Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լեռնային Ղարաբաղ՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան խաղից դուրս

Լեռնային Ղարաբաղ՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան խաղից դուրս
18.11.2020 | 09:29

ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի բանակցությունների արդյունքներով հայտարարեց, որ Վաշինգտոնն ու Փարիզը ընդունում են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման Մոսկվայի ձեռնարկած գործողությունները:

Կողմերը ցանկանում են ավելի շատ տեղեկություններ ստանալ բանակցային գործընթացի մասին, որովհետև «մնում են շատ հարցեր, որ ռուսները պետք է պարզաբանեն՝ օրինակ, համաձայնագրի պարամետրերը, ներառյալ Թուրքիայի դերը»: Պոմպեոն Le Figaro-ին հարցազրույցում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը «պետք է շրջանակ լինի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործողություններին»: Նա նշել է, որ ԱՄՆ-ը «անհանգստացած է Թուրքիայի ռազմական ներուժի աճով»: Մոսկվան զայրացած է: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի հետ համատեղ ասուլիսում նշել է, որ «տարօրինակ է դա լսել, որովհետև ինչ վերաբերում է մեր ֆրանսիացի գործընկերներին, վերջին 10 օրում երկու անգամ մանրամասն Ղարաբաղի թեման հեռախոսով քննարկել են Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները»: Լավրովի խոսքով՝ մի ժամի չափ ինքն է հեռախոսել նույն թեմայով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ: ԱՄՆ գործընկերները ևս տեղեկացված են եղել պետքարտուղարի տեղակալի մակարդակով, հաշվի առնելով, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն 10-12 օրով արտասահմանյան ուղևորության մեջ է: Նախարարն ընդգծել է, որ Մոսկվան աշխատել է ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների հետ սերտ շփումների մեջ «իր ջանքերի ամենասկզբից, որ Ռուսաստանը գործադրել է այդ կոնֆլիկտի թեժ փուլի դադարեցման համար»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) նախագահները համատեղ կոչով դիմեցին Ադրբեջանին ու Հայաստանին ռազմական առճակատումից անցնել քաղաքական-դիվանագիտական կարգավորման: Հետո հրադադարի երեք համաձայնագրեր կնքվեցին (Մոսկվայի, Փարիզի, Վաշինգտոնի)՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, բայց բոլորն էլ խախտվեցին: Անցումը պատերազմի դադարեցման եռակողմ համաձայնության՝ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափի, եթե նկատի ունենանք Մինսկի խմբի ձևաչափը, եղել է Մոսկվայի ու Փարիզի ակտիվ խորհրդակցություններով: ԱՄՆ-ը հեռացել է այդ գործընթացից, որովհետև երկիրը նախագահի ընտրության ընտրարշավում էր: Ամերիկացի և եվրոպացի շատ փորձագետներ գտնում են, որ Ադրբեջանին ու Թուրքիային հաջողվեց «օգտվել այդ պահից»:


Նախագահի թեկնածուներից Ջո Բայդենը ժամանակին եղել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամ, քվեարկել է հակաադրբեջանական №907 լրացման օգտին և ամերիկյան օգնության հատկացման Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Ամենայն հավանականությամբ՝ Անկարան, Բաքվին ակտիվ օգնություն ցույց տալով ղարաբաղյան պատերազմում, չէր համաձայնեցրել իր քաղաքականությունը Վաշինգտոնի հետ այնպես, ինչպես արել էր սիրիական կարգավորման հարավում, որ հարուցել է Պոմպեոյի բացասական արձագանքը: Ղարաբաղյան կոնֆլիկտում Թուրքիայի այդ պահվածքից հետո ԱՄՆ-ում շատերի համար հարց ծագեց Անկարայի ու Մոսկվայի փոխհարաբերությունների բնույթի ու հեռանկարների մասին, թեպետ Թուրքիան ղարաբաղյան պատերազմի դադարեցման եռակողմ համաձայնության մեջ ընդհանրապես չի հիշատակվում և ոչ մի ենթատեքստով: Այնուհանդերձ՝ ԱՄՆ-ը, նաև Եվրոպան, նոր իրավիճակը Անդրկովկասում ընդունում են երկու վեկտորներով: Ուշադրություն է դարձվում տարածաշրջանում ռուս խաղաղապահների ուժեղ կազմի և Անկարայի ռազմաքաղաքական ազդեցության մեծացման վրա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համաձայնությունը հայերի վերահսկողության տակ Լեռնային Ղարաբաղի որոշակի մասի մնալուն նշանակում է, որ նա չցանկացավ խաղալ «21-րդ դարի Թալեաթ փաշայի դերը»: Առավելևս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններից արդեն հայերը զանգվածաբար հեռանում են, որ հիշեցնում է 1913−1915-ի իրադարձություններն Օսմանյան կայսրությունում: Եվ դա կարող է լինել եթե ոչ գլխավոր, նշանակալից գործոն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ Թուրքիայի նկատմամբ, եթե նախագահ հաստատվի Բայդենը, որ, ինչպես հաղորդում են նրա օգնականները, «ցանկանում էր օգտագործել Թուրքիային զսպելու Ռուսաստանին Մերձավոր Արևելքում ու Անդրկովկասում նոր աշխարհաքաղաքական հավասարակշռության հասնելու համար»:


Կա այլ տարբերակ՝ Վաշինգտոնի ու սիրիացի քրդերի կապերի ընդլայնում, հակազդեցություն Հյուսիսային Կիպրոսի թուրքական օկուպացմանը, աջակցություն հույն-ամերիկյան հանրությանը, Բայդենի խոստումի կատարում՝ պաշտոնապես ճանաչել 1915-ի հայերի ցեղասպանությունը: Եթե վերադառնանք Ղարաբաղի խնդիրներին՝ հարց է ծագում նոր գործընթացի մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ինտեգրման հնարավորությունների մասին, քանի որ ղարաբաղյան պատերազմը և նրա արդյունքները ջնջեցին կոնֆլիկտի կողմերի բոլոր նախկին մշակումներն ու պայմանավորվածությունները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից միայն Ռուսաստանը պահպանեց ակտիվ խաղացողի կարգավիճակը Թուրքիայի հետ ֆլիրտի վիճակում, թեպետ Մոսկվան հիմնականում ոչ այնքան ղեկավարում էր գործընթացը, որքան արձագանքում մարտահրավերներին, որ նվազեցնի հայկական կողմի ռիսկերն ու կորուստները: Ինչ ստացվեց, լավ հայտնի է:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ինչ ստացվեց՝ այնքան էլ հայտնի չէ: Օրեցօր նոր իրողություններ են պարզվում: Իրականության մեջ՝ ռուս-թուրքական բախումը շարունակվում է: Եվ իրականության մեջ Ռուսաստանը շարունակում է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային հնարավորինս դուրս մղել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից և հեռու չէ այն օրը, որ Մոսկվան ևս, Անկարայի ու Բաքվի նման, իր կասկածները կհայտնի Մինսկի խմբի հետագա գործունեության վերաբերյալ: Իսկ դա նշանակում է, որ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը մտնելու է նույն փակուղին, որում այսքան տարի Ռուսաստանը պահեց հարցի լուծումը: Ոչ այնքան այն պատճառով, որ խնդիրներ ունի հայերի հետ, որքան այն պատճառով, որ խնդիրները չի կարողանում լուծել Թուրքայի ու Ադրբեջանի հետ:
Իսկ մենք կորցնում ենք ամենաօպտիմալ ժամանակը՝ վերակենդանացնելու ԵԱՀԿ Մինսկի խումբը և հարցի լուծումը փակուղուց հանելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ