Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Չէ՞ր կարող ծրագրի հաստատումից հետո որոշում ընդունել

Չէ՞ր կարող ծրագրի հաստատումից հետո որոշում ընդունել
19.12.2008 | 00:00

ԼԱՎՆ ԵՔ, ՀԱՐՑ ՉԿԱ…
Մեր թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ համաձայն «Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամի վերջին ուսումնասիրության` աշխարհի ավելի քան երեք տասնյակ երկրներում համապատասխան գերատեսչություններն ուռճացրել են պատվաստման ենթակա երեխաների թիվը և, բնականաբար, պատվաստումներ չանելով, ավելի մեծ գումարներ ստացել «Հանուն պատվաստումների և իմունիզացիայի» միջազգային դաշինքից:
«Դեռ անհրաժեշտ է պարզել` ուր են գնացել այդ գումարները: Հուսով ենք` ո՜չ շվեյցարական բանկեր»,- «Ռոյթեր» գործակալությանը փոխանցել էր Լոնդոնի փորձագիտական խմբերից մեկի ներկայացուցիչ Ֆիլիպ Սթիվենսը, իսկ ահա դոնոր կազմակերպության գործադիր տնօրեն Ջուլիան Լոբլևիթը, նույն աղբյուրի համաձայն, բացատրություն էր պահանջել կասկածի տակ առնված երկրներից և որոշում ընդունել դադարեցնել բոլոր տեսակի վճարումները, մինչև բացատրություններն ու անհրաժեշտ փաստաթղթերը չտրամադրվեն իրենց:
Համոզված լինելով, որ պատկան մարմինները, տվյալ դեպքում, առաջին հերթին, առողջապահության նախարարությունը, պիտի նախ և առաջ մեզ` ՀՀ քաղաքացիներիս, բացատրություն ներկայացնեին կատարվածի շուրջ, մենք նույն օրն իսկ դիմել էինք այս գերատեսչության մամլո բաժնին, որտեղից «պաշտոնական հաղորդագրություն» կոչվածն այնքան ուշացավ, որ ստիպված ենք այն այսօր ներկայացնել ձեր դատին:
«…ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Հանուն պատվաստումների և իմունիզացիայի» միջազգային դաշինքը (ԳԱՎԻ) Հայաստանի Հանրապետությանն օժանդակել է 2001 թվականից` հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Հարկ է նշել, որ օժանդակությունը եղել է պատվաստանյութերի և պատվաստումների համար օժանդակ պարագաների տեսքով` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջոցով:
Դրամի տեսքով ԳԱՎԻ-ն Հայաստանին տրամադրել է ընդամենը 80000 ամերիկյան դոլար` իմունիզացիայի ծառայությունները հզորացնելու նպատակով: Նշված գումարից 30000 դոլարը ծախսվել է մինչև 2006 թվականը, մնացածը դեռևս իմունիզացիայի ազգային ծրագրի արտաբյուջեում է»:
Խոստովանենք` սա բավական զավեշտալի «պաշտոնական հաղորդագրություն» է, որովհետև ստացվում է, որ դրանով ընդամենը 2006-ից հետո նշանակված նախարար Քուշկյանի «վարկի և հեղինակության խնդիրն է լուծվում»: Ուրիշ ոչինչ: Հակառակ դեպքում կմանրամասնվեր, թե քանի երեխա է պատվաստվել, որքան գումարով, ինչու է այդ 30000-ը ավելացել, ինչու այդ «ավելացված գումարի» մասին տեղյակ չեն պահել «Հանուն պատվաստումների և իմունիզացիայի» միջազգային դաշինքին և այլն: Բայց, ինչպես տեսնում եք, ոչ միայն այս հարցերի պատասխանները չկան, այլև երեկ ՀՀ առողջապահության փոխնախարարներից մեկը «Ազատություն» ռ/կ-ով բոլորովին այլ բացատրություն հնչեցրեց: Դրանից էլ այնպես ստացվեց, որ «ամեն ինչի մեղավորը մեթոդաբանությունն է»: Իբր` հիմնադրամի փորձագետներն այլ մեթոդով են հաշվարկել աշխատանքը, մերոնք` այլ: Եվ թե հիմա սրա հետ ինչ կապ ունի կոնկրետ «արտաբյուջեում հայտնված 30000-ը», ինչու այդ փողի մասին մենք միայն հիմա իմացանք, հայտնի չէ:
Հա, այն էլ ասենք, որ համաձայն նույն փոխնախարարի աչքալուսանքի` «վսյո տակի» իրենք «Հանուն պատվաստումների և իմունիզացիայի» միջազգային դաշինքին նոր ծրագիր են ներկայացրել, ինչը հաստատվել է: Հետևաբար, մարդիկ այստեղ դժվար են հասկանում, թե դոնոր կազմակերպության գործադիր տնօրեն Ջուլիան Լոբլևիթը ինչպես կարող էր որոշում ընդունել` դադարեցնել բոլոր տեսակի վճարումները: Ա՛յ քեզ բան, չէ՞ր կարող ծրագրի հաստատումից հետո որոշում ընդունել, ինչպես դա, օրինակ, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի դեպքում եղավ…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 7273

Մեկնաբանություններ