Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը
05.03.2019 | 01:53

(Նախորդ մասը)

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ


Մինչև 1921-ի մարտ ամիսը ռուսական Կարմիր բանակը նվաճեց Վրաստանի Հանրապետությունը, իսկ մինչև հուլիս՝ նաև ապստամբ Հայաստանը:
Ամբողջ Անդրկովկասը ենթարկվեց խորհրդայնացման:
Թե Հայաստանից և թե Վրաստանից բազմաթիվ հայ ու վրացի մտավորականներ խույս տվին արտասահման՝ Եվրոպա ու Պարսկաստան:
Հովհ. Թումանյանը մնաց Թիֆլիսում:
Ահագին ընտանիքով ծանրաբեռնված Հովհ. Թումանյանը չէր էլ կարող, եթե ուզեր, մեկնել Կովկասից: Մինչդեռ Թումանյանի մտքից անգամ չէր անցել հեռանալ Կովկասից:
Իբրև մեկը, ով 1917-ից ի վեր որևէ կարևոր դեր չէր կատարել քաղաքական ասպարեզում, Հովհ. Թումանյանը հիմք չուներ մտահոգվելու իշխանության փոփոխությունից: Անձնական ապահովության զորավոր ազդակներ էին նաև այն բազմաթիվ բարեկամական կապերը, որոնցով Թումանյանը կապված էր ղեկավար հայ բոլշևիկների հետ:


Այս բոլորից դուրս կար նաև մի հիմնական պատճառ՝ դա Հովհ. Թումանյանի քաղաքական ըմբռնումն էր: Քաղաքական աշխարհայացք, տեսակետ բառի բուն իմաստով՝ Հովհ. Թումանյանը չուներ: Իր քաղաքական տեսակետը (եթե միայն դա կարելի է տեսակետ անվանել) այն էր, ինչ հարյուր տարի առաջ ձևակերպել էին Քանաքեռի քեթխուդաները և տերտերը Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի»-ի մեջ. «Թող Աստված ռուսի թուրը կտրուկ անի, մենք էլ նրա շվաքի տակ ապրենք»: Այդպես էր մտածում Հովհ. Թումանյանը Քանաքեռն ու Երևանը ռուսների կողմից գրավելուց հարյուր տարի հետո էլ:


Կյանքը փոթորկվել էր Թումանյանի շուրջ, և նա դրանից տառապում էր: Օր առաջ այդ փոթորիկը խաղաղած և կյանքը իր բնականոն հունի մեջ մտած տեսնել՝ ահա նրա փնտրածը: Ով ուզում է թող հաղթող դուրս գա այդ հսկայական պայքարից, որի մեջ ինքը կողմ չբռնեց, բայց միայն թե շուտ լինի դա, և կյանքը շուտ խաղաղվի: Եվ եթե դրա համար պետք էր հաշտվել խորհրդային իշխանության հետ, Հովհ. Թումանյանը պատրաստ էր այդ էլ անելու:
Եվ այդպես էլ արեց:


Բայց միաժամանակ Հովհ. Թումանյանը չէր կարող բոլորովին աչք գոցել իր շուրջը տեղի ունեցող աղաղակող բռնությունների վրա: Ամեն օր նա տեսնում ու լսում էր, թե ինչ բռնությունների են ենթարկվում՝ ձերբակալվում, աքսորվում, գնդակահարվում անթիվ մարդիկ, որոնց մեջ էին երեկվա իր մտերիմ բարեկամներից շատ շատերը: Իսկ բռնությունն ու հալածանքը Թումանյանի համար անտանելի էին:
Թիֆլիսը գրավելուց հետո բոլշևիկները մի մեծ ճաշկերույթ են կազմակերպել: Հրավիրյալների մեջ է եղել նաև Հովհ. Թումանյանը:
Ամեն բան փոխված է եղել Թիֆլիսում: Անփոփոխ է մնացել միայն այն անգիր օրենքը, որով նման մեծ կոչունքների թամադա էր ընտրվում «ամենայն հայոց թամադան»՝ Հովհ. Թումանյանը:


Բոլշևիկներն էլ իրենց այդ խրախճանքին թամադա են ընտրում Թումանյանին:
-Զոռեցին: Շա՜տ «չեմ ուզում» ասի, տակիցը չկարողացա դուրս գամ,-պատմել է Թումանյանը:-Ի՞նչ արած: Վերցրի բաժակն ու ասի՝ ձեր կենացը, բայց պիտի մի առակ պատմեմ, պայմանավ, որ չնեղանաք: Լինում է-չի լինում մի թագավոր: Շատ վատն է լինում: Ժողովուրդը սկսում է աղոթք անել, որ Աստված դրա հոգին առնի: Թագավորը վեր է ընկնում՝ մեռնում: Թախտի վրա նստում է սրա ժառանգը՝ հորից առավել չար ու դաժան: Ժողովուրդը դարձյալ սկսում է աղոթել, որ Աստված սրանից էլ ազատի: Սա էլ է վեր ընկնում՝ մեռնում: Սրա ժառանգն է գահ բարձրանում և իր անսրտությամբ գերազանցում է հորը, էլ ուր մնաց պապին: Ժողովուրդն էստեղ խելքի է գալիս և ամեն օր աղոթում, որ Աստված սրան երկար կյանք տա, խորհելով, որ սրանից հետո եկողը սրանից «բեշ բեթարը» պիտի լինի…


Գտնվե՞լ է ուրիշ մեկը, որ համարձակություն ունենար դառը ճշմարտությունն ասել բոլշիկների երեսին՝ չգիտենք: Հովհ. Թումանյանն ասել է այդ ճշմարտությունը, թեև մի քիչ վախվխելով՝ «մի առակ պատմեմ, պայմանավ, որ չնեղանաք», մի բան, որ նման չէր հին օրերի Թումանյանին, որ երբեք չէր քաշվում որևէ մեկի երեսին սրանից ավելի կծու խոսքեր ասելուց:
Հովհ. Թումանյանը հաշտվել է խորհրդային իշխանության հետ ոչ թե որովհետև դա լավագույն իշխանությունն էր, ո՛չ, ընդհակառակը, իր սրամիտ բաժակաճառի մեջ նա բոլշևիկներին ներկայացրել է իբրև նախորդներից վատթար իշխանություն, այլ որովհետև վախ ուներ, թե բոլշևիկներից հետո կարող է մի ավելի վատթար իշխանություն գալ:

ՄԱՀԸ
1921-ի նոյեմբերին Հովհ. Թումանյանին Պոլիս ուղարկեցին կազմակերպելու Հայաստանի սովյալների օգնության գործը և կապ հաստատելու խորհրդային իշխանության ու հայ գաղութների միջև:
Պոլիս եղած ժամանակ սկսվել է այն հիվանդությունը, որից Թումանյանը չբուժվեց: Թիֆլիս վերադառնալուց հետո մեր բանաստեղծը անկողին է ընկել:
Բժիշկները սկզբում չեն հասկացել իր հիվանդությունը: Այն ենթադրությամբ, թե հիվանդի փայծաղին կից ուռուցք է գոյացել, Թումանյանին ենթարկել են վիրաբուժական գործողության: Գործողությունը չի օգնել, և հիվանդի վիճակը վատթարացել է:
Ամբողջ մեկ տարի հիվանդին տառապեցնելուց հետո բժիշկները վերջապես եկել են եզրակացության, որ Հովհ. Թումանյանի հիվանդությունը քաղցկեղ է:
Երկար ու տանջալից հիվանդության ընթացքում ո՛չ սուր մտքի պայծառությունը, ո՛չ կենսուրախությունը չեն լքել մեր բանաստեղծին:
Հովհ. Թումանյանին խնամող բժիշկների մեջ են եղել Թիֆլիսի լավագույն բժիշկներից լեհ վիրաբույժ Մարկևիչը և հայ բժիշկ Մկրտիչ Մելիքյանը: Ինչպես բոլշևիկները կրճատում են հիմնարկների անունները և Հայ արվեստի տուն ասելու փոխարեն Հայարտուն են ասում, այնպես էլ հիվանդ Թումանյանը կրճատել կամ փոխել է իրեն խնամող բժիշկների անունները՝ Մկրտիչ Մելիքյանը դարձել է Մըկմել, իսկ լեհ Մարկևիչը՝ Մարկել Պոլոնացի:
Իր տանջալից հիվանդության տխուր պատմությունից մեր սրամիտ բանաստեղծը հյուսել է «Վարք Սրբոց»-ի ոճով մի զրույց, որ պատմելիս է եղել իր բարեկամներին.
Վարք երանելի Յովհաննու Լոռեցւոյ:
Եւ գումարեալ սատանայք Մըկմել եւ այլք, առաջնորդութեամբ սատանայապետին՝ Մարկել Պոլոնացւոյ- խոշտանգէին զերանելին:
Իսկ երանելին Յովհաննէս աղօթէր առ Աստուած եւ ասէր՝ թող Տէր զմեղս նոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն:
Իր վրա կատարված վիրաբուժական ձախորդ գործողությունն իսկ նյութ է ծառայել մահամերձ Թումանյանին կծու կերպով ծաղրելու իր բժիշկների անկատար գիտությունը:
Հիվանդ Թումանյանի ծանր ցավերը մեղմելու համար բժիշկները օրը երկու անգամ պանտոպոն են ներարկելիս եղել հիվանդին: Այդ պանտոպոնն էլ կատակի նյութ է տվել սրամիտ Թումանյանին:
-Իմ քննադատները ինձ պանթեիստ (համայնաստվածյան) են հռչակել: Բայց բանից դուրս է գալիս, որ ես ոչ թե պանթեիստ եմ եղել, այլ պանտոպոնիստ…
Ինչպես իր ամբողջ կյանքի ընթացքում, նույնպես և մահվան անկողնի մեջ Հովհ. Թումանյանին զբաղեցրել է մտահոգությունը իր զավակների մասին:
Անխուսափելի և մոտալուտ վախճանի գիտակցությունը չէ, որ տանջել է բանաստեղծին, այլ այն, որ իր մահից հետո զավակները պիտի սգան իրենց հոր մահը:
-Մահը ի՞նչ է որ,-ասել է մի անգամ Թումանյանը մի բարեկամի:-Ամենևին ահ չունեմ մահվան հանդեպ: Մի բան է միայն ինձ վիշտ պատճառում, որ իմ մեռնելուց հետո երեխաները լաց կլինեն…
(Բոլշևիկյան իշխանության շրջանի Թումանյանի կյանքի մասին տեղեկությունները քաղված են պ. Պ. Մակինցյանի մի հոդվածից, հրատարակված 1932-ին:-Վ. Ա.):
Լսած լինելով, որ Բեռլինում քաղցկեղը իբր թե բուժում են ռենտգենյան ճառագայթներով, Թումանյանը որոշում է Թիֆլիսից մեկնել Մոսկվա և այնտեղից էլ Բեռլին անցնել:
1923-ի փետրվարին հիվանդ Թումանյանին Թիֆլիսից Մոսկվա փոխադրեցին: Սակայն Մոսկվայից ավելի հեռուն չկարողացավ գնալ Հովհ. Թումանյանը:
Հիվանդի վիճակն անհույս էր, և Բեռլինի բժիշկներն էլ չպիտի կարողանային փրկել նրան:
Մյուս կողմից, խորհրդային իշխանությունը հիվանդի հարազատներին հայտարարել էր, որ եթե Թումանյանը Բեռլինում մեռնի, թույլ չպիտի տրվի, որ իր աճյունը հայրենիք փոխադրվի:
Եվ Հովհ. Թումանյանը մնաց Մոսկվայում, ուր և մեռավ 1923-ի ապրիլի 2-ին:

ԵՐԿՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆԴՐԱԴԱՐՁ
Այս հրապարակումով մենք ավարտում ենք Վ. Ահարոնյանի հուշագրության արտատպությունը: Բայց հարկ կա որոշ բացատրությունների:
Առաջին: «Իրատեսի» 26.02.2019 թ. «Պարապ մարդը» գլխում նա գրում է Ալ. Մանթաշյանցի և Հովհ. Թումանյանի շփման մասին, երբ Ամենայն հայոց բարերարը Ամենայն հայոց բանաստեղծին, իբր, անվանել է «պարապ մարդ», ինչից Թումանյանը խիստ վիրավորվել էր;
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ կապիտալիստն ու բանաստեղծը հանդիպել են մեկ անգամ: Ալ. Մանթաշյանցի առաջին կենսագիր, նրա ֆիրմայի երկարամյա աշխատակից, հայագետ Առաքել Սարուխանը 1931 թ. Վիեննայում տպագրված «Ալեքսանդր Մանթաշյանց. մեծ վաճառականը և բարեգործը» գրքում գրում է. «Մի օր իմ տուն եկավ մեր ժողովրդական բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որի հետ լավ ծանոթ էի, բայց, ինչպես ասում են, գնալ-գալ չունեինք:


Հայտնելով իր կարոտյալ վիճակի մասին, Թումանյանը խնդրում էր միջնորդությունս, որ Մանթաշյանցն իրեն որևէ կերպ օժանդակի:
Մանթաշյանցը Թումանյանին չէր ճանաչում: Երբ հայտնեցի Թումանյանի խնդրանքը՝ սկզբում անտարբեր վերաբերմունք դրսևորեց: Բայց ես համոզելու ուժեղ զենք ունեի: Ես նրան ասացի, թե Հովհ. Թումանյանը Սայաթ-Նովայի հաջորդն ու շարունակողն է: Մանթաշյանցը մնաց հիացած: Սայաթ-Նովան՝ այդ ամենաժողովրդական երգիչը, նրա ամենասիրած հեղինակն էր: Շատ անգամ եմ տեսել, թե ինչպես էր Մանթաշյանցը ազատ ժամանակ իր առանձնասենյակում մենակ նստած կամ բարձին թիկնած կլանված Սայաթ-Նովա կարդում: Նա այնքան էր սիրում Սայաթ-Նովային, որ նրա հայերեն ու վրացերեն տաղերից շատերն անգիր գիտեր և հարմար առիթի դեպքում արտասանում էր: Արդ, երբ լսեց, որ Թումանյանն իր սիրած բանաստեղծի հետնորդն է, իսկույն ընդունեց նրան և օգնեց: Բայց երբ իմացավ, որ Թումանյանը դաշնակցական է,՝ խստորեն պատվիրեց գաղտնի պահել իր օգնությունը: Մանթաշյանցը մեծապես զգուշանում էր որևէ հայ հեղափոխականի հետ հարաբերվելուց, այսինքն՝ ոչ թե չէր ուզում այդպիսինին տեսնել կամ օգնել, այլ զգուշանում էր հրապարակայնումից»:


Դժբախտաբար, Առ. Սարուխանը չի նշում հանդիպման տարեթիվը, բայց բնական է, որ Հովհ. Թումանյանից 27 տարով մեծ «նավթարքան» չէր ճանաչում բանաստեղծին: Ի վերջո, Մանթաշյանցն արդեն Մանթաշյանց էր, իսկ Թումանյանը դեռևս մեր այսօրվա ընկալած Թումանյանը չէր:
Այս նույն հանդիպման մասին է գրել Վ. Ահարոնյանը, որին ինքը, բնականաբար, ներկա չի եղել: Բայց տեսեք, թե ինչպիսի եզրակացության է հանգել. «Այս էր հայ բուրժուազիայի ըմբռնումը հայ գրողի մասին: Իսկ հայ մտավորականության ապազգայնացած մասը՝ բժիշկներ, իրավաբաններ, ճարտարապետներ և այլք ուղղակի արհամարհանք ունեին դեպի հայ գիրքը: Սրանց համար հայ լեզուն, հայ գրականությունը, հայ բեմը, հայ մշակույթը առհասարակ անարժեք բաներ էին: Մի փոքրիկ ժողովրդի գեղջկական լեզու, խղճուկ գրականություն և անարժեք մշակույթ: Այլ է ռուս լեզուն, ռուս մշակույթը: Ռուս գրականությունը համաշխարհային գրականություն է, ռուս լեզուն՝ Տոլստոյների և Դոստոևսկիների լեզուն է, ռուս մշակույթը ռուս մեծ ժողովրդի կերտած մշակույթն է»:
Այս գնահատականը հիմնականում իրավացի է, բայց ամենևին ոչ՝ Ալ. Մանթաշյացի առնչությամբ: Քանզի այն ամենը, ինչ արել է «նավթարքան» հայ գրողների, ուսանողների, հոգևորականների, բոլոր-բոլորի համար, չի արել ոչ ոք:


Երկրորդ: «Իրատեսի» 01.03.2019 թ. համարում տպագրված «Իր տարեդարձը» գլխում Վ. Ահարոնյանը մանրակրկիտ և համոզիչ կերպով ներկայացնում է, որ Հովհ. Թումանյանի ծննդյան ամսաթիվը փետրվարի 20-ն է: Այնինչ ամենքիս հայտնի է, որ ծննդյան օրը փետրվարի 19-ն է: Ես այս մեկ օրվա տարբերության բացատրությունը չունեմ, ճիշտ-սխալը թող որոշեն թումանյանագետները:


Հավելեմ նաև, որ ավարտելով Վ. Ահարոնյանի հուշագրության մի մասի արտատպումը, մենք այսքանով չենք դադարում նշելուց Հովհ. Թումանյանի 150-ամյակը: Ընթերցողին սպասում է ևս մեկ՝ շատ իմաստներով սենսացիոն հրապարակում:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 5253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ