ԱՆԳԼԻԱ
Տասներորդ տուրում հավասարապես միավորներ կորցրին առաջին երկու հորիզոնականում գտնվող «Տոտենհեմն» ու «Լիվերպուլը»։ Երկրի գործող չեմպիոնի համեմատ առաջինի հարցը բավականին բարդ էր միանգամից երկու առումով. հանդես էր գալիս արտագնայում, ինչը գրանդ ակումբների համար, ճիշտ է, լրջագույն գործոն չէ, սակայն այնպես էլ չէ, որ առանձնակի կարևորության չէ, և երկրորդ՝ մրցակիցը երրորդ տեղում ընթացող «Չելսին» էր՝ բոլոր առումներով միանգամայն հավակնոտ թիմ։ Իսկ եթե այս ամենին գումարենք և այն, որ Ժոզե Մոուրինիոն ժամանակին մարզել է նաև «Չելսին» ու այնտեղից հեռացել բավականին տխուր հիշողություններով, պատկերը շատ ավելի ամբողջական կդառնա։ Մի խոսքով, ամեն մի դետալ այստեղ հուշել է կատաղի մրցամարտի մասին, ինչին էլ, խոշոր հաշվով, ֆուտբոլասերն ականատես է եղել։ Համառ մրցակցությունն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով։։
Ինչ վերաբերում է երկրորդ դիմակայությանը, այստեղ «Բրայտոնը», բնականաբար, անհամեմատ հեշտ մրցակից էր, «Լիվերպուլը» կարող էր ու պիտի որ երեք միավոր վաստակած վերադառնար տուն, սակայն ինչ կարող ես անել, երբ VAR համակարգի գործադրման արդյունքում դարպասի երեք գրավումից երկուսը առ ոչինչ է ճանաչվում։
Դառնալով տանտերերի խփած գոլին ու վաստակած մեկ միավորին, դա եղել է հավելյալ ժամանակում, ու եկեք մի կողմ դնենք, որ իր օգտին նշանակված երկու 11-մետրանոցից միայն մեկն է «Բրայտոնն» արդյունավետ օգտագործել։
«Տոտենհեմն» ու «Լիվերպուլը» 21-ական միավոր ունեն, «Չելսին»՝ 19։
Առաջին երեք տեղում գտնվողների դասավորությանն էականորեն կարող էր ազդել միայն մեկ թիմ՝ 18 միավոր ունեցող «Լեստերը» (տուրի շրջանակներում «Ֆուլհեմի» հետ «աղվեսների» հանդիպումը երեկ ուշ երեկոյան էր)։
Պրեմիեր լիգայի առաջին հնգյակը 17 միավորով եզրափակում է «Սաուտհեմպտոնը», որը տնային խաղում 2։3 հաշվով զիջել է «Մանչեստր Յունայթեդին»՝ «օգնելով» նրան 16 միավորով բարձրանալու յոթերորդ հորիզոնական։
Հաղթական մրցելույթ է ունեցել նաև մանչեստրյան մյուս գրանդ ակումբը. սեփական հարկի տակ «Սիթին» 5։0 հաշվով պարտության է մատնել «Բյոռնլիին»։ «Քաղաքաբնակները» 15 միավորով իններորդ տեղում են։
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի միանձնյա առաջատարը շարունակեց իր բարձր դիրքում մնալը՝ արտագնայում` 3։1 հաշվով պարտության մատնելով «Շտուտգարտին» և դառնալով կամային հաղթանակի հեղինակ։ Նրանից ունեցած երկու միավորի կտրվածությունը պահպանել է «Լայպցիգը»՝ շնորհիվ տնային խաղում «Արմինիայի» նկատմամբ տոնած հաղթանակի՝ 2։1։
20 միավորի տեր դարձած «Լայպցիգին» կարող էր շրջանցել ու ընդհուպ «Բավարիային» մոտենալ «Բայերը», սակայն հյուր ժամանած «Հերտան» լևերկուզենցիներին հարկադրել է գոհանալ գոլազուրկ ոչ-ոքիով։
Տուրը միանգամայն անհասկանալիորեն ձախողեց Դորտմունդի «Բորուսիան», ակնհայտորեն խաբվելով, որ չափից դուրս անհաջող մրցելույթների արդյունքում «Քյոլնը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ «Անարյուն» հաղթանակի ակնկալիք ունեցող դորտմունդցիները կորցրել են թանկարժեք երեք միավոր՝ 2։1։
Շարունակում է հինգերորդ հորիզոնականը պինդ գրկած պահել «Վոլֆսբուրգը»։ Գերմանական «գայլերը» գերգոլառատ հանդիպում են ունեցել «Վերդերի» հետ՝ 5։3։
Ոչ պակաս գոլառատ հանդիպում է անցկացրել նրան հաջորդող «ՈՒնիոն Բեռլինը»։ Մրցակիցն է եղել «Այնտրախտը»՝ 3։3։ «Վոլֆսբուրգն» ու «ՈՒնիոն Բեռլինն» ունեն համապատասխանաբար 17 ու 16 միավոր։
ՖՐԱՆՍԻԱ
Առաջին երկու հորիզոնականներում գտնվող «Պարի Սեն Ժերմենն» ու «Լիլը», ինչպես անգլիական պրեմիեր լիգայում «Տոտենհեմն» ու «Լիվերպուլն» էին, իրենց հանդիպումներն ավարտեցին մրցակցի հետ միավոր կիսելով։ «Մայրաքաղաքցիները» դա արեցին սեփական հարկի տակ «Բորդոյի» հետ պայքարում (2։2), «Լիլը» նման արդյունքի հասավ արտագնայում՝ «Սենտ Էտիենի» հետ պայքարում փրկվելով պարտությունից (1։1)։
Այս դիմակայությունների արդյունքում «Պարի Սեն Ժերմենը», որ ակտիվում ունի 25 միավոր, պահպանեց «Լիլից» ունեցած երկու միավորի պոկվածությունը, իսկ ահա «Լիոնի», «Մոնակոյի», «Մոնպելիեի» հետ հեռակա պայքարում վերջինս իր երկրորդ հորիզոնականը պահում է ի հաշիվ առավել հաջող լրացուցիչ գործակիցների։ Բնականաբար, հիշյալ երեք թիմերն էլ այդ արդյունքին հասնելու համար բավականաչափ քրտնել են, ջանք թափել։ Այսպես, հյուրընկալելիս «Մոնակոն» հաղթել է «Նիմին» (3։0), «Լիոնը» գերազանցել է «Ռեյմսին» (3։1), «Մոնպելիեն» արտագնայում նվազագույն հաշվով պարտության է մատնել «Լորիանին»։
Սակայն Լիգա-1-ի մասին մեր հաղորդած տեղեկությունը շատ բաներով կիսատ կլինի, եթե չանդրադառնանք 21 միավորով վեցերորդ հորիզոնականում գտնվող «Մարսելին», որը սեփական հարկի տակ 3։1 հաշվով գերազանցել է «Նանտին»։ Բանն այն է, որ պակաս անցկացրած երկու խաղով այն դիվիզիոնի պոտենցիալ առաջատարն է։
Այստեղ, թերևս, ոչ պակաս ուշադրության արժանի մի փաստ էլ արձանագրենք։ «Նանտի» նկատմամբ հարավցիների այս հաղթանակը ներքին առաջնությունում չորրորդ անընդմեջն էր։ Սրա կողքին ուզում եմ ընթերցողին հիշեցնել, որ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Մարսելը» չափազանց դժգույն է հանդես գալիս՝ չորս խաղից հետո չունենալով ոչ մի միավոր։ Ակնհայտ է, որ թիմը մրցաշրջանի ողջ խաղադրույքն արել է ներքին առաջնության վրա։ Համենայն դեպս, մեր դիտարկումները, գոնե առայժմ, այդ են վկայում։
ԻՏԱԼԻԱ
Միանձնյա առաջատարությունն ակնհայտորեն խելքամաղ է արել «Միլանին»՝ մղելով նորանոր խիզախումների։ Այս անգամ նրա կրնկի տակ մնաց «Ֆիորենտինան»՝ 2։0։
Արտագնայում շատ խիստ քննություն ընդունող եղավ «Ինտերը», ընդ որում, մի թիմի նկատմամբ, որը փայլուն է մեկնարկել։ Այո, «Սասուոլոն» տհաճությամբ կհիշի այս պարտությունը, որը եղել է երեք անպատասխան գնդակի տարբերությամբ։ Միավորներով՝ 18, «Ինտերը» հավասարվեց նրան՝ շարունակելով հինգ միավորով հետ մնալ միլանյան մյուս գրանդից։
Դառնանք սկուդետեի չորրորդ հորիզոնականում գտնվողին։
Երևի թե եկել է ներքին առաջնությունում «Յուվենտուսի» վայրիվերումներով մրցելույթները հանգիստ, առանց ակնհայտ նյարդային ցնցումների ընդունելու ժամանակը։ Ինչ խոսք, այնպես չէ, որ թիմը միավորներ է կորցնում պարտվելու արդյունքում։ Այս ցուցանիշով, որը զրոյական արտահայտության է, թուրինցիների հետ ոտք կարող է գցել միայն սկուդետեի միանձնյա առաջատար «Միլանը»։ «Ծեր սինյորային» այս անգամ ոչ-ոքիի պարտադրանքին հարկադրել է աղյուսակի ստորին հորիզոնականների մշտական գրանցում ունեցող «Բենևենտոն», եթե, իհարկե, կարողանա տեղը պահպանել վերին էշելոնում։
Վերջնահաշվում այնպես էր, որ «Նապոլի»-«Ռոմա» մրցավեճը լավագույն եռյակից դուրս թիմերի հարաբերությունների պարզում էր, սակայն իր կշռով այն անվիճելիորեն սկուդետեի հերթականի թիվ մեկ դիմակայությունն էր։ Առանց մանրամասների մեջ մտնելու ասենք, որ նեապոլցիները իտալական «գայլերին» փոստահան են արել՝ հաղթելով խիստ անպատվաբեր 4։0 հաշվով ու արդյունքում միավորներով՝ 17, հավասարվել թե՛ նրա, թե՛ «Յուվենտուսի» հետ։
Իտալական առաջնությունից երկու դիմակայություն էլ հիշատակենք։
Ինչ-որ չափով անակնկալ էր «Վերոնայից» «Ատալանտայի» կրած պարտությունը՝ 0։2, սակայն ակնհայտորեն թիմը կարող էր իրեն նման շռայլություն թույլ տալ Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլին» հաղթելուց հետո։ Այնպես որ, աշխարհում փոխլրացնող բաներ այնուամենայնիվ կան, ու դրանք սրբագրում են անցանկալիները։
«Լացիո»-«ՈՒդինեզե» մրցապայքարում հռոմեացիները զիջել են հյուրերին՝ 1։3։
ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայի հերթական տուրն առաջնային կարևորության դիմակայություններ չուներ՝ նկատի ունենք գրանդ ակումբների մակարդակով մրցավեճը, սակայն արձանագրված արդյունքների առումով պակաս հետաքրքրական չեղավ։ Վերցնենք թեկուզ «Ռեալ»-«Ալավես» մրցակցությունը, որտեղ խոշորագույն անակնկալի հեղինակ դարձավ «արքայականը»՝ սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվելով մի թիմի, որին վերջին անգամ զիջել էր սրանից մեկ էլ քսան տարի առաջ։ «Սերուցքայինները» 17 միավորով չորրորդ տեղում են։
Որքան էլ ասում ենք, թե տուրը բարձր հնչողության դիմակայություն չուներ, այնուամենայնիվ, առանձնակի հետաքրքրության էր «Ռեալ Սոսիեդադ»-«Վիլիառեալ» մրցակցությունը, քանի որ մեկը առաջնության վերջին շրջանի անփոփոխ առաջատարն է, մյուսը, եթե առաջին եռյակում էլ չէ, դրա մոտակայքում է։ Հանդիպումն ավարտվել է կողմերի մեկական խոցումով՝ այդպես էլ ի հայտ չբերելով ուժեղագույնին։ «Ռեալ Սոսիեդադը» 24 միավորով աղյուսակի գլխամասում է, «Վիլիառեալը» 20 միավորով եզրափակում է առաջին եռյակը։ Նրանց արանքում է Մադրիդի «Աթլետիկոն», որը հերթական հաղթանակն է տոնել՝ արտագնայում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Վալենսիային»։ Դիեգո Սիմեոնեի սաները 23 միավորով շարունակում են մնալ երկրորդ տեղում, սակայն, հաշվի առնելով պակաս անցկացրած երկու խաղը, առաջնության պոտենցիալ լիդերն են մնում։
«ՈՒեսկայի» նկատմամբ արտագնայում «Սևիլիայի» նվազագույն հաշվով հաղթանակն անդալուզցիներին տեղ է ապահովել հինգերորդ հորիզոնականում, սակայն, եթե նկատի ունենանք, որ այն երկու խաղ պակաս է անցկացրել, իր պոտենցիալով կարող է լինել երրորդ տեղում։
Լավագույն վեցյակը եզրափակում է արտագնայում «Էլչեի» հետ մրցակցությունը 1։1 հաշվով ավարտած «Կադիսը»։ Ինչ վերաբերում է «Բարսելոնին», հյուրընկալելիս ծանրագույն պարտության է մատնել «Օսասունային»՝ 4։0։ Կատալոնցիները 14 միավորով յոթերորդ հորիզոնականում են, պոտենցիալի առումով, հաշված պակաս անցկացրած երկու խաղերում տոնելիք հնարավոր հաղթանակները, կարող են հայտնվել առաջին եռյակում։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ