Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վրաստանը պետք է վերադառնա Ռուսաստանի հետ քննարկվող հարցերին

Վրաստանը պետք է վերադառնա Ռուսաստանի հետ քննարկվող հարցերին
28.09.2019 | 12:51

Ֆրանսիայի Les Echos թերթը հարցազրույց է վերցրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից.


-Հարավային Օսեթիայում ու Աբխազիայում՝ Ռուսաստանի օկուպացրած շրջաններում, պահպանվում էսառեցված կոնֆլիկտը: Դուք կողմ եք Ռուսաստանի հետ առճակատումից հեռանալուն՝ լուծման որոնումները հեշտացնելու համար: Ինչի՞ եք հասել:
-Սառեցված կոնֆլիկտները գոյություն ունեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, իսկ 2008-ի պատերազմից հետո դա դրսևորվեց այդ շրջանների ռուսական օկուպացումով: Մենք վերջնականապես հրաժարվել ենք խնդրի լուծման համար ուժի կիրառումից: Դիվանագիտությունը մեր միակ զենքն է: Քանի որ հիմա մենք չունենք Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերություններ, մենք հենվում ենք մեր գործընկերների հետ քննարկումների վրա, որ այս պահին, ցավոք, նույնպես սառեցված վիճակում են կամ իմաստ չունեն գործընկերների կողմից քաղաքական ճնշման բացակայության պատճառով: Իբրև նախագահ՝ իմ խնդիրն է, որ Վրաստանը վերադառնա
Ռուսաստանի հետ քննարկվող հարցերին: Պետք է Մոսկվային հիշեցնել 2005-ի հաշտության պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը: Պետք է վերսկսել բանակցությունները Ժնևում: Պետք է, որ ԵՄ դիտորդների առաքելությունը կարողանա դուրս գալ ներկա սահմաններից ու իրականում նպաստի լարվածության կանխմանը: Վերջապես, պետք է լուծել փախստականների հարցը: Մեր երկիրը պետք է գոյություն ունենան միջազգային ասպարեզում, ոչ միայն կոնֆլիկտների պատճառով: Մեր առաջ դիլեմա է՝ եթե կոնֆլիկտ չկա, մեզ մոռանում են:
— Ռուսաստանի հետ նոր լարվածությունից հետո Կրեմլը արգելեց ուղիղ ավիաթռիչքները: Դա պատիժ էր, որ Վրաստանը չպահպանե՞ց հակառուսական հիստերիա թույլ չտալու լուռ համաձայնությու՞նը:
— Ոչ մի լուռ համաձայնություն չկա, որովհետև քննարկում չկա: Սառեցված կոնֆլիկտները ունեն նման հատկություն՝ բնակչության ֆրուստրացիան կարող է հանգեցնել զայրույթի պոռթկումների: Նրանք, որ մեղադրում են ինձ ռուսամետության մեջ, պետք է ապացույցներ բերեն: Ես հոգնել եմ անվերջ բացատրել, որ ես Ռուսաստանի կողմից չեմ: Այսօր իմ արտաքին քաղաքականությունը շարժվում է միայն մեկ, Սահմանադրությամբ ամրագրված ուղղությամբ՝ դեպի ԵՄ և ՆԱՏՕ:
— Մինչև Ձեր նախագահական ժամկետի ավարտը Վրաստանը կդառնա՞ ԵՄ ու ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու:
— Վրաստանը վաղուց պատրաստ է: Պետք է, որ ԵՄ-ն պատրաստ լինի ընդունել մեր թեկնածությունը: Նախ պետք է բրեկզիտի հարցերը լուծել, պոպուլիզմի ու նրանց կասկածների, որ ձգտում են ոչ թե ընդլայնման, այլ՝ խորացման: 2003-ին արդեն կար նկատելի առաջընթաց՝ գործընկերություն, ասոցիացիա, վիզային ռեժիմի պարզեցում, ազատ առևտրի համաձայնագիր: Մեր գերակայությունն է՝ մասնակցել եվրոպական բոլոր ծրագրերին, որ ԵՄ-ն, երբ պատրաստ լինի, տեսնի, որ Վրաստանն արդեն ամենուր է: Մենք պատրաստ ենք և ՆԱՏՕ մտնել: Այս տարի մենք մասնակցել ենք երկու զորավարժության, ընդունել ենք ռազմական կոմիտեին ու գլխավոր քարտուղարին: Մերձեցման մեր գլխավոր խնդիրը Սև ծովում անվտանգությունն է, Եվրոպայի նոր հորիզոնը:
— Վրաստանն ուզում է կառուցել իր առաջին խորջրյա նավահանգիստը: Այդ նախագծի հետևում գտնվող բիզնեսմենի դեմ դատական հետաքննությունը վատ ազդանշան չի՞ լինի ներդրողների համար:
— Ներդրողներին այսօր առաջին հերթին անհանգստացնում է զբոսաշրջության անկումը Ռուսաստանի ու Վրաստանի միջև ուղիղ ավիաչվերթները հանելու պատճառով: Իբրև նախագահ՝ ես մեկնաբանություններ չեմ անի Մամուկա Խազարաձեի դատական հետապնդման մասին: Նրա բանկը շարունակում է նորմալ աշխատել: Նա վճռել է քաղաքականությամբ զբաղվել: Անակլիա նավահանգիստը կառավարության համար գերակայություն է: Խնդիր է, թե պետությունից բացի՝ ո՞վ է ներդրում անելու: Բոլոր դեպքերում՝ ես արտասահմանյան ներդրողների կողմից տագնապ չեմ զգում Մամուկա Խազարաձեի պատճառով: Հակառակ ընդդիմության հայտարարությունների, ես չեմ կարծում, որ դա քաղաքական գործ է:
Բենջամեն Քենել, Les Echos (Ֆրանսիա)


Հ.Գ. Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է Վրաստանի նախագահը բացատրելու, որ իր երկրի պատվիրակությունը վճռել է չմասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին։ ԵԽԽՎ-ում Վրաստանի ներկայացուցիչ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Կանդելակին հայտարարել է. «Ես սատարում եմ այս բոյկոտին։ Ես հենց սկզբից հանդես եմ եկել դրա օգտին: Չնայած հուլիսին այս քվեարկությունը (ռուսաստանյան պատվիրակության վերականգնման վերաբերյալ) մեր օգտին չէր: «Մեր» ասելով նկատի ունեմ վեց երկրներ՝ Ուկրաինան, Վրաստանը, Մերձբալթյան երկրները և Լեհաստանը, որոնք մասնակցել են ԵԽԽՎ-ին Ռուսաստանի վերադարձի դեմ դեմարշին. լեգիտիմությունն ու բարոյական գերակայությունը մեր կողմն են»: Հայտարարությունը եղել է երեկ, մինչդեռ Նյու Յորքում 2008-ի հնգօրյա պատերազմից հետո առաջին անգամ հանդիպել էին Ռուսաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները: Սերգեյ Լավրովի և Դավիթ Զալկալիանիի հանդիպումը տեղի է ունեցել Շվեյցարիայի միջնորդությամբ՝ Ռուսաստանն ու Վրաստանը պատերազմից հետո չունեն դիվանագիտական հարաբերություններ, և նրանց պաշտոնյաների շփումներն անցնում են շվեյցարական կողմի միջնորդությամբ։ Վրաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են բոլոր հարցերը, հիմնականը ռուսական օկուպացիայի հետ կապված հարցերն էին, ժնևյան բանակցությունների հետ կապված հարցերը և իրավիճակը Հարավային Օսիայի սահմանին։ Հանդիպման մանրամասներ ոչ ռուսական, ոչ վրացական կողմերը չեն հայտնում։ Դավիթ Զալկալիանին տեսագրություն է տարածել, որում շեշտել է, որ Լավրովի հետ հանդիպելուց առաջ խորհրդակցություններ է անցկացրել իր արևմտյան գործընկերների հետ։ Հակամարտությունները կարգավորելու համար Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի ամբիոնից խոսել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Լավրով - Զալկալիանի բանակցությունները մեկնաբանել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ հայտարարելով, թե Նյու Յորքում կայացած այդ հանդիպումը կարող է նպաստել երկու երկրների բարդ խնդիրների կարգավորմանը։ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ շվեյցարական կողմի միջնորդությամբ և հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերն ու մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի շուրջ։ Հավանաբար՝ Ստրասբուրգ չմեկնելը բանակցություններից գոհ չլինելու պատասխանն է: Բայց դա դիվանագիտության մեջ մանկամտություն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ