«Այս պահին կառավարությունը պետք է որոշ խոշոր ձեռնարկությունների ազգայնացման ծրագիր պատրաստի»
10.04.2020 | 12:52
Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, բավական խնդրահարույց է։ Քաոսային իրավիճակն անընդունելի է շատերի համար։ ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ էլ անթույլատրելի է համարում խժդժություններն Արցախում, քանի որ դրանք հղի են վտանգավոր հետևանքներով, և դրանից հաստատապես օգտվելու է հակառակորդը։
-Ինչպե՞ս եք գնահատում հետընտրական շրջանում Արցախի ներքաղաքական իրավիճակը։
-Դեռ նախընտրական շրջանում հայտարարել էի, որ կորոնավիրուսի վտանգի առկայության պայմաններում պետք է ընտրությունները հետաձգել։ Բայց իշխանությունը որոշեց ձևավորել օրինական նոր իշխանություն և անցնել աշխատանքի։ Փա՜ռք Աստծո, առաջին փուլն անցավ առանց վիրուսի։ Սակայն պարզվեց, որ մեկ այլ «վարակ» կա այնտեղ, որն այս պահին վտանգավոր տեսք է ստանում։ Եվ նախորդ 30 տարիներին, և առավել ևս հիմա նման բանն Արցախի համար խիստ անընդունելի է ու անթույլատրելի։ Այդ «վարակն» այն է, ինչ վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում եղել է, այսօր փորձում են իրականացնել նաև Արցախում։ Ի տարբերություն Հայաստանի, Արցախում ցանկացած այդպիսի փոփոխություն պետք է համարել սադրանք։ Ցավոք, կան արկածախնդիրներ, նաև Հայաստանից գնացածներ, որոնց ցանկությունն է Արցախում ստեղծել օջախներ, որոնք ամեն պահի կարող են ակտիվանալ։ Տեսել եմ այդ «հեղափոխականների» կազմակերպած հանրահավաքը, անկեղծ ասած, դեժավյու ապրեցի, նույնը 2018-ին կատարվում էր Հայաստանում։ Փոքր խումբը բարձրագոչ հայտարարություններով փորձում էր հասնել իր նպատակին։ Արցախում դա պարզապես պետք է արգելվի։ Ինձ համար շատ անհասկանալի է Մասիս Մայիլյանի պահվածքը, կիսահղի չեն լինում։ Կամ պիտի հրաժարվել երկրորդ փուլից, շատ ձայն հավաքած թեկնածուն մասնակցի ու հաղթի, կամ շարունակել պայքարն ու հասնել նպատակին։ Մինչդեռ նրա հայտարարությունն անհասկանալի է, ի՞նչ է նշանակում՝ մի գնացեք ընտրություններին։ Սամվել Բաբայանի կուսակցության հայտարարությունն էլ բավական տարօրինակ էր։ Ապրիլի 14-ը պետք է ամեն ինչ իր տեղը դնի։ Արայիկ Հարությունյանը դուր է գալիս մեկին, իսկ մյուսին՝ ոչ, փաստն այն է, որ նա է հավաքել ամենաշատ քվեները։ Տարօրինակ էր նաև, որ ընտրության գիշերը հայտարարեցին, թե ունի 41 հազար ձայն, որով առաջին փուլով իսկ հաղթում էր, հետո պարզվեց, որ ընդամենը մի քանի հարյուր ձայն է պակասում, ու երկրորդ փուլ պիտի լինի։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ Արցախում կա արտաքին ճնշում, հատկապես «սորոսական» կոչվող կառույցներից։ Նրանց անհրաժեշտ էր, որ իրենց թեկնածուից շատ բան կախված լիներ։ Բայց Արայիկ Հարությունյանը կարողացավ ինքնուրույն ձևավորել կառավարություն, դրա համար հիմա հայտարարում են, թե պիտի չեղարկել ընտրությունները։ Այս իրավիճակը կուրախացնի մեր ոխերիմ թշնամիներին, սակայն մենք խժդժություններ թույլատրելու պարզապես իրավունք չունենք։
-Արցախում անկայունություն ստեղծելու նպատակը ո՞րն է, արդյոք միայն իշխանության հասնելու մղու՞մը։
-Այլ ուժեր են ուզում գալ իշխանության։ Եթե դա չի հաջողվում, կախվածության մեջ պահել արդեն ընտրված իշխանությանը։ Առկա են նաև քաղաքական այնպիսի նպատակներ, որոնք դրսևորվում են այն գաղափարներով, թե խաղաղ ապրենք մեր հարևանի հետ։ Մինչդեռ Ադրբեջանն ամեն անգամ ցույց է տալիս, որ չպետք է հավատալ այդ խաղաղությանը։ Շատ հնարավոր է, որ բանակցային գործընթացների հետ կապված որոշակի պարտավորություններ էլ կան, որոնց իրականացման համար պետք են ուժեր, որոնք դրանք ստանձնել են։ Այսօր աշխարհում շատ բաներ են փոխվում և հնարավոր է, որ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն այդքան սևեռված չլինի Արցախի հարցի վրա։ Վախենամ, որ նոր խաղացողներ առաջ գան, որոնք այս տարածաշրջանում փոփոխություններ իրականացնելու հարցում շատ շահագրգիռ են, հատկապես Թուրքիան։ Այս պարագայում մեզ անհրաժեշտ է համախմբում, մենք բազմիցս առաջարկել ենք, որ մեր համազգային հարցերից պետք է Արցախի հիմնահարցն առանձնացնել և միասնական դիրքորոշում ձևավորել, որպեսզի որևէ մեկը քաղաքական դիվիդենդներ շահելու համար չշահարկի այն։
-Ի՞նչ եք կարծում, ապրիլի 14-ից հետո իրավիճակը կհանդարտվի՞, թե՞ լարվածությունը նոր թափ կհավաքի։
-Ամեն ինչ կախված է նոր իշխանություններից, նրանց կեցվածքից։ Իշխանությունը կամք պիտի դրսևորի, սա չի նշանակում, որ պիտի գնան դրակոնյան միջոցների։ Համոզված եմ, որ ժողովրդի մեծամասնությունը կողմ է, որ Արցախում լինի համերաշխության մթնոլորտ։ Իշխանությունը կարող է հենվել այդ կորիզի վրա և քայլեր ձեռնարկել։ Եթե լինեն հրահրողներ, նրանց պիտի մեկուսացնեն ոչ թե բանտ նստեցնելով, այլ ժողովրդից։ Կմնան փոքր խմբակներ, որոնք ոչինչ չեն կարող անել։ Խնդիրն այն է, որ երիտասարդներն արդարության ձգտումով ցանկանում են լսել ամեն մի ճղճղանի։ Սորոսականներից շատ շատերին ամիսներ շարունակ պատրաստում են քաղաքական այսպիսի գործունեության, հատուկ կուրսեր են անցնում, որպեսզի գան պոպուլիստական, դեմագոգ հայտարարություններով, իբր արդարություն պահանջով ժողովրդին իրենց կողմը քաշեն։ 30 տարի մենք էլ արդարության համար ենք պայքարել, բայց երբևիցե ամպագոռգոռ հայտարարություններով ժողովրդին մեր հետևից չենք տարել։ Ապրիլի 14-ից հետո ձևավորվող կառավարությունն ու ԱԺ-ն համատեղ պետք է կարողանան ժողովրդի համախմբումը պահպանել և արգելքները հաղթահարել։
-Հայաստանյան իրադարձություններին անդրադառնանք. իշխանությանը հաջողվու՞մ է վերահսկողության տակ պահել և առողջապահական, և տնտեսական իրավիճակը։
-Այսօր կորոնավիրուսի հետ կապված իշխանության քայլերը հիմնականում արդարացված են, աշխարհն է նույն միջոցներով պայքարում այդ վարակի դեմ։ Այս առումով խնդիրներ չեմ տեսնում։ Սակայն այդ միջոցները որոշակիորեն ուշացած էին, ինչի մասին իրենք էլ են խոստովանել։ Մինչդեռ բացարձակ տեսանելի չէ Երևանի քաղաքապետարանի աշխատանքը, դժվար է հիշել, թե վերջին անգամ Երևանի փողոցները երբ են լվացվել, երբ են քաղաքի մաքրությունն ավելի լավ դարձնելու, կանաչապատում իրականացնելու։ Ինչ վերաբերում է այս պահին տնտեսական քաղաքականությանը, դժվար է լավատեսական որևէ բան ասել։ Ընդամենը կիսատ-պռատ գործողություններ են։ Մեր պետության դերակատարումն ու նրա գործիքակազմը պետք է ամբողջովին գործի դրվեն։ Գուցե շատ հեղափոխական մի միտք ասեմ, բայց այս պահին կառավարությունը պետք է որոշ խոշոր ձեռնարկությունների ազգայնացման ծրագիր պատրաստի։ Առաջին հերթին այն գործարանները, որոնք օտարների ձեռքում են, որոնք շահույթը դուրս են տանում, այդ թվում հանքարդյունաբերությունը, Երևանի կոնյակի գործարանը, որը շատ սխալ ձևով սեփականացվեց, ու ժամանակն է, որ «ոսկե ձու» ածող այդ գործարանն ազգայնացվի։ Սրանց գործունեությունից պետությունը ստանում է մի քանի ձևով հարկեր, իսկ հիմնական հարստությունը մնում է սեփականատիրոջը։ Եթե Նորվեգիայի պես զարգացած երկիրը շահույթի 80 տոկոսը պահում է իրեն և 20 տոկոսն է թույլ տալիս, որ իր երկրից դուրս բերվի, մենք հակառակն ենք անում։ Այս պայմաններում, երբ որևէ լուրջ ներդրում բացառված է, անհրաժեշտ է մտածել, թե ինչ ձևով պետք է մեր բյուջեն ավելացնենք ու իրականացնենք պետական ծրագրերը։
-Դուք առաջարկում եք տնտեսության կառուցվածքի վերանայու՞մ։
-Այո։ Ընդամենը մի օրինակ։ ԱՄՆ-ում ճգնաժամը հաղթահարելու համար Ֆրանկլին Ռուզվելտն իրականացրեց տնտեսական այնպիսի գործիքակազմ, որը մասնավորի դեմ էր, բայց վերածնունդ ապահովեց ԱՄՆ-ին։ Նույնն արեց Մարգրետ Թետչերը, երբ տեսավ, որ մետալուրգիական արդյունաբերությունը վախճան է ապրում։ Այդ ճյուղը ազգայնացրեց, կարգի բերեց, հետո վերադարձրեց մասնավորին այն ժամանակ, երբ պետության շահերին համապատասխան էին գործում։ Այսօր մենք ևս պիտի այսպիսի արմատական քայլերի գնանք։ Օրերս վարչապետը կրկին հայտարարեց, թե դեմ է քվեարկել պետական պարտք վերցնելուն, բայց հիմա ինքն էլ է պետական պարտք վերցնելու։ Ոչ իր մեղքով Հայաստանի պետական պարտքն արդեն 7 միլիարդից ավելի է, բայց այդ բեռը շարունակում է մեր ուսերին մնալ։ Հիմա հարց՝ եթե նորից վերցնեք ու չունենաք զարգացման ծրագիր, այն չներդնեք արդյունաբերական ոլորտում, անիմաստ չէ՞ դա, ի՞նչ նպատակ ունի հերթական անգամ ավելացնել այդ պարտքի չափը։ Եթե բյուջեի դեֆիցիտն են փակելու, կրկնում են նախորդ իշխանության սխալները։ Մի օրինակ ևս. Չինաստանը, տեսնելով այսօր համաշխարհային շուկայում ինչ է կատարվում, այն ձեռնարկությունները, որոնք ժամանակին վաճառել էր օտարերկրացիներին, «ջրի գնով» հետ բերեց։ Սրա նպատակն այն է, որ վերականգնեն արդյունաբերական այն ճյուղերը, որոնք աշխատատար են, գիտատար և շահութաբեր։ Այս ուղղությամբ մենք էլ պիտի մտածենք։ Այստեղ խնդիրն այն է, թե որքանով է մեր ղեկավարությունը պատրաստ նման գաղափարի իրականացմանը։ Մինչդեռ այսօր մեր իշխանությունը ցանկանում է բյուջեի մուտքեր ապահովել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմամբ։ Դուք պատկերացնու՞մ եք, թե դա ինչ պառակտում է առաջացնելու ժողովրդի մեջ։ Կապ չունի` արդա՞ր է, թե՞ ոչ։
-Տեսականորեն ինչպե՞ս է հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը, ինչպե՞ս են այս կամ այն մեծահարուստի առանձնատունը հետ վերցնելու։
-Եթե գնում են ոմանց դղյակները հետ բերելու ճանապարհով, դա առանձնապես ոչ մի նշանակություն չի ունենալու ոչ պետության, ոչ էլ ժողովրդի համար։ Դա արտադրանք տվող չէ, պետք է դնեն վաճառքի։ Այնինչ, Ծաղկաձորի մի հյուրանոց չկարողացան վաճառել։ Այսօր հարցն այսպես է դրված, ինչպես պետք է աղքատության շեմն իջեցնել, այդ ուղղությամբ պետք է ծրագրեր կազմել։
-Դուք չե՞ք գերագնահատում այս իշխանության կարողությունները։ Այս կառավարությունն անգամ փոքր հարցերում է ձախողվում, էլ ուր մնաց Ռուզվելտի ու Թետչերի նման ծրագրեր մշակի։
-Անշուշտ, չեմ գերագնահատում այս իշխանության հնարավորությունները, ընդամենը անհրաժեշտ քայլերի մասին եմ խոսում, որոնք պետք է կատարվեն, այլապես տնտեսությունը գահավիժելու է, բայց առաջին հերթին իրենք են տապալվելու։ Ինչքան կարելի է ասել, որ ամեն ինչ լավ կլինի, սպասեք։ Եթե աշխարհում մեկուսացումը շարունակվի, մենք մեկ այլ խնդրի էլ ենք բախվելու. բոլոր երկրներն իրենց արտադրածը պարենային ապրանքները պահելու են իրենց. և մենք կանգնելու ենք փաստի առաջ։ Նշանակում է, որ գյուղատնտեսության առումով էլ լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն, արդյունաբերական համալիր ստեղծվի։ Իհարկե, միամիտ չեմ, որ մտածեմ, թե կառավարությունը, որ ոչ մի կերպ չհրաժարվեց նախորդների կացութաձևից, կարող է մեկ օրվա մեջ փոխել իր մտածելակերպը։ Առայսօր այս իշխանությունը հատվածական լուծումներ է տալիս հարցերին, համալիր ոչ մի միջոցառում տնտեսությունում չկա։
ԵԱՏՄ-ի, որ այսուհետ լուրջ մրցակցության մեջ է լինելու ԵՄ-ի և նմանատիպ կառույցների հետ, շրջանակում ևս պետք է առաջարկ արվի, որ որոշումները համաչափ լինեն բոլոր պետությունների համար։ Առայսօր այդպիսին չէ։ Ամեն մեկը, իր շահից ելնելով, քաղաքականություն է իրականացնում, որը խանգարում է ինտեգրացիոն քաղաքականությանը։
-Ի դեպ, այս վիճակում, երբ տնտեսությունները կաթվածահար են, Հայաստանի տնտեսությունն էլ «մազից» է կախված, ՌԴ-ն որոշեց գազի գինը բարձրացնել։ Ինչու՞ հիմա, սա պատահականությու՞ն է։
-Քաղաքականությունում ոչինչ պատահական չէ։ Տնտեսական խնդիրները դեռ մի կողմ թողնենք, սա քաղաքական լծակ է, որը ՌԴ-ն օգտագործում է։ Եթե կա անվստահություն այս իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ, ցանկացած պահի կարող են օգտագործել մի այնպիսի մահակ, որը կազդի ողջ ժողովրդի տրամադրության վրա՝ առաջացնելով դժգոհության ալիք։
-Գազի խնդրի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նախ հեռախոսազրույց էր ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հետո օրերս` Վլադիմիր Պուտինի։ Սա ոմանք արտաքին հարաբերություններում սխալ ուղերձ համարեցին, համամի՞տ եք։
-Այո, եթե դու դաշնակից ես, պետք չէր երրորդ երկրին դիմել, կարելի էր խոսել հենց ՌԴ ղեկավարի հետ։ Արդյոք Պուտինի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը կարողացա՞վ հարթել այն տպավորությունը, որ թողել է ռուսական կողմի վրա։ Այդպիսի կիքսեր քաղաքականության մեջ չեն ներվում։ Բնականաբար ուղիղ չի ասվում, թե այդպիսի քայլիդ համար ահա այս պատասխանը, նրանք լսում են և անում են դրան համարժեք քայլ։ Եթե գազի գնի նվազում կամ գոնե պահպանում չեղավ, մեր տնտեսությունն ավելի լուրջ հարված է ստանալու, բոլոր ապրանքների գների վրա է դա ազդելու։ Նավթի գնանկումն այդքան մեծ ազդեցություն չի ունենա, որքան գազի գնի բարձրացումը։ Երկրի ղեկավարների միջև կարևորը վստահությունն է, եթե վստահությունը սկսում է խարխլվել, համապատասխան քայլեր են արվում, որոնք ցանկալի հետևանքներ չեն ունենում։
-Վերջում այս օրերին շատ քննարկվող մի հոդվածի մասին։ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական հայտարարությամբ է հանդես եկել և այս իշխանության ընդդիմախոսներին «խրատել», այս օրերին Փաշինյանի իշխանությանը քննադատողներին դավաճան որակել։ Երբ ինչպես իշխանությունն է ասում` վիրուսի ողնաշարն արդեն կոտրվել է, ինչու՞ նոր որոշեց Տեր-Պետրոսյանը խոսել։
-Եվ ո՞վ է ասողը, խրատ տվողը։ Եթե հիշենք իր իշխանության տարիները, այդպիսի անհանդուրժողականություն կար նաև այն ժամանակ։ Եթե մինչ այսօր հերքում էին Փաշինյան-Տեր-Պետրոսյան կապի մասին, հիմա բացահայտվեց դա, քանի որ միակողմանի գնահատականներ է տալիս։ Եթե ասեր, որ առաջին հերթին իշխանությունը պետք է հանդուրժողականության օրինակ ծառայի, գուցե հավատայի նրա մտահոգությանը։ Եթե Փաշինյանի Մեղրիի հայտնի հայտարարությունը չլիներ (նկատի ունի «ոտքերը լիզելու» մասին Փաշինյանի ելույթը-Ռ. Խ.), կարող էի ասել, որ հիմա զերծ մնանք որևէ քննադատությունից։ Բայց ոչ մի նախադրյալ չկա, որ այս վիրուսից հետո իշխանությունը ձգտելու է համախմբման։ Հիմա դաշտը ո՞վ է բաժանել սևերի ու սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների. դա ընդդիմությունը չի արել, չէ՞։ Երբ փորձում ես մարդկանց նսեմացնել և վիրավորել, պիտի պատրաստ լինես, որ այդպես էլ քեզ են պատասխանելու։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ