Ժամանակակից սուսերամարտում վնասվածքները խիստ հազվադեպ են՝ նախկինի համեմատ մարզահագուստը, սաղավարտը չորս անգամ ավելի ուժգնության հարվածի են դիմանում, սուսերների կոտրվելը գործնականում դարձել է բացառելի։ Սակայն այս փոփոխությունները մարզաձևում պիտի հաստատվեին ճակատագրական մի դեպքից հետո, որն արժեցավ մարզիկի կյանք։
Սուսերամարտիկների կյանքի անվտանգության հարցն օրակարգային դարձավ այն բանից հետո, երբ եղավ աշխարհի 1982 թվի առաջնությանը պատահած ողբերգական միջադեպը, որին զոհ գնաց խորհրդային մարզիկ Վլադիմիր Սմիռնովը։
Քսանութամյա Սմիռնովը մարզաշխարհին հայտնի դեմք էր՝ անհատական հաշվարկում մոսկովյան օլիմպիական խաղերի չեմպիոն (1980 թ.), հաջորդ տարի անցկացված աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր, նույն տարում՝ աշխարհի կրկնակի գավաթակիր։ Նրա բարձր կարգավիճակն այնպիսին էր, որ ցանկության դեպքում անգամ շրջապատին հնարավորություն չէր տա եղած ողբերգությունը կոծկել, անգոյության մատնել, այն էլ այն պարագայում, երբ դեպքը եղել էր Խորհրդային Միության սահմաններից դուրս։
Հենց նրա հետ եղածի ռեզոնանսն էլ ընդմիշտ հեղաշրջեց սուսերամարտի աշխարհը։
«ՎԱՀԱՆՈՎ ԿԱՄ ՎԱՀԱՆԻՆ»
Աշխարհի առաջնության նախապատրաստությանն ընդառաջ մարզիկը կարճ ժամանակով եղել էր տանը։ Պատմում է կինը՝ Էմմա Սմիռնովան. «Բաժանումից առաջ ես նրան ասացի, որ սպասում եմ հաղթական վերադարձ Հռոմից։ Նաև՝ չհաղթելու դեպքում»։ «Չէ,- անսպասելի պատասխանեց Վոլոդյան։- Կամ՝ վահանով, կամ՝ վահանին»։ Ով իմանար, որ նրա խոսքերը լինելու էին մարգարեական։ Իսկ մի քանի օր անց ես վերադառնում էի շուկայից։ Հանկարծ մեխված կանգնեցի ու մտածեցի. «Իսկ քանի՞ տարեկան էր մայրս այրիանալիս»։ Նույն պահին կծեցի լեզուս ու ինձնից հեռու վանեցի հիմար մտքերս»։
Առաջնության նախաշեմին հայտնի դարձավ, որ Վլադիմիրի անձնական մարզիչ Բիկովը մրցաշարին չի կարող նրա կողքին լինել, քանի որ մի մութ պատմության առնչությամբ դարձել էր արտասահաման գնալու աներաշխավորելի։ Եկեք այդ որոշման պատճառը չբարձրաձայնենք, միայն ասենք, որ դա խոշոր հարված էր Սմիռնովի համար, որը վարժված չէր հանդես գալու առանց մարզչի, ում հարազատ մարդ էր համարում։
1982-ի հունիսի 20-ին Հռոմում մեկնարկեց մրցաշարը։ Վիճակահանությամբ հենց առաջին իսկ մարտում նրան բաժին հասավ Մոնրեալի 1976 թ. օլիմպիական խաղերի չեմպիոն Մատիաս Բերը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից։
Մարտը շատ կտրուկ սկիզբ ունեցավ։ «Երկուսս էլ շատ էինք ուզում առաջին միավորը վաստակել։ Ամեն ինչ արագ էր ընթանում, բառացիորեն վայրկյանի հարյուրերորդական մասում։ Ես հիշում եմ, թե ինչպես գրոհեցի, իսկ թե ինչ եղավ հետո... Ես այդ մասին գիտեմ ականատեսների պատմածով», -հիշում է Բերը։
Գերմանացին իսկապես մի քանի հարված հասցրեց, սակայն խորհրդային մարզիկը կարողացավ գրոհը հետ մղել։ Հարձակումներից մեկի ժամանակ, բախվելով Սմիռնովի սուսերին, Բերի սուսերը բաժանվեց մասերի։ Մատիասը չհասցրեց էլ նկատել, որ սուսերը կոտրվել է, իներցիայով շարունակեց հարվածել։
Ինչ է եղել սուսերի կոտրվելու արդյունքում։ Կոտրված սուր ծայրը հեշտությամբ խոցել է Սմիռնովի սաղավարտը։ Բերն ավելի շուտ բնազդաբար մի կողմ է ցատկել ու հետ քաշել սաղավարտի մեջ խրված սուսերը։ Սուսերի ծայրին եղել են արյան կաթիլներ։
Սմիռնովի գոռացել է ու ընկել մարտուղու վրա։ Նրան անմիջապես շրջապատել են մարզիչները, մարզիկները, հավաքականի անձնակազմը։ Երբ շտապօգնությունը խորհրդային մարզիկին կլինիկա տեղափոխելիս է եղել, Մատիաս Բերին կինոխցիկը որսացել է տրիբունայում լաց լինելիս։ Նա այլևս մրցաշարը շարունակելու ուժ չի ունեցել. ԳՖՀ-ի հավաքականն աշխարհի առաջնությունը շարունակել է առանց նրա։
Հիվանդանոցում արդեն կոմայի մեջ հայտնված Սմիռնովին ռենտգեն են արել։ Պարզվել է, որ կոտրված սուսերի ծայրը 14 սանտիմետր թափանցել է աչքի խնձորակի խոռոչ, դեմ առել ծոծրակի ոսկորին։ Մարզիկին միացրել են վերակենդանացման սարքավորմանը. նրա օրգանիզմը դեռևս արձագանքելիս է եղել, սակայն ուղեղը գործնականում չի գործել։
ԲԺԻՇԿՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ...
Էմմա Սմիռնովային միանգամից չեն հայտնել ամուսնու վիճակի մասին, սակայն նա առանց դրա էլ հասկացել է՝ ինչն ինչոց է. «Ես ինքս զգացի։ Երեկոյան նորություններում հայտնեցին Հռոմի առաջնության մասին ու, թվարկելով ԽՍՀՄ հավաքականի անդամներին, հաղորդավարը չտվեց իմ ամուսնու ազգանունը, իսկ նա առաջին համարի տակ էր նշվում։ Իմ ներսում ամեն ինչ դատարկվեց. չէ՞ որ ես հրաշալի էի ճանաչում Վոլոդյային։ Նա այնպիսի պատասխանատու մարդ էր. բարձր ջերմաստիճանով էլ է մրցելույթներ ունեցել, ծանր վնասվածքներով էլ։ Ինչ-որ սարսափելի բան պիտի կատարված լիներ, որ նա մարտուղյակ չելներ։
Ես նույն պահին զանգեցի նրա մարզիչ Բիկովին։ Նա սկսեց ինձ հանգստացնել, որ ամեն ինչ կճշտի ու կհաղորդի։ Կարծում եմ, որ նա ողջ սարսափելի ճշմարտությունն արդեն գիտեր, իսկ ինձ տեղեկությունը փոխանցում էր կաթիլ առ կաթիլ։ Բիկովն ասաց, որ Վոլոդյան վնասվածք է ստացել ու գտնվում է հիվանդանոցում։ Հանգստացրեց, թե ամեն ինչ լավ կլինի։ Վոլոդյան ինձ միշտ ասում էր. «Ինձ հետ երբեք ոչինչ չի կարող պատահել։ Գիտե՞ք, նա այնտեղ, լինելով կոմայի մեջ, ինձ ամբողջ ութ օր սպասել է։ Ամեն գիշեր երազիս գալիս էր ու կանչում. «Էմմա, առանց քեզ ես վատ եմ։ Ես առանց քեզ չեմ կարող»։
Իտալական կլինիկայում կոնսիլիում են արել. 13 բժշկով որոշել են, թե արդյո՞ք հնարավոր է օգնել սուսերամարտիկին։ Եզրակացությունները ծանրագույն են եղել՝ ապրելու շանս չկա։ Այդ մասին ասել են սուսերամարտի ԽՍՀՄ ֆեդերացիայի նախագահ Գենադի Շիբաևին, որը թիմի հետ Իտալիայում է եղել։ Շիբաևին է մոտեցել բժշկական հանձնաժողովի գլխավորն ու խնդրել մարզիկի առողջ օրգանները թույլ տալ վերցնել դոնորության, քանի որ, միևնույն է, նրա ճակատագիրը նախասահմանված է, փոխարենը կարող է ուրիշների կյանք փրկելու համար օգտակար լինել։ Առաջարկությունը շոկի մեջ է գցել Շիբաևին, ու նա կտրականապես հրաժարվել է։
«ԻՆՁ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԿՏՐՏԵԼ ԵՆ»
Էմմա Սմիռնովային այդպես էլ չի հաջողվել մեկնել Իտալիա. շատ երկար են պատրաստել նրա ելքի փաստաթղթերը, իսկ երբ ավարտել են գործընթացը, Հռոմից արդեն եկել է սարսափելի լուրը՝ վերակենդանացման սարքավորումներն անջատել են, մարզիկը մահացել է։
Դեպքի պահից արդեն ութ օր էր անցել։
Սմիռնովին ԽՍՀՄ են բերել երկու դագաղով. սովորական փայտյայի մեջ եղել է ցինկե դագաղը։ ՈՒ թեպետ Շիբաևը չի տվել դոնորության համաձայնություն, հարազատների ու մարզիկի ծանոթների մոտ եղել է զգացում, որ իտալացիները, այնուամենայնիվ, նրա առողջ օրգանները վերցրել են։
«Թաղումն արվեց մի տեսակ փութկոտ, ինձ նույնիսկ չթողեցին ամուսնուս մարդավարի հրաժեշտ տալ, չթողեցին տուն բերենք, հագուստները փոխենք։ Այդպես էլ կեղտոտ սավանով, որով փաթաթել են Հռոմի դիարանում, հանձնեցինք հողին։ Դագաղի պատուհանից ես նրա կրծքի մասում տեսա արյունոտ հետք։
Որտեղի՞ց։ Ախր նրա վնասվածքը եղել է գլխի հատվածում՝ ուղեղն է թափվել։
Այնպես որ, դիահերձում պիտի որ արած չլինեին։ Ամուսնուս սիրտը, թոքերը, լյարդը, երիկամներն առողջ էին։ Մարզիչներից մեկը պատմում էր, որ խորհրդային պատվիրակության անդամներին մոտենում էին իտալացի բժիշկներն ու օրգանները դոնորության համար վերցնելու թույլտվություն խնդրում։ Սակայն նման հարցերը որոշում են միայն մերձավոր հարազատները։ Իսկ ես նրա կողքին չեմ եղել։ Իմ հարազատ քույրն այդ օրերին երազ է տեսել, նրան այցի է եկել Վոլոդյան ու ասել. «Ես այնպե՜ս հոգնած եմ, ինձ ամբողջովին կտրտել են»,- պատմել է Էմմա Սմիռնովան։
ԽՍՀՄ-ում Վլադիմիր Սմիռնովի մասին համարյա թե ոչինչ չասվեց, պարզապես եղավ մի փոքրիկ մահախոսական ու վերջ։ Որպես փոխհատուցում խորհրդային իշխանությունները կնոջը վճարել են 300 ռուբլի ու նշանակել 137 ռուբլի թոշակ, որից 130-ը սահմանված էր կերակրողին կորցնելու համար։ Յոթ ռուբլին եղել է հավելավճար։
Օտարերկրյա մարզիկները (նրանց թվում և Մատիաս Բերը) կազմել են Սմիռնովի ընտանիքի օգնության հիմնադրամ։ Ասում են, թե հավաքվել է մեծ գումար, սակայն այն մահացածի ընտանիքին չի հասել։ Սմիռնովի ընկերները տարիներ շարունակ օգնել են այրուն իրենց կարողացածի չափով։ Այսքանը։
ԱՄԵՆ ԻՆՉ ՎՃՌՎՈՒՄ Է ՎԵՐԵՎՆԵՐՈՒՄ
Սմիռնովի միջադեպից հետո սուսերամարտի միջազգային ֆեդերացիան լրջագույնս վերանայեց մարզիկների հանդերձի հարցը։ Սուսերները սկսեցին պատրաստել մետաղից, որը գործնականում չի կոտրվում, մնացած հանդերձն ու դիմակները չորս անգամ ավելի հզորության հարված են հետ մղում՝ առանց վնասվելու։
Ամուսնու մահվանից չորս տարի անց Էմմա Սմիռնովան ամուսնացավ, ու նրա ընտրյալի անունը դարձյալ Վլադիմիր էր։ Նա ներկայումս բնակվում է Կիևում։
Սմիռնովի մահվան առիթով Իտալիայում քրգործ հարուցեցին, սակայն ոչ մեկին չպատժեցին։
Գերմանացի Մատիաս Բերն ընկավ դեպրեսիայի մեջ ու առժամանակ թողեց սպորտը։ Սկզբում նա ԽՍՀՄ գալու, թաղմանը մասնակցելու ցանկություն է ունեցել, սակայն հետո մտածել է, որ թաղման տեղում մարդասպանի հայտնվելը լավագույն որոշումը չէ։ Կես տարի անց նա վերադարձավ սպորտ ու աշխարհի երեք արծաթե մեդալի տեր դարձավ, սակայն այդ ողջ ընթացքում ապրեց մեղավորության զգացմամբ։ Տարիներով բուժվել է դեպրեսիայից, իսկ 2002 թվին համարյա ինքնասպանության փորձ արել։
«Ես կանգնած էի կամրջին։ Դա գարնանային հրաշալի օր էր, սակայն ես շրջապատի գեղեցկությունը չէի տեսնում (հետո հետևում է մահափորձի սահմռկեցուցիչ նկարագիր, որ հանձնարարելի չէ անգամ պինդ նյարդեր ունեցող անձանց, ուստի շրջանցում ենք): Ես այլևս չէի կարող այդ տառապանքներին դիմանալ։ Սակայն ինչ-որ պահից ես հասկացա. «Իսկ ինչ, եթե ես ընկնեմ ինչ-որ մեկի մեքենայի վրա, ու տուժեն ուրիշ մարդիկ»։ Այս միտքն ինձ ստիպեց հեռանալ կամրջից։ Հնարավոր է, որ այն ժամանակ ինձ օգնեց Աստված»,- իր հուշերում գրել է Բերը։
35 տարի անց
Մատիասը շատ անգամ է փորձել կապվել Էմմա Սմիռնովայի հետ, սակայն պատասխան չի ստացել։ «Ես շատ նամակներ եմ գրել, որոնցում պատմել եմ իմ ապրումների մասին։ Սակայն ինձ ոչ մի անգամ չեն պատասխանել։ Մյուս կողմից էլ ինչ կարող էր նա պատասխանել։ Սակայն, բոլոր դեպքերում, ես հուսով եմ, որ նրանից մի օր ինչ-որ պատասխանի նշան կստանամ»,- գրել է Բերը։
Պատկերացրեք, որ ի վերջո այդ հանդիպումը կայացել է։ Բերի մասին վավերագրական կինոնկար պատրաստող գերմանացի լրագրողները 2017 թվին կարողացել են հաջողեցնել այդ հանդիպումը։ Ողբերգությունից 35 տարի անց նրանք հանդիպել են։ Մի քանի ժամ խոսել են Վլադիմիրի մասին։ Էմման խոստովանել է, որ երբեք էլ չի մեղադրել Մատիասին։ Երկար տարիներ անց Բերը հոգու թեթևություն է ապրել։
Ավելի ուշ նրանք այցելել են Վլադիմիրի գերեզման։ Մատիասը նրա շիրմին դեղին վարդեր է դրել (Սմիռնովի սիրած ծաղիկները) ու երկա՜ր, երկա՜ր արտասվել։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ