ինքնամոռաց լծվելով գործատուի գովերգությունների քարոզարշավին, աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու նախաշեմին վերջինիս համարում է ոչ միայն սրբագործված հայտնություն, այլև իրավունք վերապահելով իրեն, դրվատանքով է արտահայտվում թատրոնի բարելավված ֆինանսական վիճակից, որից ընդհանրապես գլուխ չի հանում, ու ստեղծում է կատարյալ տրագիկոմեդիա։ Չգիտես արտասվե՞ս, թե՞ ժպտաս։ Կայքերից մեկում տված հարցազրույցի իրական հեղինակն իմ շատ սիրելի Ջուլիետա Ստեփանյա՞նն է, թե՞ նրա նմանակը։ Իրողությունն ավելի քան նողկալի է, դերասանուհին խաղի մեջ է մտել այն բանից հետո, երբ նրա ամուսինը, դարձյալ ինձ անչափ հոգեհարազատ մարդ-արվեստագետը, աշխատանքի է տեղավորվել մայր թատրոնում...


Մյուսը` ձեռագիր ունեցող, բայց վերջին 4-5 տարում մատը մատին չտված և գործատուի առաջարկով մենեջմենթի գծով փոխտնօրենի պաշտոնն անհասկանալիորեն զբաղեցրած 67-ամյա տատիկը, փոխանակ վայելի անչափ սպասված թոռան քաղցրությունը և շարունակի թղթին հանձնել իր հուշերը, դարձել է սունդուկյանցիների անցանկալին զուտ նրա համար, որ արտոնյալ կարգավիճակում հայտնվելու բանաձևեր ունի և այն ծառայեցնում է գործատուին` սևերի ու սպիտակների բաժանման գիծը քաշելուն։


Եվ որպեսզի այսօրինակ մի երկուսը ևս որպես լրացման լրացում, գնահատությանս առնչությամբ (մանավանդ` անգրագետի) վաղն անտեղի չզբաղվեն պատասխանատվության ենթարկելու մտավարժանքով, առաջարկում եմ փորփրել բառարանները։ Ամենուր նույն բացատրությունն է։ Օրինակ, Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» 51-րդ էջում կարդում ես` անգրագետ - փխբ. սխալներով լի, շատ սխալներ պարունակող։ Այս առումով Վարդան Մկրտչյանն արդարանալու հնար պարզապես չունի։ Ժամանակին քանիցս նրան բացատրել, հասկացրել եմ, իր խնդրանքով գրել կարճաժամկետ և երկարաժամկետ գործունեության ծրագրային դրույթներ, ուղղորդել հատկապես կադրային քաղաքականության հարցում։ Ընդունել է խոհեմաբար, իր շրջապատում ինձ ներկայացրել արժանապատվորեն, համարելով թատրոնի թիվ 1 պրոֆեսիոնալ։ Բայց որոշ ժամանակ անց, վարդի նման բացվելով, նկատվել է բոլոր կողմերից և շարունակել իր էշը քշել, հիշեցնելով, որ ինքն է տնօրենը, այդպես է կամենում։


Սուլթանական մոտեցման պատճառով առաջացած անգրագիտության դրսևորումներին անդրադարձել և միայն մեկիկ-մեկիկ շտկումներ է կատարել ուշացումով, հրապարակային ելույթներիցս հետո` արդեն իսկ ֆինանսական վնաս պատճառած։
Մեզ հասած լուրերի համաձայն, ոչ ադեկվատ տնօրենի նորածավալ սխալները բացահայտվել են իրար հաջորդած ստուգումների և նախարարության աուդիտի արդյունքում։ Ավելին, անգրագիտության առանձին օրինակներ հաստատվել են նաև օրենքի ուժով, ասել է` 1-ին, 2-րդ և 3-րդ ատյանի դատարաններում։ Կարծում եմ, ընթացքում գտնվող քաղաքացիական 3 գործեր նույնպիսի հանգուցալուծում կստանան։ Իսկ մինչ այդ, եթե ժամանակ և հնարավորություն ընձեռնվի, հարկավոր է սխալների ուղղում կատարել սեփական կռահումով անգամ բարեգործությամբ արված նոր բեմահարթակի պարագայում։ Սև տուփ կոչվածի (դասական պատկերացումներից շեղված, քառակուսի կամ երկրաչափական այլ ձևեր հիշեցնող բեմ) համար սունդուկյանցիներն արդեն խանդավառված չեն, անվանում են սգո սրահ` համեմատության մեջ դնելով նվերի ձևն ու գույնը, առաջին հայացքից ստացվող տպավորությունը, մի տարբերությամբ, որ այստեղ, առանց հանդիսատեսի, 6-7-հոգանոց դերասանախումբը 15 րոպե խաղալուց հետո շնչահեղձ է լինում։ Չկա ոչ բնական և ոչ էլ արհեստական օդափոխություն։ Կառուցել են հայավարի, հապճեպորեն, նաև վերադասին մի լավ գործ ցույց տալու միտումով։ ՈՒնենք այն, ինչ կա։ Չիմացության արդյու՞նք է, վրիպու՞մ, թե՞ տնօրենի միահեծանություն` սկսած ամենատարրականներից։ Թատրոնին կից ստուդիայի 2018 թ. շրջանավարտներից մեկի վկայականում ուսումնառության երեքի փոխարեն գրառել են երկու տարի, ի դեպ, ամսական վարձը 25 հազար դրամ է։ Կամ` ի՞նչն է ստիպել տնօրենությանը, որ տառասխալով գրված (հենց շապիկին) վկայականներում Արմեն Էլբակյան անվան դիմաց լրացված է կուրսի ղեկավար, երբ 2015-2018 ուս. տարիներին հրամանով եղել են` սկզբում Տիգրան Գասպարյանը, այնուհետև Սամսոն Մովսեսյանը, իսկ պրոֆեսոր Էդգարիչը հրամանագրված է եղել որպես ստուդիայի գեղարվեստական ղեկավար, միաժամանակ դերասանի վարպետություն առարկայի դասախոս։
Օրեր առաջ անգրագիտության մրցավազքում իր ուրույն տեղը զբաղեցրեց Վարդանի բերած թիվ 1 կադրը, աննախադեպ աշխատավարձ ստացող, աջ ու ձախ վազվզող ու աշխատանքային 3-րդ ամսում սունդուկյանցիների կողմից «փամփերս» մականունը վաստակած սուպեր փոխտօրենը։ Անվանակիրները, իհարկե, միանգամից և միանշանակ չեն ընդունում։ Կան մարդիկ, որ համակերպվում են աստիճանաբար, և կան, որ հպարտությամբ են կրում տրված մականունը։ Թե ո՞ր տեսակին է պատկանում Հրաչ Ներսեսյանը, կարևոր չէ, բայց ակնհայտ է մի բան։ Մկրտչյանի մուտքով ավելացել են մականունավորները և փոխվել դիմելաձևերը։ Կուլիսների հետևում գեղարվեստական ղեկավարին հիշելիս սկսել են հաճախակի գործածել նրա ջահել տարիների Չոմբե մականունը, գործատուին վերագրել հուդայական ժպիտ ասվածը, երիտասարդ դերասան Ալիկին կոչել մուտիտյան մուտիտ...


Վերադառնանք աշխատանքային տիրոջը կպած Հրաչ Ներսեսյանի ուրբաթ օրվա «քաջագործությանն» ու իմացության փայլատակումներին։ Այցելել էի թատրոն. դեռևս փետրվարի 25-ի գրավոր խնդրանքս` աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք ստանալու մասին, 1,5 ամսվա քար լռությունից հետո գործավար-օպերատոր Սաթենիկ Գասպարյանի շուրթերից փոխանցվեց Մկրտչյանի «հանճարեղ» պատասխանը. «...Երբ որ կստանանք դատարանի վերջնական վճիռը` վավերացված 2 կնիքով, այն ժամանակ էլ կանդրադառնանք»։ Նույն հարցով ապրիլին տնօրենությանն է դիմել նաև փաստաբան Ն. Բարսեղյանը։ Եվ ահա որոշիչ պահն արդեն կայացած է։ Կազմակերպությունն ինձնից օր առաջ է ստացել վճռաբեկ դատարանի վերջնական դիրքորոշումը, բայց պարզվում է, տնօրեն, թե փոխտնօրեն, հասկանալու հետ կապված խնդիր ունեն կամ էլ ստախոսելու և փախչելու ավելցուկ։ Երկրորդը շատ, առաջինը` էլ ավելի շատ։ Թատրոնում այս մասին բոլորը գիտեն, տեսել-լսել են պատեհ-անպատեհ առիթներով, ու մեկը կեսկատակ, կեսլուրջ արտահայտվել է. «Թատրոնին անհրաժեշտ է ոչ թե պայմանագրային հիմունքներով անվտանգության ծառայություն, այլ հաստիքով վախ չափող մարդու ներկայություն»։ Իմա` դեռ չիմացած այցիս նպատակը, տնօրենին փոխարինող Հրաչը հերթապահի միջոցով փոխանցում է մերժում և անտեղյակություն` գործի ընթացքից։ Մինչդեռ բարաթը տոկահարել է շաբաթ առաջ. քաղաքացիական գործով թիվ ԵԴ/8317/02/18 վճիռը` վավերացված 2 կնիքով և դատավոր Հ. Զարգարյանի 22.05.2019 թ. լրացմամբ. «Վճիռը բողոքարկվել է վերաքննության և վճռաբեկության կարգով, և թողնվել է անփոփոխ` օրինական ուժի մեջ»։ Միաժամանակ քաջատեղյակ են 16.07.2019 թ. կատարողական թերթից, որի 1-ին կետը բովանդակում է. «Վահե Մովսիսյանի հայցն ընդդեմ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի` հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել»։ Իսկ 3-րդ կետում ամրագրվածը թվում է ոմանց տեղ չի հասնում. «Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին»։


Երբ վիճակվեց ակնթարթային հեռախոսակապով լուսավորել դրության տիրոջը, պարոն Հրաչը «խիզախեց». «Ձեր մուտքն արգելված է, քանի որ չկա տնօրենի հրամանը», ու կարգադրեց անվտանգության ծառայության աշխատակցին. «Փակե՛ք թատրոնի բոլոր մուտքերն ու ելքերը», ասես ահաբեկիչների դեսանտ էր իջել։ Զավեշտալի իրավիճակի ականատես երկու թատերասեր ուսերը վեր քաշած հեռացան ձեռնունայն` տոմսարկղը նույնպես փականված էր։
Չկայացած փոքրիկ պաշտոնյան ու նրա շեֆը մի՞թե ի զորու չեն ընկալելու, որ չկա այլևս անձնական խնդիր։ Ո՞վ է իրենց իրավունք տվել քամահրանքով մոտենալու պետության մի ամբողջ համակարգը լրացնող անկախ կառույցին, դատարանի վերջնական որոշմանը։ Այդ ինչպե՞ս է անտեսվում անգրագիտության և զոռբայության համատեղումը, որի արդյունքում որբանում է մայր օրենքը։ Թվիքսված Վարդանն ու Հրաչն արդյո՞ք մարսելու են անմնացորդ։ Համաձայն չար լեզուների, մշակույթի նախկին նախարարի դեպքում դրված է եղել Մկրտչյանի ճամպրուկի հավաքումը։ Այսօր իրավիճակ է փոխվել և պահպանվող հույս կա կապված փոխնախարար ընկերոջ հետ։ Ճանաչելով ազնիվ, արդարամիտ Արա Խզմալյանին և հարգելով նախարար Արայիկ Հարությունյանի սկզբունքայնությունը, չեմ կարծում, որ պատրաստ են ներողամտութան։ Հակառակը, հակված են մեղվի հանգած փեթակ հիշեցնող մայր թատրոնի առողջացմանը, հիմնովին և հիմնարար բարեփոխումների իրականացմանը, առանց ներկայիս վարչակազմի, խծբ-ի։


Վարդանի պարագայում դա կլինի փրկության օր, քանզի ոչ ադեկվատ քայլերը մտահոգության տեղիք են տալիս կապված առողջության հետ և ահազանգ են իշխանություններին։ Ինչպե՞ս կարող է նա թքած ունենալ օրենքի և իրականության վրա, իսկ նրա Տիգրան եղբայրը ՀՀ-ն ներկայացնի մերձբալթյան երկրներում։ Մայր թատրոնի տնօրենը եթե այսօր ստվերում է դեսպան Մկրտչյանին, վաղը խայտառակելու է ռեսպուբլիկան։

Վահե ՄՈՎՍԻՍՅԱՆ (ՄԵԼԻՔՅԱՆ)
Անձնակազմի կառավարման բաժնի պետ

Դիտվել է՝ 5982

Մեկնաբանություններ