Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սագա բրեկզիտի մասին

Սագա բրեկզիտի մասին
22.03.2019 | 11:34

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չորեքշաբթի երեկոյան Դաունինգ սթրիթում լրագրողներին հայտարարեց, որ բրեկզիտը հունիսի 30-ից ուշ չի լինի: Նա բացառեց երկրորդ հանրաքվեն ու մեղադրեց պատգամավորներին, որ չեն ուզում ընդունել բրեկզիտին այդքան անհրաժեշտ համաձայնագիրը: «Այդ ձգձգումը իմ մեծ ափսոսանքն է հարուցում»,- ասաց Մեյը` հաստատելով, որ մարտի 29-ին Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս չի գա: «Ես հույս ունեմ, որ օրենսդիրները համաձայնագրին հավանություն տալու ձևը կգտնեն: ԵՄ-ի հետ համաձայնեցված համաձայնագրի, որ համապատասխանում է հանրաքվեի արդյունքներին և լավագույնն է, որ հնարավոր էր պայմանավորվել: Եվ ես շարունակելու եմ օր ու գիշեր աշխատել, որ համաձայնագիրն աջակցություն ստանա: Բայց ես պատրաստ չեմ բրեկզիտը հունիսի 30-ից ավելի հետաձգել»` ասաց վարչապետը: Ժամանակն է, որ պատգամավորները որոշում ընդունեն`ընդգծեց Մեյը. «Մինչև հիմա խորհրդարանը հնարավորն արել է, որ որոշում չընդունի»: Թերեզա Մեյի ընդդիմախոսները նրա հայտարարությունը տարակուսանքով ու զայրույթով ընդունեցին: «Ընդամենն այդքա՞նը: Վարչապետը ստիպեց մեզ սպասել, որ նույնը կրկնի ու սեփական ձախողման համար մեղադրի բոլորին իրենից բացի՞: Զայրացուցիչ է»` Թվիթերում գրեց լեյբորիստ պատգամավոր Բիլ Էստերսոնը: Մեյի քննադատներից շատերը նկատեցին, որ իր հակիրճ խոսքում նա դիմում էր ուղիղ ժողովրդին («դուք արդեն ձանձրացել եք», «չեմ կարծում, որ դուք դա եք ուզում») և մեղադրում էր Համայնքների պալատին: «Միակ քիչ թե շատ նորությունը հայտարարության մեջ «թրամփյան» հակադրությունն էր` ընտրված քաղաքական գործիչները ժողովրդի դեմ: Թվում էր` նա պատգամավորներին անվանում է «ժողովրդի թշնամիներ» (որ քվեարկել է հօգուտ բրեկզիտի)»` Թվիթերում գրեց Huffington Post-ի խմբագիր Պոլ Վոնը: Մեյի ելույթից դժգոհ էին և նրա կուսակցության պատգամավորները: «Ժողովրդավարությունը պարտվում է, երբ վարչապետը նախ իրեն հակադրում է Համայնքների պալատին, հետո մեղադրում պատգամավորներին, որ պարզապես իրենց աշխատանքներ են անում: Դա շեղում է բրեկզիտի հետաձգումից, դա մասն է նրա` մինչև վերջին պահը ժամանակը ձգելու ու բոլոր մյուս տարբերակները բացառելու մարտավարության: Դա վտանգավոր է»` իր միկրոբլոգում գրեց պահպանողական պատգամավոր Սեմ Ջայման:


Տորիների խմբակցության փոխնախագահ Մարկ Ֆրանսուան ասաց, որ Պահպանողական կուսակցության բավականին մեծ թվով պատգամավորներ, միևնույն է, դեմ են քվեարկելու ԵՄ-ի հետ համաձայնագրին, եթե քվեարկություն ընդհանրապես լինի: Շոտլանդիայի կառավարության ղեկավար և Շոտլանդական ազգային կուսակցության նախագահ Նիկոլա Ստերջենը, ինչպես ԵՄ-ից հեռանալուն դեմ շատերը, հայտարարեց, որ ներկա իրավիճակին երկրին հասցրել է Մեյի դիրքորոշումը բրեկզիտի ձևի նկատմամբ: «Միակը, որ պակասում է վարչապետի անիմաստ ելույթին, պատասխանատվության ընդունումն է այն բարդակի համար, որ նա ստեղծել է: Նա չկարողացավ փոխել քաղաքականությունը ԵՄ-ի հետ առաջին պարտությունից հետո: Բայց նա առաջվա պես փորձում է մեզ պարտադրել ընտրություն վատ համաձայնագրի ու համաձայնագրի բացակայության միջև: Ամոթ է»` գրել է Ստերջենն իր միկրոբլոգում:


Թերեզա Մեյը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին նամակ է գրել` խնդրելով բրեկզիտը մարտի 29-ից տեղափոխել հունիսի 30: Բրյուսելը պատասխանել է, որ համաձայն է բրեկզիտը հետաձգել կարճ ժամանակով, եթե Բրիտանիայի խորհրդարանը հաջորդ շաբաթ հավանություն տա համաձայնագրին:
BBC


Հ.Գ. Guardian-ը գրում է, որ ԵՄ երկրները արդեն տեղյակ են, որ Մեյն այլևս ի վիճակի չէ վերահսկել իր կուսակցության գործողությունները: Նրանք հասկանում են, որ անիմաստ է զիջումներ անել, որովհետև Մեյն ընդամենը կերակրում է անկուշտ հրեշին` եվրասկեպտիկություն անունով, իսկ հետո վերադառնում է Բրյուսել ու էլի զիջում աղաչում: Թերեզա Մեյը վատնել է իր ամբողջ քաղաքական կապիտալն ու այլևս դաշնակիցներ չունի ոչ տանը, ոչ դրսում: Նա դադարել է հասկանալ` ինչ է դիվանագիտություն ու ինչ է ռազմավարությունը: Վատ վարչապետից նա արդեն վերածվում է վարչապետի, որ խախտում է կանոնները:


Daily Mail-ը հիշեցնում է, որ Մեծ Բրիտանիայում ընդունված չէ, որ ազգի ղեկավարները հեռուստաեթերից դիմեն ժողովրդին: Բրիտանիայի վարչապետները ուղիղ եթեր են մտնում միայն երկրին սպառնացող լուրջ վտանգի դեպքում: Նևիլ Չեմբեռլենը 1939-ի սեպտեմբերի 3-ին ռադիոեթերում հայտարարեց, որ պատերազմ է սկսվել: Թերեզա Մեյը վճռել է ժողովրդին դիմել ուղիղ եթերով բրեկզիտի հարցով: Նա ստիպված էր մոռանալ իր խոստումները:198 անգամ նա հայտարարել է, որ բրեկզիտը կկայանա մայիսի 29-ին: Հիմա հետաձգում է ուզում:
«ԵՄ-ն պատրաստ է Brexit-ը հետաձել, բայց կոնկրետ ամսաթիվը պետք է քննարկվի Բրյուսելում, գլխավորը չկանոնակարգված դուրս գալուց խուսափելն է, և դրա համար կարող են պահանջվել լրացուցիչ հանդիպումներ»` հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ԵՄ-ի գագաթաժողովից առաջ Բունդեստագում: «Ընդհանուր առմամբ մենք կարող ենք համաձայնություն տալ, եթե հետևի բրիտանական խորհրդարանի դրական քվեն», -նշել է նա: «Սակայն մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ մայիսի վերջին ունենալու ենք Եվրախորհրդարանի ընտրություններ», - ասել է կանցլերը: Լոնդոնի խնդրանքը, որը նախատեսում է ավելի ուշ ժամկետ՝ մինչև հունիսի 30-ը, պետք է մանրակրկիտ քննարկվի Բրյուսելում` նշել է Մերկելը: Կանցլերը ընդգծել է, որ Գերմանիան նախապատրաստվում է կոշտ Brexit-ի վատագույն սցենարին, բայց «մինչև վերջին ժամը» պայքարելու է, որ գործընթացը լինի կանոնակարգված: Լոնդոնն ու Բրյուսելը նաև հաշվել են` ով ինչքան է կորցնում բրեկզիտից, ու ծանր են տանում աստղաբաշխական միլիարդների կորուստը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ