Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայերը Ֆրանսիայում

Հայերը Ֆրանսիայում
16.10.2018 | 01:48

Չեմ հիշում՝ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի՞, թե՞ Օլանդի՝ Հայաստան այցի նախօրյակին Հ1-ը եթեր հեռարձակեց մի երկարաշունչ ապուշություն առ այն, թե Երևանում հայերն ինչպես են «շնորհակալության» փոխարեն գործածում «մերսի» բառը: Երկու ժողովուրդների, երկու երկրների բազմադարյա հարաբերությունները շրիշակի մակարդակի հասցրած այդ նողկանքից չամաչեցին թերևս լրագրողը և հեռարձակողները:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի այցի առթիվ է մեր այս համառոտ հրապարակումը:

Ըստ բյուզանդագետ Շառլ Դիլի, հայերը Ֆրանսիա են եկել VI–VII դդ.։ Իսկ անվանապես հայտնի առաջին հայը եղել է Անտիոքի Սիմոն եպիսկոպոսը, որը, պարսիկների գերեվարումից փրկվելով, 591 թ. հաստատվել է Տուր քաղաքում։

XIII դ. հայ վաճառականները առևտրատնտեսական փոքրիկ համայնքներ հիմնեցին Ֆրանսիայի հարավում՝ Պրովանս ու Լանգեդոկ նահանգների Մարսել, Մոնպելիե, Նարբոն, Նիմ քաղաքներում։ ՈՒշագրավ Է, որ XII-XIV դդ. Մոնպելիեի համալսարանի դռանը փակցվում Էին կիլիկյան ու ֆրանսիական դրամական փոխարժեքների սակացանկերը։

Առաջին հայը, որ ֆրանսահպատակություն է ընդունել, եղել է վաճառական Անտոնը (1625 թ.)։

1629 թ. նոյեմբերի 23-ին Լյուդովիկոս XIII-ը և կարդինալ Ռիշելիեն ստորագրեցին հատուկ հրովարտակ, որով հայ վաճառականներին իրավունք տրվեց ազատ ելումուտ ունենալու Մարսել։ 1639-ին մետաքս բերեցին խոջա Ֆահրադը, Նոնիաթը (Ավետիք) և Հովհաննես Մկրտիչը։

XVII դ. Հայաստանում ու Եվրոպայում շրջանառության մեջ դրվեց մի հին մարգարեություն, որը վերագրվում էր Սահակ Պարթևին: Համաձայն դրա, հայերը բարկացրել էին Աստծուն, ինչի համար էլ զրկվել էին թագավորությունից: Եվ ահա պիտի հառներ եվրոպական մի թագավոր, որը կվերականգներ պետականությունը, հայերին կազատեր տառապանքներից ու նրանց կվերադարձներ իրենց հայրենիքը:
Առաջնորդվելով այս մարգարեությամբ` 1666 թ. բաղեշցի խոջա Մուրատը, որ Կանեայում (Կրետե) փրկագնել և ազատ էր արձակել բազմաթիվ ֆրանսիացի գերիների, կազմավորեց մի պատվիրակություն, նպատակ ունենալով Լյուդովիկոս XIV-ի աջակցությամբ Հայաստանն ազատագրել թուրքերից ու պարսիկներից: Պատվիրակության կազմում էին Պոլսո նախկին պատրիարք Հովհաննես Թութունճին, լատինադավան Զաքարիա վրդ. Սիսիանցին, մարսելցի տպարանատեր, Աստվածաշնչի առաջին տպագրիչ Սողոմոն Լևոնյանը, հալեպցի Ղազարոսի որդի Հովսեփը (թարգմանիչ ժոզեֆ), ղրիմցի վաճառական խոջա Առաքելը, Փարիզում ու Մարսելում վաճառականությամբ զբաղվող էրզրումցի Հովհաննեսի որդի Գրիգորը և ղազանչեցի Մուրատը:


1683 թ. փետրվարի 2-ին պատվիրակությանն ընդունեցին Վերսալ և Սեն-Կլու պալատներում: Սակայն, ինչպես հայտնի է, Հայաստանը, ավաղ, չազատագրվեց…

Հայերեն առաջին տպագիր աշխարհաբար գիրքը կոչվում է «Արհեստ համարողութեան» և լույս է տեսել 1675 թ. Մարսելում, Սողոմոն Լևոնյանի տպագրությամբ։ Դա միաժամանակ առաջին տպագիր մաթեմատիկական ձեռնարկն էր, որը գերմանացի հեղինակ Ք. Կլավիուսի «Գործնական թվաբանության համառոտ շարադրանք» աշխատության ազատ թարգմանությունն է և նախատեսված էր բացառապես հայ վաճառականների համար։ Առաջաբանում նշված է թարգմանության դրդապատճառը՝ որպեսզի կարիքի մեջ գտնվող ազգակից վաճառականները կարողանան անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերել և իրենց գործը առաջ տանել. «Տեսանելով զհարկաւորութիւն մերազնեայց վաճառականաց վասն կատարելապէս ոչ գիտելոյ զարհեստն համարողութեան, վայելուչ վարկաք զգիրս թարգմանել ի մերս բարբառ, որպէսզի սովաւ վարժեցեալք կարիցեն դիւրապէս պարապիլ ի գործս իւրեանց թարց դեգերման մտաց»:

Մարսելում հայ վաճառականները համախումբ բնակվում էին Հայոց փողոցում (Rue des Armeniens) և Վաճառականական սակարանի (Bours de Commerce) հետնամասում գտնվող մի փողոցում, որը կոչվում էր Հայաստանի աղբյուր (Fontaine d’Armenie), հավանաբար, ի հիշատակումն այն աղբյուրի, որի վրա պարզորոշ կարդացվում էր կառուցման թվականը՝ 1786։
Այս նույն թվականին Բիթար անունով մի հայ Պյուի դը Դոմ նահանգում դղյակ գնեց և հիմնեց Դեզարմենիեն (Desarmenien, բառացի՝ հայերի, հայկական) գյուղը։ Ահա այդ վավերագրի թարգմանությունը. «Մարի դը Լեգրանժը՝ Լուի դը Շազերոնի կինը, 1786 թ. փետրվարի 7-ին Կրյոզի իր Պեյռուդետ դղյակը վաճառեց Բիթար դեզ Արմենիեն դը Բորդին, որի ժառանգների սեփականությունն է այն հիմա։ Հայերի հողակտորը, որ իր անունն ստացել է Բիթար ընտանիքից, գտնվում է Բյուսիեր գյուղախմբի մեջ, Պիոնսա կանտոնում, Ռոնի գավառում, Պյուի դը Դոմ նահանգում»։

ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ


Ինչպե՞ս է սուրճը թափանցել մարդու կենսակերպ։
Առասպելի համաձայն, սրճածառի բարեբեր հատկությունները հայտնաբերել են Արաբական թերակղզու հարավում այծ պահող հովիվները՝ ուշադրություն դարձնելով այն բանին, որ այդ ծառերի մոտ արածող այծերը դառնում են տարօրինակ կերպով շարժուն ու զարմանալի ցատկունակ։ Իսկ սուրճի գործածության հիմքը դրեց ներկայիս Եմենի մայրաքաղաք Ադենում բնակվող մի մուֆթի՝ մոլլայապետ, որն ըմպելիքը տալիս էր իր ջերմեռանդ դերվիշներին, որպեսզի նրանք չքնեն ու գիշերներն անցկացնեն աղոթքների մեջ։
Սուրճ խմելու սովորությունը Ադենից անցավ Մեքքա, 1500 թ.՝ Մեդինա, արաբական այլ քաղաքներ ու Կահիրե, իսկ 1554 թ. Կ. Պոլսում բացվեցին սրճարաններ՝ ղայֆախանաներ։ Եգիպտոսից ու Թուրքիայից սուրճը մուտք գործեց Եվրոպա. XVII դ. այն հայտնվեց Վենետիկում, 1633-ին՝ Ամստերդամում ու Լոնդոնում, իսկ 1644 թ. մարսելցի ճանապարհորդի որդի Լյա Ռոկը սեփական գործածման համար սուրճ բերեց Փարիզ։
Ո՞րն է հայերիս դերակատարությունն այդ գործում։ Հայ վաճառականները, հանդիսանալով Ասիայի ու Եվրոպայի հիմնական կապող օղակը, եվրոպացիներին ընտելացրին սուրճ խմելուն։
Ֆրանսուհի արևելագետ Ժակլին Պիրենը 1958 թ. հրատարակած «Արաբիայի հայտնագործումը» գրքում գրում է. «Փարիզը պաշտոնապես սուրճի առաջ դռները բացեց 1699 թ.՝ թուրքական դեսպանի այցելության ժամանակ։ Սուրճի առևտրով փորձեցին զբաղվել հայերն ու լևանթացիները, սակայն նրանց կրպակները փարիզցիներին դուր չեկան։ Շրջիկ առևտրականների բախտն ավելի բերեց»։ Ժ. Պիրենը սխալվում է, սխալվում է ճիշտ 27 տարով. Փարիզը սուրճի առաջ դռները բացեց 1672 թ., երբ Ֆրանսիայի մայրաքաղաք եկավ հայ վաճառական Հարությունը՝ նույն ինքը Պասկալը։ Նա նկատեց, որ Փարիզի հասարակությունը զվարճասեր է, բոհեմի քիմքին, թերևս, հաճելի կլինի անծանոթ ըմպելիքը՝ սուրճը։ Հարություն-Պասկալը նախ սուրճի խանութ բացեց Սեն-Ժերմեն տոնավաճառի մոտ, ապա սրճարան բացեց Էքոլ առափնյակում՝ դելա Մոնե փողոցի անկյունում, ուր 1 գավաթ սուրճը վաճառում էր 2 սոլ 6 դենիեով։ Դա Փարիզի առաջին սրճարանն էր։ Սակայն հարկ է նշել, որ Հարությունի բիզնեսն անհաջողության մատնվեց. Փարիզի զվարճասեր հասարակությանը դուր չեկավ նոր ըմպելիքը, որովհետև գործածելու սովորույթ չկար, իսկ հաճախորդները հիմնականում Մալթայի միաբանության ասպետներն էին և այն օտարերկրացիները, որոնք ծանոթություն ու շփում ունեին Արևելքի հետ։ Սա էր պատճառը, որ հայ վաճառականը սրճարանը փակեց և մեկնեց Լոնդոն՝ այնտեղ բախտ որոնելու։ Որոշ տեղեկությունների համաձայն, նա սրճարան է հիմնել նաև Անգլիայի մայրաքաղաքում։ Ավելացնենք միայն, որ Փարիզում մնաց Հարություն-Պասկալի գարսոնը՝ իտալացի Ֆրանչեսկո Պրոկոպիոդեի Կոլտելլին, որը խորամուխ էր եղել նորածիլ սրճարանային բիզնեսի մեջ։


Դրանից 3-4 տարի անց՝ 1675-1676 թթ. Փարիզ եկավ մեկ այլ հայ վաճառական՝ նորջուղայեցի Մալիբանը, որը սրճարան բացեց դը Բյուսի փողոցի վրա, Սեն Ժերմեն աբբայության մոտ։ Սակայն շուտով նա ստիպված եղավ առևտրական գործերի բերումով տեղափոխվել Հոլանդիա ու սրճարանը վաճառեց իր համերկրացի Գրիգորին։ Ահա այս մարդն էր, որ առաջին անգամ լուրջ հաջողությունների հասավ։ Գրիգորը սրճարան հիմնեց Մազարեն փողոցի վրա՝ «Կոմեդի» թատրոնի հարևանությամբ, և դրդապատճառը պարզ էր՝ թատրոնի դերասաններն այն մարդիկ էին, որոնք առանձնակի հակում ու կապվածություն էին դրսևորում թարմացնող, առույգացնող ըմպելիքի հանդեպ։ Ահա թե ինչու, երբ 1688-ին «Կոմեդին» փոխադրվեց Ֆոսե Սեն Ժերմեն դը Պրե, Գրիգորն էլ տեղափոխվեց և նոր սրճարան բացեց թատրոնի հարևանությամբ, որպեսզի հաճախորդներին չկորցնի։ Իսկ նախկին սրճարանը՝ Մազարեն փողոցի վրա, վաճառեց իր համերկրացի, նորջուղայեցի Մակարին, որը որոշ ժամանակ աշխատեցնելուց հետո, իր հերթին այն վաճառեց լիեժցի Գանդուային։
Գրիգորի սրճարանը մեծ համբավ ձեռք բերեց և, համարձակորեն կարելի է ասել, դարձավ փարիզյան ներկայիս սրճարանների նախատիպը։ Այստեղ առաջին անգամ վաճառվեց պաղպաղակ, իսկ բազմաթիվ թատերասեր այցելուների թվում հաճախ կարելի էր հանդիպել Վոլտերին։ Առաջացած տարիքի պատճառով Գրիգորը սրճարանը վաճառեց Հարություն-Պասկալի գարսոն Պրոկոպին, իսկ ինքը նույն փողոցի վրա տուն գնեց և խոր ծերության մեջ վախճանվեց 1714 թ.։ Ավելացնենք նաև, որ «Պրոկոպ» սրճարանը, որպես ռեստորան, գոյատևում է առայսօր։


Գրիգորի հաջող բիզնեսը վարակիչ դարձավ այլ հայերի համար։ Այդ նույն ժամանակ Փարիզի փողոցներում սուրճի շրջիկ առևտրով էր զբաղվում Հովսեփը։ Որոշ ժամանակ անց նա սրճարաններ հիմնեց մայրաքաղաքի տարբեր մասերում և զգալի կարողություն վաստակեց։ Հովսեփի վերջին սրճարանը գտնվում էր Նոտր Դամ կամրջի ստորին հատվածում, որտեղ նա ուներ նաև սեփական տուն։
Հովսեփին հետևեց հալեպցի Ստեփանը։ Սկզբում նա Շանժ կամրջի վրա մի սրճարան-խանութ բացեց, ապա Սենտ-Անդրե-դեզ Աղ փողոցի վրա՝ Սեն-Միշել կամրջի դիմաց, տուն գնեց, որի առաջին հարկում սրճարան հիմնեց։ XVIII դ. սկզբին սա դարձավ Փարիզի ամենամեծ ու ամենանշանավոր սրճարաններից մեկը. Ստեփանն առաջինն էր, որ հայելազարդ պատերով ու մարմարյա սեղաններով սրճարան բացեց և մեծ հռչակ ձեռք բերեց Լատինական թաղամասում։
Ահա այսքանից հետո միայն ֆրանսիացիներն արթնացան թմբիրից, և XVIII դ. վերջին Փարիզում արդեն կար 900 սրճարան։


Սրճարանատերերից բացի, XVII դ. Փարիզում հաստատվեցին վաճառականներ Սիմոնի որդի Աղազարը (1651 թ.), Հովհաննես Գրիգորը, Ստեփան Ֆաքսին (1686 թ.), տրապիզոնցի հայր ու որդի Շահին ու Շեն Չելեբիները (1694 թ.), Մարգար Ավագշենցը (Avacsinz), որի նավապետ որդիներ Հովհաննեսն ուՀովսեփը Հնդկաչինի ծովերում թանկագին քարերի առասպելական առևտրով պիտի զբաղվեին և թալանվեին անգլիացի ծովահենների կողմից:

1712 թ. Մարսելում սրճարան է բացել թուղլարցի Վարդանի որդի Հովհաննեսը։ Միանգամայն հնարավոր է, որ դա քաղաքի առաջին սրճարանն էր։

ՖՐԱՆՍԱԲՆԱԿ ՀԱՅԵՐԻՑ ՄԵԿԸ


Ֆրանսիայում բնակություն են հաստատել և օգտաշատ գործունեություն ծավալել հարյուրավոր հայ գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, ընդ որում՝ ոչ միայն արևմտահայեր, այլև բոլշևիկյան հեղափոխությունից վտարանդված ռուսաստանցիներ ու կովկասահայեր: Նրանց թողնելով ի փայ այլոց, ես տեղի սղության պատճառով առանձնացրել եմ մեկին:
Աթանագինե Էգնայանը (1849, Կ. Պոլիս-1925, Փարիզ) ծնվել է Գում-Գաբու թաղամասում, ուր հետագայում կառուցել է Մայր վարժարանը: 19 տարեկան հասակում Կ. Պոլսից տեղափոխվել է Փարիզ և ընկերակցել եղբայրներին՝ Տիգրանին ու Գաբրիելին, որոնք զբաղվում էին թանկագին քարերի առևտրով։ Եղբայրների մահից հետո ղեկավարել է «Էգնայան» ընկերությունը և բիզնեսը փոխադրել արդյունաբերական, արտադրական հենքի վրա։ Նրա անձնական մտահղացմամբ առաջին անգամ կիրարկվել է ակնահղկման յուրահատուկ եղանակ, որի շնորհիվ թանկագին քարերը, կլորից բացի, ստացել են նաև այլ ձևեր։
Ա. Էգնայանի թանկագին քարերը 1900 թ. Փարիզի միջազգային ցուցահանդեսում արժանացել են ոսկե մեդալի, իսկ 1904 թ. Սենթ-Լուիսի (ԱՄՆ) և 1908 թ. Լոնդոնի ցուցահանդեսներում՝ Մեծ մրցանակների։


1902 թ. «Էգնայան» ֆիրման տեղափոխվել է Փարիզի Նեյի արվարձանի նորակառույց գործարան (Լուի Ֆիլիպ փողոց, թ. 20)։
Ա. Էգնայանը 1922-1925 թթ. եղել է Փարիզի Սբ Հովհաննես Մկրտիչ հայոց եկեղեցու վարչական խորհրդի անդամ, Կովկասի հայ փախստականների օժանդակ մարմնի համարառու ընդհանուր ժողովի ատենապետ։
Ա. Էգնայանի ժառանգները, համաձայն հանգուցյալի վերջին կամքի, որ պիտի կատարեին նրա մահից մեկ տարի անց, 1926 թ. 1 մլն ֆրանկ են հանձնել ՀԲԸՄ նախագահ Պողոս Նուբարին, որպեսզի վերջինս իր հայեցողությամբ գործադրի բարեգործական նպատակների համար:

ԻՆՉՈՒ Է ՊԵՏՔ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ
1915 թ. Ցեղասպանությունը տակնուվրա արեց հայի ներաշխարհը, հոգեբանությունը, կերտվածքը: Հազարավոր բնավեր, սրատվածությունից մազապուրծ գաղթականներ փրկության հանգրվան գտան ֆրանսիական հողում: Զուտ առևտրատնտեսական, կրթաստաց համայնքը վերածվեց գոյապահպանական գաղթավայրի: Տասնյակ քաղաքներում, ավաններում ու գյուղերում բնակություն հաստատեցին հայեր, որոնց ճշգրիտ թիվն իրականում ոչ ոք չգիտեր։ Եթե Լիոնում հայերի մասին երբևԷ որևէ տեղեկություն չկար, ապա 1925-ին նրանց թիվը 3000 էր, և զգալի մասն աշխատում էր «Բերլիե» ավտոգործարանում։ Եթե մինչև Առաջին աշխարհամարտը Մարսելում կար հիմնականում բիզնեսի ոլորտում ընդգրկված ընդամենը 400 հայ, ապա 1925-ին հայերի թիվը 13 հազար էր, որոնք ապրուստի միջոց էին վաստակում շաքարի ու կոշիկի գործարաններում։
Մոտավոր հաշվարկներով` Ֆրանսիայում հայտնվեց 50 հազար գաղթականություն, որի առաջ ծառացավ մեկ խնդիր՝ ազգային գոյապահպանություն։ Այս հիմնախնդրի լուծմանը զինվորագրվեցին տասնյակ բարեգործական ու հասարակական կազմակերպություններ, հայրենակցական միություններ, վարժարաններ, որբախնամ ընկերություններ, տիկնանց ու երիտասարդաց միություններ...

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 7889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ