«Ալիևը խոստովանեց՝ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրել է չկրակել, որ նախկինները չվերադառնան»
25.09.2020 | 00:30
«Ադրբեջանի բռնապետ նախագահը խոսել է դիվանգիտական բառապաշարին ոչ հարիր, ներքին լսարանին ուղղված ձևակերպումներով»-, «Իրատեսի» հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սեպտեմբերի 19-ի հայտարարություններին, թե Արցախի հարցով բանակցություններ չկան, և դրա մեղավորը Հայաստանն է, նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՏԱԹԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:
Ըստ նրա՝ հայատյաց հայտարարություններով, ռազմատենչ ելույթներով և ապակառուցողական դիրքորոշմամբ աչքի ընկած Ալիևը փորձում է ստեղծել բանակցային գործընթացի՝ «փակուղային» լինելու իմիտացիա, մինչդեռ չկա փակուղի ո՛չ ձևաչափի, ո՛չ էլ գործընթացի առումով: «Հայկական կողմը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքերից՝ շեշտելով, որ չկա խնդրի ռազմական լուծում և միակ լուծումը պետք է փնտրել խաղաղ բանակցային գործընթացի շրջանակներում: Այդուհանդերձ, մենք շեշտել ենք, որ անվտանգությունը զիջման ենթակա չէ, իսկ անհիմն, միակողմանի զիջումների մասին խոսակցությունները՝ անընդունելի: Հիշեցնեմ Բաքվի բռնապետին, որ և՛ ինքը, և՛ իր հայրը բազմիցս համաձայնություն են տվել առաջարկվող այն լուծումներին, որոնցում ամրագրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը, և դա ևս անքննելի է: Ակնհայտ է, որ բանակցությունների ընթացքի և արդյունավետության համար ամենամեծ սպառնալիքն Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն է, սադրիչ գործելաոճը, հակահայ քաղաքականությունն ու ռազմատենչ հայտարարությունները: Բանակցային գործընթացի շուրջ աշխատանքը պետք է սկսել ուժի և ուժի սպառնալիքի բացառումը շեշտելով, ինչպես նաև Ադրբեջանում առկա հակահայ տրամադրությունները փոխելու հստակ նպատակով,- ասում է պատգամավորը։ -Հայկական կողմերը բազմիցս են շեշտել՝ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն: Այդուհանդերձ, եթե Ալիևի նման ելույթներին հաջորդեն սադրիչ քայլեր Հայաստանի կամ Արցախի հետ սահմանի ուղղությամբ, ապա հայկական կողմերի արձագանքը լինելու է ավելի քան համարժեք: Ալիևը լավ կանի օր առաջ դասեր քաղի տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղանի շուրջ՝ հետագա քննարկումները շարունակելու նպատակով»:
Իլհամ Ալիևի հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ համար մեկ «մեսիջ ունի»՝ իր քայլերով և հայտարարություններով Ալիևն անում է ամեն ինչ՝ տապալելու բանակցային հարաբերությունները բոլոր ւկղղություններով։ Այդ մասին են վկայում ամենօրյա բնույթ կրող հակահայկական կատաղի ապատեղեկատվության տարածումը, պահեստազորայինների հրատապ հավաքները, թուրքական բանակի ներկայացվածությունն Ադրբեջանի տարածքում և այլն: ԲՀԿ-ական պատգամավորը վստահ է՝ Ալիևը իրականում հիմար չէ, և նա հստակ ճանապարով, հետևողականորեն ու միտումնավոր իրավիճակը դեպի լուրջ լարվածության է տանում: Իսկ թե ինչու՞ է այդ ռիսկերին գնում, ԲՀԿ խմբակցության քարտուղարը դա երկու հանգամանքով է բացատրում: Առաջինն Ալիևների ընտանիքի իշխանության պահպահնման «ռազմավարությունն է», ինչի շրջանակներում նա իր լիազորություններն ինչ-որ մի պահի նախ կնոջը՝ Մեհրիբան Փաշաևա-Ալիևային կփոխանցի՝ այդպիսով երկրի «ընտանեկան կառավարումը» երկարացնելով տասը տարով, ապա գահը կրտսեր Հեյդար Ալիևը կժառանգի. «Այս մեխնիզմը, սակայն, կաշխատի այն դեպքում միայն, եթե ներքաղաքական դաշտի ու հասարակության միջև փոխըմբռնման կոնսեսուս կա: Բայց ադրբեջանական հասարակությունում այսօր կոնսենսուային միակ թեման հակահայկականությունն ու հայատացությունն է: Երկրորդ կարևորագույն գործոնը Թուրքիայի պանթուրանական նկրտումներն են: Թուրքիան ցանկանում է ներգրավված լինել արցախյան հակամարտության լուծման բանակցային գործընթացում, քանզի հասկանում է, որ արցախյան ուղղությամբ ռազմական լարվածություն գեներացնելով՝ փաստացի հակամարտության կողմ կդառնա: Դա էլ իր հերթին նրան ենթադրելու տեղիք է տալիս, թե նման քայլերով կկարողանա առանցքային դերակատարում ունենալ տարածաշրջանի քաղաքական բոլոր գործընթացքներում: Այս համատեքստում մեզ համար թիվ մեկ խնդիրը ոչ թե Ալիևին զսպաշապիկ հագցնելը, այլ թուրքական գործոնի չեզոքացումը պետք է լինի»:
Արման Աբովյանի վերլուծությամբ՝ մեր երկու հարևաններն ամենայն լրջությամբ լայնածավալ պատերազմի են նախապատրաստվում, հատկապես տավուշյան ռազմական բախումներից հետո հստակորեն նշմարվում է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։ Որպես ասվածի ապացույց, պատգամավորը մի քանի իրողություն է թվարկում. «Զորավարժություններ անցկացնելու պատրվակով օգոստոսին Թուրքիան մի քանի հազար թուրք զինվորականներ և հարձակվողական դասի զինատեսակներ էր տեղակայել Նախիջևանի տարածքում, և մինչ օրս մեկ թուրք զինվոր կամ ռազմական տեխնիկայի միավոր դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից։ Վերջին ամսվա ընթացքում աննախադեպ ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում ադրբեջանցի և թուրք բարձրաստիճան զինվորականների միջև, ընդ որում, առանց ավելորդ տեղեկատվական աղմուկի։ Թուրքիայի ռազմական և քաղաքական վերնախավը շատ հստակ հայտարարում է, որ պատրաստ է «կիսել» Ադրբեջանի խնդիրներն ամբողջ ծավալով, որոնք վերաբերում են հայկական գործոնին: Այսինքն, թուրքերը բացահայտորեն հայտարարում են՝ պատերազմի վերսկսման դեպքում պատրաստակամ են օժանդակելու փոքր եղբորը: Արդեն տևական ժամանակ է միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնները լուրեր են շրջանառում այն մասին, որ Թուրքիան ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական խմբավորումների անդամներ է հավաքագրում՝ Հայաստանի և Արցախի դեմ հնարավոր պատերազմում ներգրավելու համար: Սրան զուգահեռ՝ թուրքական և ադրբեջանական մամուլում ապատեղեկատվություն է տարածվում, թե, իբր, Արցախում քուրդ զինյալներ են տեղակայված, որ պատրաստվում են ռազմական գործողություններ իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ։ Կարևոր է նշել նաև Իլհամ Ալիևի հայտարարությունն առ այն, թե բանակցություններն Արցախի հարցի շուրջ փաստացի տապալված են, և դա բացատրում է այն չեղած հանգամանքով, թե Հայաստանը պատրաստվում է պատերազմ հրահրել, հետևաբար նպատակահարմար չի համարում բանակցություններ վարել զուտ բանակցություների փաստը արձանագրելու համար»:
ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ՝ թեմայի վերաբերյալ դիրքորոշումը հետևյալն է. Ալիևը բաց տեքստով խոստովանեց՝ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրել է չկրակել, որ նախկինները չվերադառնան: Նա կասկած անգամ չունի՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունն ամրապնդելու համար պատրաստ է ոտնատակ տալ ազգային-պետական օրակարգը, Դուշանբեում նա «խուրդել» է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, և սա հասկանալու համար Ալիևի «խոստովանությունը» պետք չէ, պարզապես Ալիևը հաստատեց այն, ինչն իրականություն է: Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հստակ քաղաքական նպատակ ունեն և ընդհանուր քաղաքականության մի մասն են. «Դրան գումարենք թուրքական կողմի հայտարարությունները, և կհասկանանք, որ ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը: Նկատի ունենալով աշխարհաքաղաքական գործընթացները՝ ախորժակը մի մակարդակ ավելի է բարձրացել: Պանթուրքիստական շրջանակների ախորժակը շատ ավելին է, քան պարզապես Արցախը: Այս իրավիճակում ունկնդրել Նիկոլ Փաշինյանի չստացված դասախոսությունները, երբ նա պետք է դրա փոխարեն հակադարձեր Ալիևին, լսել ԱԳ նախարարի խոսքը, որ չի մեկնաբանում Ալիևի ելույթը, քանի որ այն հուզական էր, և թողնել թեման իշխանական ադրբեջանագետների վրա, պարզապես զավեշտալի է: Ալիևի հայտարարությունների հետևում հստակ երևում են տանկերն ու թնդանոթները»:
Մենք չենք վախենում պատերազմից, ընդգծում է Աշոտյանը, քանզի այն մշտապես եղել է Արցախի և Հայաստանի պետականությունը ապացուցելու ձևերից մեկը: «Խնդիրը շատ խորն է. եթե պատերազմ լինի, Հայաստանը չպետք է պիտակավորվի, որպես մեղավոր այդ պատերազմում: Ինչ վերաբերում է տեղեկատվական հարթակին, այստեղ մենք ակնհայտ պարտվում ենք: Պետական քարոզչա-մեքենան մնացել է մրցակիցներին սևացնելու դաշտում»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ