Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Աշխարհակարգի փոփոխությունների ռիթմն ու ոգին Հայաստանը պետք է զգա և ունենա համապատասխան դիրքավորում»

«Աշխարհակարգի փոփոխությունների ռիթմն ու ոգին Հայաստանը պետք է զգա և ունենա համապատասխան դիրքավորում»
02.10.2018 | 00:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեր արտաքին քաղաքական օրակարգում կտրուկ շրջադարձեր չկան։ Հայաստանին այսօր որքանո՞վ է հաջողվում հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը տարբեր բևեռների միջև։ Քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, մեր հարցադրմանն անդրադառնալով, նկատում է, որ չենք կարող ասել, թե նախորդ իշխանություններն արտաքին քաղաքականությունը ձախողել են, բայց նաև չենք կարող ասել, թե օգտագործել են ամբողջ ներուժն ու հնարավորությունների ողջ պաշարը։ Դա արտահայտվել է դիվանագիտական կորպուսում կադրերի ոչ ճիշտ ընտրությամբ, երկրում իշխանության լեգիտիմության ցածր մակարդակով, կառավարման հետ կապված լրջագույն խնդիրներով։ Միևնույն ժամանակ քաղաքագետը նշում է, որ արտաքին քաղաքականությունը հաջողված է եղել՝ հաշվի առնելով Հայաստանի հավասարակշիռ հարաբերությունները ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի հետ։


«Շատ դժվար է ասել՝ այժմ արտաքին քաղաքականությունը հավասարակշռվա՞ծ է, թե՞ ոչ։ Նախ պետք է հստակեցնենք՝ ի՞նչ ենք հասկանում հավասարակշռում ասելով։ Մենք պետք է դիտարկենք արդյունքներն ու տեսնենք՝ արդյոք դրանք գոհացնու՞մ են։ Մենք ունենք Արցախի, ինչպես նաև բազմամակարդակ այլ խնդիրներ։ Եթե, հավասարակշռում ասելով, նկատի ունենք, որ պահում ենք ստատուս քվոն՝ այն իրավիճակը, որ կա, ասենք Արցախյան խնդրում, ապա դա ձեռնտու չէ Հայաստանին, քանի որ մենք ունենք լրջագույն խնդիրներ։ Այսօր մենք շարունակում ենք այն, ինչ ունեինք։ Որևէ լուրջ փոփոխություն արտաքին քաղաքականության մեջ չկա։ Թեև համաշխարհային ժողովրդավարությունների մակարդակում բավականին լավ է ընդունվում Հայաստանի՝ որպես ժողովրդավար երկրի կերպարը, ինչն ավելի լայն հնարավորություններ է բացում մեր երկրի համար»,- նշում է Սուրեն Պետրոսյանը։

Ըստ նրա՝ ներքին ու արտաքին քաղաքականությունները միմյանց հետ փոխկապակցված են։ Եվ եթե ելնենք երկու մակարդակում խաղի տեսությունից, ապա պետք է արձանագրենք, որ ունենք ահռելի հնարավորություններ՝ ներքին մակարդակում լավ կառավարում, լեգիտիմություն, կադրային ճիշտ քաղաքականություն, իսկ դրսի մակարդակում՝ ինքնիշխանության հստակ գիտակցմամբ արտաքին քաղաքականությունից հնարավորինս օգուտներ քաղել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։
Ըստ Սուրեն Պետրոսյանի՝ մենք դիտարկում ենք մեր վարչապետի, Ադրբեջանի նախագահի կամ տարածաշրջանի երկրների ղեկավարների ելույթները տարբեր ամբիոններից, բայց աշխարհակարգի փոփոխությանը վերաբերող շատ կարևոր հաղորդագրությունների վրա աչք ենք փակում։ Մեր զրուցակիցը նշում է, որ վեստֆալյան աշխարհակարգը, որը մի քանի հարյուրամյակ առաջ սահմանվել էր, իրեն չի արդարացնում և ամբողջությամբ փլուզվել է։ Հայաստանի շեշտադրումներն էլ, ըստ այդմ, պետք է փոխվեն։ Մենք միշտ հակված ենք միկրոմակարդակում դիտարկելու մեր արտաքին քաղաքականությունն ու մեզ դիրքավորելու այդ մակարդակում, ինչը մեծագույն սխալ է։ «Վեստֆալյան աշխարհակարգը և խաղաղության տեսլականը, ըստ էության, արդեն իրենց չեն արդարացնում։ Եթե ժամանակին, թեկուզ նաև մինչև վերջերս կար որոշակի արևմտյան միաբևեռ գերիշխանություն ամբողջ աշխարհում, ներկայումս ճեղքեր են գրանցվում արևմտյան վեստֆալյան աշխարհակարգը կրող դերակատարների միջև։ Բելգիայի վարչապետը ՄԱԿ-ում հայտարարեց, որ ԱՄՆ-ը չէ, որ պետք է թելադրի՝ Եվրամիության երկրները կամ թեկուզ Բելգիան ում հետ ինչպիսի տնտեսական կամ քաղաքական հարաբերություններ ունենան։ Աշխարհակարգի փոփոխությունների ռիթմն ու ոգին Հայաստանը պետք է զգա և ունենա համապատասխան դիրքավորում։ Իհարկե, սա ենթադրում է բազմավեկտոր քաղաքականություն՝ հստակ ելնելով ինքնիշխանության գերակայությունից։ Եթե 5-10 տարի առաջ խոսվում էր համաշխարհային կառավարման, գլոբալացման մասին, այժմ ամբողջ աշխարհը վերադարձել է պետականության դերի կարգավորմանը համաշխարհային քաղաքականության և աշխարհակարգի խաղաղության հարացույցի շրջանակներում։ Փոփոխությունների շունչը պետք է զգալ, հասկանալ ու ըստ դրա կատարել ճիշտ կառավարում»,- ասում է մեր զրուցակիցը։


Վարչապետ Փաշինյանի այցն ու ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից ի՞նչ ուղերձներ են պարունակում, ի՞նչ կարող ենք ակնկալել այցից հետո հայ-ամերիկյան հարաբերություններում։
Ըստ Սուրեն Պետրոսյանի՝ քաղաքական իմաստով հստակ բան ակնկալել չենք կարող, քանի որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի որևիցե օրակարգ դրված չէ, որով Հայաստանի առաջին դեմքը ԱՄՆ-ի առաջին դեմքի հետ կարող է բանակցել։ Նման կարևորության օրակարգ մենք ինքներս չունենք ձևավորած։ Իհարկե, տեսնում ենք, որ հայկական համայնքը բավականին դրական է ընդունում, ողջունում վարչապետին, ներդրումների պատրաստակամությունը, տնտեսական ակտիվությունը շատ կարևոր են, բայց քաղաքական համատեքստում որևէ հստակ փոփոխության մասին խոսելը դեռևս շատ վաղ է։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. ՀՀ արտաքին քաղաքականության թեմայով առավել մանրամասն զրույցը Սուրեն Պետրոսյանի հետ՝ «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 10022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ