Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ձեր ճակատագրով տագնապած

Ձեր ճակատագրով տագնապած
19.04.2019 | 03:03

Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ ելած թիմերը:
Ավելին՝ հայտնի են կիսաեզրափակչում զույգեր կազմածները, սակայն, ի՞նչ եք կարծում, այս ամենը մեզ ազատու՞մ է մեկ քառորդում եղածին չանդրադառնալուց, մանավանդ որ եղածն արդեն այնպիսի մի անցյալ է, որ այսուհետ գրեթե մշտակա ներկայություն է լինելու մեծ ֆուտբոլի մասին ծավալվելիք զրույցներում: Համաձայն եմ՝ ասածս եղած բոլոր դիմակայությունների կտրվածքով չէ, սակայն որ դրանցից առնվազն երկուսը դասագրքային արժեք է ձեռք բերել, անվիճելի է: Բայց դե, մեր մեջ ասած, ինչ ե՞մ դրած այսպես ընդհանրական-ընդհանրական խոսում՝ փոխանակ ընթերցողին միանգամից գործողությունների վայր տանել-հրավիրելը: Եվ այսպես՝ սկսում ենք:

«ՊՈՐՏՈՒ»-«ԼԻՎԵՐՊՈՒԼ»՝ 1:4 (0:2)
Կողմերի առաջին հանդիպումն իսկ առարկայնորեն փաստել-վկայել էր, որ պորտուգալական թիմն այս Չեմպիոնների լիգայում արել է իր հնարավոր առավելագույնը ու ժամանակն է, որ բացառապես ներքին առաջնության խնդիրներով զբաղվի, քանզի՝ վեր-վեր, բայց կոշկակապերից էլ վե՞ր:
Բաց թողած գոլերի առումով արտագնայում «Պորտուի» 0:2 հաշվով պարտությունն առանձնակի ողբերգություն չէր, քանզի այդ ո՞վ չի ճանաչում Յուրգեն Կլոպ անունով սատանային ու նրա ճտերին, որոնք եթե փոթորկեցին, ավելի խելամիտ կլինի տազ արած մնալը: Սույնն իմանալով հանդերձ՝ պորտուգալական ակումբի մարզիկներն այնուամենայնիվ սեփական հանդիսատեսի առաջ որոշեցին գլխներին նիկոլական գլխարկ քաշել, բայց այդ դուխից բան չմնաց, որովհետև երկու թեթև պոռթկում, ու լիվերպուլցիներն այդքան գոլով առաջ էին և այս՝ պորտուգալական դիմակայությունում:
Իրենց համառության մեջ «Պորտուի» ֆուտբոլիստները մինչև վերջին խազը եղան, սակայն նրանց խփած մեկին «Լիվերպուլը» ևս երկուսով պատասխանեց, ու հիմա, անկեղծ ասած, չգիտեմ՝ ասե՞մ, որ հաշիվը 4:1 դարձավ, թե՞ թողնեմ դպրոցական տարիների հանգույն թվաբանությունից մի փոքր չարչարվեք:


Երկու դիմակայութան արդյունքով 6:1 հաշվով հաղթանակ, ու Կլոպի սաները կիսաեզրափակչում են, բայց դա եկեք մի առանձնակի նվաճում չհամարենք, քանզի Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում լիվերպուլցիները կիսաեզրափակչի փուլն էլ էին անցել: Իհարկե այս անգամ դա անելը նրանց համար շատ դժվար կլինի, քանզի կիսաեզրափակիչյան նրանց մրցակիցը… քիչ էր մնում բերանբացություն անեի ու բարձրաձայնեի՝ մարելով ինտրիգը կամ թվացյալ ինտրիգը:

«ԲԱՐՍԵԼՈՆ»-«ՄԱՆՉԵՍՏՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ»՝ 3:0 (1:0)
Կիսաեզրափակչի երկրորդ պակաս ինտրիգային դիմակայությունը հենց այս դիմակությունն էր, որ կար: Տնային խաղում պարտություն կրած «Մանչեստր Յունայթեդը» պիտի փորձեր նմանվել մեր էպոսի հայտնի պառավին, որ չասեին թե գյուղ վառեցին՝ մի շորահոտ էլ չեկավ:
Հիմա կասեք՝ մեր էպոսից անգլիացիներն ի՜նչ պիտի տեղեկացված լինեն, որ պառավին էլ հիշեն, բայց դա թույլ տվեք ասել, որ այնքան էլ այդպես չէ: Նախ՝ ամեն պառավ չէ, որ պառավ է. սա՝ ի գիտություն, և երկրորդ՝ չասեմ, հա՞, բրետոնների որտեղից ուր գնացած լինելու մասին:
Լա՛վ, պատմության ձեզ համար վիճահարույց, մեզ համար ապացուցողական լավ էլ լուրջ բազա ունեցող էջերը թողնենք մի կողմ ու ասենք, որ «մանկունիացիները» մի անգամ էլ դեմ առան արդեն գիտեք ինչին:


Սա՝ ընդհանուրի առումով:
Ինչ վերաբերում է մասնավորին, Մեսին մի անգամ էլ ցույց տվեց, որ ժամանակներն իր կողքից ընդամենը սահում, անցնում-գնում են, ինքը մնում է նույն հրաշագործը, նույն ամենան, որ կարող է գոյություն ունենալ ֆուտբոլում: Ախր այս խաղում ի՞նչ չարեց նա, որ հասնում է մեծանուն ֆուտբոլիստին: Խփած ապշեցուցիչ գոլե՞րը հիշատակեմ, դրանք երկնելու գործընթա՞ցը հիշատակեմ, ի՞նչը, ի՞նչը հիշատակեմ, որ դուք նկարագրածից գոհ մնաք, ես էլ՝ կատարյալ բավարարվածության զգացողությունից:
Ես ընդամենը մեկ խորհուրդ կարող եմ տալ. քանի դեռ հնարավորություն ունեք, բաց մի թողեք նրա մասնակցությամբ խաղերը, քանզի դրանցում նա այնքա՛ն կատարյալ է, այնքա՛ն աստվածային, որ երբ ժամանակը գա ու գնաք էն աշխարհ, մեկ էլ տեսար, թեթև քննության կարգով հարց տվեցին՝ պատմեք, թե Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի պատասխան խաղում այդ ինչպես Դավիդ դե Խեան բաց թողեց Լիոնել Մեսիի երկրորդ հարվածը՝ վտանգի տակ դնելով աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը կոչվելու իր ողջ հեղինակությունը:
Հարց եմ տալիս՝ պիտի կարողանա՞ք պատասխանել, ու կարիք կա՞ ասելու, որ էն գերանդիավորը կողքներդ պատրաստ կանգնած է լինելու ձեր տգիտությունը իր սև գործով պատժելու համար:


Մի խոսքով, գլուխներդ ինչ ցավեցնեմ, ձեզ համար եմ ասում, թե չէ ինձ ինչ կա. ես էդ ամենի մասին գիտեմ ու կարող եմ քար անտարբերություն դրսևորել ձեր ճակատագրի հանդեպ ու շատ կարճ ասել, որ «Բարսելոն»-«Մանչեստր Յունայթեդ» երկրորդ խաղն ավարտվել է կատալոնյան ակումբի 3:0 հաշվով հաղթանակով և գործն արած մարդու պես նյութը հենց այստեղ էլ վերջակետել, գնալ հասանելիք ութժամյա քունն առնելու հետևից, ինչը որ դուք արդեն էս պահին հալալ կես եք արել:
Բայց քանի որ ես ձեզ շատ եմ հարգում, դրա համար եմ ամեն ինչ էսքան մանրամասնում ու հենց էստեղ էլ ասեմ էն, ինչը որ քիչ վերևում համարյա թե ասելու ու ինտրիգն իր բնում հայ-հայ է խեղդելու էի: Կիսաեզրափակչում «Բարսելոնը» զույգ է կազմել «Լիվերպուլի» հետ՝ մարզասերին պարգևելով բուն եզրափակչից շուտ եզրափակիչ: Իհարկե, համակրանքս ու ինտուիցիաս ինձ հստակ ասում են, թե ով է լինելու այդ մրցակցության հաղթողը, սակայն թույլ տվեք այն չբաձրաձայնել՝ թողնելով ձեզ ձեր երևակայության հետ:

«ՄԱՆՉԵՍՏՐ ՍԻԹԻ»-«ՏՈՏԵՆՀԵՄ»՝ 4:3 (0:1)
Միանգամից ասենք, որ այս դիմակայությունը մտավ Չեմպիոնների լիգայի խաղարկության երբևէ եղած լավագույն տասնյակը կազմած հանդիպումների շարքը: Անհավանական խաղային ընթացք, ապշեցուցիչ արագության մեջ խփված գոլեր, VAR համակարգի օգնությանը դիմելու ոչ մեկանգամյա փորձ, խաղի ելքը որոշող դարպասի գրավման չեղարկում հավելյալ ժամանակում…
Անկեղծ ասած՝ խստագույն դժվարանում եմ այս հանդիպման մասին քիչ թե շատ հոդաբաշխ խոսել, որովհետև այն իրողությունների զարգացումների այնպիսի արագություն ուներ, որ չէիր էլ հասցնում դեպքերի հետևից գնալ: Մարդ ես, ինչ որ շտապ գործի պատճառով մի քսան րոպե խաղի հեռարձակումից կարող է ուշացած լինեիր ու, հեռուստացույցը միացնելով, ապշել դիմակայության տվյալ պահի հաշվից, քանզի աներևակայելի բան է նման բարձրակարգ թիմերի հանդիպման առաջին 20-21 րոպեի ընթացքում ունենալ 3:2 հաշիվ:
…Միայն իր չորրորդ գոլից հետո, իսկ դա հանդիպման մոտավորապես վաթսուներորդ րոպեին էր, որ «Մանչեստր Սիթին» հաշվի մեջ առաջ անցավ երկու խաղի արդյունքով իր համար հաղթական ելքով: Սակայն անգլիական ակումբի ղեկակալ Պոչետինոն հավաստեց, որ ժամանակակից ֆուտբոլի ամենատաղանդավոր մարզիչներից մեկն է: Այդ նա էր, որ դարպասը գրավելու առումով առանձնապես աչքի չընկնող Լիորենտեի մեջ տեսավ թիմը պարտությունից փրկողին ու չսխալվեց:


Հավելյալ ժամանակում Խոսեպ Գվարդիոլայի սաներն այնուամենայնիվ մեկ անգամ էլ հաշվի մեջ առաջ անցան հաղթական երկու գնդակի տարբերությամբ, սակայն Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունից գործածության մեջ դրված VAR համակարգը փաստեց, որ Ռահիմ Սթեռլինգին այս խաղում վիճակված չէր հեթ տրիկի հեղինակ դառնալ ու հերոսանալ՝ «քաղաքաբնակներին» կիսաեզրափակիչ հանելով: Այո, «Բարսելոնից» հետո իր մարզած և ոչ մի թիմով Գվարդիոլային չի հաջողվում եզրափակչի մասնակից դառնալ, իսկ ահա Պոչետինոն «Տոտենհեմի» հետ պարտություն կերտեց՝ դուրս գալով հեղինակավոր այս խաղարկության կիսաեզրափակիչ փուլ: Վերջում ասենք, որ իրեն բաժին հասած ճակատագրով խոշոր հաշվով «Մանչեստր Սիթին» վարձահատույց եղավ լոնդոնյան դիմակայությունում ցույց տված անհամ խաղի համար:

«ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»-«ԱՅԱՔՍ»՝ 1:2 (1:1)
Հիշելով, թե ինչ ավարտ ունեցավ մեկ ութերորդ եզրափակչի «Այաքս»-«Ռեալ» դիմակայությունը, մանավանդ որ այնտեղ էլ ամստերդամյան հանդիպումում գրանցվել էր 1:1 հաշիվ, կարելի էր համանմանության սկզբունքով ակնկալել, որ հոլանդական թիմը նույնը կարող է կրկնել և «Յուվենտուսի» հետ մրցակցությունում, սակայն նման բարձրագոչ եզրակացության գնալն ավելի շատ հիշեցնելու էր սուրճի բաժակով գուշակություն նաև այն պարզ պատճառով, որ եթե մադրիդյան ակումբը ներկա մրցաշրջանում ավելի շատ պրոբլեմային, քան հաստատուն թիմ է, ապա այդ ճշմարտությունները «Յուվենտուսի» համար չեն ասված. վկան նրա՝ ներքին առաջնությունում հերթական անգամ չեմպիոնության վստահ գնալը, Քրիշտիանու Ռոնալդուի նման հարգի ու կարգի ֆուտբոլիստով համալրվելը, որն ավելի շուտ ու ավելի շատ արվեց աչքի տակ Չեմպիոնների լիգայի խաղարկությունը նկատի ունենալով:


Այո, չէիր համարձակվի համեմատել:
Սակայն ներկայիս հոլանդական թիմն ասես ստեղծված է բոլոր տաբուները չեղյալ համարելու, պատվանդաններն արձանազուրկ անելու համար: Փաստը մնում է փաստ, որ իր համար ցանկալի արդյունքն ահա երկրորդ անգամ անընդմեջ «Այաքսը» կռում է մրցակցի հարկում ու համաշխարհային ֆուտբոլի երկրորդ գրանդ ակումբն է հայտարարում մրցակցությունից դուրս: Սույնը բացատրել միայն երիտասարդական խենթ արյան պոռթկումով, առնվազն նաիվություն կլինի:
Փաստն այն է, որ Տեն Հագը ստեղծել է մի համույթ, որը երիտասարդությունն ու տաղանդը համատեղել է, համարձակ նետվում է գրոհի՝ կաշկանդված չլինելով դիմացինի հեղինակությունից:


Առաջիկա կիսաեզրափակչով հոլանդական ակումբի համար շատ հետաքրքրական բան է ստացվել: Այն կիսաեզրափակչում մրցակից ունի մի թիմի, որը եվրոպական այս հեղինակավոր խաղարկությունում առանձնակի նշանակալի կենսագրություն չունի, սակայն ունի հաղթելու մեծ ամբիցիա: Մոտավորապես ճիշտ նույնպիսին, որպիսին ունի «Այաքսը»: Այ հենց սա էլ լինելու է երկրորդ կիսաեզրափակիչը կազմած զույգի մրցակցության մեխը, ու ես ավելի քան վստահ եմ, որ մենք այստեղ ունենալու ենք հիրավի ֆանտաստիկ կիսաեզրափակիչ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ