Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դուք երբեք չեք իմանա՝ ում կողմից կլինեն թե թուրքերը, թե ռուսները

Դուք երբեք չեք իմանա՝ ում կողմից կլինեն թե թուրքերը, թե ռուսները
21.11.2020 | 11:03

Բացի բացահայտ ռազմական ապահավասարակշռությունից Ադրբեջանի հետ, Երևանը, ինչպես որոշ աշխարհաքաղաքագետներ, սխալմամբ գտնում էր, որ Մոսկվան Արևմուտքի վերջին հենարանն է իսլամի հետ դիմակայության մեջ՝ Le Monde-ում գրում է քաղաքագետ, իսլամագետ, Ֆլորենցիայում եվրոպական համալսարանական ինստիտուտի պրոֆեսոր Օլիվիե Ռուան:


Ինչպե՞ս կարելի էր այսքան հեշտությամբ կործանել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում: Իհարկե, մենք գիտենք տեխնիկական պատճառները: ԽՍՀՄ-ի փլուզման պահին Հայաստանը, որ երկար ռազմական պատմություն ուներ ցարական, հետո սովետական բանակում, ռազմական հնարավորությունների գերազանցոություն ուներ՝ Ադրբեջանի համեմատաբար կարճաժամկետ պատմության ու ռազմական ավանդույթների բացակայության պատճառով: 1994-ին Հայաստանը կարողացավ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը և գրավել ադրբեջանական ընդարձակ տարածքներ: Բայց այդ առաջընթացն անհետացավ Բաքվում Իլհամ Ալիևի իշխանության գալով 2003-ին՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն հասավ մի մակարդակի, որ 7 անգամ մեծ է Հայաստանից, Ադրբեջանի բնակչությունը 3 անգամ շատ է Հայաստանից և ավելի երիտասարդ է՝ 1990-ականներին ժողովրդագրական անկումից հետո Հայաստանում: Արդեն 15 տարի Ադրբեջանը վերազինվում է, որ վեադարձնի ինչ, իր կարծիքով, իր տարածքն է: Նախագահ Իլհամ Ալիևը, ձգտելով առանձնանալ հորից՝ պարտության նախագահ Հեյդար Ալիևից, դա դարձրեց իր անձնական գործը: Ադրբեջանի հարձակումը անսպասելիության ոչ մի էֆեկտ չուներ, շփման գծում լարումը աճում էր 2 տարի, իսկ ռուսները, որ ամուր դիրքեր ունեն երկու երկրներում, լավ տեղեկացված էին: Այդ պատճառով զարմանալի է, որ չէր սպասում հայկական կողմը:

Անկասկած կարևոր դեր խաղաց ևս մեկ գործոն՝ Հայաստանը հույսը դնում էր Ռուսաստանի աներեր աջակցության վրա թուրքական ու մուսուլմանական սպառնալիքի դեմ, իմա՝ հավատացել էր Ռուսաստանի քրիստոնեական կերպարի խոսքերին, որ Արևմուտքի վերջին պատվարն է իսլամից բաժանման մեծագույն սահմանագծում, որտեղ Հայաստանը կարող էր լինել ավանգարդում: Այդ դերում Ռուսաստանը կարող էր Բաքվին համոզել հարձակումից հրաժարվել:


Քրիստոնեական Ռուսաստանի կերպարը 20 տարի հանգիստ չէր տալիս արևմտյան աշխարհաքաղաքագետներին, որ հաճախ ավելի մոտ էին իրենց հայացքներով ծայրահեղ աջերին և սիրում են միգրացիայի խնդիրը կապել աշխարհաքաղաքականության հետ՝ իսլամը սպառնում է Արևմուտքին ինչպես ներսից, այնպես էլ դրսից. և վերջին պաշտպանը կդառնա Ռուսաստանը:
Այդ ամենը չի նպաստում ռուսական տեսակետի ըմբռնմանը, որ հիմնվում է նախևառաջ ուժերի հավասարակշռության իրական քաղաքականության և աշխարհաքաղաքականության առանձնահատուկ ռուսական ու բնավ ոչ արևմտյան (առավելևս ոչ քրիստոնեական) հայեցակարգի վրա: Ռուսաստանն ուզում է վերադարձնել իր գործունեության նվիրական դաշտը: Մուսուլմանները արգելք չեն, այլ խաղաքարտերից մեկը, որ արդեն խաղարկվել է ստորացնելու համար Վրաստանը (աջակցությունը աբխազներին ու աջարներին): Իսլամ խաղալով՝ Ռուսաստանը վերադարձրեց վերահսկողությունը Չեչնիայի վրա: Թերևս Չեչնիան Եվրոպայի Խորհրդի միակ տարածքն է, որտեղ գործում է շարիաթը համայն Ռուսիայի ցարի օրհնությամբ: Որ, իհարկե, չի խանգարում Մոսկվայի ռադիոկայաններին ամբողջ աշխարհով հեգնել Ֆրանսիայի քաղաքամերձ շրջանների իսլամացումը, չնայած չեչեն բռնապետը ընկալում է դրսևորում Սամյուել Պատիին սպանած իր երիտասարդ հայրենակցի նկատմամբ: Թուրքիան, իբրև Օսմանյան կայսրության ժառանգորդ, այլևս Ռուսաստանի վաղեմի թշնամին չէ: Թեպետ Էրդողանը խալիֆի դեր է խաղում, նրա քաղաքականությունը շատ ավելի նվազ օսմանական է, քան ինքը: Երեք ճակատով (Սիրիա, Լիբիա, Ադրբեջան) թուրքական բանակը և նրա դաշնակիցները համակեցության մեջ են ռուսական զորքերի ու նրա դաշնակիցների հետ, և դուք երբեք չեք իմանա՝ ում կողմից կլինեն թե թուրքերը, թե ռուսները: Կորուստներն ու վնասները, որ նրանք երբեմն հասցնում են միմյանց, դիտարկվում են իբրև դժբախտ դեպքեր կամ պարզապես միմյանց հղվող ուղերձ: Կարևոր նշանակություն է տրվում միայն պրագմատիզմին և նույնիսկ լիուլի ցինիզմին: Եթե մենք ուզում ենք խոսել ռազմավարության մասին, պետք է վերադառնանք կոնֆլիկտների մասին նվազ մշակութային ու առավել ռացիոնալ պատկերացումներին: Ռուսական ցինիզմը կարող է մեզ օգնել, կամ պարզապես կստիպի դա անել:
Օլիվիե Ռուա, Le Monde


Հ.Գ. Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լը Դրիանը նորից հեռախոսազրույց են ունեցել և հերթական անգամ քննարկել նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարը ու ռուս խաղաղապահների հարցը։ «ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը, որը ստեղծվել է Ռուսաստանի կողմից հակամարտության գոտում կրակի և ռազմական բոլոր գործողությունների լիակատար դադարեցման նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի արդյունքում», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Լավրովը պարզաբանել է ռուս խաղաղապահների մասնակցության պարամետրերը և հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աշխատանքը, հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը չպետք է նեղանան Ռուսաստանից, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներ, մասնակցել են, ստորագրված հայտարարությունում հաշվի են առնվել պատերազմի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր հայտարարությունները։ Բայց հայտնի չէ, թե ինչ է պատասխանել Ժան Իվ Լե Դրիանը, համենայն դեպս դժվար թե համաձայնած լինի, որ 9 կետերից որևէ մեկն արտահայտում է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի տեսակետը: ԱՄՆ-ը և Ֆրանսիան հայտարարել են, որ Ռուսաստանից հստակություն են ակնկալում Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանների վերաբերյալ: Հարցը Փարիզում քննարկել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոպմեոն և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը: ԵՄ հայտարարությունում նշված է, որ ռազմական գործողությունների դադարեցումը առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղում երկարատև հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։ Բրյուսելի համոզմամբ՝ պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման համար՝ ներառելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Վաշինգտոնը և Փարիզը պարզաբանումներ են ակնկալում Մոսկվայից ռուս խաղաղապահների, Թուրքիայի դերակատարության և Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցերում։


Հայտարարությունում Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչինչ չկա, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու օր առաջ Ղարաբաղի շուրջ ընդարձակ հարցազրույցում ասել էր, թե կարգավիճակի հարցը բաց է և քննարկվելու է ապագայում։ 3 օր առաջ Մոսկվայում էին Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները։ Շուշիի Կանաչ ժամի ավերումից հետո արցախցիների խնդիրներին անդրադարձել է Էմանուել Մակրոնը: «Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության գործում», - Թվիթերում գրել է նա: REUTERS-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե Ֆրանսիան ուզում է, որ հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում ունենա միջազգային վերահսկում, և մտավախություն ունի, որ Ռուսաստանն ու Թուրքիան դուրս կմղեն Արևմուտքին ղարաբաղյան վերջնական համաձայնագրի բանակցություններից։ REUTERS-ը գրում է, թե Փարիզը համառ է լինելու հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության հարցում։ Մակրոնի կառավարությունը ուզում է վերահսկել ղարաբաղցի փախստականների վեռադարձի գործընթացը, Սիրիայից եկած զինյալների վերադարձի գործընթացը և Լեռնային Ղրաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ