Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ես անվերջ գալիս եմ դեպի քեզ

Ես անվերջ գալիս եմ դեպի քեզ
17.05.2019 | 01:42

(Նախորդ մասը)

«ՄԵԾ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ»


Ձեռքիս «Հայրենիք» միության 2018 թ. տարեկան հաշվետվությունն է՝ գունավոր տպագրությամբ, կառուցված, հիմնակառուցված շինությունների լուսանկարներով: Այդ յուրօրինակ գիրք-հաշվետվությունում մանրամասն հիշատակված են նվիրատուների անունները, նրանց հատկացրած գումարների չափերը, և թե այդ գումարներով ո՛ր բնակավայրում ի՛նչ գործ է արվել: Հաշվետվության նպատակը նաև նոր աջակիցներ գրավելն է: Ծանոթանալով «Հայրենիքի» գործունեությանը՝ ուրիշներն էլ են կամենում ներդրում կատարել ի նպաստ հայրենիքի բարգավաճման:
Շապիկի դարձերեսին ազատամարտիկ, լրագրող, հրապարակախոս Սարգիս Հացպանյանի լուսանկարն է և նրա մահվան կապակցությամբ դամբանական խոսքը, որտեղ հետևյալ տողերը կան. «Սարգիս Հացպանյանի մահը լոկ մարդկային կորուստ չէ: Մենք կորցրինք գաղափար, միտք, նվիրում: Նա Սփյուռքահայության և Հայրենահայության միջև կամուրջ էր, երկխոսության, հավատարմության, վստահության հուսալի կամուրջ: Սարգիսն իր անձնականից վեր էր դասում համազգայինը, ուստի մեր պատգամն է՝ շարունակել այն նվիրական գործը, որը նրա կյանքի իմաստն ու խորհուրդն էր»:
Երկրորդ էջում անգլերեն ու հայերեն գրված է.


«ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ԲՈԼՈՐ ՄԵՐ ԱՊԱԳԱ ՆՈՒՒՐԱՏՈՒՆԵՐՈԻՆ»
Եթէ հետաքրքրված էք ֆինանսաւորել ծրագիր մը Հայաստանի եւ Արցախի մէջ, հաճեցէք տեղեկացնել «Հայրենիք» Միութեան գործադիր մարմնի անդամներէն մէկուն կամ ուղարկեք E-Mail saliksan@yahoo.com հասցէին»:
Հանգամանալից ներկայացված է չորս տեսակի ծրագիր՝ «Հայրենիք» միության պլանավորած, հայկական տարածքային զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ (այս դեպքում «Հայրենիքը» մասնակցում է 5-10 տոկոս ներդրմամբ), հատուկ ծրագրեր, երբ նվիրատուն ինքն է որոշում իրագործվելիք ծրագիրը, և միացյալ ծրագրեր, որոնք իրագործվում են այլ կազմակերպությունների հետ գործակցելով: Հաջորդ էջերում ներկայացված են 2017-2018 թթ. Հայաստանում, Արցախում կատարված աշխատանքները, այդ նպատակով ծախսված գումարները. Կոտայքի մարզի Քաղսի գյուղում կառուցվել է բուժամբուլատորիա, Լոռվա մարզի Լերմոնտովո գյուղում վերակառուցվել է մանկապարտեզի շենքը, Գյուլագարակում կառուցվել է մանկապարտեզ, Արցախի Ավդուռ գյուղում՝ բուժկետ։ Ներկայացված են նաև նվիրատուների անունները. Գարո և Աղավնի Քուրյաններ՝ 500 դոլար, Տիգրան Սարգիսյան՝ 4000 դոլար, Վարդան և Սոնյա Ֆունդուկյաններ՝ 2000 դոլար, Օնիկ և Քրիստինե Քեշիշյաններ՝ 1250 դոլար, Բարունակ և Սիլվա Չելիքյաններ՝ 1000 դոլար, Արշավիր և Սիլվա Անտոնյաններ՝ 500 դոլար, Նուրհան և Լիզա Չիչեկջիներ՝ 250 դոլար... այսպես՝ 13 էջ անուններ, նվազագույն նվիրատվությունները եղել են 50-ական դոլար:
Տարեգրքի վերջին էջում Հայաստանի ու Արցախի միացյալ քարտեզն է: Ամեն անգամ այդ քարտեզին նայելիս հիշում եմ Հակոբ Բաշմակյանի խոսքերը.
-«Հայրենիք» միությունը շատ լավ գործեր է արել Հայաստանում, Արցախում, բայց մեծ անելիքները դեռ առջևում են: Ոչ միայն «Հայրենիք» միությունը, այլև բոլոր կարող ուժերը պետք է օգնեն մեր հայրենիքին՝ մինչև հզորանա և այլևս օգնության կարիք չունենա, ավելին՝ ինքը լինի կանչող, հավաքող ուժ աշխարհով մեկ սփռված հայության համար: Հայկ Նահապետի ու բռնակալ Բելի ժամանակներից մինչև մեր օրերը շարունակվում է հայ ժողովրդի գոյապայքարը: Մոնթեի պես հերոսներն են եղել նրա հավերժության ուղեցույցները: 20-րդ դարավերջին այդ հերոսների խիզախության շնորհիվ գերված հողերը ազատագրվեցին: Հայաստանը, Արցախ,ը Սփյուռքը պետք է համերաշխ, միացյալ ջանքերով հնարավոր ամեն ինչ անեն թանկ զոհողությունների գնով ձեռք բերված հաղթանակի պտուղները չկորցնելու համար, որպեսզի չլինի նոր ցեղասպանություն: Երանի՜ տեսնեմ Հայաստանի ու Արցախի միացումը. այդ ժամանակ միայն հոգիս կխաղաղվի:


...Երևանի օպերայի բակում պիտի հրաժեշտ տայի Հակոբ և Ալիս Բաշմակյաններին: Սրտի, հոգու դեռ կիսատ զրույց կար օդում: Պարոն Հակոբն ասաց, որ Մոնթեի հեռադիտակն իր մոտ է մնացել: Գուրգեն Մելիքյանը խնդրել է իրեն տալ՝ ազատամարտի հիշատակների հետ պահելու համար, բայց ինքն ուզում է հանձնել զինվորական թանգարանին: Ասաց նաև, որ երբ ճակատագծում լինելուց հետո վերադարձել է Լոս Անջելես ու տանը բացել ճամպրուկը, որպեսզի սափրվելու գործիքը հանի, մնացել է զարմացած. թշնամու ուժեղ կրակակոծման այն օրը դիակների վրայից հավաքած «Կալաշնիկով» ավտոմատի 13 փամփուշտը պայուսակում են եղել։ Առավել զարմանալին այն էր, որ օդանավակայանում ամեն բան գրանցող սարքը դրանք չէր «տեսել»:
Հրաժեշտի ձեռքսեղմումի պահին մեզ մոտեցավ ժպիտադեմ մի երիտասարդ: Ներկայացավ՝ Վան Կարնո: Պարզվեց ֆեյսբուքի իմ ընկերներից է: Հուզմունքով մեկնեց ձեռքի գրքույկը.
-Բանաստեղծությունների առաջին գիրքս է, նոր է տպագրվել: Քիչ առաջ մեկ օրինակ նվիրեցի Րաֆֆի Հովհաննիսյանին:
Շնորհավորեցինք: Վան Կարնոն իր «Դողացող ծառը» մեկնեց պարոն Բաշմակյանին.
-Սիրով նվիրում եմ:
-Տղաս, ճիշտ կլինի, որ ես գիրքդ գնեմ,- գորովանքով ասաց Բաշմակյանը:- Թող սկիզբը հաջող լինի:
Ջահել պոետը շփոթվեց: Իսկ ես մտածեցի՝ այս մարդն ասես ազգի նահապետ լինի, ընկուզենի, որ իր կենսատու ճյուղերով ուզում է նեցուկ լինել հայրենիքի նոր շիվերին:


Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հ. Գ. Մարտակերտում, երբ մարդիկ մոտենում, շնորհակալական անկեղծ ու ջերմ խոսքեր էին ասում «Հայրենիքի» անդամներին, հանկարծ Հակոբ Բաշմակյանի դեմքով թախիծ անցավ: Տարակուսանքս նկատելով՝ ասաց.
-Գրելու բան չէ: Այս ուրախ պահին մի ուրիշ պատկեր հիշեցի. Էջմիածնում «Հայրենիք» միությունը 8000 դոլարի փոխարեն 35000 դոլար հատկացրեց, մեկի փոխարեն երկու մանկապարտեզ նորոգեցինք: Հետո նա այցի եկավ Լոս Անջելես: Տեղի հայության հետ հանդիպման ժամանակ ասացի. «Հիշու՞մ եք, մեկի փոխարեն երկու մանկապարտեզ նորոգեցինք»: Սառը տոնով ասաց. «Ի՜նչ անեմ, որ նորոգել եք: Իմ միջոցով պիտի անեիք»: Կողքիս պոլսահայեր էին նստած: Լսեցին: Շատ ազդվեցի, նեղվեցի... (Խոստմանս համաձայն՝ այդ հայտնի անձի անունը չեմ հիշատակում- Ա.Ծ.):
Հրաշք լիներ, մեր որոշ հայրենակիցների՝ հայրենիքի հանդեպ ցուցադրական «նվիրվածությունը» վերափոխվեր ճշմարիտ սիրո, օրինակ վերցնեին «Հայրենիք» միությունից, որն արդեն երեք տասնամյակ առանց բարձրաձայնելու, ցուցադրելու կարևոր գործեր է անում Հայաստանում ու Արցախում՝ հոգում հայոց բոլոր ժամանակների ընդհանուր, միացյալ հայրենիքի նվիրական երազանքը։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ