Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

1. Չինական մեծ պարիսպն ու հայկական փոքր պատը

1. Չինական մեծ պարիսպն ու հայկական փոքր պատը
16.11.2018 | 02:53

Համաշխարհային մակարդակով երկրորդ տնտեսություն դառնալու ճանապարհին գործուն քայլեր անող Չինաստանը աշխարհում ընդլայնում է իր քաղաքական, մշակութային, տնտեսական ու պատմական ներկայությունը: Առանց շտապելու, քայլ-քայլ խնդիրներ դնելով ու լուծելով: Կոնֆուցիուսի ժամանակներից Չինաստանը շարունակում է զարմացնել ու հիացնել իր մենթալիտետով, ազգային ինքնատիպութան ու արժեհամակարգի պահպանության հաստատակամությամբ ու հեղափոխական որոշումները առանց հեղափոխության կյանքի կոչելու ունակությամբ:


Նոյեմբերի 9-14-ին Չինաստանում էր ԱԺ Հայաստան-Չինաստան պատգամավորական բարեկամության խումբը` չինական կողմի հրավերով: Բնորոշ է, որ չինացիներին հատկապես հիմա է հետաքրքրում Հայաստանը, և նրանք հիմա էին ուզում հավաստիանալ, որ Հայաստանը իր քաղաքական փոփոխություններից հետո շարունակելու է Չինաստանի հետ հարաբերությունները` մակարդակի անկում թույլ չտալով ու առաջ գնալու ցանկությամբ: Նրանք չեն ընդունում մոտավորություն, կողմ են կոնկրետության ու հստակ ծրագրերի` հաշվի առնելով թե իրենց, թե մեր առանձնահատկությունները, քաղաքական-տնտեսական իրավիճակն ու գերակայությունները: ԱԺ պատգամավորներին Պեկինում ընդունում էին ամենաբարձր մակարդակներում ու գերազանց հյուրընկալությամբ` քաղաքական հանդիպումները զուգահեռելով գիտնականների հետ հանդիպումներով ու ձեռնարկություններ այցերով: Նրանք իսկապես ցանկանում են Հայաստանին բարեկամ ու գործընկեր ունենալ Հարավային Կովկասում ու պատրաստ են աշխատել Հայաստանի հետ, ու դա մեկանգամյա հետաքրքրություն չէ, այլ երկարատև ու փոխշահավետ աշխատանքի ցանկություն:
Նոյեմբերի 9-ին Պեկինում Հայաստան-Չինաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին ընդունեց ՉԺՀ ԱԳՆ կուսկոմիտեի քարտուղար Չժան Եսույը: Բարեկամության խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ներկայացնելով խմբի անդամներին` Շուշան Սարդարյանին, Ջեմմա Բաղդասարյանին, Արման Սաղաթելյանին, Կարեն Բաքարյանին ¥ՀՀԿ¤ և «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին, նշեց, որ հայ-չինական բարեկամական հարաբերությունները երկար դարերի պատմություն ունեն և Չինաստան-Հայաստան բարեկամական խումբը խորհրդարանական դիվանագիտության կարևոր ուղղություններից է: Հերմինե Նաղդալյանը նշեց, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններ են կատարվել, նշանակված են խորհրդարանական նոր ընտրություններ և ընտրություններից հետո էլ Չինաստանի հետ հարաբերություններին տրվելու է գերակայություն:


ՉԺՀ ԱԳՆ կուսկոմիտեի քարտուղար Չժան Եսույը, արձանագրելով չին-հայկական երկկողմ հարաբերությունների բարձր դինամիկան դիվանագիտական հարաբերությունների 26-րդ տարում, կարևորեց քաղաքական, տնտեսական, կուսակցական, մարդասիրական ոլորտներում համագործակցությունը: Պեկինը բարձր է գնահատում Հայաստանի կայուն քաղաքականությունը Հարավ-չինական ծովի խնդիրների ու Թայվանի հարցում: Չժան Եսույը շնորհակալություն հայտնեց այդ քաղաքականության հաստատունության համար և ընդգծեց, որ Հայաստանի զարգացումը կարևոր նշանակություն ունի Չինաստանի համար: Նա հույս հայտնեց, որ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններում ձևավորված իշխանությունը կշարունակի նույն քաղաքականությունը, և Պեկինն ի դեմս Հայաստանի գործընկեր կունենա իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում, կշարունակվի կարևոր համագործակցությունը էներգետիկայի, ինֆրակառույցների զարգացման ոլորտներում: Նա հիշեցրեց, որ Չինաստանը Հայաստանի երկրորդ առևտրատնտեսական գործընկերն է, և զարգացման ներուժը պետք է օգտագործել: Չժան Եսույը գոհունակությամբ նշեց, որ Շանհայի ցուցահանդեսում այս տարի ներկայացվել են հայկական խմիչքները և շատ բարձր գնահատական են ստացել:


Չինաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը կարևորեց, որ 1992-ից, երբ հաստատվել են դիվանագիտական հարաբերությունները, հայ-չինական հարաբերություններն անընդհատ զարգանում են բոլոր ոլորտներում: «Մեզ համար շատ կարևոր է Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում: Չինաստանը կողմ է բոլոր կոնֆլիկտների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի, խաղաղ կարգավորմանը»,- ասաց Հայաստան-Չինաստան պատգամավորական խմբի ղեկավարը: Նա նշեց, որ անցած տարիներին բազում այցեր ու հանդիպումներ են եղել օրենսդիր ու գործադիր մարմիններում և փաստը, որ Հայաստանի համար այս կարևոր օրերին ԱԺ պատվիրակությունը Պեկինում է, վկայում է քաղաքական բարձրամակարդակ կապերի շարունակականությունը: ՈՒրախացնում է, որ Հայաստանում ավելանում են չինական ընկերություններն ու ներդրումային ծրագրերը: Մունիցիպալ, հումանիտար, ռեգիոնալ համագործակցության զարգացման վկայություններից է Երևանում բացված չինական գիմնազիան, որ կարևոր իրադարձություն է և հնարավորություն է տալիս ավելի շատ երեխաների շփվել չինական մշակույթի ու պատմության հետ: Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն հայտնեց նաև վերջերս առողջապահության նախարարությանը հատկացված 200 շտապօգնության մեքենաների համար, որ շատ կարևոր աջակցություն է: Նա թվարկեց տնտեսական համագործակցության հեռանկարային ոլորտները և հատկապես կարևորեց, որ Հայաստանն ընդգրկված լինի Մետաքսի ճանապարհի գործընթացում` տնտեսական ծրագրերում ընդգրկվածության ու զարգացման նոր հեռանկարներ բացելով տարածաշրջանի համար: Նա անդրադարձավ նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներին ու հնարավորություններին, վիզայի հարցի լուծմանը, արձագանքելով Շանհայի «Էքսպոյում» հայկական խմիչքների հաջողությանը` Հերմինե Նաղդալյանը հույս հայտնեց, որ կհաջորդեն նոր քայլեր` հայկական կոնյակն ու գինին չինական շուկա բերելու ուղղությամբ:


Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև միջկուսակցական համագործակցությանը, երկուստեք կարևորվեց խորհրդարանական դիվանագիտության ակտիվ դերը միջպետական հարաբերություններում:
Նույն օրը Աժ պատվիրակությանն ընդունեց նաև ՉԺՀ կոմկուսի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Ցզին Խունշանը: Հանդիպման առանցքում միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման խնդիրներն էին: Անդրադառնալով Հայաստանի քաղաքական զարգացումներին` Հերմինե Նաղդալյանը հավաստեց չինական կողմին, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո էլ հայ-չինական հարաբերությունների զարգացումը լինելու է Հայաստանի համար գերակա ուղղություն: Ցզին Խունշանը Չինաստանի և Հայաստանի պատմական կապերը որակեց նոր ժամանակների հարաբերությունների զարգացման լավ հիմք և կարևորեց, որ վերջին ժամանակներում հայ-չինական հարաբերությունները զարգանում են կառավարական, խորհրդարանական ու կուսակցական մակարդակներում` իրենց ազդեցությունն ունենալով մյուս ոլորտների վրա: Շնորհակալություն հայտնելով Հայաստան-Չինաստան պատգամավորական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանին` հայ-չինական կապերի զարգացման մեջ անցած տարիներին նշանակալից ներդրումի համար` Ցզին Խունշանը հավաստեց, որ Պեկինը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունն իր համար զգայուն հարցերում և ակնկալում է, որ չին-հայկական գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ: Նա նշեց, որ ՉԺՀ կոմկուսը պատրաստ է զարգացնել միջկուսակցական կապերը ՀՀԿ-ի ու ՔՊ-ի հետ` փոխադարձ հարգանքի հիման վրա: Ցզին Խունշանը և Հերմինե Նաղդալյանը մանրամասն անդրադարձան քաղաքական ու տնտեսական, մշակութային, կուսակցական հարաբերությունների վիճակին ու զարգացման հեռանկարներին: Ցզին Խունշանը կարևորեց, որ Չինաստանում Աժ պատվիրակությունը հնարավորություն ունի լինելու նաև Գուանդուն նահանգում` տեղում ծանոթանալու փոխադարձ կապերի խորացման հնարավորություններին` հաջողություններ մաղթեց ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին` կարևորելով խորհրդարանական դիվանագիտության շարունակականությունը` պահպանելով ստեղծված ամուր կապերն ու բարձր դիրքերը: Կողմերը կարևորեցին նաև դեսպանների աշխատանքն ու մեծ նպաստը հարաբերությունների զարգացման գործընթացում:
Քաղաքական հանդիպումներից բացի պատվիրակությունը Պեկինում բացառիկ հետաքրքիր հանդիպում ունեցով գիտնականների հետ` ԳԱԱ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի ինստիտուտում, որ ստեղծվել է 1965-ին, 8 բաժին ունի: Ինստիտուտը սերտորեն համագործակցում է ՀՀ ԳԱԱ-ի ու Երևանի պետհամալսարանի հետ, ծրագրում է Չինաստանի ուսումնասիրության կենտրոն բացել Երևանում: Հայաստան-Չինաստան պատգամավորական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը Չինաստանի ակադեմիական շրջանակների հետ հանդիպումը կարևորեց հայ-չինական կապերին պրոֆեսիոնալիզմ հաղորդելու առումով` հաշվի առնելով ինստիտուտում կատարվող տնտեսական վերլուծությունները, որոնց կարող են համատեղ ծրագրերի հիմք տալ:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու և քաղաքական կուսակցությունների համար լարված աշխատանքի ժամանակ է, բայց այդ պայմաններում էլ ԱԺ բարեկամության խումբը արձագանքեց չինական կողմի հրավերին` խորացնելու ու ընդլայնելու համագործակցության հնարավորությունները բոլոր ոլորտներում: Մասնավորապես` Չինաստանում հավաստելու, որ բարեկամ երկրների հետ Հայաստանը պահպանելու է իր գերակայությունները ու քաղաքական փոփոխությունները Հայաստան-Չինաստան հարաբերությունների վրա չեն ներգործելու: Նա գոհունակությամբ նկատեց, որ Չինաստանում Հայաստանի բարեկամները մշտապես շատ ուշադիր են մեր երկրում կատարվող իրադարձությունների նկատմամբ: ՉԺՀ ԳԱԱ հասարակական գիտությունների ինստիտուտի տնօրեն Սուն Լին զգացված էր, որ առաջին անգամ նման բարձր մակարդակի պատվիրակություն է լինում իրենց հարկի տակ, նա շեշտեց, որ վերջին երկու տարում հայ-չինական կապերը հատկապես ակտիվացել են, ու կարևոր դեր է խաղում խորհրդարանական դիվանագիտությունը: Չին գիտնականներն իրենց խոսքում կարևորում էին համագործակցությունը Հայաստանի գիտական շրջանակների հետ` համարելով, որ հինավուրց քաղաքակրթության տեր Հայաստանը իր խոսքն ունի ասելու հինավուրց քաղաքակրթության կրող Չինաստանին: Գիտնականները համարում են, որ աշխարհում իրենց երկրի մասին իրական տեղեկությունները քիչ են, հիմնականում գործում են հաստատված կարծրատիպերը և չկա համարժեք պատկերացում Չինաստանի այսօրվա հաջողությունների ու վաղվա ծրագրերի մասին, ու այդ հարցում Հայաստանը կարող է մեծ աջակցություն ցույց տալ` ճանաչելի ու ընդունելի դարձնելով չինական արժեքները: Նրանք հանգամանալից ներկայացրին տնտեսական զարգացման չինական մոդելի առանձնահատկությունները` մանրամասնելով առանձին ոլորտները, որտեղ կարող են համատեղ ծրագրեր իրականացվել: Բացի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հայտնի ծրագրից, գիտնականները համագործակցության հնարավորություններ են տեսնում գյուղատնտեսության, շինարարության, էներգետիկայի, ենթակառուցվածքների առումով:

Օգոստոսին Հայաստանում է եղել չինացի գիտնականների մեծ պատվիրակություն` Հայաստանի հետ համագործակցության կոնկրետ ծրագրեր մշակելու համար: Նշվեց, որ Հայաստանը նաև չինական հեռուստաալիքների ուշադրության կենտրոնում է և շնորհիվ Չինաստանում Հայաստանի դեսպանության հետ սերտ աշխատանքի` իր մեծ նպաստը կբերի Հայաստանի ճանաչելիության մեծացմանն ու զբոսաշրջության ծրագրերում Հայաստանի ու տարածաշրջանի մյուս պետությունների ընդգրկմանը: Լինելով փոքր շուկա` Հայաստանը չինական մեծ ընկերությունների համար պահանջարկ չունի, և ճիշտ է համագործակցել միջին բիզնեսի հետ, որ կարող է ներդրումներ անել Հայաստանում: Խնդրահարույց է լոգիստիկան` չինական ընկերությունները պատրաստ են համատեղ ձեռնարկություններ հիմնել Հայաստանում, բայց խնդիր է դառնում սպառումը` հաշվի առնելով մեր տարածաշրջանում երկրների միջև ոչ բարեկամական հարաբերությունները: «Մենք Չինաստանում բավարար ուժ չունենք այդ բարդությունները հաղթահարելու, մեր ընկերությունները իրենց խնդիրները ամբողջականորեն չեն կարողանում լուծել` ներդրում-ձեռնարկություն-սպառում-շահույթ շրջագծում», ասվեց բառացի: Նշվեց նաև, որ չինական ընկերությունները վատ գիտեն հայկական շուկան, խոր ուսումնասիրություններ ու վերլուծություններ չկան ու իրենց խնդիրն են համարում այդ բացը լրացնել` հայ գիտնականների հետ աշխատելով: Գնահատելով չինական կողմի մտահոգությունները` Հերմինե Նաղդալյանը արձանագրեց, որ իսկական գիտնականի խոսք հնչեց և վստահություն հայտնեց, որ քաղաքական կամքի շնորհիվ անհրաժեշտ ուսումնասիրությունները կկատարվեն և հարաբերությունների խորացման լավ հիմք կդառնան` կոնկրետ ծրագրերով ու փոխշահավետ նախագծերով:
Միջազգային հարաբերությունների Չինական ժողովրդական ինստիտուտի նախագահի տեղակալ Լիան Ցզիանցյուանի հետ պաշտոնական ընթրիքի ձևաչափով հանդիպման ժամանակ ևս Չինաստան-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանն ու անդամները ներկայացրին իրենց նկատառումները հայ-չինական հարաբերությունների ներկայի ու ապագայի մասին, քննարկեցին հեռանկարներն ու հնարավորությունները:


ԱԺ պատվիրակությունը Պեկինում այցելեց և Հայաստանի դեսպանատուն, որ տարածքով ու տեղակայումով լավագույններից է Պեկինում այլ երկրների դեսպանատների համեմատությամբ: Դեսպան Սերգեյ Մանասերյանը ներկայացրեց աշխատանքների ուղղությունները, կարևորեց ժողովրդական դիվանագիտության դերը քաղաքական ու տնտեսական հարաբերություններում, մանրամասներ պատմեց Շանհայի «Էքսպո» ցուցահանդեսում հայկական տաղավարի հաջողությունների ու չինական ընկերությունների հայկական արտադրանքով հետաքրքրվածության մասին: Դեսպանը կարևորեց չինական պետական հեռուստաընկերությունների այցը Հայաստան և տեսաֆիլմերի նկարահանումները, որ խոստանում են Հայաստանի զբոսաշրջային հետաքրքրության աճ արդեն 2019-ից: Լավագույնս տիրապետելով չինական քաղաքականության առանձնահատկություններին` Սերգեյ Մանասերյանը ընդգծեց այն հնարավորությունները, որ այդ առանձնահատկությունները ստեղծում են հայկական բիզնեսի հետ համագործակցության մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հանդիպումներից մեկում բարձրաստիճան պաշտոնյան հանգիստ ասաց, որ կոմկուսը տարիուկես ժամանակ է տվել մեկուկես միլիոն չինացիների կենսամակարդակը բարձրացնելու համար` Չինաստանում չպետք է լինեն աղքատներ: Սոցիալական ծրագրերը այսօր էլ գործում են` նրանց կերակրում են, ապահովում են կենցաղային անհրաժեշտ պայմաններով, բայց ամենակարևորը բարձր աշխատավարձով ապահովելն է, և եթե չստացվի իրենց բնակության վայրերում դրան հասնել` ելնելով տեղանքի առանձնահատկություններից, նրանց կտեղափոխեն առավել բարենպաստ կլիմայական ու տնտեսական միջավայր ունեցող տարածք: Ես նախանձեցի չինացիներին ու հասկացա, որ տարիուկես հետո այդ խնդիրը հաստատ լուծված է լինելու մեկուկես միլիոնի համար: Հասկացա նաև, որ չինացիները հավատում ու վստահում են իրենց ղեկավարներին ու այլ քաղաքական համակարգ, այլ տնտեսական համակարգ ունենալու ցանկություն չունեն: Նրանք հավատում են, որ Չինական մեծ պարիսպը, որ վաղուց արդեն խորհրդանշական ազդեցություն ունի ինչպես մեր թվարկությունից առաջ կառուցվելու օրերին, այսօր էլ միավորում է իրենց, որ այնքան տարբեր են իրենց կենցաղավարությամբ, սովորույթներով, կենսամակարդակով, հարավի ու հյուսիսի բաժանումով, բայց միասնական ու անբաժանելի են իբրև Չինաստան ու չինացի` մեծ աշխարհի մարտահրավերների առաջ: ՈՒ ես նրանց երկրորդ անգամ նախանձեցի` համառության, աշխատասիրության ու լռության համար, որ արդյունավորվում է միայն առաջ գնալու ու ոչ մի նահանջի կարգախոսով: Իսկ երրորդ անգամ ես չինացիներին նախանձեցի Գուանդունում, որ Չինաստանի երրորդ քաղաքն է ու ընդամենը 30-40 տարվա պատմություն ունի` բրնձի դաշտերից ու մրգի այգիներից դառնալով ամենաժամանակակից քաղաք, որ ոչնչով չի զիջում Դուբային ու Սինգապուրին, եթե չի գերազանցում քաղաքաշինության նորմերով ու գիտական-տնտեսական զարգացման մակարդակով: Այդ մասին` հաջորդիվ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3729

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ