Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ընդհանուր ցավի տեսություններն ավելի են շահարկվելու»

«Ցեղասպանության 100-րդ  տարելիցին ընդառաջ ընդհանուր ցավի տեսություններն ավելի են շահարկվելու»
19.12.2014 | 00:54

«Դեռևս 70-ականներից, հայկական պահանջների ակտիվացմանը զուգահեռ, սկիզբ դրվեց նաև Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Քանի որ չէին կարող փաստերով ժխտել ցեղասպանությունը, փորձում էին կասկածի ենթարկել այն»,- այս մասին երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց թուրքագետ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆԸ, նշելով, որ վերջին տարիներին թուրքերը սկսել են դրսևորել ժխտողականության ավելի մեղմ ոճ՝ վերափաթեթավորել իրենց քաղաքականությունը: Որպես օրինակ, նրանց թեթև ձեռքով (նաև ամերիկացիներն այն որդեգրեցին) օգտագործվում է «Մեծ եղեռն» տերմինը, որն անգլերեն նշանակում է «մեծ ողբերգություն»: Թուրքագետը հիշեցրեց 2008-ի վերջին թուրք մտավորականների տարածած նամակը, որով ներողություն էին խնդրում հայ եղբայրներից մեծ ողբերգության համար. «Այն, բնականաբար, ողջունվեց, որպես ցավակցության մի քայլ, բայց լիարժեք չէր, ինչպես լիարժեք չէր ապրիլի 23-ի Էրդողանի նամակը՝ Դավութօղլուի «ընդհանուր ցավ» արտահայտության մեջբերումով: Վերջին տարիներին թուրքական ժխտողականության հիմնաքարը դարձել է այս թեզը: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ընդհանուր ցավի տեսություններն ավելի են շահարկվելու»:
Ինչպիսի՞ն է հայկական կողմի արձագանքը:
Բանախոսի փոխանցմամբ՝ մեկ տարի առաջ հարցում է անցկացվել արտասահմանում ուսանող երիտասարդների շրջանում՝ հասկանալու համար՝ ինչքանո՞վ են նրանք առնչվում ժխտողականության թեզերին և ինչպե՞ս են արձագանքում դրանց: Հարցվողների 80 տոկոսը գոնե մեկ անգամ առիթ է ունեցել պատմելու Հայոց ցեղասպանության մասին օտար համակուրսեցիներին, իսկ 30 տոկոսն արձագանքել է թուրք կամ ադրբեջանցի համակուրսեցիների հերյուրանքներին:
«Թուրքերը, ադրբեջանցիները շատ պատրաստված են: Յուրաքանչյուր թուրք երիտասարդ, ով ընդունվում է արտասահմանյան բուհ սովորելու, հատուկ դասընթացներ է անցնում արտգործնախարարության և այլ գործակալության աշխատակիցների մոտ: Թուրքական պետությունն ունի պատրաստի հարցեր, և հայ երիտասարդները դժվարանում են նրանց հետ շփվելիս` մտացածին և թյուր մեղադրանքներին հակադարձելու հարցում»,- ասաց Արտակ Շաքարյանը, նշելով, որ մեր երիտասարդների 43 տոկոսը դժվարացել է պատասխանել, 53 տոկոսը դիմել է google որոնողական ցանցին, իսկ 36 տոկոսը օգտվում է Վիքիպեդիայից:
«Երիտասարդ առաջնորդների դպրոց» ՀԿ-ն արտգործնախարարության, ցեղասպանագիտության ինստիտուտի և այլոց հետ համատեղ վեր է հանել ցեղասպանությունը հերքելու թուրքերի տասը պաշտոնական թեզերը: Ըստ այդմ, ներկայացվելու է թուրքերի կողմից տրվող 10 հիմնական հարցերի 10 պատասխան:
«ՈՒղեցույց երիտասարդ դեսպանին. փաստարկներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ» ձեռնարկը թարգմանվել է նաև անգլերեն, տրամադրվելու է արտասահման մեկնող հայ երիտասարդներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ նախագահի հատուկ դրամաշնորհով:


«Փորձել ենք Հայոց ցեղասպանությունը համեմատել հոլոքոստի հետ, որպեսզի ավելի մեծ լինի ազդեցությունը արտասահմանյան լսարանի վրա: Որպես օրինակ, անդրադարձել ենք այսօրվա ամենաչարչրկված՝ «ընդհանուր ցավ» հասկացությանը: Ասում են՝ Առաջին համաշխարհայինի տարիներին ոչ միայն հայ ժողովուրդն է ունեցել ցավալի կորուստներ, այլև թուրք ժողովուրդը: Սրա ամենասպառիչ պատասխանն այն է, որ Երկրորդ համաշխարհայինի տարիներին հրեաների հետ մեկտեղ զոհվել են նաև բազում ֆաշիստ զինվորներ, շատ գերմանացիներ սովահարությունից մահացել են: Բայց ոչ մի գերմանացի, ֆաշիստի թոռ չի հանդգնի հոլոքոստի զոհերին համեմատել զոհված ֆաշիստների հետ: Նույն կերպ անարդար է համեմատելը ցեղասպանության զոհ դարձած հայ կանանց, երեխաներին թուրքական բանակի զոհված սպաների ու զինվորների հետ»:
Մեր հարցին՝ «Միայն պատասխաններ են, իսկ հարցեր չունե՞նք թուրքերին», բանախոսը պատասխանեց. «Ինչպես Կիրո Մանոյանն ասաց գրքի շնորհանդեսի ժամանակ, սա առաջինն է: Հույս ունենք, որ սրանից հետո կլինեն գրքեր հատուցման մասին (այս հարցում նույնպես պատրաստված չենք), ուղեցույց ձեռնարկի թուրքերեն ու ֆրանսերեն տարբերակներն ենք պատրաստելու: Հինգ տարի առաջ այս ձեռնարկի արցախյան տարբերակն էինք պատրաստել՝ տասը հարց արցախյան հիմնահարցի մասին: Կարծում եմ՝ թարմացնելու ժամանակն է: Այնպես որ, անելիք շատ կա»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 23862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ