Յուրաքանչյուր քաղաքական իրադարձություն, ռազմական գործողություն պետք է հանգամանորեն վերլուծվի, հստակ գնահատվեն բացթողումներն ու առավելությունները, որպեսզի հետագայում պետությունը նույն սխալների ճանապարհով չգնա։ Մինչդեռ միշտ չէ, որ նախկին սխալներից հետևություններ են արվում։ Ցանկացած իշխանություն, նոր հայեցակարգեր և շտկումներ բերելով, պետք է ինչ-որ առումով նաև նախորդի ժառանգականությունն ապահովի, որովհետև կան հարցեր, որոնք պետականությունն ամուր պահպանելու, անվտանգությունը երաշխավորելու համար են։
Երբ 2 տարի առաջ Փաշինյանն իշխանության եկավ, հայտարարեց, թե արցախյան հակամարտության բանակցությունները սկսում է իր կետից, իսկ նախորդների անգամ շահավետ պայմանավորվածություններն անտեսվեցին, ինչպես Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի անվտանգության մեխանիզմների ներդրման պայմանավորվածությունը։ Այսօր, երբ թշնամին կրկին ռազմական գործողություն սանձազերծեց, արդիական դարձավ այդ պայմանավորվածությունը ու Փաշինյանը 2 տարի կորցնելուց հետո կրկին խոսում է նման մեխանիզմների առաջնայնության մասին։ Ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ զրուցում ենք ռազմական փորձագետ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ։
-Քանի որ այսօր հարաբերական անդորր է մեր սահմաններին, կարելի է որոշ վերլուծություն անել, թե ի վերջո, ինչու՞ այսօր և ի՞նչ նպատակով Ադրբեջանը հերթական անգամ գնաց ռազմական գործողությունների, ի՞նչ նպատակ էր հետապնդում այս անգամ պատերազմ հրահրելով հայ-ադրբեջանական սահմանին։
-Ստեղծված ռազմաքաղաքական վիճակի ամենաառաջին պատճառը բանակցությունների փակուղում գտնվելն է: Երբ դիվանագետները չեն կարողանում իրար հետ լեզու գտնել, ապա իրադարձությունները տեղափոխվում են մարտադաշտ: Ադրբեջանն անընդհատ փորձում է բարելավել իր դիրքերը՝, նպաստավոր հենակետերում դիրքավորվել, դա է պատճառը, որ տարբեր փուլերում տարբեր մասշտաբների մարտական գործողություններ են ծավալվում:
Առհասարակ ստեղծված իրավիճակում բարենպաստ դիրքեր զբաղեցնելը տեղավորվում է «դիրքային պատերազմների» տրամաբանության մեջ, բոլորը փորձում են ամուր դիրքավորվել: Մեր զինված ուժերն իրենց խնդիրը գերազանց կատարեցին, ստեղծված իրադրությունից առավելագույնը քաղեցին:
-Այս օրերին կրկին անդրադարձ եղավ անվտանգության մեխանիզմների ներդրման հարցին, որի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախորդ իշխանությունների ժամանակ։ Նախ ինչու՞ 2 տարի դա բանակցությունների օրակարգից դուրս մղվեց, և դրանով հնարավո՞ր է Ադրբեջանի ագրեսիան ինչ-որ չափով չեզոքացնել։
-2018-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ գործընթացը սկսելու է իր նոր կետից: Ադրբեջանը, օգտվելով իրավիճակից, մինչև այդ ընթացող գործընթացը հրեց այլ հուն: Հետապրիլյան փուլում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ցյուրիխ, մղվեցին հետին պլան:
Մի կարճ ժամանակ կողմերը դրական արձագանքներ էին շռայլում, խոսում այն մասին, որ հրադադարի ռեժիմի խախտումները նվազել են՝ լավ դաշտ ձևավորելով առաջ շարժվելու համար, իսկ դրան զուգահեռ Ադրբեջանը աշխատում էր նախկինում ստանձնած պարտավորությունները «ջրելու» և որպես կառուցողական կողմ դիրքավորվելու համար:
Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները լիակատար անվտանգություն չեն երաշխավորում, սակայն դրանք զսպող էական մեխանիզմներ են ենթադրում:
-Ռազմական գործողությունների համատեքստում նաև դիվանագիտական որոշակի խնդիրներ երևացին։ Դուք հատկապես ի՞նչ կառանձնացնեք միջազգային արձագանքից, ու այսօր Հայաստանի դիվանագիտությունն ի՞նչ առաջնային խնդիրներ պետք է իր առջև դնի։
-Հայկական դիվանագիտության առաջին խնդիրը Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելն է, երկրորդը՝ պետք է գործուն ջանքեր գործադրի էականորեն նվազեցնելու Թուրքիայից եկող սպառնալիքները:
-Այս անգամ Թուրքիայի ներգրավվածությունը ռազմական գործողություններին բավական բացահայտ էր ու ողողված ռազմատենչ հայտարարություններով։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ի՞նչ վտանգավոր զարգացումներ կարող է մեզ համար ստեղծել, և այս հարցում մենք դաշնակիցների, գործընկերների, կառույցների հետ հարաբերություններում ի՞նչ ուղղորդումներ պիտի անենք։
-Պետք է մեծ աշխատանք տանել դաշնակից պետությունների և առհասարակ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղությամբ ու անվտանգության շահագիրգիռ երկրների, կազմակերպությունների և կառույցների հետ: Թուրքիան մեր տարածաշրջանի համար մի քանի անգամ ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան Ադրբեջանը, և այստեղ հսկայական անելիքներ կան:
-Ռազմական գործողությունների օրերին և այսօր ներքաղաքական օրակարգում տարբեր բանավեճեր են ընթանում՝ խաղաղասիրությունից սկսած, մինչև նախկիններ-ներկաներ բուռն հակադարձումներ։ Որքանո՞վ է նպատակահարմար այս օրերին նման հարթակ ստեղծելը, և ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը խաղաղասիրական կոչերին, բանակի հաղթանակը ներքաղաքական բանավեճի առարկա դարձնելուն։
-Նախկիններ-ներկաներ հավերժ թվացող դիսկուրսը ոչ այսօր, ոչ էլ վաղը հեռանկար չունի, որովհետև չգիտեմ, թե դրանից ով է շահում, բայց հաստատ մեր հասարակությունը չի շահում: Որքան շուտ իշխանությունը դուրս գա այդ օրակարգից, իսկ դա նրա համար առաջնային օրակարգի հարց է, այնքան մեծ և հավանական կլինի մեր երկրի զարգացման, անվտանգության ամրապնդման առաջընթացը:
Ի դեպ, ընդդիմությունը (որոշակի բացառություններով) իշխանության հետ մեկ նավում գտնվելու տրամաբանությամբ էր շարժվում և քաղաքական, քարոզչական մակարդակում միանշանակորեն աջակցում էր մեր երկրի շահերի առաջմղմանը: Այլ բան է, որ իշխանության ներսում գտնվող որոշ խմբեր փորձում էին այս ժամանակահատվածն օգտագործել բանակի ու «նախկինների» դեմ արշավին թափ հաղորդելու համար:
Ինչ վերաբերում է խաղաղասիրական կոչերին, ընտրված ժամանակի, պահի խնդիր կա: Այնպես չէ, որ այս տարիների ընթացքում Հայաստանն ու Արցախը մերժել են խաղաղությունը, ավելին, արտաքին քաղաքականության օրակարգի առաջնային խնդիրը եղել և մնում է Արցախի հարցի խաղաղ կարգավորումը: Այլ բան է, որ շատ դեպքերում հանրությանը փորձում են չհիմնավորված, անհասկանալի «խաղաղասիրական կոչեր» հրամցնել, որի նպատակն այդքան էլ ընկալելի չէ:
-Ի՞նչ դասեր մեզ տվեց այս ռազմական գործողությունը, քաղաքական ղեկավարությունն այսուհետ ի՞նչը պետք է ուշադրության կենտրոնում պահի։
-Երկրի քաղաքական իշխանությունը հանրային կոնսենսուսի ապահովման, հանրային տարբեր խմբերի համախմբման անհրաժեշտություն ունի: Պատերազմը չի ավարտվել, դա առաջիկա ժամանակներում, տարիներին տարբեր դրսևորումներ է ունենալու, իսկ դրան արդյունավետ դիմագրավելու և ցանկացած իրավիճակում շահած դուրս գալու համար ներքին ռեսուրսների լիակատար մոբիլիզացիայի խնդիր կա:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ