Ամիսներ առաջ «Իրատես» թերթի միջոցով Ձորաղբյուրի ամառանոցավանի (դաչաների) բնակիչների անունից դիմել էինք Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին բնակավայրը խմելու ջրով ապահովելու հարցով: Եկավ նրա ներկայացուցիչը, խոստացավ ուսումնասիրել խնդիրը, ու ամեն ինչ դրանով ավարտվեց: Մարզպետը նույնիսկ հարկ չհամարեց ընդունել նվաստներիս և միասնաբար հանգել ինչ-որ մի ընդհանուր հայտարարի: Ի վերջո բարձրացնում ենք մի հարց, որի իրագործումը շոշափելիորեն բարեկեցիկ կդարձնի բազմաթիվ մարդկանց կյանքը: Մենք էլ ենք հասկանում, որ խնդիրը դյուրին լուծվողներից չէ, սակայն ակնկալում էինք, որ հեղափոխական պաթոսը չինովնիկներին կդրդի ավելի ուշադիր լինել սեփական քաղաքացիների կարիքների ու պահանջների նկատմամբ: Սակայն, ինչպես ասում են, եթե չինովնիկը չի ուզում մի բան անել, ապա մատնանշում է բազմաթիվ դժվարություններ, իսկ եթե ուզում է, հաղթահարում է դրանք:
Խորհրդակցեցինք նաև Ջրվեժի համայնքապետ Ռոբերտ Պետրոսյանի հետ: Նա ասաց, որ հարցը դուրս է իր իրավասությունների շրջանակից (դրանով զբաղվում է տարածքային կառավարման և ենթակառուցքվածքների ջրային կոմիտեն), սակայն ինքը քաջատեղյակ է իրավիճակին: Ջուր կա, բայց այն ամառանոցավան հասցնելը կապված է ֆինանսական լուրջ ծախսերի հետ: Համայնքապետի կարծիքով, ներկա փուլում թերևս միակ մատչելի, թեկուզ և մասնակի բավարարման տարբերակ կարող է ծառայել ոռոգման ջրի մատակարարումները շուրջտարյա դարձնելը: Բանն այն է, որ ամառվա սեզոնին ավանն իրոք ապահովվում է ոռոգման ջրով, որը շատ մաքուր ջուր է և մենք այն առանց մտավախության օգտագործում ենք նաև կենցաղային նպատակներով, ոմանք նույնիսկ որպես խմելու ջուր: ՈՒրիշ հարց է, որ հարկ կլինի վերանայել խորանարդ մետր ջրի սակագինը: Մենք պատրաստ ենք գնալու «զոհողությունների»: Իմաստ կունենար վերհիշել, որ խորհրդային տարիներին ավանը շուրջօրյա ապահովված էր ջրով:
Մենք հակված չենք մեր խնդրանքը վերածելու փնովումների այս կամ այն պետական գերատեսչության կամ նրա աշխատակիցների հասցեին: Սակայն ուզում ենք հայցել նրանց ուշադրությունը: Կուզենայինք կրկին հիշատակել որոշ նկատառումներ, որ հայտնել էինք նախորդ նամակ-խնդրանքում: Խմելու ջրի հարցի լուծումը էապես կնպաստի այն բանին, որ ամառանոցավանում մեծանա մշտապես բնակվողների քանակը, որպիսիք, ի դեպ, համարվում ենք նաև մենք՝ նամակագիրներս: Երևանը ինչ-որ տեղ կբեռնաթափվի: Եվ հետո, ավանի բարենպաստ կլիման, մայրաքաղաքի մերձավոր հարևանությամբ այգի-բոստան ունենալու հնարավորությունը խիստ գայթակղում են նաև հայրենիքում բնավորվելու ցանկությամբ տոգորված սփյուռքահայերին, հատկապես մերձավորարևելյան հախուռն իրադարձություններից հոգնած հայրենակիցներին: Սակայն խմելու ջուր չլինելու պարագան թևաթափ է անում նրանց:
Բնավ էլ տուրք չտալով լիրիկային խնդրի հրատապության ֆոնի վրա, հավելենք հետևյալը: Մեր անմիջական հարևաններից մեկը ավանում ծիծեռնակի պես եվրոպատիպ բույն է շինել, լքելով ոչ ավել, ոչ պակաս... Փարիզը, որտեղ, ավա՜ղ, Մկրտիչը դարձել է Միշել: Պետք է միայն տեսնել, թե նորահայտ Մկոն ինչ սիրով է մշակում իր հայրենյաց նորատունկ այգին: Եվ խոժոռվում, երբ ստիպված է լինում ջրատար մեքենա պատվիրել: Հարևանական հավաքների ժամանակ նա սիրում է կրկնել, որ մեր ավանը շանսեր ունի դառնալու հայկական Նիցցա, եթե նույնիսկ ծովից էլ հեռու է: Մենք նրան համերաշխորեն մեղադրում ենք չափազանցության գիրկն ընկնելու մեջ, մինչդեռ ինքներս համոզված ենք, որ պատշաճ ուշադրության դեպքում մեր ամառանոցավանը կդառնա մի նոր Ծաղկաձոր՝ հայոց մայրաքաղաքի քթի տակ:
Հավատացեք, Միշելից Մկրտիչ վերադարձողներ շատ կլինեն, եթե միայն ամառանոցավանում մշտապես խմելու ջուր լինի:
Սասուն ԾԻՐՈՒՆՅԱՆ
Աշոտ ՄՈՒՂՆԵՑՅԱՆ
Հրայր ՊԱՏՎԱԿԱՆՅԱՆ
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
և ուրիշներ