Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լարվածությունը գնալով մեծանում է

Լարվածությունը  գնալով մեծանում է
26.02.2013 | 13:09

«Բարսելոնի» հետ հեռակա մրցավազքում որքան էլ Մադրիդի «Ռեալը» երկրի չեմպիոնության հաշվով իր ծրագրերը «կոլոլել», դրել է դարակի մեջ, այդուհանդերձ իրեն չի կարող թույլ տալ այնպիսի մեծ շռայլություն, որպիսին մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն էլ զիջելն է: Դա ավելի քան պարզորոշ երևաց «Դեպորտիվոյի» հետ հանդիպումում: Աչքի տակ ունենալով արքայական գավաթի համար կիսաեզրափակչի պատասխան խաղը բարսելոնցիների հետ (հիշեցնենք` «Սանտյագո Բեռնաբեուում» կայացած դիմակայությունում գրանցվել է «Ռեալի» համար ոչ շահավետ 1:1 հաշիվ)` մադրիդցիները դաշտ էին դուրս եկել առանց Ռոնալդուի, Օզիլի ու Խեդիրայի (հանգստանալու հնարավորություն էր տրվել) ու փորձում էին խնդիրը լուծել առանց մեծ արյունի: Սակայն գրչին նոր-նոր վարժվող առաջին դասարանցու հիշեցնող իր սաների անկազմակերպ խաղը Մոուրինյոյին այնուամենայնիվ ստիպեց պլանները փոխել, երկրորդ խաղակեսում մրցասպարեզ նետել հարվածային հիշյալ եռյակին ու սույնով չափաբերել աղյուսակի հետնապահի ախորժակը, ով դեռ առաջին խաղակեսից հանդիպումը շահում էր 1:0 հաշվով ու սպառնում էր խաղը հասցնել ցանկալի ավարտին: Մոուրինյոյի շտկումները տվեցին սպասված արդյունքը, ու «Ռեալը» Մադրիդ վերադարձավ բաղձալի երեք միավորով, կամային հաղթանակ տարածի, չասենք, դրոշով, սակայն դրոշակով` հաստատ:
Նույն 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց նաև «Բարսելոնը», սակայն անհամեմատ լուրջ մրցակցի նկատմամբ: «Սևիլիան» ամբողջ մի խաղակես թխսեց սեփական կիսադաշտում` հաջողեցնելով անգամ առաջին խաղակեսն ավարտել բարձր նոտայով, սակայն երկրորդում անխոհեմաբար իրեն տվեց բաց խաղին, ինչին աշխարհի ուժեղագույններն են վախվորած դիմում կատալոնյան ակումբի հետ հանդիպումներում: Բնականաբար, չարդարացված խենթությունը Էմերիի թիմին արժեցավ կորցրած երեք միավոր: Ինչ վերաբերում է Մեսիին, նա շարունակում է գոլային խաղերի ռեկորդային շարանը` արդեն տանհինգերորդ հանդիպումում դաշտից չհեռանալով մրցակցի դարպասն առանց գոնե մեկ անգամ դրոշմակնքելու:
Իսպանական առաջնության առաջատար եռյակից Մադրիդի «Աթլետիկոն» «Էսպանյոլի» հետ խաղում, բնականաբար, ամեն ինչ պիտի աներ երեք միավոր ձեռք գցելու համար, քանզի մեկ օր առաջ Մադրիդի «Ռեալը» նրանից հետ մնալը հասցրել էր մեկ միավորի: Խաղը հեշտերից չես անվանի և, թող որ տասնմեկմետրանոցից, այդուհանդերձ, Ֆալկաոն «Աթլետիկոյի» համար ապահովեց բաղձալի հաղթանակ` մրցաշարում պահպանելով մինչ այդ եղած չորս միավորի տարբերությունը: Չմոռանանք նաև, որ դաշտի տերերն ամբողջ մի խաղակես եղել են տասը հոգով:
Գերմանիայի առաջնությունում Մյունխենի «Բավարիայի» հանդիպումը «Վերդերի» հետ համընկավ իրենց գլխավորի համար հոբելյանական իրադարձության հետ` մարզչի և մարզիկի որակում սա բունդեսլիգայում Յուպ Հայնկեսի թվով հազարերորդ հանդիպումն էր: Առաջնությունում ավելի քան վստահ հանդես եկող մյունխենցիները հավուր պատշաճի շնորհավորեցին մարզչին` 6:1 հաշվով հաղթելով մրցակցին, որը, դաժան ճակատագրի բերումով, դարձել էր այդ գիշատիչ խնջույքի ակամա մասնակիցը:
Մյոնխենգլադբախում տեղի «Բորուսիան» ընդունել էր աղյուսակի երկրորդ հորիզոնականում 42 միավորով հանգրվանած Դորտմունդի իր անվանակիցներին, իսկ երրորդ տեղում 41 միավորով ընթացող «Բայերը» հյուրընկալվել էր աղյուսակը եզրափակող «Գրոյտեր Ֆյուրտին»: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ խաղում կողմերը բաժանվեցին միավոր կիսած: Բորուսիական հանդիպումում արձանագրվել է 1:1 հաշիվ, «Գրոյտեր Ֆյուրտ»-«Բայեր» դիմակայությունում դարպասները մնացել են անառիկ: Համենայն դեպս, արձանագրենք, որ լևերկուզենցիները ձեռքից բաց թողեցին կրկին երկրորդ հորիզոնական բարձրանալու հրաշալի հնարավորությունը, իսկ դորտմունդցիները նրանց մեկ էլ նման հնարավորություն կտան, թե ոչ, գիտի միայն Բարձրյալը:
Մինչ մրցակցի հարկի տակ` Լոնդոնում, «Մանչեստր Յունայթեդը» վստահ հաղթանակ տարավ «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» նկատմամբ (2:0), ավելի պնդացնելով անառարկելի առաջատարի իր դիրքերը, 53 միավոր ունեցող «Մանչեստր Սիթին» հյուրընկալեց «Չելսիին»: Այս խաղը բացառիկ նշանակության էր, որովհետև առաջնությունում մրցակցի նկատմամբ դաշտի տերերի ունեցած չորս միավորի առավելությունն այնքան էլ հնարավորություն չի տալիս հարմարավետ զգալու աղյուսակի երկրորդ հորիզոնականում, իսկ «Չելսիի» պարտությունը հղի էր ոչ միայն մրցակցից լրջորեն հետ մնալու հեռանկարով, այլև երրորդ տեղը կորցնելու տագնապով, որովհետև վաստակած 48 միավորով «Տոտենհեմը» ծանրորեն է շնչում իրենից ընդամենը մեկ միավորի առավելություն ունեցող լոնդոնցիների թիկունքին: Խաղը չափազանց գեղեցիկ ստացվեց: Չեխը մեկ անգամ չէ, որ իր թիմին փրկեց վերահաս գոլից, սակայն ամենառեալ պահը, այնուամենայնիվ, եղավ «Ման. Սիթիի» դարպասին: Տասնմեկմետրանոցն անվրեպ իրացնելով` Լեմպարդը կարող էր առաջ մղել լոնդոնցիներին, սակայն Հարտը փայլեց գերազանց ռեակցիայով: Սա մանչեստրցիների համար հնչեց որպես ավելի ակտիվ գործողությունների դիմելու մարտակոչ: Կարծում եմ` 2:0-ն գոնե առժամանակ օրակարգից հանեց Մանչինիից ազատվելու թիմի երկրպագուների պահանջները, ինչը ոչ մի կերպ չես ասի Ռաֆա Բենիտեսի հասցեին:
Իտալիայի առաջնության քսանվեցերորդ տուրում «Յուվենտուսի» մրցակիցն աղյուսակի վերջին հորզոնականներում գտնվող «Սիենան» էր, այն «Սիենան», որը նախորդ տուրում սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել էր երրորդ տեղում գտնվող «Լացիոյին»` հընթացս հնարավորություն տալով «Միլանին» 44 միավորով հավասարվելու նրան: Ի դեպ, ընթացիկ փետրվարին «Սիենայի» զոհերի թվում է եղել նաև «Ինտերը», որն իր հերթին «Լացիոյին» ու «Միլանին» զիջում է մեկ միավորով, և որը, ընթացիկ տուրի շրջանակներում, հյուրընկալել էր վերջինիս: Սակայն, մինչև այս դիմակայությանն անդրադառնալը, ասենք` երեք գնդակ խփելով մրցակցի դարպասն ու սեփականն էլ պահելով անառիկ, «Յուվենտուսը» համոզչորեն ցույց տվեց, որ առաջնության աղյուսակի առաջին հորիզոնականը վստահելի ձեռքերում է, և իր հետ այլ կարգի խաղեր տալն անընդունելի է համարում:
Ինչ վերաբերում է «Ինտեր»-«Միլան» դիմակայությանը, միլանյան դերբին, ինչպես և սպասվում էր, լարված ստացվեց ու, այդ լարվածության հետ միաժամանակ, գեղեցիկ: Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի առաջին խաղում «Բարսելոնի» նկատմամբ հաղթանակ տոնած «Միլանը» վճռական էր նաև օրվա մրցակցին ծնկի բերելու հարցում, սակայն Էլ Շարավիի գոլին «Ինտերը» երկրորդ խաղակեսում պատասխանեց դարպասի գրավումով, ու կողմերը բաժանվեցին մեկական միավոր վաստակած, թեպետ միայն Բալոտելին կարող էր առնվազն երկու գոլի հեղինակ դառնալ: Սակայն եկեք պայմանականությունները դնենք մի կողմ, որովհետև օրվա ռեալությունը ոչ-ոքին էր` 1:1 հաշիվը, ինչն էլ «Միլանին» հնարավորություն տվեց առնվազն երկու օրով բարձրանալու առաջնության երրորդ հորիզոնական: Կմնա՞ թիմը նվաճած այս բաստիոնում, հայտնի կդառնա այսօր, «Լացիո»-«Պեսկարա» հանդիպումից հետո: Ինչ վերաբերում է առաջնությունում 51 միավորով երկրորդ տեղում ընթացող «Նապոլիին», այն երեկ հյուրընկալվել էր «ՈՒդինեզեին»:
Ֆրանսիայի առաջնությունում «Լիոնը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Լորիանի» նկատմամբ ու պահպանեց մրցաշարային աղյուսակի իր երկրորդ տեղը:
Շատ ավելի հետաքրքրական հարցերի պատասխան էր տալու առաջնության առաջատար ՊՍԺ-ի հանդիպումը երրորդ հորիզոնականում գտնվող «Մարսելի» հետ: Փարիզցիների համար հաղթանակը նշանակում էր «Լիոնի» նկատմամբ կրկին պահպանել երեք միավորի առավելությունը, իսկ մրցակցին գերազանցելու դեպքում մարսելցիները կարող էին ՊՍԺ-«Լիոն» զույգից հետ մնալը հասցնել երկու միավորի: Առանցքային այս հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով, հաղթանակի բերկրանքը վայելեցին տանտերերը: Ի դեպ, ՊՍԺ-ի կազմում այս հանդիպմանը մասնակցեց հինգ ամսով ակումբ տեղափոխված Դևիդ Բեքհեմը, ով գործուն մասնակցություն ունեցավ Զլատան Իբրահիմովիչի խփած գոլը կազմակերպելու հարցում:
Եվրոպական գրանդ առաջնություններում հերթական տուրը սկզբունքորեն առանձնակի փոփոխություն չմտցրեց առաջատար եռյակներում, սակայն ևս մեկ անգամ մատնանշեց, որ մեդալների համար պայքարը գնալով ավելի ու ավելի է շիկանում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ