Արդեն 9-րդ օրն է հայ ժողովուրդը կենաց ու մահու կռիվ է տալիս, խափանում Թուրքիայի աշխարհակալ ծրագրերը, իսկ այդ նույն աշխարհը, դիտորդի պես մի կողմ քաշված, ընդամենը չեզոք հայտարարություններ է անում։ Այդպես է եղել միշտ, այդպես էր 1915-ին ու դրանից առաջ։ Միակ բանը, որ այս ընթացքում պիտի փոխվի ու փոխվել է, հայությունն է, որն անգամ պատերազմի մեջ չի կորցնում իր մարդկային դեմքը։ Այս պատերազմը հերթական անգամ մեզ մի մեծ դաս տվեց. մենք պիտի մեր ճշմարտությունը լսելի դարձնենք, մենք պիտի անհնար ու հնարավոր ամեն ինչ անենք, որ շատ երկրների բարեհաճությունը վայելենք, մենք պիտի դաշնակիցների ամենօրյա փնտրտուքով զբաղվենք։ Այս ամենը միայն այն պատճառով, որ հաղթանակները անկորուստ կամ հնարավորինս քիչ զոհերով տրվեն, մեր հույսը չպետք է միայն մեր խիզախ զինվորը լինի, որը ոչ թե պիտի մեռնի վասն հայրենյաց, այլ ապրի ու իր հզոր տեսակը բազմացնի։
Առանց զենքի էլ պիտի կարողանաս սխրանքներ գործել։ Դիվանագիտությունն էլ հերոսության մի հարթակ է, բայց խոսքի, մտքի, հմտության, ճկունության, ազգիդ ու հայրենիքիդ ճիշտն աշխարհի աչքը մտցնելու, նրան քեզ առավել մոտեցնելու, բարեկամացնելու համար։ Դաշնակիցների մեջ թշնամի փնտրելը լավ սովորություն չէ, դա դեռ չի նշանակում կցորդ լինել, արժանապատիվ հարաբերություններ կառուցելը խոհեմության նշան է։ Մեզ նման երկրի համար մեծ շռայլություն է ընդգծված ու ծայրահեղ կողմնորոշումը, լինի դա արևմտամետության, ռուսամետության, թե այլ «մետության հանդերձով»։ Բոլոր երկրներն էլ կարող են պոտենցիալ դաշնակից լինել, եթե նրանց մասին հիշես ոչ միայն պատերազմի, այլև խաղաղության օրերին` դիվանագիտորեն չափակշռելով թե՛ քո, թե՛ նրա ազգային-պետական շահերը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ