Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
15.03.2019 | 02:40

(Նախորդ մասը)


ԽՍՀՄ-ը ղեկավարող կոմունիստական կուսակցությունը առանձնակի ոգևորություն չէր կարող ունենալ արդյունաբերության տեմպային զարգացման նկատմամբ, որովհետև սոցիալական լարվածության նոր ալիք էր բարձրանալու: Դեռևս չէին լուծվել մարդկանց կենսամակարդակի բարձրացման, լիարժեք սննդի ապահովման, բնակարանների ու կենցաղային այլ հարցերը: Այս ամենը թողած պետք էր անցնել էլեկտրոնիկայի մասսայական կիրառմանը, որը լավ բանի չէր բերելու: Արտադրության մեջ ավելի հաճախ էին օգտագործվելու թվային կառավարմամբ հաստոցներն ու գործիքները, կյանք էին մտնելու ավտոմատացված ու ռոբոտացված հոսքագծերը, գիտահետազոտական ու նախագծային աշխատանքների մեջ լայնորեն օգտագործվելու էր համակարգչային տեխնիկան, արտադրություններում աճելու էր միջազգային կոոպերացիայի դերն ու նշանակությունը, համատարած անցում էր կատարվելու ունիֆիկացված արտադրական մոդուլների կիրառությանը, աշխարհի առաջատար ֆիրմաներում արդեն մշակվել ու ներդրվում էին ընդհանուր միջազգային ստանդարտները: Բոլոր բնագավառներում ԽՍՀՄ-ը մեկուսացվել ու հետ էր մնացել, շարունակում էր քայլել իրադարձությունների հետևից՝ «Էկոնոմիկան պետք է լինի խնայողական» իր հայտնի թեզը դրոշ սարքած: Խորհրդային Միությունը միանշանակորեն դուրս էր մղվել, ավելի ճիշտ կլինի ասել, իրեն դուրս էր թողել համաշխարհային տնտեսական-տեխնոլոգիական հեղափոխության գործընթացներից, ինչի դրդապատճառները զուտ քաղաքական ու գաղափարախոսական էին: Որո՞նք էին դրանք: Թվարկենք դրանցից մի քանիսը։


ա) Տեխնոլոգիական տեմպային զարգացումները միանշանակորեն բերելու էին նրան, որ ԽՍՀՄ-ի միակ իշխող կոմունիստական կուսակցությունը ստիպված էր լինելու հրաժարվել խորհրդային հասարակությունը դասակարգերի տրոհելու իր դոգմատիկ սկզբունքից, իր հիմնական քաղաքական հենարան հանդիսացող բանվոր դասակարգի ծառայություններից և, ամենակարևորը, կոմունիստական կուսակցության ղեկավար ու առաջնորդողի դերից (ինչը, ի վերջո, արեց Գորբաչովը, բայց ինչը չարեց Փաշինյանը՝ իշխանական օղակներում հիմնականում տեղավորելով իր հետ քայլող շարքային քաղաքացիներին)։


բ) Տեխնոլոգիական հեղափոխությունը երկրում աննախադեպ սոցիալական լարվածություն էր առաջացնելու՝ ստիպելով տասնապատիկ և հարյուրապատիկ ավելացնել գործազուրկների թիվը՝ գործազուրկ դարձնելով, առաջին հերթին, կուսակցական ղեկավարներին և, դարձյալ առաջին հերթին, բանվորներին, որոնք պիտանի չէին նոր տեխնոլոգիաներով կազմակերպվող արտադրություններում աշխատելու համար, քանի որ չէին փայլում իրենց մասնագիտական գիտելիքներով՝ ժամանակի մեծ մասը վատնելով ԽՄԿԿ պատմության ու կուսակցական լիդերների գրքերի, աշխատությունների ու ելույթների ուսումնասիրության վրա: Բրեժնևի «ՃպսՌվՈ», «ԾՈսՈÿ իպՎսÿ» «աշխատությունների» ուսումնասիրություններն ավելի կարևոր էին, քան մասնագիտական գիտական լսումները: Մասնագիտական գիտելիքների պակասը հիմնականում փոխլրացվում էր կուսակցական գաղափարներին տիրապետելու փաստով, որը նաև խորհրդային մարդկանց անձնական կարիերան կազմակերպելու խթան էր: ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ կոմունիստական կուսակցությունը ավելի քան 20-միլիոնանոց բանակ ուներ, որի մեջ մեծամասնություն էին կազմում բանվորները (54 %), հետո գալիս էին գյուղացիները (24 %), վերջում՝ մտավորականությունը (22 %): Հիշենք, որ 1920 թվականից մինչև ԽՍՀՄ փլուզումը կուսակցությունը գործել է բացառապես միակուսակցականության սկզբունքով և քաղաքական իշխանության վրա մշտապես պահպանել է իր մոնոպոլ դիրքը, ինչն իր հերթին նպաստել էր երկրում դիկտատորական ինքնակալ ռեժիմ հաստատելուն: Այդ ստատուսը հաստատված էր սահմանադրորեն, ԽՍՀՄ 1936 թվականի Սահմանադրությամբ, հոդված 126 (կոմունիստական կուսակցությունը հանդիսանում է պետական ու հասարակական կազմակերպությունների ղեկավար կորիզը) և ԽՍՀՄ 1977 թվականի Սահմանադրությամբ, հոդված 6 (կոմունիստական կուսակցությունը հռչակվում է որպես ողջ խորհրդային հասարակության ղեկավարող ու ուղղորդող ուժը): Ճիշտ է, 1990 թվականին կոմունիստական կուսակցության մոնոպոլիան սահմանադրորեն վերացվեց, բայց արդեն ուշ էր, բանը բանից անցել էր, դրանք արդեն ուշացած ծաղիկներն էին, ԽՍՀՄ-ն արդեն գտնվում էր խոր հոգեվարքի մեջ, պետք է փլուզվեր, կամ Չինաստանի նման մի գործընթաց սկսվեր: Գնացին առաջին տարբերակով, որը ձեռնտու էր անձամբ կոմունիստական ղեկավար կազմի, բայց ոչ երկրի, առավել ևս, շարքային քաղաքացիների համար: Ի՞նչ կլիներ, եթե ԽՍՀՄ-ը դառնար համաշխարհային տեխնոլոգիական հեղափոխության ակտիվ մասնակիցը և համընթաց քայլերով շարժվեր Ճապոնիայի նման երկրների կողքին: Կլիներ գործազրկության աննախադեպ աճ: Վերցնենք էլեկտրոնային արդյունաբերության հսկաներից մեկի՝ Մինսկի «Ինտեգրալ» ԳԱՄ-ի կադրային ցուցանիշները (Աբովյանի «Պոզիստորը», Նովոսիբիրսկի «Վոստոկը», Լենինգրադի «Սվետլանան», Զելենոգրադի «Միկրոնն» ու «Անգստրեմը» Իվանո-Ֆրանկովսկի, Մոսկվայի, Ֆրյազինոյի նմանատիպ ձեռնարկությունները ունեին 30-50 հազար աշխատողներ, հիմնականում երիտասարդ կադրեր, Մինսկի «Ինտեգրալը» դրանցից մեկն էր):

ԽՍՀՄ տարիներին Մինսկի «Ինտեգրալում» աշխատում էր 39 հազար բանվոր և ինժեներ, այսօր աշխատում են 2385-ը` նախկինից 16,35 անգամ պակաս կամ 6 տոկոսը, մնացած 94 տոկոսը կամ 36 հազար 615 հոգին չկան, դուրս են մնացել: Դուրս մնացածների զգալի մասը նախկին կոմունիստներն էին: Փորձենք հասկանալ, թե ինչ էր պետք անել, որպեսզի «Ինտեգրալը» պահպաներ աշխատողների նախկին թվաքանակը, եթե աշխատողների ընդամենը 6 տոկոսն արդեն բավարար է եղել արտադրանքի նախկին ծավալներն ապահովելու համար: Դա հնարավոր կլիներ, եթե 17 անգամ ավելացվեին արտադրության ծավալները: Արդյո՞ք դա հնարավոր էր: Տեխնիկապես՝ այո, բայց իրականում՝ ոչ։ Ինչու՞: Որովհետև սկզբում պետք էր մտածել ոչ թե արտադրության ծավալների ավելացման, այլ արտադրանքի իրացման մասին, այսինքն պետք էր դուրս գալ միջազգային շուկա և այնտեղ վաճառել հավելյալ արտադրանքը՝ 17 անգամ ավելի ծավալներով: Դա հնարավոր չէր դարձյալ մի շարք պատճառներով. ա) էլեկտրոնային տեխնիկայի արտադրանքի համաշխարհային շուկան հիմնովին գրավել էին ճապոնական բրենդային ֆիրմաները, որոնց արտադրանքի գրավչությունը, առաջին հերթին, պայմանավորված էր արտադրանքի անհասանելի բարձր հուսալիությամբ ու կատարելության հասցրած որակով: 1980 թվականներին, օրինակի համար, ճապոնական ռեզիստորների ծառայության ժամկետը երաշխավորվում էր 500, տրանզիստորներինը՝ 80, ինտեգրալ սխեմաներինը` 60, կոնդենսատորներինը` 40 տարվա սահմաններում և այլն: Նման թվերը չէին ընկալվում խորհրդային պլանային տնտեսությունը մի կերպ նավարկելի վիճակում պահող չինովնիկության կողմից, զարգացման ընդհանուր քաղաքականություն վարող կուսակցական-բյուրոկրատական գաղափարական ճակատի տնտեսական գործիչները համարում էին, որ դրանք կապիտալիստական թշնամիների նենգափոխությունների հետևանք են: 500 տարվա խնդիրը քննարկվել էր «Ցիկլոն» ԳՀԻ-ի պարտկոմի ժողովում՝ գիտխորհրդի անդամների մասնակցությամբ: Կուսակցականների ու գիտնականների կուսակցական-գիտական բանավեճը գրեթե վերածվել էր ձեռնամարտի՝ փոխադարձ քաղաքական մեղադրանքներով: «Դուք խելացի մարդ եք, պրոֆեսոր, գիտության բնագավառում համարվում եք համաշխարհային դեմք, հուսալիության ֆիզիկայի հիմնադիրը,- իմ գիտական ղեկավար Նիկոլայ Գորյունովին այսպես էր կշտամբել ինստիտուտի պարտկոմ Ակսենովը,- ինչու՞ եք 500 տարվա կապիտալիստական թվերին հավատում ու պահանջում, որ մեր երկիրը հսկայական միջոցներ տրամադրի նման ցուցանիշների հասնելու համար։ Ես կարծում եմ, որ 20 տարին էլ բավարար է»:

«500 տարին բխում է էներգիայի պահպանության օրենքից, եթե դպրոցում լավ սովորած լինեիք, ապա դա կհասկանայիք»,- ինստիտուտի պարտկոմին այսպես էր հակադրվել Գորյունովը, և նա ճիշտ էր: 500 տարվա երաշխիքը չի նշանակում, թե տվյալ սարքը պետք է աշխատի 500 տարի, դա նշանակում է, սակայն, որ բազմակոմպոնենտ էլեկտրոնային համակարգերի անխափան աշխատանքը 10-20 տարվա սահմաններում տեղավորելու համար անհրաժեշտ է, որպեսզի առանձին կոմպոնենտների ծառայության ժամկետները մի քանի կարգով ավելի բարձր լինեն, դրանց համար դուրս են բերվել հաշվարկային բարդ բանաձևեր, մասնավորապես, «Հուսալիության մաթեմատիկական հիմունքները» դիսցիպլինայի սահմաններում: Կոպիտ ասած, եթե պահանջվում է, որ էլեկտրոնային համակարգերի աշխատանքային ժամկետը երաշխավորվի 10 տարվա սահմաններում, ապա նրա առանձին բաղադրիչները պետք է պատրաստ լինեն աշխատելու 500 կամ հազար տարի: Տեխնիկական համակարգերը ունեն հուսալիության ու կիրառելիության իրենց ժամկետները, որոնք բնորոշվում են ֆիզիկական և բարոյական մաշվածության ցուցանիշներով: ԽՍՀՄ-ում բարոյական մաշվածության ժամկետները միշտ էլ գերազանցել են ֆիզիկական մաշվածությանը: Ալֆերովի ինստիտուտում ինձ ցույց տվեցին խառատային մի հաստոց, որի վրա 30-ական թվականներին անձամբ Միխայիլ Կալինինն էր աշխատել, և դա նորմալ էր համարվում: Ճապոնիայում այլ մոտեցում կար և, հավանաբար, դեռևս մնացել է. հինգ տարին մեկ 100 տոկոսով թարմացվում է գործարանների հաստոցակազմը, ինչը նշանակում է, որ նրանց մոտ բարոյական մաշվածության ժամկետները ավելի կարճ են ֆիզիկական մաշվածության ժամկետներից: Հին հաստոցները նրանք դուրս էին հանում գործող արտադրություններից, բայց չէին թափում, այլ ճապոնական բարձր գներով վաճառում էին, օրինակի համար, ԽՍՀՄ-ի գործարաններին: Ֆրյազինոյի «50 лет Ленинского Комсомола» խոշորագույն գործարանում 1971 թվականից աշխատում էին Ճապոնիայից բերված ապամոնտաժված սարքավորումներով, սա ԽՍՀՄ-ի դեմ տարվող տնտեսական դիվերսիայի ձևերից մեկն էր, որը վարվում էր Կրեմլի «որդիների» ու էլեկտրոնային արդյունաբերության համակարգ ներթափանցած օտարերկրյա գործակալների միջոցով (դրանց մասին կխոսենք հետագայում): 500 տարվա ֆենոմենը ինստիտուտի կուսակցական վերնախավը չգիտեր ու չէր էլ պատկերացնում, թե դա ինչ թվաբանություն է: Էլեկտրոնիկան ու միկրոէլեկտրոնիկան ունեն իրենց առանձնահատուկ ֆիզիկական ու մաթեմաթիկական հիմունքները, որոնք դժվար ըմբռնելի էին ԽՍՀՄ ղեկավար այրերի համար՝ բացառությամբ, թերևս, մինիստր Շոկինի, որը, լինելով գերազանց ինժեներ, հայտնվել էր երկու քարի արաքում. մի կողմից ստիպված էր ենթարկվել ԽՄԿԿ քաղբյուրոյի ու կուսակցական ակտիվի դիկտատին (թեկուզ և որպես ԽՄԿԿ կենտկոմի անդամ), մյուս կողմից աշխատում էր նպաստել էլեկտրոնիկայի տեմպային զարգացմանը՝ միջոցներ չխնայելով ճյուղային գիտության զարգացման, գիտնականների ու գյուտարարների աշխատանքը կազմակերպելու համար: 1981 թվականին, մինիստրության գիտատեխնիկական գլխավոր վարչության պետ, իմ անմիջական ղեկավար Վալենտին Պրոլեյկոյի հետ, Շոկինի մոտ էինք: «Միայն առաջ, կողմնակի բաների վրա ուշադություն չդարձնեք, իրադրությունը պետք է փրկենք Ձեզ նման մասնագետների հետ»: Դուրս եկանք Շոկինի մոտից, նրա օգնականը հայտնեց, որ պետք է անցնեմ կապիտալ շինարարության վարչություն: Այնտեղ արդեն ինձ սպասում էին, ֆոնդային բաժնի կանայք իմ առաջ դրեցին հաստոցների ու լաբորատոր սարքավորումների տեղեկագրքերը. «Ընտրեք, թե Ձեզ ինչեր են պետք» (Արտաշատի մեր ինստիտուտը սկզբում կազմավորվեց որպես Լենինգրադի «Էլեկտրոնստանդարտ» համամիութենական ԳՀԻ-ի գիտական բաժին, այնուհետ՝ դիագնոստիկայի ռեգիոնալ կենտրոն և «Էլեկտրոնստանդարտ» Հայկական ԳՀԻ): Ընտրեցի մեզ անհրաժեշտ տեխնիկան ու գնացի իմ գործերով։ 24 օր անց Երևանի կայարանից զանգահարեցին. «Ձեր տեխնիկան կարող եք ստանալ կայարանի 6-դ դրամարկղից»: Մեր լաբորատորիաների ու արհեստանոցի համար ստացանք անհրաժեշտ տեխնիկան, վճարելու խնդիր չկար, գումարը տրամադրում էր մինիստրությունը՝ առանց սահմանափակումների: Խորհրդային երկրի աշխատանքային այս շարքային էպիզոդը ես այսօր հիշում եմ առանձնակի երանությամբ, ի՜նչ երանելի ժամանակներ էին, աշխատող գիտնականների առաջ բոլոր դռները բաց էին, նպաստավոր պայմաններ էին ստեղծվում, միայն թե աշխատիր, արդյունք ցույց տուր, գիտությունն ամեն ինչով ապահովված էր: Հիմա այլ ժամանակներ են, ոչինչ չի մնացել, ոչինչ չունենք, տարիների ընթացքում հատ-հատ հավաքած մեր տեխնիկան անկախության առաջին տարիներին դուրս բերվեց երկրից, ու հիմա նստած ենք կոտրած տաշտակի առաջ, չգիտեմ, թե ինչպես ենք Հայաստանը դուրս բերելու տնտեսական ճգնաժամից, ինչպես ենք իրականացնելու պահանջվող տնտեսական հեղափոխությունը, եթե այսչափ սուղ է մեր տեխնիկական պոտենցիալը: Սրա հետ կապված երկու փոքրիկ պատմություն ունեմ՝ արդեն մեր օրերից:


2019 թվականի մարտին, իմ արևային աշխատանքների հետ ծանոթանալու նպատակով, Երևան էր եկել գործարար Աբրահամ Տեր-Մելքոնյանը՝ Ավստրալիայից: Աբրահամը հայերեն մի բառ անգամ չի խոսում, մի կերպ շփվում էինք անգլերենով: Ծանոթացրի հելիոֆիկացիայի ծրագրի հետ, հավանեց ու հավատաց մեզ, մեծ հեռանկարներ տեսավ արևային նոր ոլորտի մեջ՝ Հայաստանի և ողջ աշխարհի մասշտաբներով: Պայմանավորվեցինք, որ Հայաստան-Ավստրալիա-Շվեդիա ձևաչափով կարող ենք սկսել արևային էներգիայով աշխատող պահածոյի առաջին փորձնական գործարանի նախագծման ու կառուցման աշխատանքները, որին հետևելու է մի քանի հազար բազային գործարանների կառուցման խնդիրը՝ Հայաստանում ու Արցախում մրգերի ու բանջարեղենի պահածոյացման, չրերի պատրաստման համար: Այս նույն խնդիրը լուծելի է աշխարհի մյուս երկրներում՝ հազարապատիկ ավելի մեծ ծավալներով՝ մոնոպոլ դիրքեր ձեռք բերելով վերամշակող արդյունաբերության համաշխարհային շուկայում: Քննարկեցինք այսպիսի թվեր. Հայաստանում ու Արցախում կարող ենք կառուցել պահածոների մինչև 5 հազար արևային գործարաններ՝ 5 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով: Եթե Հայաստանը նման գործարանները շարունակի կառուցել ուրիշ երկրներում ևս, ապա 5 միլիարդը կդառնա 5 տրիլիոն դոլար, սա արդեն կարելի է համարել ոչ թե տնտեսական, այլ սուպերտնտեսական հեղափոխություն: Հեռանկարները հուսադրող են, բայց գործնականում անհնար ու անիրագործելի, այստեղ էլ կան սուբեկտիվ ու օբեկտիվ հիմնավոր պատճառներ: ա) Փորձնական նախնական աշխատանքները կատարելու համար Հայաստանում չունենք անհրաժեշտ տեխնիկական բազա: Մինչև պայմանագրերի կնքումը ցանկալի կլիներ ստուգել ապագա կոնստրուկցիաների հաշվարկային սխեմաները, որի համար որոշակի հաստոցներ են պետք: Ոչ հաստոցները կան, ոչ էլ դրանց վրա աշխատող բանվորները: Հաշվարկներն ունենք, բայց չունենք դրանք իրագործելու տարրական հնարավորություն, սա չլուծված խնդիր է մեր բոլոր գիտնական-փորձարարների համար: բ) Մինչև ավստրալացու ի հայտ գալը «պատիվ» եմ ունեցել կիսապաշտոնական հանդիպում ունենալու փաշինյանական կառավարության տնտեսական ծրագրերը համակարգող մեկի հետ: Առանց ամաչելու նա պահանջում էր. «Տվեք Ձեր տեխնոլոգիաներն ու գծագրերը, մենք գործարան ենք կառուցելու»: «Չհասկացա, բացատրեք, թե ի՞նչ հիմունքներով ենք մենք ձեզ տալու մեր տասնյակ տարիների աշխատանքի արդյունք հանդիսացող գծագրերն ու տեխնոլոգիաները. գնելու՞, թե՞ խլելու եք»: «Դա մեր հայրենիքի համար է պետք, Դուք էլ, որպես գիտնական, պարտավոր եք տալ»: «Շնորհակալ եմ մեր հայրենիքից էլ, մեր հայրենիքի հայրական վերաբերմունքից էլ, 25 տարի շարունակ, արյուն թքելով, իմ ընկերների հետ գործ ենք արել ու հիմա ձեր կառավարությա՞նն ենք նվիրելու. եթե փող ունեք, ապա տվեք մեզ, գործարանը ինքներս կկառուցենք, մեզ էլ ընդունեք որպես ազգի աշխատանքային հերոսների, որ առանց պետության օգնության այսքան կարևոր գործեր ենք արել»: «Չենք կարող տալ, դրանք կառավարության փողերն են»: «Ցտեսություն, մենք իրար չհասկացանք»։ Չէինք էլ կարող հասկանալ, որովհետև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ իշխանավորների վարքագծի մեջ ոչինչ չի փոխվել, շարունակում են առաջնորդվել «я начальник, ты дурак» սկզբունքով:

Սկզբում իշխանություն, կարևոր պաշտոններ ու հետո սեփական շահերից բխող գործողություններ, կիսագրագետ մարդիկ իրենց իրավունք են վերապահել օգտագործելու և օգտվելու գիտնականների աշխատանքի արդյունքներից: Հետագայում պարզվեց, որ կառավարության տնտեսական ծրագրերը «համակարգողի» գլխին ավելի բարձր «համակարգող» է նստած, որը չրի գործ է անում, մեր մեջ տեսել է իր բիզնեսի մրցակիցներին, փորձում է «ֆուկ» անել ու տանել ավարտված գիտական աշխատանքի պատրաստի պտուղները: Այսօր դա այլևս չի ստացվի, որովհետև կհայտնվի մի ավստրալացի գործարար ու կկանգնի հայ գիտնականի կողքին, ժամանակները փոխվել են: Անկախ Հայաստանի չորս ղեկավարներն էլ չկարողացան հասկանալ իրենց առաքելությունը, մշտապես վարել են ու շարունակում են վարել ազգակործան քաղաքականություն՝ հանուն անձնական իղձերի իրականացման: Նրանց պետք է ցույց տալ իրենց տեղն ու պատասխանատվության ենթարկել գործած մեղքերի ու հանցանքների համար, նրանք բարոյական ու նյութական զգալի վնասներ են հասցրել հայ ազգին, խոչընդոտել ու շարունակում են խոչընդոտել Հայաստանի բնականոն զարգացմանը, վաղ թե ուշ պատիժն անխուսափելի է, որքան էլ հանցանքները քողարկված լինեն:


Սկսենք Լևոն Տեր-Պետրոսյանից: Բանտարկե՞լ Լևոն Տեր-Պետրոսյանին, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանի հետ այսպիսի հարցադրումով, «Նոյյան տապանով» դիմեցինք ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, հիմնավորեցինք, մասնավորապես, որ ԼՏՊ-ի օրոք Հայաստանը կորցրեց իր արդյունաբերական պոտենցիալը, տուժեցին հատկապես տնտեսության գիտատար ճյուղերը և այլն: ՈՒնեցել ենք ավելի քան 60 հազար դիտում, հազարավոր դրական և հարյուրին հասնող բացասական արձագանքներ: Վերջիններիս հեղինակները կարծում են, որ մենք տառապում ենք կոմունիստական նոստալգիայով, որ մեզ պետք է կախաղան բարձրացնել: ԽՍՀՄ-ի տարիներին էլ գիտնականներին դժվար էր հասկանալ, չէր հաջողվում նրանց գործիք դարձնել կոմունիստական անպտուղ համակարգը պահելու համար, բայց գիտնականները աշխատել ու շարունակում էին աշխատել, նրանց շնորհիվ էր, որ խորհրդային երկիրը դեռևս պահպանում էր իր կենսունակությունը, որովհետև նրանք աշխատում էին հայրենիքի համար, դա էր հիմնական խթանելը: Լավ կլիներ, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն այդ ամենը հասկանային ու, իրենց հետ քայլողների փոխարեն, հույսները դնեին հայ գիտնականների անշահախնդիր օգնության, հայ մարդու հարուստ մտավոր պոտենցիալի վրա. դա գենետիկական պարգև է՝ տրված մեզ ի վերուստ:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 4775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ