Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ցեմենտ, ցեմենտ՝ մինչև վերջ կամ ցեմենտգեյթ ԱԺ-ում

Ցեմենտ, ցեմենտ՝ մինչև վերջ կամ ցեմենտգեյթ ԱԺ-ում
21.04.2019 | 14:08

Կհարցնեք՝ իսկ կլինկե՞րը: Ու ինչպե՞ս պատահեց, որ ազգովին սկսեցինք խորանալ ցեմենտագործության նրբությունների մեջ: Եվ ինչու՞ ցեմենտը դարձավ քաղաքական թեմա: Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի օրինագիծը, որին դեմ քվեարկեցին ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն դեմ քվեարկեց, որովհետեւ ցեմենտի գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը պահանջում է ցեմենտի հումքի՝ կլինկերի, ներկրման մաքսատուրքի բարձրացում, ԼՀԿ-ն դեմ քվեարկեց՝ տեսնելով շահերի բախում: Հարցը փակված չէ: «Իմ քայլը» հայտարարեց, որ ցեմենտի ներկրման մաքսատուրքի բարձրացումը ժամանակավոր է՝ մինչև հասկանան, թե ինչ քայլեր են պետք տեղական արտադրության մրցունակության հիմնարար լուծումների համար: Դա ենթադրում է հետագա քննարկում՝ կարիք կա՞ հարկել կլինկերը՝ ցեմենտի հումքը: Ստեղծվելու է հանձնաժողով, որը ուսումնասիրելու է և ինքնարժեքի, և գնագոյացման հարցերը։ Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում՝ թվերով կպարզվեն և գնագոյացումը, և ծախսերը, և ինքնարժեքը։


Փաստացի՝ զուտ տնտեսական հարցը քաղաքականացնում է ԲՀԿ-ն, փորձելով օրենսդրական մակարդակով պաշտպանել Գագիկ Ծառուկյանի տնտեսական շահերը: Պատահական չէ, որ ցեմենտի գործով Գագիկ Ծառուկյանը նաև հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետի խոսնակը հետո հայտարարեց, թե եղել է բարեկամական զրույց, որի ընթացքում քննարկվել են թե ցեմենտի, թե ներդրումային հարցեր, թե խորհրդարան-կառավարություն հարաբերությունները:


ԱԺ-ում քննարկումները դեժավյու էին՝ ԲՀԿ-ն նախորդ գումարման խորհրդարաններում էլ բուռն պաշտպանել է իր նախագահի շահերը՝ զուտ քաղաքական ձև տալով բովանդակությամբ մենատիրական դիրքերի պահպանման պայքարին: Ելույթ ունեցավ անգամ Գագիկ Ծառուկյանը: Շատ հայրենասիրական ելույթ՝ սկսելով Արմավիրում բամբակի արտադրությունից ու հընթացս պատասխանելով իր հասցեին հնչած մեղադրանքներին: Բայց Գագիկ Ծառուկյանը չի հակադրվում իշխանությանը՝ նա համաձայն է ամեն ինչի՝ դատելով իր խոսքերից, ուղղակի մտածում է ժողովրդի մասին. «Ձեր ցավը տանեմ, եթե որոշել եք, որ պատասխանատուն «Իմ քայլն» է, դրեք հայտարարեք, որ դա ավելի էժան կլինի, շահութաբեր կլինի: Մենք համաձայն ենք՝ հիմա ես կլինկեր կբերեմ, թե ցեմենտ կարտադրեմ, դա ի՞նչ խնդիր է։ Մենք ոչ մեկին չենք ուզում ոչ նեղացնենք, ոչ վիրավորենք, այլ հիմնական խնդիրը, եթե այդպես եք գտնում, ուրեմն այդպես էլ անենք»։ Նա հայտարարեց, ինչ որոշում էլ կայացվի՝ պատասխանատվությունն «Իմ քայլի» վրա է, իրենց վրա չէ։


Տնտեսագետները գտնում են, որ Հայաստանը չպետք է կորցնի ցեմենտի արտադրությունը, բայց այնպես պիտի կազմակերպի արտադրությունը, որ տնտեսության այլ ճյուղերը՝ օրինակ շինարարությունը կամ շարքային սպառողը, չափից ավելի շատ չվճարեն ցեմենտի համար, որ «ոսկի» ցեմենտ չունենանք ՀՀ-ում։
Իսկ մինչ այդ պարզ է, որ կլինկերը իրավիճակ փոխող հանգույցն է՝ էժան ներմուծվող կլինկերը կարող են աղալ ու ցեմենտ ստանալ, եթե կա հումք, բազմաթիվ ձեռնարկատերեր կարող են բերել, վերամշակել ու ստանալ ցեմենտ։ Ցեմենտի արտադրությունն անմիջապես կխթանվի, արտադրությունը կշատանա ու մրցակցությունը կավելանա, արդյունքում ցեմենտը կէժանանա: Կլինկերի հարկման ԲՀԿ-ի պահանջը նշանակում է մենատիրական դիրքերի պահպանում, որպեսզի Հայաստանում այլևս ոչ մի ցեմենտ արտադրող ընկերություն չհայտնվի։


Փաստացի՝ ՔՊ-ն պաշտպանում է հանրային շահը: Բայց հանրային շահերի պաշտպանությունը ստեղծում է ոլորտում գերիշխող դիրք ունեցող Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունների փակման վտանգ, որը գործազուրկ է դարձնելու «Արարատցեմենտի» աշխատակիցներին: Շահերի բախումը այստեղ է:
Երեկ հայտարարություն տարածեց «Գաջ» ՓԲԸ-ն՝ նշելով, որ չափազանց դժվար է մրցակցել ցեմենտի շուկայում գերիշխող դիրք ունեցող արտադրողի հետ, առավել եւս այն պայմաններում, երբ նրա նեղ անձնական շահերը սպասարկում է մի ամբողջ քաղաքական ուժ: «Մենք հասկանում ենք, որ մրցակցում ենք ձեռնարկատիրական ու քաղաքական գործունեություն իրականացնող ազդեցիկ ուժի հետ եւ նրա հետ մրցակցելը չափազանց դժվար է ու ռիսկային: Բայց մենք գնացել ենք այդ քայլին, գործարանը մետաղի ջարդոնի վերածելու փոխարեն, վարկային միջոցներով կատարել ենք խոշոր ներդրումներ, ցեմենտի արտադրություն իրականացրելու համար վերազինել ենք այն ու արդեն ավելի քան 3 տարի արտադրում ենք ցեմենտ:


Ազգային ժողովի ամբիոնից նշված ուժի ներկայացուցիչները իրենց անհիմն հայտարարություններով եւս մեկ անգամ ապացուցեցին այն փաստը, որ նրանք այդ ամբիոնը օգտագործում են նեղ անձնական շահերի համար: ԱԺ-ը ամբիոնը քիչ էր, հիմա էլ սկսել են էժանագին հոդվածներ պատվիրել՝ փորձելով անհիմն տեղեկատվություն տարածել, թե իբր իշխանությունները աջակցում են մեզ եւ մենք «կռիշություն» անողներ, պատգամավոր բարեկամներ կամ ընկերներ ունենք»: Նրանք հերքում են, որ «ներմուծված կլինկերի եւ ցեմենտի որակը կասկածելի է» և ասում են, որ պատասխանատու են իրենց արտադրած ցեմենտի բարձր որակի համար:
Համարենք սա մասնավոր դեպք, որ հաստատում է՝ Գագիկ Ծառուկյանը փաստացի շանտաժ է անում պետությանը «Արարատցեմենտով», որ պահպանի իր դիրքերը, իսկ խորհրդարանի քաղաքական երկրորդ ուժը դառնում է գործիք՝ պաշտպանելու իր նախագահի տնտեսական շահերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԱԺ-ն ընդունեց Իրանից ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագիծը: Մեկ տոննա ցեմենտի դիմաց ներմուծողը կվճարի 22000 դրամ տուրք: Կառավարությունը փորձում է պաշտպանել տեղական արտադրողի շահերը՝ Իրանից ներկրվող ցեմենտը մի քանի անգամ էժան է տեղական արտադրանքից: Նախագծի հարակից զեկուցող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նշեց, որ միայն հեղափոխությունից հետո Իրանից ցեմենտ ներմուծվեց 4 անգամ էժան, ինչը ստիպեց տեղական արտադրողին 10 հազար դրամով էժանացնել ցեմենտը: Կառավարությունը քայլեր ձեռնարկեց, որ տեղական արտադրողները չտուժեն: «Ես շատ կարևոր եմ համարում նշել, որ այս 10 հազար դրամով ցեմենտի գները նվազեցին ոչ թե Հայաստանում ցեմենտ արտադրողների բարի կամք դրսևորելու արդյունքում, այլ կառավարության և կառավարության ղեկավարի վարած քաղաքականության արդյունքում, որի հետևանքով առաջացավ բնական մրցակցություն տեղական արտադրողների և նաև իրանական ցեմենտի միջև», - նշեց Հայկ Սարգսյանը։ Բայց առավել սկանդալային էր ՔՊ պատգամավոր Հայկ Գևորգյանի ելույթը. «Ես հիմա պետք է հիշեցնեի, թե ով ինչպես 17 տարի առաջ ձեռք բերեց «ԱրարատՑեմենտ» գործարանը 200 հազար դոլարով` էն դեպքում, երբ որ կար 35... «ԱրարատՑեմենտի» վճարած հարկերը անցած տարիներին՝ ինչպե՞ս 2017-ին «ԱրարտՑեմենտը» վճարել էր 800 միլիոն դրամից մի քիչ ավել ու 2018-ին հանկարծ վճարեց 2,1-2,2 միլիարդ դրամ»: «Փոխանակ էսօր հարցը քննարկվի, ասում է՝ ցեմենտի գործարանը քանիսով է ձեռք բերվել։ Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազար դոլարով ձեռք է բերվել, ես նվեր տամ տվյալ հայտարարողին, թող նայի, բայց եթե չէ՝ մյուս օրը ինքը պետք է դրա համար պատասխան տա՝ ինչի՞ համար է այդպիսի արտահայտություն անում։ 200 հազար եթե լինի, ես նվեր եմ տալի՝ որպես Ծառուկյան»՝ խորհրդարանների պատմության մեջ իր երկրորդ ելույթով հակադարձեց Գագիկ Ծառուկյանը: Իսկ լրագրողներին նա ասաց. «Ես ասում եմ՝ երկրի վարչապետը ցանկացած հարցով, կապ չունի կուսակցական պատկանելություն, ով լավ առաջարկ անի, որ երկիրը զարգանա, նա կողմնակից է։ Չկա իմուքոնը, չկա մարդկանց նեղացնել։ Մենք հարցը տալիս ենք, թող բարի լինեն հարցի պատասխանն իրենք տան։ Էսօր ժողովուրդը մեր բոլորից, նոր իշխանություններից սպասելիք ունի, բայց էս մթնոլորտում, երբ մեկը մեկին վիրավորում են... խի՞ եք վիրավորում, ձեր ցավը տանեմ, մենք որևէ մեկին թույլ չենք տվել, որ վիրավորեն։ Միտքը, գաղափարը, հարցը, լուծումը ասեք, մենք ասենք...»:


Ցեմենտը Վրաստան ավելի էժան գնով արտահանելն էլ Գագիկ Ծառուկյանը բացատրեց բիզնես շահերով. «Վրաստան արտահանել ենք, կա քայլեր, որ թեկուզ մինուս ա, բայց պետք է անես ու դա նրա համար է, որ մեր շուկա չներխուժի, դա բիզնեսի կանոն ա»։
ՔՊ-ն մեկ տարի է ուզում ցեմենտգեյթի ուսումնասիրման համար, Գագիկ Ծառուկյանը «Արարատցեմենտի» աշխատակիցներին խոստացել է 2-3 ամիս պահել գործարանը, եթե օգուտը նույնիսկ զրոյական լինի: Այսինքն՝ 2-3 ամիս հետո ցեմենտգեյթը նորից ասպարեզ է գալու «Արարատցեմենտի» աշխատակիցների բողոքի ցույցերով: Եթե, մինչև այդ, չգտնվի միջանկյալ լուծում, որ կապահովի «Արարատցեմենտի» հետագա աշխատանքը:

Դիտվել է՝ 2846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ